ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ԴԱՇՏԸ.


ինչպես են Ապարանի աղջիկները փոխում խաղի կանոնները

Հեղինակ` Իգոր Նիգոյան
Դիպլոմային աշխատանքի ղեկավար` Գայանե Միրզոյան
Ամեն շաբաթ Ապարանի ֆուտբոլային մարզադաշտում հավաքվում են աղջիկներ Վանաձորից, Իջևանից, Ծովազարդ գյուղից։ Այստեղ մարզվելու համար ոմանք հաղթահարում են կիլոմետրներ մյուսները՝ հասարակական կարծրատիպերը:
Մարինա Մելքումյանը արդեն երկու տարի գալիս է պարապմունքների Ապարանի «Ախթամար» աղջիկների ֆուտբոլի ակադեմիա Իջևանից։ Նրա ընտանիքի, հատկապես հոր սկզբնական դիմադրությունը, ով մտահոգված էր հնարավոր վնասվածքներով, հաղթահարվեց պապիկի աջակցության շնորհիվ: Նա խրախուսեց Մարինային հետևել իր երազանքին:
Աննա Գալեյանը, որը ֆուտբոլով զբաղվում է արդեն վեց տարի, իր մարզական ուղին սկսել է Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղում։ Չնայած մեծ հեռավորությանը, նա մեկ տարի է շարունակում է հաճախել մարզումների, քանի որ ակադեմիան կազմակերպում է նրա տրանսպորտը Ապարանից:
Ակադեմիայի ամենահուշագրավներից է Բենդու Էգգ Կլոտիի պատմությունը։ Լիբերիայից Հայաստան տեղափոխված Էգգը վերջին երեք տարի ընթացքում բնակվում է Գյումրիում, սակայն շարունակում է իր մարզումները Ապարանում՝ օգտվելով ակադեմիայի կազմակերպած տրանսպորտից։
Նրա սպորտային ուղին սկսվել է դեռ մանկությունից՝ Արևմտյան Աֆրիկայում, որտեղ ֆուտբոլը հաճախ ոչ միայն սպորտ է, այլև սոցիալական միջավայրի կարևոր մաս։ Հայաստան տեղափոխվելը նրա համար նոր փորձառություն է եղել, սակայն նաև նոր մարտահրավեր։ Նրա խոսքով՝ հայկական ֆուտբոլային միջավայրը զգալիորեն տարբերվում է իր նախկին փորձից՝ թե՛ խաղաոճով, թե՛ կազմակերպմամբ, ինչը սկզբնական շրջանում պահանջել է հարմարվողականություն։
Լիկա Մարտիրոսյանը, որը արդեն երկու տարի է մարզվում է թիմում և շաբաթական մի քանի անգամ Վանաձորից գալիս է Ապարան մարզումների համար, պատմում է, որ խաղերից մեկի ընթացքում ստացել էր վնասվածք և շուրջ մեկ տարի գտնվել վերականգնողական փուլում։ Այդ ընթացքում, նրա խոսքով, թիմակիցների աջակցությունն ու հոգատարությունը կարևոր դեր են ունեցել վերականգնման գործընթացում։ Ապաքինվելուց հետո նա կրկին վերադարձել է խաղադաշտ և շարունակում է իր մարզական ուղին՝ արդեն ավելի մեծ մոտիվացիայով։
2022-ին հիմնադրված «Ախթամար» ակադեմիան մարզիչ Նարեկ Էլոյանի և բարերար Խաչիկ Կյորկյանի նախաձեռնությունն է: Էլոյանը, լինելով նախկին ֆուտբոլիստ, նպատակ է ունեցել ստեղծել կայուն միջավայր, որտեղ աղջիկները կարող են համակարգված զբաղվել ֆուտբոլով։
Նրա գնահատմամբ՝ այս նախաձեռնությունը միայն սպորտային չէ․ այն նաև սոցիալական խնդիր է լուծում՝ հակազդելով երեխաների սակավաշարժ կենսակերպին և նպաստելով ակտիվության աճին։

«Սա փորձ է երեխաներին դուրս բերել պասիվ կյանքից և տալ նրանց նպատակ: Այսօր երեխաների մեծ մասը ժամանակն անցկացնում է գաջեթների հետ։ Սպորտը նրանց վերադարձնում է ակտիվ կյանքի», - ասում է Նարեկ Էլոյանը։
Մինչ ակադեմիայի ստեղծումը, աղջիկների ֆուտբոլը մարզում զարգանում էր սահմանափակ շրջանակում՝ առանձին ծրագրերի և փոքր խմբերի միջոցով։ «Ախթամար»-ի հիմնադրումը հնարավորություն տվեց ձևավորել ավելի կազմակերպված համակարգ, որտեղ մարզումները, մրցումները և թիմային զարգացումը կրում են շարունակական բնույթ։
Այնուամենայնիվ, ինչպես նշում է Էլոյանը, հիմնական մարտահրավերները միայն նյութատեխնիկական չեն։ Նրա խոսքով՝ հաճախ ավելի բարդ է հաղթահարել սոցիալական վերաբերմունքը, երբ աղջիկների ֆուտբոլը դեռևս ամբողջությամբ ընդունված չէ որպես լիարժեք սպորտաձև։
Միաժամանակ, ենթակառուցվածքային խնդիրները ևս շարունակում են զգալի դեր խաղալ․ թիմը հիմնականում մարզվում է Ապարանում, սակայն պայմանների սահմանափակ լինելու պատճառով երբեմն ստիպված է տեղափոխվել այլ մարզադաշտեր։
Չնայած առաջընթացին՝ ակադեմիան բախվում է մի շարք խնդիրների։ Մարզումները հաճախ անցկացվում են ոչ բավարար պայմաններում։ Ապարանի մարզադաշտը միշտ չէ, որ համապատասխանում է պահանջներին, ինչի պատճառով թիմը երբեմն տեղափոխվում է այլ վայր։

Սակայն, ըստ Նարեկ Էլոյանի, ամենամեծ խնդիրը ենթակառուցվածքը չէ. «Ամենաբարդը մարդկանց վերաբերմունքն է։ Շատերը դեռ կարծում են, որ ֆուտբոլը աղջիկների համար չէ»։
Սակայն այս պատմությունը միայն մեկ թիմի մասին չէ։ Այն ցույց է տալիս, թե ինչպես է մարզային սպորտը զարգանում՝ հակասությունների պայմաններում՝ միաժամանակ ունենալով և՛ աճի ներուժ, և՛ համակարգային սահմանափակումներ։Հայաստանի մարզերում սպորտային կյանքի զարգացումը շարունակում է բախվել մի շարք համակարգային խնդիրների՝ ենթակառուցվածքների անբավարարություն, մասնագետների պակաս, ֆինանսավորման սահմանափակումներ և մեդիայի սահմանափակ ուշադրություն։

2024 թվականի տվյալներով՝ Հայաստանում գործում է 175 սպորտային կազմակերպություն, որոնցից 62-ը գտնվում են Երևանում (մոտ 35%)։ Մարզերում այդ թիվը զգալիորեն պակաս է, ինչը ցույց է տալիս սպորտային ենթակառուցվածքների կենտրոնացվածությունը մայրաքաղաքում։
Այս անհամաչափությունը ավելի տեսանելի է դառնում նաև մարզիչների բաշխվածության դեպքում։ Մարզիչ-մանկավարժների գրեթե կեսը կենտրոնացած է Երևանում (999 մարդ), մինչդեռ մարզերում նրանց քանակը զգալիորեն ցածր է։ Ավելին՝ մարզիչների միայն 13.8%-ն է գործում գյուղական բնակավայրերում, ինչը սահմանափակում է մարզային բնակչության հասանելիությունը որակյալ մարզչական ծառայություններին և բացասաբար է ազդում սպորտի համաչափ զարգացման վրա։
Ոլորտի մասնագետները խոստովանում են, որ մարզային սպորտը գտնվում է զարգացման հակասական փուլում։ Մի կողմից նկատվում է հետաքրքրության աճ, մյուս կողմից՝ պահպանվում են համակարգային խնդիրները։ Գյումրու ձմեռային մարզաձևերի մարզիչ Հովհաննես Սարգսյանը, Սևանի ջրային մարզաձևերի մարզիչ Ավետիք Մալխասյանը և Քաջարանի հենդբոլի մարզիչը միաձայն նշում են ենթակառուցվածքների, ֆինանսավորման և մասնագետների պակասի խնդիրները:
Պետական մարմինները, իրենց հերթին, նշում են, որ մարզային սպորտը գտնվում է զարգացման փուլում։ Վերջին տարիներին մարզային սպորտի զարգացման ուղղությամբ իրականացվում են համակարգային և նպատակային քայլեր։ ՀՀ կառավարության կողմից ընդունված 2024–2030 թվականների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման ռազմավարությունը նախատեսում է կոնկրետ գործողություններ և ծրագրեր՝ ուղղված մարզերում սպորտի զարգացմանը։ Իրականացվել են լայնածավալ մարզական միջոցառումներ, ինչպիսիք են «Սպորտլանդիա» և «Սպարտակիադա» ծրագրերը, որոնց մասնակցել են հազարավոր աշակերտներ։
Սակայն սպորտը Հայաստանի մարզերում շատ հաճախ ձևավորվում է առանձին անձնավորությունների փորձի և եռանդի շնորհիվ, որոնք հաղթահարելով բազաթիվ մարտահրավերները, նվիրվում են սպորտի զարգացման գաղափարին:

Միևնույն ժամանակ, նման պատմությունները հաճախ դուրս են մնում լայն լուսաբանման շրջանակից, քանի դեռ չեն ուղեկցվում լրացուցիչ տեղեկատվական արժեքով՝ պետական մակարդակի ներգրավվածությամբ կամ արտասովոր իրադարձությամբ։

Այս միտքը հաստատում է նաև «Մեդիամաքս» լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը՝ նշելով, որ մարզային թեմաները հիմնականում հայտնվում են լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հենց նման դեպքերում։ Հակառակ պարագայում, անգամ բովանդակային առումով կարևոր իրադարձությունները, հաճախ չեն դառնում մեդիա օրակարգի մաս։
Ալավերդյանի կարծիքով՝ վերջին տարիներին նկատվում է դրական միտում․ սոցիալական մեդիայի շնորհիվ մարզիչներն ու ակումբները ավելի ակտիվ են ներկայացնում իրենց գործունեությունը, սակայն դա չի փոխարինում պրոֆեսիոնալ լրագրությանը։ Լսարանի պահանջարկի պատճառով մեդիան կենտրոնանում է առավել հայտնի մարզիկների և խոշոր իրադարձությունների վրա։

Նա նաև նշում է, որ մարզային սպորտի սահմանափակ լուսաբանումը կապված է կազմակերպչական խնդիրների հետ՝ պայմանների, տրանսպորտի, տեղեկատվության և կապի պակասի, ինչպես նաև թույլ զարգացած հանրային կապերի պատճառով։ Բացի այդ, մարզային նյութերը հաճախ ներկայացվում են հնացած և ոչ գրավիչ ձևաչափով, ինչը նվազեցնում է դրանց ազդեցությունը։

Այս ֆոնին «Ախթամար» ակադեմիայի պատմությունը առանձնանում է որպես հակառակ օրինակ։ Այն ցույց է տալիս, որ մարզային սպորտը կարելի է ներկայացնել ոչ միայն որպես վիճակագրություն կամ խնդիր, այլ որպես կոնկրետ մարդկանց պատմությունների շարք, որտեղ երևում են թե՛ դժվարությունները, թե՛ զարգացման հնարավորությունները։

Մարզային սպորտի զարգացումը Հայաստանում պահանջում է համատեղ ջանքեր՝ պետական աջակցություն, ենթակառուցվածքների բարելավում, մասնագետների պատրաստում և, անշուշտ, մեդիայի ակտիվ ներգրավվածություն։ Միայն այս պայմաններում հնարավոր կլինի ապահովել մարզային սպորտի համաչափ և կայուն զարգացումը՝ բացահայտելով նոր տաղանդներ և ոգեշնչելով ապագա սերունդներին։