Աուտիզմը դատավճիռ չէ
Նարեկը, ինչպես և իր հասակակից բոլոր երեխաները, կյանքի առաջին տարիներին ուներ զարգացման բնականոն ընթացք․ նա սկսեց քայլել ժամանակին, արձագանքում էր ծնողների ձայնին և հետաքրքրությամբ էր ուսումնասիրում իր շրջապատող աշխարհը։ Սակայն երկու տարեկանում ծնողները սկսեցին նկատել, որ Նարեկը չի արձագանքում իր անվանը, չի խոսում և ունի վարքային խնդիրներ։ Բժշկական հետազոտություններից հետո նրա մոտ ախտորոշվեց աուտիզմ, որը պահանջում է հատուկ ուշադրություն, խոսքի և վարքային աջակցություն։
Նարեկի քույրը՝ Մերի Թոփալյանը, որը ակտիվ դերակատարում ունի Նարեկի խնամքի գործում, ընդգծեց․ «Ծնողներս հիմնադրեցին Աուտիզմի զարգացման կենտրոն և սկսեցին սեմինարներ կազմակերպել։ Ես միշտ մասնակցում էի դրանց, լսում էի աուտիզմի մասին տարբեր մոտեցումներ, կարծիքներ և հենց այնտեղից եմ սկսել ուսումնասիրել երևույթը ավելի խորքային։ Հետագայում սկսեցի աշխատել մեր կենտրոնում,որտեղ 300-ից ավելի երեխա է հաճախում:»
Մերին բլոգ է վարում՝ հիմնականում անդրադառնալով աուտիզմին, և նրա բլոգի բովանդակության մեծ մասը նվիրված է Նարեկին։ Նա հաճախ տեղադրում է տեսանյութեր, որոնք պատմում են Նարեկի առօրյայի, զարգացման և հաջողությունների մասին։

Մերի Թոփալյան
«Դժվարություններ հիմնականում եղել են փոքր տարիքում։ Շատ դուրս չէինք գալիս Նարեկի հետ։ Ուր գնում էինք, նրան տանն էինք թողնում ինչ-որ մեկի հետ, ես նրան ոչ մի տեղ չէի կարողանում հետս տանել։ Համ վարքն էր շատ վատ, համ մարդիկ էին անհասկանալի հայացքներով նայում, երբեմն անտակտ բաներ խոսում կամ հարցեր տալիս։
Արդեն մոտ 5-6 տարի, սկսել ենք ներգրավել նրան ամեն տեղ։ Շատ աշխատանք տարանք հետը, վարքը բավականին շտկվեց, մինչ օրս էլ աշխատում ենք, ու երևի մինչ կյանքի վերջ էլ կաշխատենք։ Որովհետև եթե նրան այդպես թողնեինք, հիմա չէինք ունենա այն, ինչ ունենք»։
She has been nominated for an Academy Award, two Grammy Awards, and the Mercury Prize
Վերջին տարիներին աուտիզմի դեպքերի թվի աճը նկատելի է ամբողջ աշխարհում։ Սակայն մասնագետները նշում են, որ սա պարտադիր չի նշանակում, թե աուտիզմ ունեցող երեխաների իրական թիվն է ավելացել։ Աճը հաճախ կապված է այն փաստի հետ, որ այսօր աուտիզմի մասին ավելի շատ են տեղեկացված թե՛ բժիշկները, թե՛ ծնողները, և ախտորոշման մեթոդները դարձել են ավելի ճշգրիտ ու հասանելի։ Շատ դեպքեր, որոնք տարիներ առաջ կարող էին աննկատ մնալ կամ սխալ ախտորոշվել, այժմ ճիշտ ձևով են բացահայտվում։ Այսպիսով՝ կարելի է ասել, որ աուտիզմի դեպքերի թվի աճը հիմնականում պայմանավորված է ոչ թե հիվանդության տարածմամբ, այլ իրազեկության և ախտորոշման որակի բարձրացմամբ։
Հոգեբան, հոգեթերապևտ Օֆելյա Հարությունյանը ընդգծեց, որ վերջին տարիներին աուտիզմ ունեցող երեխաների ինտեգրումը հասարակության մեջ նկատելիորեն աճել է։ Նրա խոսքով՝ ավելի շատ ծնողներ այսօր գիտակցում են, թե որքան կարևոր է երեխային հնարավորություն տալ շփվելու, սովորելու և զարգանալու հավասար պայմաններում։ Միևնույն ժամանակ մասնագետը նշեց, որ դեռ հանդիպում են դեպքեր, երբ ծնողները փորձում են թաքցնել երեխայի աուտիզմը՝ վախենալով շրջապատի արձագանքից կամ չհասկացված վերաբերմունքից։
Հոգեբանը կարևորելով աուտիզմով երեխաների ծնողների հոգեկան առողջությունը ընդգծեց.





«Ծնողները պետք է նախապես տեղեկացնեն երեխայի շրջապատին՝ հարազատներին, դաստիարակներին կամ ուսուցիչներին, նրա առանձնահատկությունների և դժվարությունների մասին։ Նրա խոսքով՝ դա կարևոր է, որպեսզի շրջապատը կարողանա ճիշտ հասկանալ երեխայի վարքը, ցուցաբերի համբերություն և աջակցություն, ոչ թե քննադատություն կամ խուսափողական վերաբերմունք։ Նման բաց ու անկեղծ մոտեցումը նպաստում է երեխայի արագ ինտեգրմանը հասարակության մեջ և ստեղծում ավելի ընդունող ու անվտանգ միջավայր թե՛ երեխայի, թե՛ ծնողների համար»։

Օֆելյա Հարությունյան
Հոգեբան
Գայանե Վարդանյանը, որը երկար տարիներ աշխատում է ներառական խմբերի երեխաների հետ, ևս կարևորեց ներառական խնդիրներով երեխաների ինտեգրումը հասարակության մեջ։ Նրա խոսքով՝ ամենակարևոր քայլերից մեկը շրջապատի՝ հատկապես հասակակիցների, տեղեկացվածությունն ու ճիշտ վերաբերմունքն է։
«Ադապտացիոն փուլը յուրաքանչյուր երեխայի համար անհատական է և չի կարելի կոնկրետ ժամանակ սահմանել։ Որոշ երեխաներ կարող են առհասարակ չցանկանալ դպրոց գալ և հորինել տարբեր պատճառներ՝ գլխացավ, փորացավ կամ այլ հիմնավորումներ։ Այս դեպքում կարևոր է հաշվի առնել երեխայի տարիքային առանձնահատկությունները և հասկանալ, արդյոք նրա վարքը խնդրից է գալիս, թե հնարավոր մանիպուլյացիա է։ Ծնողը պետք է ակտիվ համագործակցի դպրոցի հետ, զրուցի ուսուցչի հետ և հասկանա, թե ինչպես է երեխան դրսևորում իրեն դասարանում և միջավայրում։ Անհրաժեշտության դեպքում երեխայի համար կազմակերպվում է աշխատանք հոգեբանի հետ, որպեսզի հեշտացվի հարմարվող փուլը և աջակցվի նրա հուզական ու սոցիալական զարգացմանը»։

Գայանե Վարդանյան
Մանկավարժ
Աուտիզմը ոչ թե դատավճիռ է, այլ առանձնահատկություն, որը պահանջում է ճիշտ մոտեցում և աջակցող միջավայր։ Ճիշտ տեղեկատվությունն ու հասարակության իրազեկվածությունը, ծնողների և մասնագետների համագործակցությունը, ինչպես նաև երեխայի ինտեգրումը դպրոցում ու սոցիալական միջավայրում մեծապես նպաստում են նրա զարգացմանը և ինքնավստահության ձևավորմանը։ Կարևոր է, որ ընտանիքը հոգ տանի և իր հոգեկան առողջությունն ամրապնդի, իսկ հասարակությունը՝ ընդունի տարբերությունը։
Թվային դաստիարակություն․
երեխաները սոցիալական մեդիայի համատեքստում

Լուսանկարը գեներացված է Adobe Firefly ծրագրով

Թվային ծնողավարումը (Digital Parenting) ծնողավարության նոր ձև է, որը համապատասխանում է թվային դարաշրջանի պահանջներին։ Այն ընդգրկում է ծնողների կողմից նոր տեխնոլոգիաների, սոցիալական մեդիայի և ինտերնետային գործիքների կիրառումը՝ երեխաների դաստիարակության, կրթության և սոցիալական փոխազդեցության կառավարման համար:


Թվային դարաշրջանի զարգացումը փոփոխել է ոչ միայն մարդկանց ապրելակերպը, այլև ծնողական մոտեցումները և երեխայի դաստիարակության մեթոդները։ Սոցիալական մեդիան և նոր տեխնոլոգիաները դարձել են այն հարթակները, որոնք ազդում են ծնողների` դաստիարակության, կրթության և երեխայի զարգացման մարտավարությունների վրա։

Երբ դաստիարակությունը դառնում է բովանդակություն.

Աննա Ավետիսյանը վստահեցնում է, որ իր գործունեության շարժիչ ուժը ոչ թե լայքերն են, այլ իր փորձով անկեղծորեն կիսվելու ցանկությունը։ Նրա խոսքերը ոգեշնչում են բազմաթիվ ծնողների՝ դառնալու ավելի համբերատար և մտերմիկ իրենց երեխաների հետ։ Հաճախ ստանալով դրական արձագանքներ՝ նա զգում է, որ իր աշխատանքը իրական արդյունք է ունենում։ Նրա համոզմամբ՝ երեխայի ծնունդը ոչ միայն մեծ սեր է բերում, այլ նաև պահանջում է պատասխանատվություն ու պատրաստակամություն անցնելու կյանքի փորձությունները։

«Երբ մարդիկ գրում են, որ իմ խոսքի շնորհիվ այլևս չեն գոռում երեխայի վրա, ավելի են կարևորում հուզական կապը՝ էդ ինձ ուժ է տալիս շարունակելու»:

Աննա Ավետիսյան

Մարիաննա Պետրոսյան
բլոգեր մայրիկ

Բլոգեր մայրիկ Մարիաննա Պետրոսյանի համար բլոգինգը ոչ միայն երջանկություն է, այլև պատասխանատվություն, հատկապես, երբ խոսքը վերաբերում է ծնողավարական բովանդակությանը։ Նա կարևորում է հետևորդների անկեղծ արձագանքները՝ զերծ մնալով ավելորդ հրապարակումներից։

Ըստ Մարիաննա Պետրոսյանի՝ ծնողավարական բովանդակությունը լուրջ պատասխանատվություն է, քանի որ խոսքը երեխայի առողջության մասին է, ոչ թե հագուստի:

«Շատ ուշադիր եմ խորհուրդներ հրապարակելիս, քանի որ ես հավելյալ սննդի մասնագետ կամ կրծքով կերակրման մասնագետ չեմ, և բոլոր երեխաների վրա չէ, որ կարող է լավ ազդեցություն ունենալ իմ խորհուրդը»։

Մարիաննա Պետրոսյան

Ինչպես նշեց Մարիաննան, նրանք, ովքեր նոր են սկսում բլոգ վարել սոցիալական մեդիայում, պետք է լինեն առավելապես զգույշ իրենց արտահայտությունների մեջ, հատկապես երբ խոսքը երեխաների առողջությանն է վերաբերում։

Թվային ծնողավարման համատեքստում կարևոր է հաշվի առնել նաև օրենքով սահմանված կարգով սահմանափակումներն ու նորմերը, որոնք վերաբերում են երեխայի իրավունքների պաշտպանությանը։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն՝ պետությունը պարտավորվում է պաշտպանել երեխաների իրավունքները և ապահովել նրանց բարեկեցությունը։ Այս դրույթը ամրագրված է նաև «Երեխաների իրավունքների մասին ՀՀ օրենքում, ըստ որի՝ երեխայի անձնական կյանքը ենթակա է պաշտպանության:

Ըստ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի՝ տարիների ընթացքում սոցիալական մեդիայի անընդհատ աճն ու դրա տարածումը վերածվել են ոչ միայն կապի և ինֆորմացիայի տարածման հարթակի, այլ նաև՝ ընտանեկան կյանքի հանրայնացման հզոր գործիքի:


Լուսանկարը վերցված է մեդիափորձագետի Facebook-յան էջից

Փորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ երեխաների լուսանկարների և տեսանյութերի տարածումը հաճախ կատարվում է առանց լիարժեք գիտակցված որոշումների։ Շատ ծնողների համար դա դարձել է սովորական, սակայն այն իրականում սահմանային և հոգեբանական լուրջ խնդիրներ է պարունակում։


Սոցիալական մեդիան այսօր ոչ միայն կապի միջոց է, այլ նաև ընտանեկան կյանքի հանրայնացման հզոր հարթակ, որն անհրաժեշտ է օգտագործել պատասխանատվությամբ։

«Երեխաների անձնական տվյալների, լուսանկարների և տեսանյութերի տարածումը հաճախ կատարվում է առանց գիտակցված որոշումների»,-ասում է նա:


Սամվել Մարտիրոսյանը շեշտեց՝ եթե նախկինում ծնողները սովորում էին գրքերից կամ իրենց ավագներից, հիմա այդ դերը ստանձնել է սոցիալական մեդիան՝ բժիշկների, մանկավարժների, բլոգերների միջոցով:

Լուսանկարը վերցված է հոգեբանի Instagram-յան էջից
Գայանե Մելքումյան
հոգեբան

Սոցիալական մեդիայում երեխաների լուսանկարների հրապարակումը կարող է ունենալ անդառնալի հետևանքներ, ուստի ծնողները պետք է զգուշորեն մոտենան այդ հարցին։ Հոգեբան Գայանե Մելքումյանի կարծիքով՝ կարևոր է նախ խոսել երեխաների հետ և հասկանալ նրանց համաձայնությունը։ Նա ընդգծում է, որ իդեալական կյանքի պատկերները, որոնք տարածվում են սոցիալական ցանցերում, կարող են այլ ծնողների մոտ առաջացնել մեղքի զգացում։ Հասարակական և անձնականի սահմանը գիտակցելը կարևոր նախապայման է առողջ թվային ծնողության համար։

Ըստ Հոգեբան Գայանե Մելքումյանի՝ սոցիալական մեդիայում հրապարակված ցանկացած նյութ այլևս կարող է անդառնալի լինել:

Ծնողը պետք է գիտակցի, թե ինչ արժե հանրայնացնել, և ինչ պետք է թողնել անձնականի սահմաններում։


Այն, ինչ մենք տեսնում ենք սոցիալական մեդիայում՝ հանդարտ, պարզ առավոտներ, հնազանդ երեխաներ, օգտակար նախաճաշեր՝ հաճախ չի արտացոլում իրականությունը։

Հիշեք՝ ամեն ինչ չէ, որ ցուցադրվում է, ամեն ինչ չէ, որ պետք է ցուցադրվի։

Գայանե Մելքումյան


Երեխայի իրավունքները թվային միջավայրում․

ծնողական վերահսկողություն և օրենք

2015 թվականին ընդունվեց «Անձնական տվյալների պաշտպանության» մասին օրենքը՝ սահմանելով այն կանոնները, որոնք պետք է պահպանել մարդու վերաբերյալ տվյալների հետ առնչվելիս: Օրենքի հիման վրա 2015 թվականին ստեղծվեց նաև ՀՀ արդարադատության նախարարության կազմում գործող Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը, որի նպատակն է իրականացնել մարդկանց անձնական տվյալների պաշտպանությունը:

Լուսանկարը վերցված է իրավաբանի անձնական FACEBOOK-յան էջից:

Մարդու անձնական տվյալների պաշտպանության գծով իրավաբան Գևորգ Հայրապետյանի խոսքով՝ թվային դարաշրջանում, երբ երեխաներն արդեն վաղ տարիքից ակտիվ ներկայություն ունեն սոցիալական ցանցերում, ծնողների վրա դրվում է նոր տեսակի պատասխանատվություն՝ ապահովել իրենց երեխաների անձնական տվյալների պաշտպանությունը համացանցում:

Իրավաբան Գևորգ Հայրապետյանի խոսքով՝ թվային դարաշրջանում ծնողները պատասխանատու են իրենց երեխաների անձնական տվյալների պաշտպանության համար։ Նա կարևորում է իրավական, տեխնիկական և բարոյական մեխանիզմների կիրառումը՝ երեխաների թվային անվտանգությունը ապահովելու համար։ Իրավաբանը նշում է, որ համացանցում տարածված տեղեկատվության վերահսկումը դժվար է, ուստի կանխարգելիչ քայլերն առավել արդյունավետ են։ Ծնողները պետք է հաշվի առնեն երեխայի տարիքը, կիրառեն հսկողության գործիքներ և հետևեն օրենքով սահմանված պահանջներին։

«Համացանցում ծնողի գործողությունը երեխայի անձնական կյանքի նկատմամբ կարող է անդառնալի ազդեցություն ունենալ։ Պետք է կիրառել տեխնիկական, իրավական և բարոյական բոլոր մեխանիզմները, որպեսզի երեխաները լինեն ոչ միայն տեսանելի, այլ՝ պաշտպանված»:

Գևորգ Հայրապետյան

Իրավաբանի խոսքով՝ համացանցը այնպիսի տարածք է, ինչպիսին փողոցը կամ դպրոցն են։ Այդ իսկ պատճառով պետք է կիրառել վերահսկման և կանխարգելման համարժեք մեխանիզմներ։


Ըստ Հայրապետյանի՝ եթե ինչ-որ մեկը ինքն իր տվյալները դարձնում է հանրամատչելի, հետագայում շատ դժվար է պարզել՝ ով է դրանք ապօրինաբար օգտագործել։ Իրավունքը մնում է ուժի մեջ, բայց գործնական հնարավորությունները սահմանափակվում են։

Հայրապետյանը առանձնացնում է մի քանի հիմնական քայլ, որոնք ծնողները կարող են ձեռնարկել՝ երեխայի տվյալները սոցիալական ցանցերում պաշտպանելու համար։


1. Երեխայի ներկայության տարիքային համարժեքություն


2. Ծնողական հսկողության գործիքների կիրառում


3. Տարիքային սահմանափակումների պահպանում


4. Համաձայնության իրավունքի պատշաճ կիրառում

Թվային ծնողավարումը չի կարող գնահատվել որպես միանշանակ դրական կամ բացասական երևույթ։ Այն իր մեջ ներառում է ինչպես մեծ հնարավորություններ, այնպես էլ կարևոր ռիսկեր, որոնք անհրաժեշտ է ճիշտ գնահատել և կառավարել։ Թվային ծնողավարումն արդյունավետ և անվտանգ դարձնելու համար պահանջվում է հասարակության, իրավական համակարգի, կրթական կառույցների և սոցիալական մեդիայի հարթակների ակտիվ մասնակցությունը։ Միայն այս համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի ձևավորել միջավայր, որտեղ թվային ծնողավարումը կծառայի որպես աջակցող գործիք՝ նպաստելով երեխաների առողջ, պաշտպանված և արժանապատիվ զարգացմանը թվային իրականության պայմաններում։




Կապ մեզ հետ
Երևան
Հեռախոս: +37493640814
Էլեկտրոնային հասցե: argevorgyan003@gmail.com