Մեր հասարակությունում միշտ չէ, որ կինը ինքնուրույն է կայացնում արհեստական ընդհատման դիմել-չդիմելու որոշումը, ընտանիքի անդամների կարծիքները, սոցիալական նորմերն ու ճնշումները կարող են մեծապես ազդել կնոջ որոշման վրա։
Այնուամենայնիվ, Հայաստանում այսպիսի ծառայություններն առկա չեն բոլոր հիվանդանոցներում։ Հոգեբանական աջակցության մատչելիությունը սահմանափակ է, և հաճախ այն կանայք, որոնք օգնության կարիքն ունեն, բախվում են դժվարությունների՝ այն ստանալու հարցում։ Կան որոշ կազմակերպություններ, օրինակ, «Մայրիկների ակումբ» կազմակերպությունը, որտեղ անցկացնում են սեմինարներ հղիների համար, բայց այս պարագայում հղին պետք է դիմի կազմակերպությանը՝ իր իսկ ֆինանսական միջոցներով։ Այսպիսով, ծառայություններն այնքան էլ հասանելի չեն լայն հանրության համար և շատ կանայք, սոցիալական պայմաններից ելնելով, հնարավորություն չունեն օգտվելու նման ծառայություններից։
Ցավոք, հոգեբանական հետևանքների առկայությունը վկայում է, որ անհրաժեշտ է մեծ ուշադրություն հատկացնել հոգեբանական աջակցությանը, որն ստանալը կնոջը կօգնի հասկանալ և ընդունել իր որոշումները, բացի այդ կբարելավի նրա ընդհանուր առողջությունը՝ օգնելով նրան գտնել համապատասխան միջոցներ դժվարությունների հաղթահարման համար։
Հիշեցնենք, որ «Վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ մինչև 12 շաբաթական հղիության ընդհատումը կատարվում է կնոջ դիմումի համաձայն։ Բժշկական ցուցումների դեպքում՝ հղիության ընդհատումը մինչև 12 շաբաթական ժամկետը իրականացվում է կնոջ գրավոր համաձայնությամբ: 12-ից մինչև 22 շաբաթական ժամկետներում ընդհատումը կատարվում է բացառապես բժշկական (ներառյալ՝ սեռի հետ կաված հիվանդության ժառանգման հավանականության դեպքում) կամ սոցիալական ցուցումների առկայության դեպքում՝ կնոջ գրավոր համաձայնությամբ․ օրենքով չնախատեսված որևէ այլ դեպքում, ներառյալ՝ սեռով պայմանավորված, 12-ից մինչև 22 շաբաթական ընդհատումն արգելվում է։
Ամփոփենք. հղիության արհեստական ընդհատման դեպքում՝ անկախ դրա պատճառներից, հոգեբանական աջակցությունն անհրաժեշտ է յուրաքանչյուր կնոջը: Անկախ առողջական, սոցիալական կամ անձնական հանգամանքներից, պետք է կանխել հնարավոր բարդությունները՝ կնոջ համար այս կարևոր փուլը հեշտ հաղթահարելի դարձնելու համար։