Այս երկու պատմությունները ցույց են տալիս նույն երևույթի երկու կողմը։ Մեկի համար փողոցային առևտուրը գոյատևման միակ միջոցն է, իսկ մյուսի համար՝ եկամտի կորստի պատճառ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն այս հարցի վերաբերյալ նշել է, որ փողոցային առևտրի խնդիրը դեռ քննարկման փուլում է։ Նախարարությունում ընդգծում են, որ այժմ ուսումնասիրվում են տարբեր առաջարկներ՝ ինչպես կարգավորել երևույթը՝ հաշվի առնելով թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական հանգամանքները։
Նրանց խոսքով՝ հարցը պահանջում է համատեղ մոտեցում՝ Երևանի քաղաքապետարանի և պետական մարմինների համագործակցությամբ գտնվի լուծում, որը և՛ կպահպանի քաղաքային կարգուկանոնը, և՛ չի արգելելվի քաղաքացիներին ապրուստ հայթայթել։
Այս խնդիրն, սակայն, չի սահմանափակվում միայն վաճառողների շրջանակով։ Գնորդները ևս տարբեր կարծիքներ ունեն։ Ոմանք նախընտրում են փողոցային վաճառողներից գնել՝ գնի մատչելիության կամ թարմության պատճառով, իսկ մյուսները խուսափում են նման վայրերից։ Երևանի բնակիչ Աննան ասում է․
«Ես միշտ գնում եմ շուկայից։ Գուցե մի փոքր թանկ է, բայց այնտեղ մաքուր է, ապրանքը ստուգված է։ Փողոցում փոշի է, մեքենաներ են անցնում, ես չեմ վստահում։ Շուկայում գոնե ապահով եմ զգում»։
Այսպիսով, փողոցային առևտրի խնդիրը բազմաշերտ է՝ ներառելով տնտեսական, սոցիալական, հիգիենիկ հարցեր։ Քաղաքապետարանը փորձում է պահել կարգուկանոնը, մարդիկ պայքարում են իրենց ապրուստի համար․ սա այն իրականությունն է, որտեղ բախվում են գոյատևման ցանկությունը և քաղաքային կարգուկանոնի պահանջը։
ԲՊՀ լրագրության բաժնի 4-րդ կուրսի ուսանող Շուշանիկ Հովհաննիսյան