<<Մնջախաղը մարմնի լեզուն է, իսկ պարը՝ այդ լեզվի երաժշտական արտահայտումը։ Երբ դրանք միավորվում են, ստեղծվում է ավելի բնական, ազդեցիկ արվեստ, որը խոսում է առանց բառերի>>,- Արթուր Հայրապետյան
Սաթենիկ Խաչատրյան
ԲՊՀ Լրագրության 4-րդ կուրսի ուսանող
Մնջախաղի պետական թատրոնի դերասան Արթուր Հայրապետյանը, ով մանկուց հետաքրքրված էր պարարվեստով, պատմում է իր անցած ուղու և մնջախաղի աշխարհ տեղափոխվելու մասին:
-Ինչպե՞ս սկսվեց Ձեր ճանապարհը պարի և մնջախաղի արվեստում։
- Փոքրուց զբաղվել և զբաղվում եմ պարարվեստով: Ընդունվել եմ Թաթուլ Ալթունյանի երգի-պարի պետական անսամբլ: 2004 թվականին ընդունվել եմ Թատերական ինստիտուտ`մնջախաղի բաժին, ավարտել եմ 2008 թվականին, այնուհետև ծառայել եմ Հայոց բանակում։ Ավարտելով ծառայությունս 2010 թվականին աշխատանքի եմ անցել որպես դերասան Երևանի Մնջախաղի պետական թատրոնում։
- Ինչպե՞ս հասկացաք, որ ցանկանում եք զբաղվել դերասանությամբ, և ինչո՞ւ ընտրեցիք հենց մնջախաղի բաժինը:
- Մայրս այդ ժամանակից ի վեր աշխատում էր Թատերական ինստիտուտում, շատ եմ գնացել այնտեղ, սիրել եմ և հետաքրքիր է եղել դերասանի կյանքը: 2003 թվականին ընդունվել եմ 0 կուրս, ապա դրանից հետո 2004 թվականին բացվեց մնջախաղի բաժինը: Այդ ժամանակ զբաղվում էի պարով և քանի որ մնջախաղը որոշ չափով նման է պարին, այդ պատճառով էլ ընտրեցի հենց մնջախաղը:
- Նշեցիք, որ փոքրուց մինչ այսօր պարով եք զբաղվում, ինչու՞ կոնկրետ պարարվեստի բաժին չընդունվեցիք:
- 0 կուրսում անցնել եմ մնջախաղի դասընթացներ և նմանեցրել եմ մնջախաղը պարին, ինչի շնորհիվ սկսել է այն ինձ շատ հետաքրքրել և արդյունքում ցանկություն առաջացավ զբաղվել մնջախաղով:
- Կասեք ինչու՞ որոշեցիք ընդուվել հենց Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլ:
- Մինչ Ալթունյան անսամբլ ընդունվելը պարել եմ «Բարեկամություն» անսամբլում և ավարտելով այս ստուդիան 2006 թվականին դուրս գալով «Բարեկամությունից» ընդունվել եմ Ալթունյան անսամբլ:
- Կասե՞ք, ինչ պատճառով որոշեցիք դուրս գալ «Բարեկամություն» անսամբլից:
- Քանի որ դասերի հետ չէի կարողանում համատեղել, այդ ժամանակ Թաթուլ Ալթունյանի երգի-պարի անսամբլում ընդունելության մրցույթ կար, որոշեցի մասնակցել և հաղթահարելով ընդունվեցի: Մինչ այսօր էլ պարում եմ Ալթունյան երգի-պարի պետական անսամբլում:
- Ի՞նչ դեր ունեցավ Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլը Ձեր մասնագիտական ձևավորման մեջ։
- Ալթունյանի անսամբլը ինձ համար եղել է մեծ դպրոց։ Այնտեղ ես սովորել եմ ոչ միայն պարել, այլև աշխատել բեմում` զգալ ռիթմը, պատասխանատվությունը, թիմային աշխատանքը։ Կարելի է ասել՝ Ալթունյանը դարձավ այն հարթակը, որտեղ պարը և մնջախաղը միավորվեցին մեկ ամբողջության մեջ։
-Ինչպե՞ս եք տեսնում պարի և մնջախաղի համատեղման ապագան հայկական բեմում։
-Կարծում եմ՝ այս երկու արվեստները միմյանց շատ լավ լրացնում են։ Մնջախաղը մարմնի լեզուն է, իսկ պարը՝ այդ լեզվի երաժշտական արտահայտումը։ Երբ դրանք միավորվում են, ստեղծվում է ավելի բնական, ազդեցիկ արվեստ, որը խոսում է առանց բառերի։ Վստահ եմ՝ հայկական բեմում պարի և մնջախաղի համադրությունը դեռ մեծ ներուժ ունի և կարող է նոր, հետաքրքիր ուղղություններ բացել ժամանակակից թատրոնում։
-Եթե մեկ նախադասությամբ ամփոփեք Ձեր անցած ճանապարհը, ի՞նչ կասեք։
- Կասեմ, որ պարը դարձավ իմ առաջին լեզուն, իսկ մնջախաղը՝ այն արվեստը, որով կարողացա այդ լեզվով պատմել իմ պատմությունները բեմում։ Այս երկու աշխարհների համատեղումն ինձ օգնեց գտնել իմ տեղը թատրոնում:Երբ բեմում եմ, այլևս չեմ տարանջատում դրանք․ շարժումն է խոսում իմ փոխարեն: