Մարդ, բնություն, համագործակցություն

Հայաստանը, լինելով փոքր, բայց հարուստ բնությամբ երկիր, ունի բազմազան էկոհամակարգեր։ Հայաստանի բնությունը կարևոր դեր ունի տնտեսության մեջ, սակայն մարդկային գործունեությունը ժամանակի ընթացքում սկսել է վատթարացնել բնական ռեսուրսների վիճակը։ Վերջին տարիներին, մարդու գործողությունները, ինչպիսիք են արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և այլ ոլորտներ, լուրջ վնասներ են հասցնում բնությանը։

  • Դիանա Զիրոյան
Ժամանակակից կյանքի պահանջները ստիպում են օգտագործել ռեսուրսներ, որոնք կարող են հանգեցնել մի շարք խնդիրների, ինչպիսիք են անտառահատումը, օդի և ջրի աղտոտումը, գլոբալ տաքացումը և այլն։ Օրինակ, անտառահատումը մեծացնում է հողի էրոզիայի ռիսկը, իսկ շենքերի կառուցումը աղտոտում է օդը, ինչն էլ վատ ազդեցություն է ունենում մարդկանց առողջության, բույսերի և կենդանիների կյանքի վրա։
Այս խնդիրը գիտակցելու համար կարևոր է նշել կոնկրետ դեպքեր, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է մարդը վնասում մեր բնությունը։
«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի լրագրող Քրիստինե Տեր-Մաթևոսյանը ներկայացրեց է մի քանի լուրջ դեպքեր, որտեղ մարդու գործունեությունը վնասել է Հայաստանի էկոհամակարգերին, հատկապես հանքարդյունաբերության ոլորտում։ 2023 թվականին «Էկոլուրը» հետազոտություն է իրականացրել Արարատի, Լոռու, Կոտայքի և Արագածոտնի մարզերում՝ պարզելու արդյունաբերական աղտոտվածության ազդեցությունը մարդկանց վրա։ Հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ այդ տարածքներում ծանր մետաղների կոնցենտրացիաները (համակենտրոնացում) շատ բարձր են, ինչը վնասել է հողը և մարդկանց առողջությունը։

Քրիստինե Տեր-Մաթևոսյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից
Քրիստինեն հիշեցրեց Արարատի և Արմավիրի մարզերում արագիլների աղտոտման դեպքերը, որտեղ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտնել էր, որ աղտոտման պատճառը ձեռնարկությունների և ձկնաբուծարանների թափոնների սխալ կառավարումն է եղել, ինչն ազդել է ոչ միայն վայրի կենդանիների, այլև ամբողջ էկոհամակարգի վրա։ Բնությանվրա մարդու ազդեցությունը նվազեցնելու համար կարևոր է հանրային իրազեկումն ու համայնքների աջակցությունը։
«Էկոլուրը» փորձում է մարդկանց դարձնել ակտիվ մասնակից բնապահպանական խնդիրների լուծման գործընթացներում։ Քրիստինեննշեց, որ հանրության ներգրավվածությունը կարևոր է, և կազմակերպությունը փորձում է մարդկանց ավելի տեղեկացված դարձնել, ինչպես նաև աջակցում է համայնքներին՝ իրենց շահերը պաշտպանելու բնապահպանական հարցերում։ «Էկոլուրը» համագործակցում է պետական մարմինների հետ՝ ներկայացնելով օրենսդրական առաջարկներ։ Մասնավորապես, կազմակերպությունն առաջարկել է, որ հանքարդյունաբերության համայնքները ստանան ռոյալթիի (հանքարդյունահանման դիմաց լիցենզառուի կողմից պետական բյուջե վճարվող գումար) 2%-ի չափով մասնաբաժիններ, որը ուժի մեջ էր մտնելու 2024 թվականին։

2021 թվականին ընդունվել է որոշում, որը պաշտպանում էր Հայաստանի գետերը փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումից։ Սակայն համագործակցությունը երբեմն բարդություններ է առաջացնում, քանի որ տեղեկատվության թափանցիկության պակասն ու ուշացված պատասխանները խոչընդոտում են գործընթացը։ «Էկոլուր»-ը շարունակում է համագործակցել նախարարության հետ՝ աջակցելով բնապահպանական բարեփոխումներին

Նինա Մամաջանյանը, աշխատելով «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոնում», կարևորում է քաղաքացիական մասնակցությունը բնապահպանական խնդիրների լուծման գործում։ Նա նշեց, որ պետական քաղաքականությունը և բնապահպանության տեսչական մարմինը, չնայած իրենց գոյությանը, հաճախ չեն կարողանում լիարժեք լուծել խնդիրները։

Նինա Մամաջանյանի լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջից
Նինան նաև ընդգծեց, որ վերջերս շրջանաձև տնտեսության գաղափարը կարող է դրական ազդեցություն ունենալ բնության վրա, քանի որ թափոնները կարող են վերամշակվել որպես պարարտանյութ կամ անասնակեր՝ ոչ թե աղտոտել շրջակա միջավայրը։ Շրջանաձև տնտեսությունը, որը առաջարկում է թափոնների վերամշակման նոր մոտեցումներ, կարող է լինել կարևոր քայլ դեպի բնապահպանական խնդիրների լուծումը։
Մեր մասնակցությունը և աջակցությունը նման նախաձեռնություններում կարևոր են, որպեսզի ապահովենք մաքուր և առողջ շրջակա միջավայր ապագա սերունդների համար։