Ճիշտ շնչառությունը առողջության առաջին գրավականն է
Էլեն Մինասյան
Բոդիֆլեքսը, որը համարվում է նիհարելու և առողջության պահպանման եզակի մեթոդ, համատեղում է շնչառական տեխնիկաները և ֆիզիկական վարժությունները: Այն նպաստում է օրգանիզմի բարելավմանը՝ սկսած նյութափոխանակության խթանումից մինչև հոգեբանական կայունության ապահովումը: Աբովյանի Շնչառական կենտրոնի հիմնադիր-տնօրեն Փառանձեմ Ոսկանյանի հետ զրուցել ենք այս համակարգի նրբությունների մասին:
- Ի՞նչ է բոդիֆլեքսը, և ինչու՞ է այդքան կարևոր:

Բոդիֆլեքսը ճարպային ավելցուկների նվազեցման և մարմնի ընդհանուր առողջացման մեթոդ է, որը հիմնված է հատուկ շնչառական տեխնիկայի վրա: Թթվածնի ինտենսիվ ներմուծման միջոցով ակտիվանում է օրգանիզմի նյութափոխանակությունը, ինչի արդյունքում կատարվում է ճարպերի այրում: Սա նպաստում է ոչ միայն նիհարելուն, այլև առողջության բարելավմանը, քանի որ օրգանիզմում թթվածնի պակասը կարող է առաջացնել հիվանդություններ՝ ներառյալ սրտանոթային խնդիրներ և մարսողական համակարգի խանգարումներ:

- Որքա՞ն ժամանակ եք զբաղվում այս մեթոդով:

Ես բոդիֆլեքսով զբաղվում եմ արդեն 20 տարի՝ 2003 թվականից: Տարիների ընթացքում բազմաթիվ մարդիկ են անցել իմ կուրսերով՝ ստանալով թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական մեծ արդյունքներ:

- Բոդիֆլեքսով զբաղվելու համար կա՞ն սահմանափակումներ:

Ո՛չ, տարիքային սահմանափակումներ չկան: Իմ խմբերը ներառում են 6-ից 80 տարեկան մարդկանց: Այնուամենայնիվ, բոդիֆլեքսը հակացուցված է հղիներին, նրանց համար մշակվում են այլ շնչառական տեխնիկաներ, որոնք և՛ անվտանգ են, և՛ արդյունավետ:

- Ինչքա՞ն ժամանակում են մարդիկ նկատում արդյունքները:

Մեր կուրսերը տևում են 2 ամիս՝ 24 պարապմունք: Այս ընթացքում մարդիկ սովորաբար նվազեցնում են մարմնի չափսը 2 անգամ: Քաշի կորուստը կախված է անհատական առանձնահատկություններից և օրգանիզմի վիճակից, բայց սովորաբար կազմում է 3-10 կգ:

- Բոդիֆլեքսն օգնում է միայն նիհարե՞լ, թե՞ նաև այլ առողջական խնդիրներ է լուծում:

Բոդիֆլեքսը համապարփակ մեթոդ է, որը նպաստում է օրգանիզմի առողջացմանը: Այն հատկապես օգտակար է ողնաշարի խնդիրների դեպքում, օրինակ, սկոլիոզի, կիֆոզի և ճողվածքների բուժման համար: Բացի այդ, շնչառական վարժությունները բարելավում են արյան շրջանառությունը, մաքրում են թոքերը և ամրացնում ներքին օրգանները:

- Ինչպե՞ս է բոդիֆլեքսն ազդում հոգեբանական վիճակի վրա:

Շնչառական տեխնիկաները օգնում են թեթևացնել սթրեսը և բարձրացնել էներգիայի մակարդակը: Օրինակ՝ մարդիկ հաճախ նշում են, որ մեր պարապմունքներից հետո զգում են հանգստություն և թարմություն: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ճիշտ շնչառությունը խթանում է հորմոնալ համակարգը, որի արդյունքում նվազում է սթրեսի մակարդակը:

- Որքա՞ն հաճախ է պետք զբաղվել բոդիֆլեքսով՝ լավագույն արդյունքների հասնելու համար:

Խորհուրդ եմ տալիս բոդիֆլեքսին նվիրել օրական 15-20 րոպե, եթե դա տնային պարապմունք է: Իսկ կենտրոնում անցկացվող դասընթացները սովորաբար շաբաթական 3 անգամ են, ինչը բավական է նկատելի արդյունքի հասնելու համար: