Բուհերի խոշորացում թե՞ կրթական ճգնաժամ
Հայաստանում ներկայումս քննարկվում է մի շարք բուհերի միացման և խոշորացման հարցը՝ Կրթության նոր օրենքի շրջանակում։ Հանրապետությունում գործող Կրթական ոլորտում այս փոփոխությունը բուռն քննարկումների առիթ է տվել, և մասնագետները կասկածներ ունեն, որ այս գործընթացը կարող է ազդել կրթության որակի վրա։
  • Գոհարիկ Բարսեղյան

Կրթության նոր օրենքի շրջանակում, Հայաստանում ներկայումս քննարկվում է մի շարք բուհերի միացման և խոշորացման հարցը։ Ըստ նոր օրինագծի, նախատեսվում է 4000-ից պակաս ուսանող ունեցող բուհերը փակել կամ միացնել այլ կրթական հաստատությունների։ Այս պահանջը վերաբերում է մի շարք բուհերին, ինչպիսիք են՝ Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանը, Կոմիտասի անվան կոնսերվատորիան, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, Գեղարվեստի ակադեմիան և այն կրթական հաստատություններին, որոնք չեն համապատասխանում նոր չափանիշներին։


Կրթական ոլորտում այս փոփոխությունը բուռն քննարկումների առիթ է դարձել, և մասնագետները կասկածներ ունեն, որ այս գործընթացը կարող է ազդել կրթության որակի վրա։ Թեմայի շուրջ զրուցել ենք կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանի հետ։

Ատոմ Մխիթարյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից
-Ինչո՞ւ է անհրաժեշտ խոշորացնել բուհերը։ Կա՞ն արդյոք տվյալներ կամ հետազոտություններ, որոնք հիմնավորում են այս փոփոխությունների անհրաժեշտությունը։
-Նոր օրինագծի նպատակը պիտի կրթության որակի բարելավումը լինի, սակայն բուհերի մեխանիկական միավորումը, այդ առումով, որևէ ձեռքբերում չի կարող ունենալ։ Մյուս կողմից, ցանկություն կա օպտիմալացնել ռեսուրսների օգտագործումը, որը հատկապես կարող է վերաբերել բուհերի ադմինիստրատիվ աշխատողների կրճատմանը։ Սա, իր հերթին կարող է բերել գոյություն ունեցող սոցիալական խնդիրների սրացմանը, բուհերի աշխատակիցների բողոքի ակցիաների։ Երրորդ, խնդիր է դրվում բարձրացնել հայկական համալսարանների մրցունակությունը և միջազգային վարկանիշը։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ այս առումով կարելի է առաջընթաց գրանցել, եթե ավելանա բուհերի ֆինանսավորումը և դրա նպատակաուղղված ու արդյունավետ ծախսը։ Միջազգային որևէ դրական փորձ չկա, որ պետությունը որոշի բուհեր միավորել ու դրանից նրանց գործունեության արդյունավետությունը բարձրանա։
-Ինչպե՞ս կարող է բուհերի խոշորացումը կամ միացումը ազդել կրթության որակի վրա։
-Խոշորացումը, արդյունավետ կառավարման պարագայում, կարող է նպաստել ռեսուրսների արդար բաշխմանը, նորարարական ծրագրերի ներդրմանը և միջազգային համագործակցության ընդլայնմանը։ Սակայն բուհերի խոշորացումը պետք է բնական գործընթաց լինի և ոչ թե վարչական ու հրամայական մեթոդների կիրառման արդյունքում տեղի ունենա։ Այս պարագայում, ընդհակառակը, գոյություն ունեցող առանց այդ էլ ոչ բարվոք վիճակը կարող է էլ ավելի խորանալ։
-Կրճատումներն, իհարկե, անխուսափելի են, որովհետև խնդիր է դրվում «օպտիմալացնել» բուհերի աշխատակազմը և ձևափոխել կառավարման համակարգը։ Հարկ է դասախոսների և վարչական աշխատակիցների խնդիրներն անպայման հասցեագրել, երաշխավորել նրանց իրավունքները, այլապես սոցիալական բողոքն անխուսափելի կլինի։
-Կրճատումներն, իհարկե, անխուսափելի են, որովհետև խնդիր է դրվում «օպտիմալացնել» բուհերի աշխատակազմը և ձևափոխել կառավարման համակարգը։ Հարկ է դասախոսների և վարչական աշխատակիցների խնդիրներն անպայման հասցեագրել, երաշխավորել նրանց իրավունքները, այլապես սոցիալական բողոքն անխուսափելի կլինի։
-Ինչպե՞ս է սա անդրադառնալու մարզային բուհերի վրա։
-Մարզային բուհերը, քննարկման դրված օրինագծի ընդունման պարագայում, ուղղակի չեն կարողանա շարունակել իրենց գործունեությունը։ Մինչդեռ պետք է ամեն ինչ անել, որ մարզերում ուսանողները նույնպես ունենան հասանելիություն բարձրորակ կրթության, միջազգային ծրագրերի։ Մարզային բուհերը ևս մեկ շատ կարևոր գործառույթ են կատարում՝ ձևավորում են մտավորականություն, կադրեր են պատրաստում հենց տվյալ տարածաշրջանի համար։ Այսպիսի օրենքի ընդունումը մարզերին զրկելու է այս հնարավորություններից, իսկ մայրաքաղաք տեղափոխված ուսունողների ու դասախոսների գերակշիռ մեծամասնությունն ուղղակի չի վերադառնա հայրենի բնակավայր։
-Ի՞նչ դեր ունեն ուսանողական կարծիքները այս գործընթացում։
-Նախ, հարկավոր է ընդգծել, որ ուսանողների կարծիքը ոչ ոք չի հարցրել այսպիսի նախագիծ մշակելուց առաջ։ Ավելին, նրանց ձայնը լսելի չի եղել նաև քննարկումների ժամանակ։ Իսկ ու՞մ, եթե ոչ ուսանողի համար են կատարվում այս փոփոխությունները։ Նրանք վստահաբար կունենան դժվարություններ, շատերը գուցե կիսատ թողնեն իրենց ուսումը, փոխեն համալսարանը կամ ընդհանրապես լքեն հանրապետությունը։