ChatGPT և Gemini․ երկու մոտեցում՝ մեկ արհեստական ինտելեկտ
Սամվել Մարտիրոսյան
Էդիտա Քամալյան
ԲՊՀ Լրագրության 4-րդ կուրսի ուսանող
Հարցազրույց ունեցանք CyberHUB-ի համահիմնադիր, կիբեռանվտանգության մասնագետ (CISO) և ARDY Academy-ի դեկան Սամվել Մարտիրոսյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվեց ChatGPT և Gemini համակարգերի տեխնոլոգիական տարբերությունները, դրանց ճարտարապետական մոտեցումները, անվտանգության հարցերը և արհեստական ինտելեկտի զարգացման ներկայիս միտումները։
-Պարոն Մարտիրոսյան, ինչպե՞ս կբնութագրեք արհեստական ինտելեկտի զարգացման ներկայիս փուլը և ChatGPT–Gemini մրցակցությունը դրա շրջանակում։

Վերջին տարիներին արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաները զարգացել են հա, ու բացառիկ արագությամբ՝ տեսական ուսումնասիրությունների դաշտից վերածվելով թվային միջավայրի հիմնարար բաղադրիչի։ Էս փուլում ոլորտի առանցքային դերակատարներն են ChatGPT-ին (OpenAI) և Gemini-ն (Google), որոնք լուծում են համադրելի խնդիրներ, բայց հիմնված են տարբեր տեխնոլոգիական փիլիսոփայությունների և ճարտարապետական մոտեցումների վրա։ Կարևոր է ընդգծել, որ էս համակարգերի համեմատությունը ստատիկ վիճակում պայմանական է, քանի որ դրանք գտնվում են շարունակական էվոլյուցիայի գործընթացում։

-Որո՞նք են ChatGPT-ի և Gemini-ի կառուցվածքային հիմնական տարբերությունները։

ChatGPT-ին ի սկզբանե նախագծվել է որպես մեծ լեզվական մոդել (LLM), որը կենտրոնացած է տեքստի խորքային և հաջորդական վերլուծության վրա։ Մուլտիմոդալ հնարավորությունները՝ պատկերների կամ ձայնի վերլուծությունը, ներդրվել են փուլային եղանակով։ Ի հակադրություն՝ Gemini-ն Google-ի կողմից ստեղծվել է որպես նատիվ մուլտիմոդալ համակարգ։ Այն սկզբից նախատեսված է տարբեր տեսակի տվյալների՝ տեքստային, վիզուալ և աուդիո, միաժամանակ մշակման համար, ինչը պայմանավորված է Google-ի տիրապետած հսկայական տվյալների ենթակառուցվածքով։ Սենց, որ նայում ենք Գուգլը էդ մասով առաջ է ընկած։

-Ինչպե՞ս են այս կառուցվածքային տարբերությունները ազդում մոդելների վերլուծական հնարավորությունների վրա։

Կառուցվածքային մոտեցումները անմիջականորեն ձևավորում են մոդելների աշխատանքային տրամաբանությունը։ Gemini-ն առանձնանում է «երկար կոնտեքստի» հետ աշխատանքի բարձր արդյունավետությամբ․ այն կարողանում է հայտնաբերել ոչ ակնհայտ կապեր մեծածավալ փաստաթղթերի տարբեր հատվածների միջև։ ChatGPT-ը, իր հերթին, առավել ուժեղ է պատճառահետևանքային հստակ շղթաների կառուցման մեջ։ Այն ավելի լավ է լուծում այն խնդիրները, որոնք պահանջում են հաջորդական տրամաբանություն, կառուցվածքային մտածողություն և վերլուծական տեքստերի ձևավորում։

-Որքանո՞վ է կարևոր կիբեռանվտանգության հարցը արհեստական ինտելեկտի կիրառման համատեքստում։

Այսօր անվտանգության հարցը հատկապես արդիական է, սակայն հիմնական ռիսկերը հաճախ կապված չեն հենց ալգորիթմների խոցելիության, այլ մարդկային գործոնի հետ։ Անվճար կամ երրորդ կողմի հավելվածների միջոցով ChatGPT-ի կամ Gemini-ի օգտագործման ժամանակ օգտատերերը հաճախ մոդելներին փոխանցում են անձնական կամ կորպորատիվ զգայուն տվյալներ՝ առանց գիտակցելու դրանց մշակման և պահպանման մեխանիզմները։ Այդ իսկ պատճառով արհեստական ինտելեկտի տեխնոլոգիական առաջընթացը չի վերացնում թվային հիգիենայի հիմնարար կանոնների պահպանման անհրաժեշտությունը։

-Ինչպե՞ս է դրսևորվում ChatGPT-ի և Gemini-ի մրցակցությունը էկոհամակարգերի մակարդակում։

Google-ը Gemini-ի միջոցով կենտրոնանում է արհեստական ինտելեկտի սահուն ինտեգրման վրա արդեն գոյություն ունեցող գլոբալ ենթակառուցվածքների մեջ՝ Android, Google Workspace, որոնողական և էլփոստային ծառայություններ։ Արդյունքում ստեղծվում է միասնական միջավայր, որտեղ ԻԻ-ն հանդես է գալիս որպես ներկառուցված օգնական։
OpenAI-ն, հակառակը, ձևավորում է նոր էկոհամակարգ՝ զարգացնելով սեփական ինտերֆեյսները, բրաուզերային լուծումները և ներգրավելով երրորդ կողմի մշակողներին API-ների միջոցով։ Սա երկու սկզբունքորեն տարբեր ռազմավարությունների հակադրություն է՝ գոյություն ունեցող թվային տարածքի ընդլայնում ընդդեմ այլընտրանքային գործիքակազմի ստեղծման։

-Կարելի՞ է այսօր խոսել ոլորտում հստակ առաջատարի մասին։

Ոլորտի զարգացումը ընթանում է այնպիսի արագությամբ, որ մեկ ընկերության կողմից ներդրված գրեթե յուրաքանչյուր նորարարություն կարճ ժամանակում հայտնվում է նաև մրցակցի լուծումներում։ Արդյունքում ներկայում դժվար է խոսել հստակ ձևավորված առաջատարի մասին։ Տեխնոլոգիաների հասունությունը պայմանավորված է ոչ միայն ալգորիթմների հզորությամբ, այլ նաև դրանց արագ և ճկուն հարմարեցմամբ կոնկրետ օգտատերերի պահանջներին։ Այս համատեքստում ChatGPT-ը առանձնանում է իր կառուցվածքային տրամաբանությամբ և ունիվերսալ կիրառելիությամբ, մինչդեռ Gemini-ն առավելություն ունի տվյալների լայն ծավալի և Google-ի ծառայությունների հետ խորքային ինտեգրման շնորհիվ։

-Ի՞նչ եզրակացություն կարելի է անել ուսանողների և ապագա մասնագետների համար։

Ժամանակակից փուլում առանցքային հմտությունը ոչ թե կոնկրետ նեյրոցանց ընտրելն է, այլ արհեստական ինտելեկտի հնարավորությունները գիտակցված և պատասխանատու կերպով կիրառելը։ Յուրաքանչյուր համակարգի աշխատանքի սկզբունքների ըմբռնումը թույլ է տալիս առավել արդյունավետ և անվտանգ օգտագործել դրանց պոտենցիալը մասնագիտական և ակադեմիական գործունեության մեջ։