ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Հավատանք և գնանք մեր ցանկության և նպատակի հետևից. Յուրի Սաքունց
Գրանցած հաջողությունների, կյանքի դժարությունների և դրանց հաղթահարման մասին զրուցելնենք բռնցքամարտի աշխարհի չեմպիոն, բազմակի ռեկորդակիր՝ Յուրի Սաքունցի հետ։
  • Լաուրա Հարությունյան
Ճկույթով քաշել մետրոյի 2 վագոն (65 տոննա 13 մետր տարածություն), հրշեջ փրկարար մեքենա և մեկ տուրիստական ավտոբուս (54 տոննա 10 մետր տարածություն), 44 տոննա քաշով գնացք, ձեռքերի վրա քայլելով՝ ատամներով քաշել 4 տոննա 100 կգ քաշ ունեցող Hummer մակնիշի ավտոմեքենա. սա 28-ամյա Յուրի Սաքունցի սահմանած ռեկորդների մի մասն է միայն։

Ուժային եռամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն և գավաթակիր, մարտարվեստի աշխարհի չեմպիոն, ուժային ըմբշամարտի աշխարհի բրոնզե գավաթակիր, ԱՄՆ ռեկորդակիր, աշխարհի քառակի ռեկորդակիր, գինեսի ռեկորդակիր, Հայաստանի քսաներեքակիր ռեկորդակիր, WBL և WBF վարկածով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն՝ Յուրի Սաքունցի հետ զրուցել ենք գրանցած հաջողությունների, կյանքի դժարությունների և դրանց հաղթահարման մասին:
-Ինչպե՞ս սկսեցիք ձեր սպորտային ուղին, ո՞վ կամ ի՞նչն է նպաստել։
-Իմ սպորտային ուղին սկսել եմ 6 տարեկանից, իմ հայրիկի մոտ պարապելով ըմբշամարտ, նա եղել է ըմբշամարտի բազմակի չեմպիոն: Մինչև 16-17 տարեկանս զբաղվել եմ այդ մարզաձևով, այնուհետև զբաղվել եմ ուժային եռամարտով և ուժային ըմբշամարտով։ Ցանկացել լինել մարզիկ, ցանկությանս նպաստել են իմ ընտանիքը և հայրենիքը։
-Ձեր կարիերայի ընթացքում ի՞նչ պարգևների եք արժանացել:
-Արժանացել եմ բազմաթիվ պարգևների որոնցից են՝ «Ֆիդային առյուծ», «Տիգրան Մեծ», «Արծիվ 30» շքանշաններ, «Վարդան Մամիկոնյան» հուշամեդալ, շնորհակալագիր ԱՀ ՆԳ նախարարի կողմից, պարգևատրություն ԱՀ նախարարի կողմից և այլն։
-Ինչպե՞ս եք հաղթահարում անհաջողությունները կյանքում և սպորտում։
-Առհասարակ գոյություն ունի սպորտային դաստիրակություն ասվածը, ես այդպես եմ դաստիրակված, որը օգնում է կյանքում և սպորտում շրջանցել անհաջողությունները։ Շատ անհաջողություններ են եղել կյանքումս, բայց կա Աստված, յուրաքանչյուր խոչընդոտ հաղթահարում եմ հավատքիս միջոցով։
-Ո՞րն է եղել Ձեր սպորտային կարիերայի ամենահուզիչ պահը։
-Իմ սպորտային կարիերայում բոլոր մենամարտերը,սահմանած ռեկորդները ամենահուզիչն են եղել, երևի չեմ կարողանա առանձնացնել։ Հիշում եմ` 20 տարեկան էի, ատամներով պետք է 25 տոննա քաշ ունեցող հրշեջ մեքենա քաշեի, իմ կյանքում ամենահիշարժանը դա էր: Շատ մարդ կար, մտածում էի, որ պատվով հաղթահարեմ, երբ գնացք պետք է քաշեի, այդ ժամանակ էլ հուզմունքս շատ էր, բայց դա էլ անցավ։ Այլ երկրում ներկայանալուց հուզմունքս կրկնապատկվում է։
- Ամենադժվար պահերին ինչպե՞ ս եք գտնում մոտիվացիա։
-Որոշ դեպեքերում, ինձ մոտիվացնում են քրտնաջան պարապմունքներս, և, որ ամենակարևորն է, երկրիս դրոշը բարձր պահելը։
-Ունեցե՞լ եք սպորտում հուսախաբություններ և ինչպե՞ս եք հաղթահարել դրանք։
-Այո', բազմաթիվ անգամ է եղել, սկսած վնասվածքներից, հոգեվիճակից, ֆինանսական վիճակից... Միշտ փորձել եմ հույսս դնել Աստծո վրա, պետք է հավատանք և գնանք մեր ցանկության, նպատակի հետևից։
-Ի՞նչ հետաքրքրություններ ունեք սպորտից բացի։
-Սիրում եմ գիրք կարդալ, ուսումնասիրել նոր մասնագիտություններ, շփվել տարբեր մարդկանց հետ, նաև ֆիզիկական պատրաստություն եմ դասավանդում Ներքին գործերի կառավարման ճգնաժամային պետական ակադեմիայում։
-Եթե չլինեիք մարզիկ, ինչո՞վ կզբաղվեիք։
-Ես էլ եմ միշտ մտածել` եթե չլինեի մարզիկ ինչո՞վ կզբաղվեի... Մի քանի մասնագիտություն եմ պատկերացրել. կամ զինվորական, կամ բժիշկ: Ինձ թվում է` կլինեի իրավաբան, դատախազ, քննիչ, մեկ-մեկ մտածել եմ այդ ուղղությամբ, բայց երևի բժիշկ կլինեի։



Լուսանկարնեը՝ ինստագրամյան էջից