Տաթևիկ Նազարյանը մեկն է այդ հաջողակ ուսանողներից, որի կյանքում բեկումնային փոփոխություններ տեղի ունեցան ծրագրին միանալուց հետո: Նա Լոռու մարզի Մեծ Այրում գյուղից է, դեռ դպրոցական տարիքից մասնակցել է ՔՈԱՖ-ի նախաձեռնություններին, իսկ համալսարան ընդունվելուց հետո կրթաթոշակառու է դարձել: Տաթևի ուսումնասիրություններն ու նորարարության հանդեպ սերը նպաստեց 2022 թվականի շրջանավարտների ինկուբացիոն ծրագրում գրավել առաջին տեղը՝ սննդամթերքի թափոններից էկոլոգիապես մաքուր կաշի ստանալու նոր եղանակ մշակելու համար:
Պատմում է, որ հաղթանակից հետո մասնագիտության հանդեպ առանձնահատուկ հետաքրքրություն է առաջացել և, եթե նախքան այդ երկմտում էր՝ շարունակե՞լ կրթությունը գիտության ոլորտում, թե՞ նոր մասնագիտություն ընտրել, դրանից հետո ուղղակի իրեն այլ ոլորտում չէր պատկերացնում:
Տաթևն այժմ սովորում է ԵՊՀ-ի կենսաբանության ֆակուլտետի կիրառական մանրէաբանության մագիստրատուրայի առաջին կուրսում և նպատակ ունի գիտնական դառնալ: