Աուտիզմը դատավճիռ չէ
Նարեկը, ինչպես և իր հասակակից բոլոր երեխաները, կյանքի առաջին տարիներին ուներ զարգացման բնականոն ընթացք․ նա սկսեց քայլել ժամանակին, արձագանքում էր ծնողների ձայնին և հետաքրքրությամբ էր ուսումնասիրում իր շրջապատող աշխարհը։ Սակայն երկու տարեկանում ծնողները սկսեցին նկատել, որ Նարեկը չի արձագանքում իր անվանը, չի խոսում և ունի վարքային խնդիրներ։ Բժշկական հետազոտություններից հետո նրա մոտ ախտորոշվեց աուտիզմ, որը պահանջում է հատուկ ուշադրություն, խոսքի և վարքային աջակցություն։
Նարեկի քույրը՝ Մերի Թոփալյանը, որը ակտիվ դերակատարում ունի Նարեկի խնամքի գործում, ընդգծեց․ «Ծնողներս հիմնադրեցին Աուտիզմի զարգացման կենտրոն և սկսեցին սեմինարներ կազմակերպել։ Ես միշտ մասնակցում էի դրանց, լսում էի աուտիզմի մասին տարբեր մոտեցումներ, կարծիքներ և հենց այնտեղից եմ սկսել ուսումնասիրել երևույթը ավելի խորքային։ Հետագայում սկսեցի աշխատել մեր կենտրոնում,որտեղ 300-ից ավելի երեխա է հաճախում:»
Մերին բլոգ է վարում՝ հիմնականում անդրադառնալով աուտիզմին, և նրա բլոգի բովանդակության մեծ մասը նվիրված է Նարեկին։ Նա հաճախ տեղադրում է տեսանյութեր, որոնք պատմում են Նարեկի առօրյայի, զարգացման և հաջողությունների մասին։

Մերի Թոփալյան
«Դժվարություններ հիմնականում եղել են փոքր տարիքում։ Շատ դուրս չէինք գալիս Նարեկի հետ։ Ուր գնում էինք, նրան տանն էինք թողնում ինչ-որ մեկի հետ, ես նրան ոչ մի տեղ չէի կարողանում հետս տանել։ Համ վարքն էր շատ վատ, համ մարդիկ էին անհասկանալի հայացքներով նայում, երբեմն անտակտ բաներ խոսում կամ հարցեր տալիս։
Արդեն մոտ 5-6 տարի, սկսել ենք ներգրավել նրան ամեն տեղ։ Շատ աշխատանք տարանք հետը, վարքը բավականին շտկվեց, մինչ օրս էլ աշխատում ենք, ու երևի մինչ կյանքի վերջ էլ կաշխատենք։ Որովհետև եթե նրան այդպես թողնեինք, հիմա չէինք ունենա այն, ինչ ունենք»։
She has been nominated for an Academy Award, two Grammy Awards, and the Mercury Prize
Վերջին տարիներին աուտիզմի դեպքերի թվի աճը նկատելի է ամբողջ աշխարհում։ Սակայն մասնագետները նշում են, որ սա պարտադիր չի նշանակում, թե աուտիզմ ունեցող երեխաների իրական թիվն է ավելացել։ Աճը հաճախ կապված է այն փաստի հետ, որ այսօր աուտիզմի մասին ավելի շատ են տեղեկացված թե՛ բժիշկները, թե՛ ծնողները, և ախտորոշման մեթոդները դարձել են ավելի ճշգրիտ ու հասանելի։ Շատ դեպքեր, որոնք տարիներ առաջ կարող էին աննկատ մնալ կամ սխալ ախտորոշվել, այժմ ճիշտ ձևով են բացահայտվում։ Այսպիսով՝ կարելի է ասել, որ աուտիզմի դեպքերի թվի աճը հիմնականում պայմանավորված է ոչ թե հիվանդության տարածմամբ, այլ իրազեկության և ախտորոշման որակի բարձրացմամբ։
Հոգեբան, հոգեթերապևտ Օֆելյա Հարությունյանը ընդգծեց, որ վերջին տարիներին աուտիզմ ունեցող երեխաների ինտեգրումը հասարակության մեջ նկատելիորեն աճել է։ Նրա խոսքով՝ ավելի շատ ծնողներ այսօր գիտակցում են, թե որքան կարևոր է երեխային հնարավորություն տալ շփվելու, սովորելու և զարգանալու հավասար պայմաններում։ Միևնույն ժամանակ մասնագետը նշեց, որ դեռ հանդիպում են դեպքեր, երբ ծնողները փորձում են թաքցնել երեխայի աուտիզմը՝ վախենալով շրջապատի արձագանքից կամ չհասկացված վերաբերմունքից։
Հոգեբանը կարևորելով աուտիզմով երեխաների ծնողների հոգեկան առողջությունը ընդգծեց.





«Ծնողները պետք է նախապես տեղեկացնեն երեխայի շրջապատին՝ հարազատներին, դաստիարակներին կամ ուսուցիչներին, նրա առանձնահատկությունների և դժվարությունների մասին։ Նրա խոսքով՝ դա կարևոր է, որպեսզի շրջապատը կարողանա ճիշտ հասկանալ երեխայի վարքը, ցուցաբերի համբերություն և աջակցություն, ոչ թե քննադատություն կամ խուսափողական վերաբերմունք։ Նման բաց ու անկեղծ մոտեցումը նպաստում է երեխայի արագ ինտեգրմանը հասարակության մեջ և ստեղծում ավելի ընդունող ու անվտանգ միջավայր թե՛ երեխայի, թե՛ ծնողների համար»։

Օֆելյա Հարությունյան
Հոգեբան
Գայանե Վարդանյանը, որը երկար տարիներ աշխատում է ներառական խմբերի երեխաների հետ, ևս կարևորեց ներառական խնդիրներով երեխաների ինտեգրումը հասարակության մեջ։ Նրա խոսքով՝ ամենակարևոր քայլերից մեկը շրջապատի՝ հատկապես հասակակիցների, տեղեկացվածությունն ու ճիշտ վերաբերմունքն է։
«Ադապտացիոն փուլը յուրաքանչյուր երեխայի համար անհատական է և չի կարելի կոնկրետ ժամանակ սահմանել։ Որոշ երեխաներ կարող են առհասարակ չցանկանալ դպրոց գալ և հորինել տարբեր պատճառներ՝ գլխացավ, փորացավ կամ այլ հիմնավորումներ։ Այս դեպքում կարևոր է հաշվի առնել երեխայի տարիքային առանձնահատկությունները և հասկանալ, արդյոք նրա վարքը խնդրից է գալիս, թե հնարավոր մանիպուլյացիա է։ Ծնողը պետք է ակտիվ համագործակցի դպրոցի հետ, զրուցի ուսուցչի հետ և հասկանա, թե ինչպես է երեխան դրսևորում իրեն դասարանում և միջավայրում։ Անհրաժեշտության դեպքում երեխայի համար կազմակերպվում է աշխատանք հոգեբանի հետ, որպեսզի հեշտացվի հարմարվող փուլը և աջակցվի նրա հուզական ու սոցիալական զարգացմանը»։

Գայանե Վարդանյան
Մանկավարժ
Աուտիզմը ոչ թե դատավճիռ է, այլ առանձնահատկություն, որը պահանջում է ճիշտ մոտեցում և աջակցող միջավայր։ Ճիշտ տեղեկատվությունն ու հասարակության իրազեկվածությունը, ծնողների և մասնագետների համագործակցությունը, ինչպես նաև երեխայի ինտեգրումը դպրոցում ու սոցիալական միջավայրում մեծապես նպաստում են նրա զարգացմանը և ինքնավստահության ձևավորմանը։ Կարևոր է, որ ընտանիքը հոգ տանի և իր հոգեկան առողջությունն ամրապնդի, իսկ հասարակությունը՝ ընդունի տարբերությունը։
21-րդ դարի տեխնոլոգիական հեղափոխությունը նպաստել է այլընտրանքային ֆինանսական միջոցների՝ վիրտուալ ակտիվների առաջացմանը, որոնք փոխում են դասական ֆինանսական համակարգերի մենաշնորհը:
Չնայած վիրտուալ ակտիվների լայն տարածմանը՝ դրանք հանրության շրջանում միանշանակ չեն ընկալվում․ մի մասն այն դիտարկում է որպես ֆինանսական նորարարություն և ազատ շուկայի զարգացման հնարավորություն, մինչդեռ մյուսները լուրջ մտահոգություններ ունեն ֆինանսական անկայունության, կիբերխարդախությունների և անօրինական գործարքների աճի վերաբերյալ։

Հայաստանում կրիպտոակտիվներն առաջին անգամ գործարկվել են 2017 թվականին։ Մինչդեռ աշխարհի խոշոր տեխնոլոգիական հսկաները՝ ինչպես, օրինակ, Meta-ն, Google-ը կամ Tesla-ն, դեռ ավելի վաղ էին սկսել հետաքրքրվել բլոկչեյն տեխնոլոգիաներով և կրիպտոարժույթներով՝ դրանք դիտարկելով որպես ապագայի ֆինանսական նորարարություն։ Այս համատեքստում Հայաստանը նույնպես հայտնվեց համաշխարհային գործընթացների ազդեցության տակ։ Սակայն այստեղ կրիպտոարժույթների ոլորտը գտնվում է կարգավորվող և ոչ կարգավորվող դաշտերի սահմանագծին։ Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ պաշտոնական վիճակագրական տվյալներ, ցավոք, չկան, քանի որ կրիպտոարժույթները գործում են «մոխրագույն գոտում»։


Կրիպտոակտիվներ՝ հնարավորությու՞ն,
թե՞ մարտահրավեր

Ըստ «Forbes»-ի՝ կրիպտոակտիվները գրավում են ներդրողների ուշադրությունը ողջ աշխարհում։ Մի շարք առավելությունների կողքին նշվում են նաև խնդիրները։

Կրիպտոարժույթների տարածմանը զուգահեռ աճում են նաև թվային խարդախությունները։ Oրեցօր ավելի ճկուն ու խորամանկ մեթոդներ են կիրառվում՝ օգտագործելով մարդկանց վստահությունը և տեխնոլոգիաների բաց կողմերը։ Կիբերհանցագործները հեշտությամբ ներկայանում են որպես մտերիմ ընկեր, հարազատ, երբեմն էլ՝ պետական պաշտոնյա, ապա խարդախության միջոցով հափշտակում մեծ գումարներ։

«Նախորդ տարիների համեմատ՝ 2024 թվականին Հայաստանում համակարգչային հանցագործություններն աճել են 20%-ով։ Աճի հիմնական պատճառներից մեկը կրիպտոարժույթների լայն տարածումն է, որը խարդախներին տալիս է նոր հնարավորություններ։
Նախկինում հանցագործները գումար շորթելու համար պահանջում էին բանկային փոխանցումներ կամ կանխիկ գումար, սակայն այսօր նմանատիպ դեպքերի 80-ից 100%-ում նրանք պահանջում են վճարել կրիպտոարժույթներով, քանի որ դրանց հետագծելիությունը բարդ է»։

Պատկերացրու՝ ստանում ես նամակ մտերիմ ընկերոջիցդ, որն օգնություն է խնդրում քեզնից։ Ամեն ինչ՝ լուսանկարը, գրելաոճը, ձայնը, լիովին համապատասխան է իրականին։ Ինչի՞ վրա կասկածել։
Ժամանակակից թվային խարդախները այլևս չեն հորինում նոր հնարքներ։ Նրանք օգտագործում են արդեն գոյություն ունեցողը՝ մեր տվյալները, լուսանկարները, ընկերների շրջանակը, առցանց շփումները։ Ստորև ներկայացված անիմացիոն պատմությունը հենց այդպիսի մի դեպքի մասին է․ երբ թվացյալ անմեղ հաղորդագրությունը վերածվում է շղթայական խաբեության, որի թիրախում կարող է հայտնվել յուրաքանչյուրը։

Հայկ Մկրտչյան

ՀՀ ՆԳՆ Կիբերհանցագործու-թյունների դեմ պայքարի վարչության պետ

!

Ներկայացված պատկերաշարը գեներացվել է արհեստական բանականությամբ աշխատող վիզուալ գործիքներով՝ Canva, Vyond և Storyboard That։

Հայաստանում գրանցված խոշորագույն կրիպտոխարդախություններից մեկում կիբերհանցագործները քաղաքացու թվային դրամապանակից հափշտակել են 1.5 միլիոն դոլար։
Գումարի վերադարձման մեխանիզմները և փոխանցումների հետագծելիությունը
«Գումարի վերադարձման ինստիտուտն ամբողջ աշխարհում մեծ խնդիր է, քանի որ այստեղ կա ոչ միայն իրավական, այլ նաև տեխնիկական խնդիր։ Նախ և առաջ պետք է պարզել արդյոք տվյալ ֆինանսական միջոցը սառեցման ենթակա է, թե՝ ոչ, որովհետև կան համակարգեր որոնցում առկա կրիպտոբալանսը հնարավոր չէ սառեցնել․ վերջինիս իրականացնելը ենթադրում է հետագայում գումարը տուժողին փոխանցելը։ Կրիպտոարժույթների վերականգնման բարդությունը պայմանավորված է դրանց տեխնիկական առանձնահատկություններով, ինչը պահանջում է բազմակողմանի քննություն և միջազգային համագործակցություն»,- նշում է Հայկ Մկրտչյանը։
Հետագծելիություն ապահովել հնարավոր է։
Այնուամենայնիվ, տարածված կարծիքին, որ կրիպտոարժույթներն ամբողջությամբ անանուն են, հնարավոր է որոշակի հետագծելիություն ապահովել։ Կիբերհանցագործությունների բացահայտման դեպքում մասնագետները կիրառում են տարբեր տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս նույնականացնել անձանց, նույնիսկ եթե նրանք օգտվում են գաղտնիության մեխանիզմներից։
Հայաստանում կրիպտոարժույթների ոլորտը գտնվում է ձևավորման փուլում, սակայն վերջին տարիներին դրանց նկատմամբ հետաքրքրությունն ակնհայտորեն աճում է։ Կրիպտոակտիվներն առաջին անգամ Հայաստանում գործարկվել են 2017 թվականին։

2024 թվականի մայիսին հանրային քննարկման է ներկայացվել «Կրիպտոակտիվների մասին» օրենքի նախագիծը, որը դեռ շտկման փուլում է։ Այն նպատակ ունի սահմանել կրիպտոակտիվների թողարկման, շրջանառության և դրանց հետ կապված ծառայությունների մատուցման կարգավորումները։

Ըստ գործադիրի՝ նախագծի հիմնական նպատակը ոլորտում առկա հնարավոր ռիսկերի նվազեցումն է՝ չզսպելով նորարարությունները։ Նշվում է, որ նախագիծը մշակելիս հիմք է ծառայել միջազգային փորձը, մասնավորապես՝ Եվրոպական միության օրենսդրական մոդելը։

Միևնույն ժամանակ նկատվում է հակասություն կառավարության տարբեր ճյուղերի մոտեցումների միջև։ Օրինակ՝ եթե ԿԲ-ը խիստ սահմանափակումներ է կիրառում, ապա Էկոնոմիկայի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունները ոլորտը ճանաչում են գերակա։ 2024 թ գարնանը ՎԵԲ3 հիմնադրամի նախաձեռնությամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում բացվել է աշխարհում առաջին «Բլոկչեյն և ՎԵԲ3 տեխնոլոգիաներ» կրթական ծրագիրը՝ ԲՏԱ նախարարության աջակցությամբ։ Ոլորտի գործիչներն անհանգստանում են, որ կրիպտոակտիվների շուկան կարգավորելու Հայաստանի ջանքերը կարող են հակառակ արդյունքը տալ, եթե կանոնակարգերը չափազանց խիստ լինեն: «Բիթքոյն Արմենիա» ընկերության հիմնադիր Էդուարդ Ավետիսյանը Հայաստանի

հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում նշել է․

«Բանկային համակարգը ոլորտին չի սպասարկում։ Պետությունը կարծես թե դիրքորոշում չունի, սակայն ԿԲ-ն, լինելով կոմպետենտ մարմին, միանձնյա որոշում է կայացրել՝ ոլորտը չեզոք պահելու վերաբերյալ։ Մինչդեռ այն աշխարհում ամենաարագ զարգացողներից է՝ միջինը տարեկան 80%»։
Կենտրոնական բանկը 2018 թվականին հայտարարել է կրիպտոակտիվների ոլորտի բարձր ռիսկայնության մասին՝ ընդգծելով մի շարք հիմնախնդիրներ՝
  • ⚠️
    Բարձր ռիսկեր՝ կապված փողերի լվացման, ահաբեկչության, ֆինանսավորման և շուկայական մանիպուլյացիաների հետ
  • 🛡️
    Ներդրումների ոչ բավարար պաշտպանություն

  • ⚖️
    Անհավասար մրցակցային պայմաններ ավանդական ֆինանսական համակարգերի համեմատ

Կրիպտոարժույթ․ կոռուպցիոն ռիսկեր


ԿԿՀ-ից տեղեկացնում են, որ հանձնաժողովի՝ անհատների կրիպտոարժույթները և գործարքները վերահսկելու գործիքներն ու մեխանիզմները սահմանափակ են, սակայն չհայտարարագրելու դեպքում մարդիկ ստիպված են լինելու զարտուղի ճանապարհներ գտնել կրիպտոարժույթն այլ արժույթի վերածելու կամ դրանով գործարքներ կատարելու համար, որն էլ կարող է հասանելի դառնալ և՛ հանձնաժողովին, և՛ իրավապահ մարմիններին։
Կրիպտոարժույթներով կատարվող գործարքներում հնարավոր ռիսկեր են, մասնավորապես, թվային եղանակով կաշառքի ստացումը և հնարավոր յուրացումը՝ հիմք ընդունելով դրամական միջոցների հնարավոր անվերահսկելի շարժը։ Կենտրոնական բանկը (ԿԲ) ևս չի վերահսկում կրիպտոարժույթով կատարվող գործարքները, ուստի հանձնաժողովը չունի այդ գործարքների վերաբերյալ տեղեկություն։ Ստացվում է, որ եթե անհատները չհայտարարագրեն իրենց կրիպտոարժույթները, ԿԿՀ-ն չի կարող ստուգել նրանց կրիպտոունեցվածքը։
Իրական մարդիկ, իրական հաջողություն
Չնայած կարգավորման շուրջ եղած տարակարծություններին ու անվստահությանը, ոլորտը Հայաստանում արդեն արձանագրում է առաջընթաց։ Մասնավոր հատվածում գործարքներ են կատարվում, նախագծեր են զարգանում, իսկ հայկական ծագմամբ թվային ակտիվներն արդեն դուրս են գալիս միջազգային շուկա։
SoftConstruct տեխնոլոգիական հսկայի ստեղծած Fasttoken-ը դարձել է հայկական ծագմամբ առաջին թվային ակտիվը, որը հասանելի է միջազգային հանրությանը հանրային վաճառքի ձևաչափով։ Այս քայլը կարևոր նշաձող է Հայաստանի համար՝ որպես նորարարական հարթակ կրիպտոակտիվների և Web3 տեխնոլոգիաների զարգացման ոլորտում։ Ներկայումս, FTN-ի գինը կազմում է $4.35։
Այսպիսով, FTN-ի գինը նախնական հանրային վաճառքի արժեքից աճել է մոտ 10.5 անգամ։

Հայաստանում գործարկվել է նաև առաջին NFT ֆիջիթալ սփեյսը՝ համադրելով արվեստն ու տեխնոլոգիան մի տարածքում։ Դուբայից հետո այժմ Երևանում՝ Arhvestanots by Door-ում, գործում է ftNFT պատկերասրահը, որը միավորում է ֆիզիկական և թվային արվեստը՝ ներկայացնելով եզակի NFT գործեր: Ներկայացված հավաքածուները հնարավոր է ձեռք բերել նաև ՀՀ դրամով՝ նոր հնարավորություն ստեղծելով հայ ստեղծագործողների և տեխնոլոգիական նորամուծությունների սիրահարների համար։ Այստեղ ցուցադրվում են Akneye-ի, Funky Bunch-ի, Արթուր Սարյանի, Դավիթ Գալստյանի և այլ ստեղծագործողների աշխատանքները։ ftNFT-ն ոչ միայն արվեստի նոր ձևաչափ է, այլև հայկական ստեղծարարության ներկայացումը թվային ապագայում։



Հայաստանում ակնհայտ է ոլորտի ակտիվացումը․ կրիպտոարժույթների թեման շարունակ հանդիպում է փողոցներում՝ տերմինալների տեսքով, սոցիալական ցանցերում՝ գովազդներով, իսկ տարբեր հարթակներում՝ դասընթացների առաջարկներով։

Ըստ coinatmradar.com կայքի՝ ներկայումս Հայաստանում տեղադրված է շուրջ 25 Bitcoin-ի ինքնասպասարկման կրիպտոտերմինալ, հիմնականում՝ Երևանում։ Բացի այդ, գործում է մի քանի փոխանակման գրասենյակ։ Կրիպտոտերմինալների աշխատանքն ունի պարզ մեխանիզմ․ ընտրում ես նախընտրած կրիպտոարժույթը, սկանավորում QR կոդը՝ նույնականացնելու համար քո էլեկտրոնային դրամապանակը և մուտքագրում կանխիկ գումարը։ Գործարքը այսպիսով ավարտվում է։ Միջնորդավճարը, որպես կանոն, տատանվում է 1-2%-ի սահմաններում։
Քարտեզով նշված տերմինալները ոլորտի ֆիզիկական ներկայության մասին են խոսում, բայց իրական կյանքում կրիպտոն շարժվում է մարդկանցով։ Նրանցից մեկը՝ Ալբերտ Գևորգյանը, որն արդեն ունի սեփական համայնքը Telegram հարթակում և զբաղվում է կրիպտոակտիվների վերլուծությամբ ասում է․
Կրիպտոարժույթները ոչ թե սպառնալիք են, այլ՝ չհասկացված հնարավորություն

Ալբերտ Գևորգյան․ կրիպտոոլորտի մարտահրավերները
Թեև մասնագիտությամբ շուկայագետ է և տարիներ շարունակ աշխատել է ոլորտում, Ալբերտը վերջին տարիներին ամբողջությամբ տեղափոխվել է կրիպտոաշխարհ։ Պատճառը ոչ միայն ֆինանսականն է․

«Կրիպտոն ինձ համար ազատություն է. այստեղ դու ես կառավարում քո ժամանակը։ Ճիշտ է, ոլորտը լարված է, բայց ղեկավարդ դու ես»։

Քանի դեռ մյուսները կասկածով էին մոտենում կրիպտոյի «կտրուկ աճին ու անկմանը», Ալբերտը համբերատար ոլորտն ուսումնասիրել է՝ փորձելով հասկանալ ոչ միայն թվերը, գներն, այլև ամենակարևորը՝ շուկայի հոգեբանությունը։

Ալբերտ Գևորգյանը վարում է սեփական Telegram ալիքը։ Ունի շուրջ 5000 հետևորդ։ Հարթակն օգտագործում է կրիպտոակտիվների մասին վերլուծություններ, խորհուրդներ ու շուկայական դիտարկումներ հրապարակելով՝ նպատակ ունենալով օգնել մյուսներին խուսափել այն սխալներից, որոնց միջով ինքն անցել է։

«Ալիքը դարձավ մի տեղ, որտեղ մարդիկ գալիս են ոչ թե արագ հարստանալու երազանքով, այլ սովորելու, համբերելու ու աճելու»։

Չնայած այն հանգամանքին, որ կրիպտոարժույթները հաճախ սխալ են ընկալվում հանրության կողմից, իրականում դրանք ներկայացնում են դեռ ամբողջությամբ չբացահայտված տնտեսական հնարավորություններ։ Այո, դրանք վտանգներ են պարունակում, բայց նաև մի նոր դարաշրջան են տնտեսական համակարգում։ Հարցն այն չէ՝ օգտագործե՞լ, թե՞ ոչ, այլ՝ ինչպես օգտագործել խելամիտ ու անվտանգ։

  • Ակտիվացնել երկփուլային նույնականացումը՝ էլ. փոստի, սոցիալական ցանցերի, բանկային հաշիվների և կրիպտոարժույթային հարթակներում գրանցված անհատական հաշիվների համար։

  • Օգտագործել երկար և բարդ գաղտնաբառեր, որոնք պարունակում են մեծատառեր, փոքրատառեր, թվեր և հատուկ նշաններ։

  • Չվստահել որպես բանկի, որևէ միջազգային կամ պետական կառույցի աշխատակից ներկայացած անձանց, ովքեր հեռախոսազանգերի միջոցով տարբեր պատրվակներով փորձում են ստանալ բանկային կամ այլ տվյալներ, որի արդյունքում հնարավոր է դառնալ համակարգչային հափշտակության զոհ։

  • Զգուշանալ «երաշխավորված բարձր եկամուտներ առանց ռիսկի» խոստացող գովազդներից և առաջարկներից։

  • Չվստահել անհայտ կամ նորաստեղծ հարթակներին (օրինակ՝ կեղծ կրիպտոարժութային բորսաներ)։

  • Ստուգել կայքի գրանցման տարեթիվը, սեփականատերերի մասին տեղեկությունը և օգտատերերի կարծիքները: