Աուտիզմը դատավճիռ չէ
Նարեկը, ինչպես և իր հասակակից բոլոր երեխաները, կյանքի առաջին տարիներին ուներ զարգացման բնականոն ընթացք․ նա սկսեց քայլել ժամանակին, արձագանքում էր ծնողների ձայնին և հետաքրքրությամբ էր ուսումնասիրում իր շրջապատող աշխարհը։ Սակայն երկու տարեկանում ծնողները սկսեցին նկատել, որ Նարեկը չի արձագանքում իր անվանը, չի խոսում և ունի վարքային խնդիրներ։ Բժշկական հետազոտություններից հետո նրա մոտ ախտորոշվեց աուտիզմ, որը պահանջում է հատուկ ուշադրություն, խոսքի և վարքային աջակցություն։
Նարեկի քույրը՝ Մերի Թոփալյանը, որը ակտիվ դերակատարում ունի Նարեկի խնամքի գործում, ընդգծեց․ «Ծնողներս հիմնադրեցին Աուտիզմի զարգացման կենտրոն և սկսեցին սեմինարներ կազմակերպել։ Ես միշտ մասնակցում էի դրանց, լսում էի աուտիզմի մասին տարբեր մոտեցումներ, կարծիքներ և հենց այնտեղից եմ սկսել ուսումնասիրել երևույթը ավելի խորքային։ Հետագայում սկսեցի աշխատել մեր կենտրոնում,որտեղ 300-ից ավելի երեխա է հաճախում:»
Մերին բլոգ է վարում՝ հիմնականում անդրադառնալով աուտիզմին, և նրա բլոգի բովանդակության մեծ մասը նվիրված է Նարեկին։ Նա հաճախ տեղադրում է տեսանյութեր, որոնք պատմում են Նարեկի առօրյայի, զարգացման և հաջողությունների մասին։

Մերի Թոփալյան
«Դժվարություններ հիմնականում եղել են փոքր տարիքում։ Շատ դուրս չէինք գալիս Նարեկի հետ։ Ուր գնում էինք, նրան տանն էինք թողնում ինչ-որ մեկի հետ, ես նրան ոչ մի տեղ չէի կարողանում հետս տանել։ Համ վարքն էր շատ վատ, համ մարդիկ էին անհասկանալի հայացքներով նայում, երբեմն անտակտ բաներ խոսում կամ հարցեր տալիս։
Արդեն մոտ 5-6 տարի, սկսել ենք ներգրավել նրան ամեն տեղ։ Շատ աշխատանք տարանք հետը, վարքը բավականին շտկվեց, մինչ օրս էլ աշխատում ենք, ու երևի մինչ կյանքի վերջ էլ կաշխատենք։ Որովհետև եթե նրան այդպես թողնեինք, հիմա չէինք ունենա այն, ինչ ունենք»։
She has been nominated for an Academy Award, two Grammy Awards, and the Mercury Prize
Վերջին տարիներին աուտիզմի դեպքերի թվի աճը նկատելի է ամբողջ աշխարհում։ Սակայն մասնագետները նշում են, որ սա պարտադիր չի նշանակում, թե աուտիզմ ունեցող երեխաների իրական թիվն է ավելացել։ Աճը հաճախ կապված է այն փաստի հետ, որ այսօր աուտիզմի մասին ավելի շատ են տեղեկացված թե՛ բժիշկները, թե՛ ծնողները, և ախտորոշման մեթոդները դարձել են ավելի ճշգրիտ ու հասանելի։ Շատ դեպքեր, որոնք տարիներ առաջ կարող էին աննկատ մնալ կամ սխալ ախտորոշվել, այժմ ճիշտ ձևով են բացահայտվում։ Այսպիսով՝ կարելի է ասել, որ աուտիզմի դեպքերի թվի աճը հիմնականում պայմանավորված է ոչ թե հիվանդության տարածմամբ, այլ իրազեկության և ախտորոշման որակի բարձրացմամբ։
Հոգեբան, հոգեթերապևտ Օֆելյա Հարությունյանը ընդգծեց, որ վերջին տարիներին աուտիզմ ունեցող երեխաների ինտեգրումը հասարակության մեջ նկատելիորեն աճել է։ Նրա խոսքով՝ ավելի շատ ծնողներ այսօր գիտակցում են, թե որքան կարևոր է երեխային հնարավորություն տալ շփվելու, սովորելու և զարգանալու հավասար պայմաններում։ Միևնույն ժամանակ մասնագետը նշեց, որ դեռ հանդիպում են դեպքեր, երբ ծնողները փորձում են թաքցնել երեխայի աուտիզմը՝ վախենալով շրջապատի արձագանքից կամ չհասկացված վերաբերմունքից։
Հոգեբանը կարևորելով աուտիզմով երեխաների ծնողների հոգեկան առողջությունը ընդգծեց.





«Ծնողները պետք է նախապես տեղեկացնեն երեխայի շրջապատին՝ հարազատներին, դաստիարակներին կամ ուսուցիչներին, նրա առանձնահատկությունների և դժվարությունների մասին։ Նրա խոսքով՝ դա կարևոր է, որպեսզի շրջապատը կարողանա ճիշտ հասկանալ երեխայի վարքը, ցուցաբերի համբերություն և աջակցություն, ոչ թե քննադատություն կամ խուսափողական վերաբերմունք։ Նման բաց ու անկեղծ մոտեցումը նպաստում է երեխայի արագ ինտեգրմանը հասարակության մեջ և ստեղծում ավելի ընդունող ու անվտանգ միջավայր թե՛ երեխայի, թե՛ ծնողների համար»։

Օֆելյա Հարությունյան
Հոգեբան
Գայանե Վարդանյանը, որը երկար տարիներ աշխատում է ներառական խմբերի երեխաների հետ, ևս կարևորեց ներառական խնդիրներով երեխաների ինտեգրումը հասարակության մեջ։ Նրա խոսքով՝ ամենակարևոր քայլերից մեկը շրջապատի՝ հատկապես հասակակիցների, տեղեկացվածությունն ու ճիշտ վերաբերմունքն է։
«Ադապտացիոն փուլը յուրաքանչյուր երեխայի համար անհատական է և չի կարելի կոնկրետ ժամանակ սահմանել։ Որոշ երեխաներ կարող են առհասարակ չցանկանալ դպրոց գալ և հորինել տարբեր պատճառներ՝ գլխացավ, փորացավ կամ այլ հիմնավորումներ։ Այս դեպքում կարևոր է հաշվի առնել երեխայի տարիքային առանձնահատկությունները և հասկանալ, արդյոք նրա վարքը խնդրից է գալիս, թե հնարավոր մանիպուլյացիա է։ Ծնողը պետք է ակտիվ համագործակցի դպրոցի հետ, զրուցի ուսուցչի հետ և հասկանա, թե ինչպես է երեխան դրսևորում իրեն դասարանում և միջավայրում։ Անհրաժեշտության դեպքում երեխայի համար կազմակերպվում է աշխատանք հոգեբանի հետ, որպեսզի հեշտացվի հարմարվող փուլը և աջակցվի նրա հուզական ու սոցիալական զարգացմանը»։

Գայանե Վարդանյան
Մանկավարժ
Աուտիզմը ոչ թե դատավճիռ է, այլ առանձնահատկություն, որը պահանջում է ճիշտ մոտեցում և աջակցող միջավայր։ Ճիշտ տեղեկատվությունն ու հասարակության իրազեկվածությունը, ծնողների և մասնագետների համագործակցությունը, ինչպես նաև երեխայի ինտեգրումը դպրոցում ու սոցիալական միջավայրում մեծապես նպաստում են նրա զարգացմանը և ինքնավստահության ձևավորմանը։ Կարևոր է, որ ընտանիքը հոգ տանի և իր հոգեկան առողջությունն ամրապնդի, իսկ հասարակությունը՝ ընդունի տարբերությունը։
Ֆուտբոլը բոլորի համար․․․ կանանց ֆուտբոլի ֆինանսավորումը
«Գնդակը փողի դաշտում է՞.....»
Ֆուտբոլը բոլորի համար է
Երբ աղջիկները դուրս են գալիս խաղադաշտ, ֆուտբոլը այլևս պարզապես խաղ չէ։ Դա դառնում է պայքար հավասարության, ինքնահաստատման և երազանքների համար։ Այս պատմությունը աղջիկների մասին է, ովքեր ապացուցում են՝ ֆուտբոլը բոլորինն է։
«Մարզադաշտը նրանց համար պարզապես խաղի վայր չէ, այլ այն տարածքը, որտեղ իրենք դառնում են ուժեղ, համառ և միասնական։»
Լիանան դաշտի ներսում
<< Միակ խնդիրը այն է, որ անընդհատ դեմ են գնում ծնողները այս ամենին, սեռով պայմանավորված ու շատ լավ մարզիկներ ստիպված են լինում դադարեցնել կարիերան >>
Տվյալների վերլուծություն
Հայաստանում աղջիկների ֆուտբոլը դեռևս գտնվում է զարգացման նախնական փուլում։ Չնայած վերջին տարիներին կատարված որոշ առաջընթացին՝ ոլորտը շարունակում է բախվել կառուցվածքային, մշակութային և ֆինանսական խնդիրների։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) վերջին տարիներին տարբեր ծրագրերով փորձում է խթանել կանանց և աղջիկների ներգրավվածությունը սպորտում, սակայն սպորտաձևը դեռևս չունի բավարար հանրային աջակցություն կամ մասսայականություն։
Առաջին
📌 Ըստ ՀՖՖ-ի 2023 թվականի տվյալների՝
  • Ակտիվ գրանցված ֆուտբոլիստուհիների թիվը կազմել է շուրջ 400-500:
  • Կանանց ֆուտբոլային ակումբների քանակը՝ 10–ից քիչ (այդ թվում՝ երիտասարդական կազմեր):
  • Մասնակցություն միջազգային մրցաշարերում՝ տարեկան միջինում 2–3 անգամ:
  • Մարզիչների շրջանում կին մասնագետների տոկոսը՝ մոտ 10%:
Երկրորդ
📌 Ակադեմիական մակարդակում / դպրոցներում՝
  • Մարզական դպրոցներում աղջիկների ֆուտբոլային խմբերը գործում են հիմնականում Երևանում և որոշ մարզերում (Շիրակ, Լոռի):
  • Պետական աջակցությամբ հատուկ ծրագիր չկա՝ աղջիկների ֆուտբոլի զարգացման համար դպրոցական մակարդակում:
Ֆինանսական և նյութատեխնիկական խնդիրներ
  • Շատ թիմեր չունեն կայուն ֆինանսավորում կամ հովանավորներ։
  • Մարզական ենթակառուցվածքները հիմնականում չեն հարմարեցված աղջիկների թիմերի առանձին կարիքներին։
  • Մրցաշարային պայմանները ու խաղադաշտերի հասանելիությունը հաճախ սահմանափակ են։
Դրական տեղաշարժեր և հնարավորություններ
  • UEFA-ի աջակցություն՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան համագործակցում է UEFA-ի հետ աղջիկների ֆուտբոլի ծրագրերի իրականացման համար։
  • Grassroots ծրագրեր՝ Ներկայումս գործում են աղջիկների ֆուտբոլը տարածող Grassroots ծրագրեր, որոնք ներառում են մարզումներ, առաջնություններ և ֆուտբոլային տոնախմբություններ՝ առանց մրցակցային ճնշման։
  • Միջազգային հարթակում փորձ ձեռք բերելու հնարավորություններ՝ Թիմերը մասնակցում են կանանց Մ-17 և Մ-19 առաջնություններին։
Եվ ի վերջո, ֆուտբոլը բոլորի համար է
Կանանց ֆուտբոլը միայն խաղ չէ. այն պայքար է հավասարության, հնարավորության և ինքնադրսևորման համար։ Երբ ֆինանսավորումը դառնում է սեռով պայմանավորված, մենք ոչ միայն սահմանափակում ենք մարզուհիներին, այլև կիսատ ենք թողնում ֆուտբոլի իսկական առաքելությունը՝ լինել բոլորին հասանելի։ Աջակցելով աղջիկների ֆուտբոլին՝ մենք ներդրում ենք անում մի հասարակության մեջ, որտեղ ամեն ձայն, ամեն քայլ և ամեն գոլ ունի նույն արժեքը՝ անկախ սեռից։ Ֆուտբոլը բոլորի համար է. իսկ այն դառնալու է իրականություն միայն այն ժամանակ, երբ բյուջեները խոսեն ոչ թե բաժանումով, այլ հավասարությամբ։