2024 թվականի նոյեմբերի 22-ին բացվել և մինչև 2025-ի մարտի 30-ը Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Արծիվ» սրահում ցուցադրելու է Գայանե Ավետիսյանի «Մեջտեղ» նախագիծը։
Սա հեղինակի առաջին մեծ ցուցադրությունն է Հայաստանում, որը իր տեսակի մեջ յուրօրինակ է։ Գայանե Ավետիսյանը «ներխուժել» և «գրավել» է թանգարանի տարածքը` վերափոխելով այն իր արվեստանոցի կրկնօրինակին։
Գայանեն Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հետ փորձել է նոր ձևակերպումներ տալ թանգարան-արվեստագետ-այցելու փոխարաբերությունների արտահայտմանը և դրանց պայմանական սահմաններին։
Ինչպե՞ս։
Նա նպատակ է ունեցել ոչ թե պարզապես ցուցադրել է իր աշխատանքները, այլ հնարավորություն ընձեռել այցելուին տեղափոխվել իր աշխարհ…
Թանգարանը «միջնորդ» չի լինում արվեստագետի և այցելուի միջև, քանի որ այցելուն կարողանում է զգալ, շոշափել և փորձել վերապրել նկարչի հույզերը, հետաքրքրությունները… Հյուրերը դառնում են նկարչի աշխարհի մի մասնիկը և սկսում արտասովոր մի ճամփորդություն։
Սա նախագիծ է արվեստագետի և ընդհանրապես մարդու՝ տեղի հարցադրման մասին։ Որտե՞ղ ենք, ինչո՞ւ ենք մենք այստեղ, ինչպե՞ս ենք հայտնվել այն տեղում, որտեղ հիմա ենք… Այս հարցերը հեղինակը բարձրաձայնում է ոչ միայն աշխարհագրական, ֆիզիկական, այլև փիլիսոփայական և էքզիստենցիալ տեսանկյունից։
Եվ, ի վերջո, այս նախագիծը մշտապես փոփոխական, անցումային վիճակում գտնվող էակի՝ մարդու մասին է, որը «Մեջտեղում» է և միշտ մտորում է իր տեղի, ինքնության և էքզիստենցիալ այլ հարցերի շուրջ։