«Շաբաթ օրերը հոգեբուժարանում». հոգեբանական թրիլեր, որ պատկերում է իրականությունը
«Շաբաթ օրերը հոգեբուժարանում» գրքում ես անդրադարձել եմ մի շարք այլանդակությունների, բայց դա ընկալվել է որպես հորինվածք։ «Ոչ ոք չի ուզում հավատալ, որ իր կողքին հրեշ է ապրում»,- ասում է մշակութային մարդաբան, գիտաշխատող Արայիկ Մկրտումյանը։

Գիրքը հոգեբանական թրիլեր է, սարսափ։ Լույս է տեսել 2021 թ. սեպտեմբերին։ Հեղինակը նշում է, որ այս ժանրում գիրք գրելու գաղափարն առաջացել է տարիների ընթացքում՝ տարբեր սոցիալական միջավայրերում մարդկանց միջև անհասկացվածությունը նկատելուց հետո։ Մանկուց տեսած անհարթությունները, երկակի մեկնաբանությունները, հասարակության կողմից ընդունված նորմերի և իրականության հակասությունները հետաքրքրություն են առաջացրել հասկանալու, թե ինչու են որոշ մարդիկ մարգինալացվում ու մեկուսացվում։


«Գիժ» բառի երկակի օգտագործումը, ինչպես դրական, այնպես էլ բացասական իմաստով, նրան մղել է ուսումնասիրելու հոգեկան խնդիրներ ունեցող անձանց՝ հասկանալու օտարման երևույթի ընկալումը։

«Հոգեբուժարանն ամենասարսափելի վայրն է․ բանտից կամ գերեզմանից դուրս եկած մարդուն կարող են ընդունել, բայց հոգեբուժարանից դուրս եկածին՝ ոչ։ Այդ պատճառով որոշեցի հենց այս ֆորմատով ներկայացնել թեման՝ գեղարվեստական ձևով, որպեսզի այն ավելի հասանելի լինի ընթերցողի համար»,- ասում է հեղինակը։



Հոգեբուժարանի թեման ներկայացնելը բավական բարդ էր։ «Գիտական լեզվով ներկայացնելն ավելի հեշտ է, քանի որ գործում են չոր փաստեր ու ենթադրություններ։ Բայց գեղարվեստական ձևով անել այնպես, որ ընթերցողը հստակ ընկալի ասելիքը, արդեն բարդ խնդիր է։ Սկզբում փորձեցի չափավոր կերպարներով ներկայացնել, բայց հետո հասկացա՝ որքան ծայրահեղ լինի պատկերը, այնքան ավելի ազդեցիկ կլինի խնդրի ընկալումը»,- ասում է Մկրտումյանը։


Հասարակության արձագանքի մասին խոսելիս նա նշում է, որ հիմնական դժվարությունը ոչ թե ժանրի ընկալման հարցում է, այլ այն, որ Հայաստանում հոգեբուժարանների և հոգեկան առողջության խնդիրների վերաբերյալ տարածված են սխալ պատկերացումներ։ «Մեզ մոտ առողջապահության նկատմամբ առհասարակ արհամարհական վերաբերմունք կա, իսկ հոգեկան առողջության հարցերը կամ ծայրահեղացվում են, կամ անտեսվում։ Երբ ասում ես՝ հոգեբուժարան, մարդկանց պատկերացումն անմիջապես կապվում է ծաղրելի «գժի» կերպարի հետ։ Հայաստանում դեռևս հոգեբանի մոտ գնալը համարվում է խարան, մինչդեռ նույն մարդիկ պատրաստ են դիմել գուշակների կամ մոմ թափողների ծառայություններին։ Հոգեկան առողջության խնդիրը անտեսելը չի նշանակում, որ այն չկա»։

«Գրքում ներկայացված դեպքերն ու կերպարները հորինված չեն»,- նշում է հեղինակը։ Նա ընդգծում է, որ իր պատմած բոլոր իրադարձություններն ու հերոսները վերցված են իրականությունից, սակայն որոշ դրվագներ նա ներկայացրել է ավելի մեղմ՝ չափազանց դաժան տեսարաններից խուսափելու համար։

Իրական կերպարներ ստեղծելու համար նա ուսումնասիրել է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պատմությունները՝ այցելելով հոգեբուժարաններ, հանդիպելով հիվանդներին և զրուցելով մասնագետների հետ։ «Ես չէի կարող պարզապես հորինել այս կերպարներին. նրանք իրական մարդիկ են, որոնց ճակատագրերն ավելի ծանր են, քան նույնիսկ գրականությունն է կարողանում արտահայտել»,- նշում է հեղինակը։

Ժամանակակից հայ գրողների համար ֆինանսավորումը մնում է առաջնային խնդիրներից մեկը։ Գրքի ստեղծման գործընթացը ոչ միայն ստեղծագործական, այլև ֆինանսական մեծ ջանքեր է պահանջում։ «Շաբաթ օրերը հոգեբուժարանում» գիրքը Արայիկ Մկրտումյանը հրատարակել է իր միջոցներով։ Նա նշում է, որ անկախ գրքի բովանդակությունից, այն տպագրելու և իրացնելու համար անհրաժեշտ է գումար, ինչը հաճախ դառնում է լուրջ խոչընդոտ։


«Դու գրող ես, ոչ թե մարկետոլոգ։ Գրքի վաճառքը պահանջում է հատուկ հմտություններ, որոնք շատ հեղինակներ չունեն։ Եթե չունես հրատարակչության աջակցություն, ապա գիրքը կարող է պարզապես մնալ պահեստում՝ չգտնելով իր ընթերցողին»,- ասում է Մկրտումյանը։
Բացի ֆինանսական դժվարություններից, հեղինակները բախվում են նաև հասարակության հետաքրքրության պակասին։ Ըստ Մկրտումյանի՝ հասարակությունը մեծապես առաջնորդվում է թրենդներով, ինչը բարդացնում է ոչ ավանդական թեմաներով գրքերի ընդունումը։

«Գրքի հաջողության 70%-ը կախված է ճիշտ գովազդից։ Նույնիսկ ամենաանհեթեթ բովանդակությամբ գրքերը կարող են դառնալ բեսթսելլեր, եթե լավ փիառվեն։ Մինչդեռ շատ որակյալ գրքեր չեն հասնում լայն ընթերցողների, քանի որ դրանց համար բավարար ֆինանսական աջակցություն չկա»,- նշում է նա։

Լուսանկարները վերցված են հեղինակի ֆեյսբուքյան էջից։

Հեղինակ՝ Սյուզի Խաչատրյան