«Ադրբեջանը ծայրահեղ ագրեսիվ երկիր է, այդ պատճառով էլ հիմա Հայաստանում եմ». Գրետա Թունբերգ
2024 թվականի նոյեմբերի 14-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանում անցկացվեց «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության վրա» խորագրով հանդիպում։
Միջոցառմանը ներկա էր աշխարհահռչակ շվեդ բնապահպանական ակտիվիստ Գրետա Թունբերգը։ Հանդիպման բացման խոսքով հանդես եկավ համալսարանի նախագահ Բրյուս Պողոսյանը՝ ընդգծելով թեմայի կարևորությունը և քննարկման նպատակները։ Միջոցառման շրջանակում կազմակերպվել էին պանելային քննարկումներ, որոնց մասնակցում էին ոլորտի առաջատար մասնագետներ՝ Աննա Մելիքյանը «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ, Գեղամ Ստեփանյանը, ԱՀ մարդու իրավունքների պաշտպան, Սիրանուշ Սահակյանը, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գերիների շահերի ներկայացուցիչ, Արա Ղազարյանը, միջազգային իրավունքի մասնագետ։

Պանելային քննարկումների հիմնական թեման ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Հայաստանի և Արցախի բնակչության նկատմամբ մարդու իրավունքների խախտումներն էին։ Մասնավորապես անդրադարձ կատարվեց պատերազմի ընթացքում տեղի ունեցած խախտումներին, ինչպես նաև դրանց ազդեցությանը շրջակա միջավայրի վրա։ Հանդիպման ընթացքում շեշտվեց տարածաշրջանում առկա խնդիրների կարևորությունը և դրանց լուծման անհրաժեշտությունը մարդու իրավունքների ու շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներում։

Գրետա Թունբերգն իր խոսքում ասաց, որ Ադրբեջանին COP29 հարթակ տրամադրելը աշխարհի երեսպաշտություննէ ի ցույց դնում և հավելեց, որ պատճառը, թե նա ինչու ներկա չէ COP29-ին՝ շատ պարզ է։ -Կլիմայական արդարության հիմնարար սկզբունքը, որը ես և բազմաթիվ այլ ակտիվիստներ կրում ենք, և որն իրականում մեր ակտիվիզմի հիմնասյունն է, ամբողջովին անհամատեղելի է Ադրբեջանում անցկացվող COP29-ի հետ,-ասաց Գրետան։
  • Ռիտա Ռաթևոսյան
    Տեքստ
  • Լիլիթ Դավթյան
    Տեքստ
  • Անահիտ Դիվանյան
    Տեքստ
  • Կարինե Պողոսյան
    Լուսանկար
  • Սոֆի Մկրտչյան
    Լուսանկար
  • Սյուզի Խաչատրյան
    Լուսանկար