Աուտիզմը դատավճիռ չէ
Նարեկը, ինչպես և իր հասակակից բոլոր երեխաները, կյանքի առաջին տարիներին ուներ զարգացման բնականոն ընթացք․ նա սկսեց քայլել ժամանակին, արձագանքում էր ծնողների ձայնին և հետաքրքրությամբ էր ուսումնասիրում իր շրջապատող աշխարհը։ Սակայն երկու տարեկանում ծնողները սկսեցին նկատել, որ Նարեկը չի արձագանքում իր անվանը, չի խոսում և ունի վարքային խնդիրներ։ Բժշկական հետազոտություններից հետո նրա մոտ ախտորոշվեց աուտիզմ, որը պահանջում է հատուկ ուշադրություն, խոսքի և վարքային աջակցություն։
Նարեկի քույրը՝ Մերի Թոփալյանը, որը ակտիվ դերակատարում ունի Նարեկի խնամքի գործում, ընդգծեց․ «Ծնողներս հիմնադրեցին Աուտիզմի զարգացման կենտրոն և սկսեցին սեմինարներ կազմակերպել։ Ես միշտ մասնակցում էի դրանց, լսում էի աուտիզմի մասին տարբեր մոտեցումներ, կարծիքներ և հենց այնտեղից եմ սկսել ուսումնասիրել երևույթը ավելի խորքային։ Հետագայում սկսեցի աշխատել մեր կենտրոնում,որտեղ 300-ից ավելի երեխա է հաճախում:»
Մերին բլոգ է վարում՝ հիմնականում անդրադառնալով աուտիզմին, և նրա բլոգի բովանդակության մեծ մասը նվիրված է Նարեկին։ Նա հաճախ տեղադրում է տեսանյութեր, որոնք պատմում են Նարեկի առօրյայի, զարգացման և հաջողությունների մասին։

Մերի Թոփալյան
«Դժվարություններ հիմնականում եղել են փոքր տարիքում։ Շատ դուրս չէինք գալիս Նարեկի հետ։ Ուր գնում էինք, նրան տանն էինք թողնում ինչ-որ մեկի հետ, ես նրան ոչ մի տեղ չէի կարողանում հետս տանել։ Համ վարքն էր շատ վատ, համ մարդիկ էին անհասկանալի հայացքներով նայում, երբեմն անտակտ բաներ խոսում կամ հարցեր տալիս։
Արդեն մոտ 5-6 տարի, սկսել ենք ներգրավել նրան ամեն տեղ։ Շատ աշխատանք տարանք հետը, վարքը բավականին շտկվեց, մինչ օրս էլ աշխատում ենք, ու երևի մինչ կյանքի վերջ էլ կաշխատենք։ Որովհետև եթե նրան այդպես թողնեինք, հիմա չէինք ունենա այն, ինչ ունենք»։
She has been nominated for an Academy Award, two Grammy Awards, and the Mercury Prize
Վերջին տարիներին աուտիզմի դեպքերի թվի աճը նկատելի է ամբողջ աշխարհում։ Սակայն մասնագետները նշում են, որ սա պարտադիր չի նշանակում, թե աուտիզմ ունեցող երեխաների իրական թիվն է ավելացել։ Աճը հաճախ կապված է այն փաստի հետ, որ այսօր աուտիզմի մասին ավելի շատ են տեղեկացված թե՛ բժիշկները, թե՛ ծնողները, և ախտորոշման մեթոդները դարձել են ավելի ճշգրիտ ու հասանելի։ Շատ դեպքեր, որոնք տարիներ առաջ կարող էին աննկատ մնալ կամ սխալ ախտորոշվել, այժմ ճիշտ ձևով են բացահայտվում։ Այսպիսով՝ կարելի է ասել, որ աուտիզմի դեպքերի թվի աճը հիմնականում պայմանավորված է ոչ թե հիվանդության տարածմամբ, այլ իրազեկության և ախտորոշման որակի բարձրացմամբ։
Հոգեբան, հոգեթերապևտ Օֆելյա Հարությունյանը ընդգծեց, որ վերջին տարիներին աուտիզմ ունեցող երեխաների ինտեգրումը հասարակության մեջ նկատելիորեն աճել է։ Նրա խոսքով՝ ավելի շատ ծնողներ այսօր գիտակցում են, թե որքան կարևոր է երեխային հնարավորություն տալ շփվելու, սովորելու և զարգանալու հավասար պայմաններում։ Միևնույն ժամանակ մասնագետը նշեց, որ դեռ հանդիպում են դեպքեր, երբ ծնողները փորձում են թաքցնել երեխայի աուտիզմը՝ վախենալով շրջապատի արձագանքից կամ չհասկացված վերաբերմունքից։
Հոգեբանը կարևորելով աուտիզմով երեխաների ծնողների հոգեկան առողջությունը ընդգծեց.





«Ծնողները պետք է նախապես տեղեկացնեն երեխայի շրջապատին՝ հարազատներին, դաստիարակներին կամ ուսուցիչներին, նրա առանձնահատկությունների և դժվարությունների մասին։ Նրա խոսքով՝ դա կարևոր է, որպեսզի շրջապատը կարողանա ճիշտ հասկանալ երեխայի վարքը, ցուցաբերի համբերություն և աջակցություն, ոչ թե քննադատություն կամ խուսափողական վերաբերմունք։ Նման բաց ու անկեղծ մոտեցումը նպաստում է երեխայի արագ ինտեգրմանը հասարակության մեջ և ստեղծում ավելի ընդունող ու անվտանգ միջավայր թե՛ երեխայի, թե՛ ծնողների համար»։

Օֆելյա Հարությունյան
Հոգեբան
Գայանե Վարդանյանը, որը երկար տարիներ աշխատում է ներառական խմբերի երեխաների հետ, ևս կարևորեց ներառական խնդիրներով երեխաների ինտեգրումը հասարակության մեջ։ Նրա խոսքով՝ ամենակարևոր քայլերից մեկը շրջապատի՝ հատկապես հասակակիցների, տեղեկացվածությունն ու ճիշտ վերաբերմունքն է։
«Ադապտացիոն փուլը յուրաքանչյուր երեխայի համար անհատական է և չի կարելի կոնկրետ ժամանակ սահմանել։ Որոշ երեխաներ կարող են առհասարակ չցանկանալ դպրոց գալ և հորինել տարբեր պատճառներ՝ գլխացավ, փորացավ կամ այլ հիմնավորումներ։ Այս դեպքում կարևոր է հաշվի առնել երեխայի տարիքային առանձնահատկությունները և հասկանալ, արդյոք նրա վարքը խնդրից է գալիս, թե հնարավոր մանիպուլյացիա է։ Ծնողը պետք է ակտիվ համագործակցի դպրոցի հետ, զրուցի ուսուցչի հետ և հասկանա, թե ինչպես է երեխան դրսևորում իրեն դասարանում և միջավայրում։ Անհրաժեշտության դեպքում երեխայի համար կազմակերպվում է աշխատանք հոգեբանի հետ, որպեսզի հեշտացվի հարմարվող փուլը և աջակցվի նրա հուզական ու սոցիալական զարգացմանը»։

Գայանե Վարդանյան
Մանկավարժ
Աուտիզմը ոչ թե դատավճիռ է, այլ առանձնահատկություն, որը պահանջում է ճիշտ մոտեցում և աջակցող միջավայր։ Ճիշտ տեղեկատվությունն ու հասարակության իրազեկվածությունը, ծնողների և մասնագետների համագործակցությունը, ինչպես նաև երեխայի ինտեգրումը դպրոցում ու սոցիալական միջավայրում մեծապես նպաստում են նրա զարգացմանը և ինքնավստահության ձևավորմանը։ Կարևոր է, որ ընտանիքը հոգ տանի և իր հոգեկան առողջությունն ամրապնդի, իսկ հասարակությունը՝ ընդունի տարբերությունը։
Հայաստանի դատարկվող գյուղերը․ լրատվամիջոցները որպես խնդիրները բարձրաձայնելու հարթակ
Ուսանող՝ Վալերիա Մկրտչյան
Դասախոս ՝ Դավիթ Մուրադյան


Հայաստանում գյուղական համայնքները երկար տարիներ հանդիսացել են երկրի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական շարժիչ ուժը։ Սակայն այսօր գյուղերը կանգնած են լուրջ մարտահրավերների առաջ։ Ժամանակի ընթացքում նրանք աստիճանաբար կորցրել են իրենց կենսունակությունը՝ սոցիալական խնդիրների, արտագաղթի, և պետական ուշադրության պակասի հետևանքով։ Այս խնդիրները հաճախ մնում են ստվերում՝ հանրության ուշադրությունից դուրս։

Սերս
Սահմանամերձ գյուղ Վայոց ձորի մարզում

Սերս գյուղը ունի մոտավորապես 90 բնակիչ։ Նախկինում գյուղը այլ անվանում է ունեցել ՝ Աստղունի։ Մարդիկ այստեղ զբաղվում են անասնապահությամբ և մեղվաբուծությամբ։ Չնայած նրան, որ գյուղն ունի շատ խնդիրներ, բնակիչները երջանիկ են ապրում իրենց գյուղում։ Շատ են նեղսրտում, երբ գյուղից մարդիկ գնում են, բայց ասում են․

-Է՜, ինչ արած, որ էստեղ ապագա չկա, պայմաններ չկան, ջահելները մնան ի՞նչ անեն։

Սերսում տները հիմնականում դատարկ են։ Իսկ բնակիչների մեծ մասը կազմում են մեծահասակ մարդիկ։ Գյուղը մարզկենտրոնից հեռու է գտնվում և տրանսպորտի բացակայության պատճառով մարդիկ դժվար են տեղաշարժվում։ Ծնողները իրենց երեխաներին մանկապարտեզ կամ դպրոց սեփական մեքենաներով են տանում։

Սերսի բնակիչ Գրիգոր Ավագյանը ասում է․

-Եթե ես ընտանիք կազմեմ, երեխա ունենամ, ինչու պիտի ստիպված լինեմ կիլոմետրերով ճանապարհ անցնել, որ իմ երեխան դպրոց գնա։Մեր ամենամեծ խնդիրը դպրոցն է։ Եթե այն փակվի, մնալու պատճառ էլ չի լինի։

Մեծ խնդիր է նաև գյուղում աշխատանքի և տրանսպորտի բացակայությունը։ Գյուղացին ամեն ինչ ստեղծում է սեփական ուժերով, բայց, եթե ունենա կողմնակի եկամտի աղբյուր, երբեք չի հեռանա գյուղից։

Սերսը գազաֆիկացված չէ։ Իսկ գրեթե բոլորի տան բակերում տեղադրված են այս լվացարանները, որտեղից հոսում է սարերից եկող մաքուր ջուրը։ Բոլորի մառանները առատ են՝ կաթ, մածուն, հորած պանիր, պահածոներ։ Ըստ բնակիչների՝ գյուղը հարուստ բնություն ունի.բայց թե ո՞ր մի ջահելը կգա գյուղում հող կմշակի , կով կպահի․․․»

Սերսի եկեղեցին է։ Հիմնադրման տարեթիվը անհայտ է (ինչպես նաև գյուղի կառուցման տարեթիվը): Հայտնի է միայն այն, որ եկեղեցին առաջին անգամ վերանորոգվել է 1525 թվականին։ Այժմ գտնվում է ավերակ վիճակում։ Մոտ երկու տարի առաջ գյուղացիները փորձել են իրենց ուժերով վերանորոգել այն։

«Համայնքապետարանի օգնությամբ հույս ունենք, որ եկեղեցին կվերանորոգվի և կունենա ավելի լավ տեսք, քան այժմ»:

«Հողը պահում են ապրելով․․․»

Նարեկ Բենիամինյանն է՝ դպրոցի միակ 9-րդ դասարանի աշակերտը։ Դպրոցում սովորում է 6 հոգի։ Ուսուցիչները նշում են, որ անգամ մեկ աշակերտի դեպքում էլ, նրանք պատրաստ են նույն նվիրվածությամբ իրենց գործը կատարել։


-Լինելով սահամանմերձ գյուղի դպրոց, մենք երբևէ ֆինանսավորման խնդիր չենք ունեցել։ Դպրոցը հիմնավերանորգվել է։ Կահույք ունենք, ջեռուցում ունենք։ Սակայն դպրոցը փակվելու վտանգ ունի, քանի որ աշակերտների թիվը շատ քիչ է, -ասում է Սերս գյուղի հիմնական դպրոցի տնօրեն Էմանուել Հարությունյանը։

«Որպես սահամանմերձ բնակավայր մենք շատ առավելություններ ունենք։ Բայց այսօրվա երիտասարդները չեն ուզում ո՛չ անասնապահությամբ զբաղվել, ո՛չ հողագործությամբ։ Գյուղը ազատված է բոլոր տեսակի հարկերից։ Մեղավորներ չպետք է փնտրենք իշխանության շրջաններում, այլ մեր մեջ, քանի որ մենք ենք այլ կյանք ուզում ու ձգտում գնալ գյուղից»։

«Ոչ միայն թրով, այլ նաև գրով․․․»

Սերսի հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նաիրա Մամաջանյանն ասում է․

-Կրթությունը անհրաժեշտություն է։ Այստեղի երեխաները մեղավոր չեն, որ ապրում են մայրաքաղաքից հեռու, սահմանամերձ գյուղում։ Յուրաքանչուր դասի ընթացքում մենք ցանկանում ենք ավելին տալ, բայց դժվար է քիչ աշակերտների դեպքում հետաքրքրություն ապահովել։

«Սերսում տարվա բոլոր եղանականերն են գեղեցիկ, բայց ինչքան էլ զմայլվենք բնությամբ, ընտանիքը պահել է պետք։ Գյուղը խանութ չունի, ձմռանը այստեղ դժվար է,գնալով ամեն բան ամայանում է։․․․»

Սերսի մարդիկ

96-ամյա Սիրուշ տատը Սերս գյուղի ամենատարեց բնակիչն է։ Ասում է․

-120,150 տուն էր ու հարուստ գյուղ էր։ Կողքի գյուղերը մեր գյուղից կախում ունեին։ Քանդվեց էլի, ես ի՞նչ իմանամ, բոլորը թողին, գնացին․․․

«Մեր գյուղի անունը հենց այնպես չէ, մենք շատ սիրով ենք լցված միմյանց հանդեպ․․․»

Տիկին Սուսաննան է, շատ է տխրում, որ մարդիկ գնում են Սերսից, ասում է․

-Երիտասարդները գնացել են, նրանց հետաքրքրող ոչինչ չկա գյուղում, մնացել են միայն ծերերը։ Ոչ ոք չի ուզում այստեղ ընտանիք կառուցել։ Վտանգ չկա, ոչ էլ վախենում ենք, միայն թե աշխատատեղեր չկան։ Մարդիկ իրենց ստեղծածն են վաճառում , ապրում։ Մի դեղի համար էլ գնում հասնում ենք Վայք։ Էնքան հարցեր կան, ա՜խր․․․

Չնայած նրան, որ Սերսը գտնվում է հայ-ադրբեջանական սահմանագծին և կանգնած է բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրների առջև, գյուղի բնակիչներն, այնուամենայնիվ, ավելի շատ շեշտում էին իրենց գյուղի առավելությունները, քան դժգոհությունները։ Նրանց աչքերում ավելի շատ տեսանելի էր անհոգությունն ու խաղաղությունը։ Սերսի բնակիչները սիրում են իրենց գյուղը, շարունակում են ապրել պարզ և հասարակ առօրյայով՝ միաժամանակ գիտակցելով սահմանային կյանքի վտանգները։

Գյուղերի արտագաղթի հիմնական պատճառների վերաբերյալ իր դիտարկումները ներկայացրեց նաև սոցիոլոգ Արեմ Մկրտչյանը։ Նա առանձնացրեց արտագաղթի պատճառների մի քանի խումբ։

  • Առաջին խումբը կապված է գյուղում ձևավորված ավանդական պատկերացումների հետ։ Գյուղը լքելը՝ լինի դա երկրի ներսում միգրացիայի, թե երկրից դուրս՝ արտագնա աշխատանքի նպատակով, տարիների ընթացքում դարձել է սովորական և ընդունված մի բան։ Երբ երեխայի աչքի առաջ իր ծնողը գնում է արտերկիր աշխատելու, նա նույնպես սկսում է սպասել իր չափահաս դառնալուն, որպեսզի գնա նույն ճանապարհով։ Խնդիրը այն է, որ այդ երեխան շատ հաճախ մինչև չափահաս դառնալը նույնիսկ այլ պատկերացում չի ունենում կյանքի, ապագայի մասին։ Այս մտածելակերպը շղթակայան ազդեցությամբ տարածվում է նաև համայնքի մյուս ընտանիքներում։
  • Երկրորդ խումբը վերաբերում է երիտասարդների համար ապագայի հանդեպ ունեցած հեռանկարների բացակայությանը։ Շատ գյուղաբնակ երիտասարդներ կանգնած են ինքնադրսևորման և ինքնաակտուալիզացիայի խնդիրների առջև։ Նրանք ունեն ներքին ձգտում զարգանալու, բայց համայնքում դրա համար անհրաժեշտ պայմաններ և մեխանիզմներ ստեղծված չեն։ Այս պայմաններում երիտասարդները սկսում են փնտրել ինքնադրսևորման հնարավորություններ այլ վայրերում՝ լինի դա Հայաստանի որև այլ համայնքում, թե արտերկրում։ Արդյունքում ձևավորվում է ինքնության ճգնաժամ․ երիտասարդը սկսում է կորցնել կապը իր միջավայրի և ինքնության հետ, քանի որ այդ միջավայրը չի ապահովում նրա աճի և զարգացման պայմանները։

Արեմ Մկրտչյան
սոցիոլոգ
Նիգավան
Գյուղ Արագածոտնի մարզ, Ապարան համայնքում
Նիգավան գյուղում հաշվառված է 700 բնակիչ, սակայն մշտապես բնակվում է մոտ 300-ը։ Գյուղի պատմությունը սկիզբ է առել 1828-1829 թվականներից։ Դեռ վաղ ժամանակներից մարդիկ այստեղ զբաղվել են անասնապահությամբ։ Նիգավանը հարուստ է արոտավայրերով և ունի մոտ 650 հա վարելահող։ Չնայած այս առավելություններին, գյուղը կանգնած է մի շարք խնդիրների առջև, որոնց պատճառով բնակիչները հաճախ տեղափոխվում են հարակից քաղաքներ։

Վերջին տարիներին գյուղում եղել են բարելավումներ։ Կառուցվել է ներքին ջրագիծ,սակայն ջրամատակարարման խնդիր դեռ կա։ Բնակիչները ամենօրյա ջուր չունեն, կարողանում են օգտվել ընդամենը մի քանի ժամով։ Ըստ գյուղապետ Արտաշես Գալստյանի՝ այս տարի շատ ծրագրեր են նախատեսվում իրականացնել գյուղում։

«Մտադիր ենք մանկապարտեզ կառուցել և վերանորոգել հանդիսությունների սրահը։ Մեր համայնքում կան պապենական հին ջրհորներ, որոնք մտադիր ենք վերանայել և զբոսաշրջությունը զարգացնել»։

Գյուղում գործում է երկու խանութ, սակայն բնակիչների խոսքով՝ դրանցում չկան անհրաժեշտ ապրանքներ, որոնք կբավարարեն իրենց ամենօրյա կարիքները։ Նիգավանն ունի եկեղեցի, որը վերակառուցվել է 1857 թվականին և քսանից ավել մատուռներ։

-Մենք տրանսպորտ չունենք, ընդամենը 7 կիլոմետր Ապարան հասնելու համար վճարում ենք 1000 դրամ։ Ձմեռները այստեղ շատ ցրտաշունչ են։ Լավ կլինի, որ ճանապարհները հիմնանորոգվեն, ոչ թե թեթևակի նորոգվեն։ Առաջ գյուղում անասնապահությունը զարգացած էր ,հիմա գնալով քչացել է , որովհետև արտադրած կաթը յուրացնելու հնարավորություն չկա, դրանից ժողովուրդը հիասթափվում է, - ասում է Նիգավանի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի՝ Գայանե Գրիգորյան։

Նիգավանի միջնակարգ դպրոցում սովորում է 74 աշակերտ։ Դպրոցը կահավորված է, ջեռուցված։ Վերջերս դպրոցում բացվել են բնագիտական առարկաների համար նախատեսված լաբորատորիաներ, ինչը երեխաների մեջ հետաքրքրություն է առաջացրել դասերի նկատմամբ։ Դպրոցը հին կառույց է, չունի ճաշարան, հանդիսությունների սրահ։ Մասնագետների պակաս չունեն,միայն աշակերտների թիվն է նվազում։ Բնակլիմայական պայմանների պատճառով ծնողները իրենց երեխաներին տեղափոխում են ավելի նպաստավոր վայրեր ,որպեսզի խմբակների հաճախեն։


«Ավարտելուց հետո ուսումս գնալու եմ Երևանում շարունակեմ, բայց այստեղ չեմ պատրաստվում ապրել։ Ես շատ սիրում եմ մեր գյուղը, բայց այստեղ պայմաններ չկան ապրելու համար։ Անգամ նորմալ խանութներ չկան, որ գոնե խանութներում աշխատենք»։

-Մարիամ, 9-րդ դասարանի աշակերտուհի։
«Կուզեի մեր գյուղում սպորտի դպրոց լիներ, որովհետև խմբակներ հաճախելու համար մեր ծնողներն են մեզ տանում Ապարան։ Ես ուզում եմ իրավաբան դառնալ, բայց մեր գյուղում չեմ աշխատի»։
-Խաչատուր, 9-րդ դասարանի աշակերտ։
«Գյուղը երկրի զարկերակն է, քաղաք՝ ոսկորը․․․»

Նիգավանի միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Անդրանիկ Թորոսյանն ասում է․

-Պատկերացրեք մի կենդանի էակ, որի երակը կտրում ես և թողնում, որ ինքնուրույն շարունակի շարժվել։ Հենց այդպես է կտրված գյուղացու «երակը»՝ առանց հենարանի։ Մեր գյուղի բնակչության 30%-ն անասուն չունի, «մաքուր հայ» են դարձել, ինչ ունեն վաճառում, գնում են Երևան։

Նիգավանի մարդիկ

Նուշիկ Շահբազյանն է՝ 63 տարի ապրում է Նիգավան գյուղում։ Ասում է․

-Առաջ գյուղում լավ էր, մարդիկ գոնե միմյանց տուն հյուր էին գնում։ Հիմա բոլորը հոգսերով մեկուսացած են իրենց տներում։ Ամբողջ օրը մարդիկ տանջվում են գոմից տուն, տնից գոմ, երիտասարդությունը այստեղ ապագա չունի։ Գոնե աշխատելու տեղեր լինեն, մարդիկ աշխատեն, զբաղվելու բան ունենան, ի՞նչ ասեմ․․․

«Քարի, անձրևի, կարկուտի հետ կռվում ենք, բայց գյուղացու գործը չեն գնահատում»

Արամը արմատներով Նիգավանից է, սակայն 30 տարի ապրել է Արցախի հանրապետության Քաշաթաղ շրջանի Հոչանց համայնքում։ 2020 թվականի տեղահանումների ժամանակ նորից վերադարձել է գյուղ, տուն գնել ու զբաղվել գյուղատնտեսությամբ։ Թե ի՞նչ պայմաններ են հարկավոր, որպեսզի գյուղացին չլքի իր գյուղը, Արամը պատասխանում է․

-Վերահսկողություն շուկայում։ Խանութներում ջուրը արժե 150 դրամ է, իսկ մեկ լիտր կաթը մեզանից գնում են 140 դրամով, բայց նույն կաթնամթերքը խանութներում ավելի թանկ արժե։ Երիտասարդները գերադասում են գնալ շոգին-կրակին Երևանում շինարարությամբ զբաղվել ,քան գյուղում՝ անասնապահությամբ։ Իմ երեխաների համար այստեղ ապագա չեմ տեսնում։ Ես սիրում եմ մեր գյուղը, մթնոլորտը շատ լավն է, բայց, եթե չունենք նորմալ ապրելու պայմաններ, միևնույն է, անելու ենք այն` ինչը մեր ու մեր երեխաների համար ավելի հարմար է։

Արամի կինը՝ Մարուսյան, արմատներով Արցախից է։ Ասում է․

-Եթե ինձ հարցնեին՝ տեսե՞լ ես դրախը,ես կասեի՝ այո, ես տեսել եմ Արցախ աշխարհի դրախտը։ Նիգավանում հոգով լի չեմ ապրում,մեկ-մեկ դիմացի սարերն եմ նմանեցնում Արցախի բնությանը։ Պետության հիմքը սկսվում է սահմանից ու գյուղից, եթե մենք զարկ չենք տալիս գյուղի զարգացմանը, չենք կարող ունենալ լավ տնտեսություն։Այսօր ամեն բան բարձիթողի վիճակում է։ Գյուղն այնքանով է լավ, որ այստեղ դեռ բարոյախրատական մեթոդները գործում են։

Չնայած սահմանամերձ և ոչ սահմանամերձ լինելու տարբերությանը, երկու համայնքներում՝ Սերսում և Նիգավանում, գյուղացիները գրեթե նույն խնդիրների և դժգոհությունների առաջ են կանգնած։ Խնդիրները հիմնականում կապված են աշխատատեղերի բացակայության, գյուղատնտեսության և անասնապահության ցածր եկամտաբերության,տրանսպորտի և պետական անուշադրության հետ։Սակայն, նկատելի է, որ Նիգավանի բնակիչները ավելի արտահայտված բողոքներ ունեն, մինչդեռ Սերսում մարդիկ փորձում են ավելի հաճախ շեշտել իրենց գյուղի առավելությունները, նույնիսկ, եթե գյուղի տնտեսական վիճակը համեմատաբար ավելի թույլ է։ Սա վկայում է, որ գյուղի զարգացումը, նրա աշխարհագրական դիրքի հետ կապ չունի։ Ամեն ինչ գալիս է նրանից, թե որքան ուշադրություն է դարձվում գյուղացուն, ինչ հնարավորություններ են տրվում, աշխատելու,ստեղծելու ու ապրելու համար։