Haya Festival․ երաժշտություն, մշակույթ և զբոսաշրջություն՝ մեկ հարթակում

Սաթենիկ Խաչատրյան
ԲՊՀ Լրագրության 4-րդ կուրսի ուսանող

Յուրաքանչյուր համերգ, փառատոն ունի իր պատմությունը։ Դրանցից առանձնանում է Haya Festival-ը իր գաղափարով՝ Հայաստան հրավիրել համաշխարհային ճանաչում ունեցող արտիստների: Այս թեմայով զրուցել ենք «Haya Festival»-ի և «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանի հետ: 


​«Haya Festival»-ը հիմնադրվել է 2022 թվականի: Սոնա Հովհաննիսյանի խոսքով` եթե «Երևանյան հեռանկարների» նպատակն է Հայաստանը դարձնել աշխարհի մշակութային երկրներից մեկը, ապա «Haya Festival»-ի առաքելությունն է Հայաստանը վերածել տարածաշրջանի զվարճանքի և ժամանակակից երաժշտության կենտրոնի՝ խթանելով նաև զբոսաշրջությանն ու տնտեսությանը։ 

Հովհաննիսյանը նշում է, որ արտիստների ընտրությունը պատասխանատու գործընթաց է։ Նախ՝ ուշադրություն է դարձվում այն արտիստներին, որոնք դեռ չեն եղել Հայաստանում։ Բացի այդ, կարևոր դեր ունի նրանց շրջագայության ժամանակացույցը, որը հաճախ ազդում է համերգի բյուջեի վրա։ Երբեմն արտիստին հնարավոր չի լինում հրավիրել՝ տարածաշրջանում շրջագայություն չունենալու պատճառով, այդ դեպքում փնտրվում են համարժեք ճանաչելիության այլ արտիստներ, որպեսզի յուրաքանչյուր համերգ դառնա յուրահատուկ և տարբերվող:

Միջազգային փառատոնի կազմակերպումը, ըստ Սոնա Հովհաննիսյանի, պահանջում է բարձր մակարդակի համակարգում և մեծ պատասխանատվություն։ Հաճախ կազմակերպիչները միաժամանակ պետք է լուծեն թե՛ տեխնիկական, թե՛ կենցաղային խնդիրներ։ Տեխնիկական մասը ներառում է բեմի, ձայնի, լուսավորության և այլ տեխնիկական բաղադրիչների կարգավորումը՝ ըստ միջազգային ստանդարտների։ Երբեմն արտիստները ներկայացնում են հատուկ պահանջներ, որոնք տեղում հնարավոր չէ ապահովել, և կազմակերպիչները ստիպված են լինում դրանք ապահովել արտասահմանից։ Այնուամենայնիվ, ինչպես ասում է Սոնան, իրենց նպատակը մեկն է՝ ամեն բան անել, որպեսզի յուրաքանչյուր  համերգ անցկացվի պատշաճ մակարդակով։

Փառատոնը սերտորեն համագործակցում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի հետ՝ փառատոնի տնտեսական ազդեցությունը գնահատելու համար։ Ըստ միջին հաշվարկների, Հայաստան այցելող յուրաքանչյուր զբոսաշրջիկ ծախսում է շուրջ 700 դոլար կամ դրան համարժեք եվրո, ինչը հազարավոր հյուրերի դեպքում զգալի ներդրում է երկրի տնտեսության մեջ։ 

Տոմսերի վաճառքի աոցանց հարթակները դեռևս ամբողջական տվյալներ չեն տրամադրում, և երբ Երբ Haya-ն ունենա սեփական տոմսերի վաճառքի հարթակ, արդեն հստակ հնարավոր կլինի նշել, թե որ երկրներից են հյուրերը գալիս Հայաստան։ 

Յուրաքանչյուր համերգից առաջ իրականացվում է ծավալուն մարքեթինգային արշավ, որի հիմնական ուղղությունը թվային հարթակներն են՝ սոցիալական ցանցեր և լրատվամիջոցներ։ Արտիստների և նրանց թիմերի համար հյուրանոցային ծառայությունները ապահովում է փառատոնը, իսկ տուրիստական գործակալությունները հատուկ փաթեթներ են ձևավորում այցելուների համար։ Փորձը ցույց է տվել, որ համաշխարհային աստղերի այցերի օրերին Երևանում և այլ քաղաքներում գրեթե բոլոր հյուրանոցները լիքն են լինում։







2022 թվականին Հայաստանը հյուրընկալեց ֆրանսիացի երգչուհի Zaz-ին և աշխարհահռչակ ռեփեր 50 Cent-ին, որոնց համար սա առաջին ելույթն էր Հայաստանում։ Մոտ 20,000 հանդիսատեսի շուրջ 15 տոկոսը ժամանել էր արտերկրից՝ Ռուսաստան, Վրաստան, Ղազախստան և ԱՄՆ։ Նրանց մի մասն անգամ Հայաստան էր եկել մասնավոր կամ չարտերային թռիչքով, ինչը վկայում է փառատոնի միջազգային ճանաչման մասին։
Չնայած կազմակերպչական բարդություններին՝ Haya Festival-ի թիմը շարունակում է ընդլայնել իր հնարավորությունները։ Այս պահին ընթանում են բանակցություններ նոր նախագծերի շուրջ։ Թեև անուններ և ամսաթվեր դեռ չեն հայտարարվում, «Երբ ամեն ինչ հստակ լինի, փառատոնը մեծ սիրով կտեղեկացնի»,-ասաց Սոնա Հովհաննիսյանը:






Haya Festival-ը ոչ միայն երաժշտական փառատոն է, այլև մշակութային կամուրջ, որը Հայաստանը կապում է աշխարհի հետ։ Այն ապացուցում է, որ փոքր երկիրը կարող է դառնալ մեծ բեմ՝ միավորելով զբոսաշրջությունը և ժամանակակից մշակույթը մեկ  հարթակում։