Լրագրությունը միայն տեղեկատվություն փոխանցելը չէ, այն մտածողություն է. Ավետ Դեմուրյան

Շուշանիկ Հովհաննիսյան
ԲՊՀ Լրագրության 4-րդ կուրսի ուսանող

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի
90 ամյա հոբելյանի կապակցությամբ հարցազրույց ենք ունեցել Հայաստանում «Ասոշիեյթեդ պրես» լրատվական գործակալության թղթակից, Երևանի մամուլի ակումբի փոխնախագահ Ավետ Դեմուրյանի հետ, որն ավարտել է Բրյուսովի անվան պետական համալսարանը։
- Մենք հարցազրույցի մեր բոլոր հերոսներին նախ հարցնում ենք` ինչպե՞ս որոշեցիք սովորել հենց Վ. Բրյուսովի անվան պետականհամալսարանում:

- Ճիշտն ասած, Բրյուսով ընդունվելու որոշումը իմը չէր։ Նախ փորձեցի ընդունվել բժշկական համալսարան, անգամ առաջին քննությունն անցա, բայց երկրորդից կտրվեցի։ Սկզբում մի քանի ամիս աշխատում էի դիահերձարանում, ոչ թե որպես դիակ, այլ որպես ֆոտոնկարիչ /ծիծաղում է – հեղ./։ Մայրս էր, որ մի օր ասաց՝ «Քեզ միանշանակ հումանիտար ոլորտն է հարմար. գնա Բրյուսով»: Չէի ասի, որ մամայի բալա եմ, բայց լսեցի մորս խորհուրդը։ Ընդունելության քննությունները հանձնեցի ու սովորեցի բանասիրական ֆակուլտետում։ Գերազանց ուսանող չէի, բայց ավարտեցի արժանավայել։

- Քանի որ սովորել եք բանասիրության ֆակուլտետում, կասե՞ք ինչպես է բանասիրական կրթությունը օգնել Ձեզ լրագրողի աշխատանքում:

- Բանասիրությունը միայն լեզվի գիտելիք չէ․ այն ձևավորում է մտածողություն։ Շատ եմ կարդացել՝  գրեթե ամբողջ դասական գրականությունը, ինչն այսօր թույլ է տալիս լրագրության մեջ լեզվական հնարքներ անել՝ արտահայտվել պատկերավոր, ճշգրիտ, մաքուր։ Լեզվական մտածողությունը լրագրողիգործի մեջ ամենակարևոր բանն է։

- Ուսանողական տարիներին Վ. Բրյուսովի անվան համալսարանում ո՞ր դասախոսներն էին Ձեզ վրա տպավորություն թողել։

- Մեծագույն տպավորությունը թողել է փիլիսոփայության դասախոս  Լև Վինյամինովիչ Սահակյանը, ինքը ուղղակի «մոզգ» էր։ Խելացի, մտածող, բացառիկ մարդ էր։ Նա այն դասախոսներից էր, որոնց խոսքը լսում ես ու հասկանում՝ գիտելիք ստանալը կարող է հաճույք լինել։ Ես, որ փիլիսոփայությունից բավականին հեռու մարդ եմ, իր դասերը շատ հաճույքով էի լսում: Մի քանի այլ դասախոսներ էլ կային, բայց հենց նա է մնացել հիշողությանս մեջ։

- Ի՞նչ հիշարժան պահեր կմտաբերեք Ձեր ուսանողական տարիներից: 

- Ուսանողական կյանքը լի էր հիշարժան պահերով, այնքան բան է եղել, որ մի կողմից չեմ կարող այդքանը հիշել, մյուս կողմից էլ ժամանակը պարզապես չի հերիքի այդքանը պատմել։ Իմ կուրսում կային մարդիկ, որոնք հետագայում դարձան հանրապետության կարևոր դեմքեր՝ դատավորներ, լրագրողներ, հոգևորականներ։ Հատկապես մեր կուրսի տղաներով այդքան էլ խելոք չէինք: Հիշողությունները շատ են, բայց ամենակարևորը՝ Բրյուսովում ձևավորվեց այն միջավայրը, որտեղ հասկացա՝ ինչպիսին եմ ուզում լինել։

- Լրագրության ոլորտում Ձեր առաջին աշխատանքները կապված էին ՀՀ հեռուստառադիոպետկոմի և «Կոմսոմոլեց» թերթի հետ։ Ինչպե՞ս տեղի ունեցավ բուհից անցումը  դեպի այդ պրոֆեսիոնալ միջավայր։

- Սկզբում աշխատեցի ռադիոյում՝ որպես արտահաստիքային թղթակից։ Հետո խմբագրությունում ասացին՝ «Քեզնից լրագրող չի ստացվի»։ Բայց ես իմ տեսակով հանձնվող մարդ չեմ և համառեցի։ Հետո, քանի որ խորհրդային տարիներն էին, բնականաբար ծանոթության միջոցով տեղափոխվեցի «Կոմսոմոլեց» թերթ, որը այդ ժամանակ բավական առաջադեմ լրատվամիջոց էր։ Դա եղավ առաջին իսկական փորձառությունս։Հետո եղան զանգեր, առաջարկներ, և ես սկսեցի աշխատել «ՌԻԱ Նովոստի»-ում` որպես թղթակից, ապա՝ հայաստանյան բյուրոյի ղեկավար։ Այդ ամենը տևեց մինչև 2003 թվականը։
Դժվար է լրատվամիջոց գտնել, որտեղ ես չեմ տպագրվել․ Աֆրիկան, իհարկե, չեմ հաշվում։ Պարզ է՝ շատ-շատ, շա՜տ լրատվամիջոցներում եմ հրապարակվել։ Առաջին հերթին՝ Միացյալ Նահանգներում․ հարյուրավոր, եթե ոչ հազարավոր լրատվամիջոցներում ունեմ հազարավոր նյութեր՝ տարբեր հարթակներում։ Ամերիկյան ամենահայտնիներից են «Washington Post»-ը, «New York Times»-ը, «Chicago Tribune»-ը, ինչպես նաև մյուս խոշոր լրատվամիջոցները, օրինակ, CBS-ը և այլն։Բայց, անկեղծ ասած, դա արդեն ինձ այնքան էլ չի հետաքրքրում։ Ինձ ավելի հետաքրքիր է, օրինակ, տպագրվել «Philippine Times»-ում։ Կամ, ասենք, ճապոնական «Yomiuri»-ում, որի տպաքանակը 11 միլիոն է։ Դա ինձ համար իսկական հաճույք է։ Այդ տիպի թերթերում կամ լրատվամիջոցներում հրապարակվելն է ինձ համար կարևոր։



- Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ էր կարևոր, որ Բրյուսովի համալսարանում հիմնադրվեր լրագրության բաժինը, և ինչպե՞ս եք գնահատում դրա ազդեցությունը։

- Կարծում եմ՝ կարևոր էր, որ լրագրության բաժին հիմնադրվեր նաև Բրյուսովի անվան պետական համալսարանում։ Լրագրությունը միայն տեղեկատվություն փոխանցելու մասնագիտություն չէ․ այն պահանջում է լեզվի գերազանց իմացություն։ Բրյուսովը միշտ առանձնացել է որպես լեզուների և գրականության կենտրոն, այստեղ շատ օտար լեզուներ են սովորում, հենց այդ պատճառով համալսարանում լրագրության բաժնի ստեղծումը տրամաբանական քայլ էր՝ կրթել օտար լեզուների իմացությամբ լրագրողներ։Ես էլ եմ այստեղ դասավանդել, կարող եմ ասել, որ, օրինակ, եթե մի կուրսում սովորում էր 30 մարդ, և այդ 30-ից երկուսը կամ երեքն էին գնում լրագրության ոլորտ, ես դա համարում եմ լավ արդյունք։ Իրոք լավ արդյունք է, որովհետև, ցավոք սրտի, մեր այսօրվա ժուռնալիստիկայում բավականին շատ անգրագետ «երևույթներ» կան։

- Ձեր կարծիքով լեզուների իմացությունը որքանո՞վ է անհրաժեշտ ժամանակակից լրագրողի համար։

- Միանշանակ անհրաժեշտ է, եթե լրագրողը չի տիրապետում գոնե երկու երեք օտար լեզուների՝ ուրեմն դա իր մասնագիտությունը չէ: Լեզուների իմացությունը լրագրողի համար պարզապես հավելյալ հմտություն չէ, այլ իրական անհրաժեշտություն։ Երբ լրագրողը լեզուներ գիտի, նրա համար աշխարհը բացվում է ավելի լայն՝ առանց սահմանափակումների։ Նա կարող է աշխատել միջազգային աղբյուրների հետ, կարդալ օտար մամուլը բնագրով, հասկանալ՝ ինչ ուղղությամբ են զարգանում համաշխարհային մեդիատենդենցները և ինչ խնդիրներ են այսօր քննարկվում տարբեր երկրներում։ Բացի այդ, օտար լեզուների իմացությունը հնարավորություն է տալիս անմիջականորեն համագործակցել միջազգային լրատվամիջոցների և գործընկեր լրագրողների հետ՝ առանց միջնորդների։ Ի վերջո, օտար լեզուիմացող լրագրողը շատ ավելի վստահ ու մրցունակ է ժամանակակից մեդիադաշտում։

- Որպես մասնագետ ի՞նչ խնդիրներ ու դժվարություններ եք տեսնում այսօրվա մեդիադաշտում:

- Մեդիադաշտում, բնականաբար,խնդիրները չափից դուրս շատ են և ամենամեծ խնդիրը, որը կարող եմ այս պահին նշել, կողմնակալությունն է։ Շատ լրատվամիջոցներ ֆինանսավորվում են տարբեր ուժերի կողմից և չեն կարողանում ազատ գրել։ Ես իմ աշխատանքում երբեք թույլ չեմ տվել քաղաքական կողմնակալություն, այսինքն՝ ես պետք է գրեմ այն, ինչ կա, այլ տարբերակ պարզապես չունեմ: Մյուս խնդիրը նյութի մատուցման անկյունն է՝ «նյուանսը», որը կարող է ամբողջությամբ փոխել ընկալումը։ Բազմաթիվ լրագրողներ այսօր այդպատասխանատվությունը չեն զգում։

- Եվ վերջում Ձեր մաղթանքը ուսանողներին և համալսարանին` ԲՊՀ-90-ի կապակցությամբ։

- Ամենակարևոր բանը կցանկանամ, որ համալսարանը շարունակի իր գործունեությունը՝ որպես որակյալ կրթություն և արժեքներ փոխանցող հաստատություն ինչպես որ եղել է նախկինում։ Ուսանողներին ցանկանում եմ նպատակասլացություն, պատասխանատվություն և համբերություն՝ իրենց մասնագիտական ուղին ձևավորելու ընթացքում: