Մաքրահավաքներ հանուն մաքուր Հայաստանի
«Գրին-Գրին» հասարակական կազմակերպությունը ամեն շաբաթ և կիրակի օրերին կազմակերպում է մաքրահավաքներ, որին ակտիվ մասնակցություն են ունենում ոչ-միայն հայ երիտասարդները այլև օտարերկրյա զբոսաշրջիկները։
  • Սոնա Ավետիսյան
Ռուս, հայ և օտարերկրյա զբոսաշրջիկները Հայաստանում կազմակերպում են կամավորական աշխատանքներ, նպաստելով Երևանի և համայնքների մաքրմանը:

«Գրին-Գրին» բնապահպանական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2022 թվականի ապրիլին: Հիմնադիրը ռուսաստանաբնակ էկոակտիվիստ Դանա Վերգիլուշն է: Տեղափոխվելով Հայաստան, Դանան, որն ուներ մի քանի տարվա փորձ, որոշում է շարունակել իր գործունեությունը այստեղ՝ Հայաստանում: Facebook-յան ռուսալեզու խմբերից մեկում հայտարարություն էր տարածել՝ գան, միանան և շաբաթ օրը միասին մաքրեն Հրազդանի կիրճը: Դանային գալիս են օգնության մոտ յոթանասուն մարդ՝ հիմնականում ռուս ներգաղթյալներ: Կամավորական աշխատանքները ոչ միայն լավ առիթ էին մաքրելու այն երկիրը, որը, ըստ կամավորների, իրենց շատ ջերմ էր ընդունել, այլև հրաշալի առիթ էր նոր ընկերներ ու ծանոթներ գտնելու համար:
Արդեն այսօր այս մաքրահավաքները կրում են շարունակական բնույթ՝ ամեն շաբաթ և կիրակի կամավորները հավաքվում և մաքրում են Հայաստանի տարբեր հատվածներ: Ավելի ուշ, 2023 թվականին, հիմնադրվեց առաջին էկոկենտրոնը՝ «Գրին-Գրին»-ը: Էկոկենտրոնը նաև տարածք է, որտեղ կարելի է գնալ սուրճ խմելու, աշխատելու և շփվելու:

Կամավորները տարեց-տարի շատանում են, աշխատանքներին կարող են միանալ բոլորը: Հարկավոր է ունենալ միայն ցանկություն, լավ տրամադրվածություն և հոգատար վերաբերմունք շրջակա միջավայրի հանդեպ: Չնայած նրան, որ կամավորների մեծ մասը ռուսներ են, հայերը և զբոսաշրջիկները ևս հաճախ միանում են կամավորական աշխատանքներին: Կարելի է մասնակցություն ունենալ ոչ միայն ֆիզիկապես, այլև Telegram սոցիալական հարթակում՝ բոտ-օգնական բաժնում տեղեկացնելով առավել աղտոտված տարածքների մասին:
Հավաքված թափոնները և աղբը կազմակերպությունը հանձնում է Երևանի քաղաքապետարանի կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանության ՀՕԱԿ-ին կից թափոնների վերամշակման վարչությանը, որոնք հավաքում են և հանձնում վերամշակող վարչություններին կամ տանում աղբանոց։ Միակ աջակցությունը, որը ստանում է ՀԿ-ն քաղաքապետարանից՝ աղբահանման մեքենաների տրամադրումն է։ Այլ աջակցություն ՀՀ կառավարության կողմից ՀԿ-ն չի ստանում։ Միակ հովանավոր և գործընկերն է «Վեգա» ընկերությունը։

Բացի կամավորական աշխատանքներից, «Գրին-Գրին»-ն անցկացնում է նաև կրթական ծրագրեր՝ մանկապարտեզի տարիքի երեխաներից մինչև ավագ դպրոց հաճախող դեռահասների համար: Նպատակը ոչ միայն կամավորական աշխատանքների մասին տեղեկացնելն է, այլև աղբի վերամշակման, ինչպես նաև աղտոտման հետևանքների մասին բարձրաձայնելն ու իրազեկելն է՝ ոգեշնչելով դեռահասներին և երեխաներին մաքուր պահել շրջակա միջավայրը և էկոլոգիապես ավելի ընդունելի դարձնել այն:
Կամավորներին իրենց գործունեությունը շարունակելու համար ոգեշնչում է ուրախ մթնոլորտը, իրենց արած աշխատանքների արդյունքը: Ըստ կամավոր Ռուբեն Քալաշյանի, «ամեն ինչ սկսվում է հենց մեզնից, հեշտ է տանը նստել և բողոքել շրջակա միջավայրի աղտոտվածության մասին, փոխարենը կարելի է գործել»: Ըստ Ռուբենի՝ պետք է մտածել գլոբալ, աշխատել լոկալ:

«Գրին-Գրին» հասարակական կազմակերպությունը 2022 թվականից մինչ այսօր հավաքել է 133 տոննա աղբ, վերամշակման հանձնել՝ 42 տոննա։