Աուտիզմը դատավճիռ չէ
Նարեկը, ինչպես և իր հասակակից բոլոր երեխաները, կյանքի առաջին տարիներին ուներ զարգացման բնականոն ընթացք․ նա սկսեց քայլել ժամանակին, արձագանքում էր ծնողների ձայնին և հետաքրքրությամբ էր ուսումնասիրում իր շրջապատող աշխարհը։ Սակայն երկու տարեկանում ծնողները սկսեցին նկատել, որ Նարեկը չի արձագանքում իր անվանը, չի խոսում և ունի վարքային խնդիրներ։ Բժշկական հետազոտություններից հետո նրա մոտ ախտորոշվեց աուտիզմ, որը պահանջում է հատուկ ուշադրություն, խոսքի և վարքային աջակցություն։
Նարեկի քույրը՝ Մերի Թոփալյանը, որը ակտիվ դերակատարում ունի Նարեկի խնամքի գործում, ընդգծեց․ «Ծնողներս հիմնադրեցին Աուտիզմի զարգացման կենտրոն և սկսեցին սեմինարներ կազմակերպել։ Ես միշտ մասնակցում էի դրանց, լսում էի աուտիզմի մասին տարբեր մոտեցումներ, կարծիքներ և հենց այնտեղից եմ սկսել ուսումնասիրել երևույթը ավելի խորքային։ Հետագայում սկսեցի աշխատել մեր կենտրոնում,որտեղ 300-ից ավելի երեխա է հաճախում:»
Մերին բլոգ է վարում՝ հիմնականում անդրադառնալով աուտիզմին, և նրա բլոգի բովանդակության մեծ մասը նվիրված է Նարեկին։ Նա հաճախ տեղադրում է տեսանյութեր, որոնք պատմում են Նարեկի առօրյայի, զարգացման և հաջողությունների մասին։

Մերի Թոփալյան
«Դժվարություններ հիմնականում եղել են փոքր տարիքում։ Շատ դուրս չէինք գալիս Նարեկի հետ։ Ուր գնում էինք, նրան տանն էինք թողնում ինչ-որ մեկի հետ, ես նրան ոչ մի տեղ չէի կարողանում հետս տանել։ Համ վարքն էր շատ վատ, համ մարդիկ էին անհասկանալի հայացքներով նայում, երբեմն անտակտ բաներ խոսում կամ հարցեր տալիս։
Արդեն մոտ 5-6 տարի, սկսել ենք ներգրավել նրան ամեն տեղ։ Շատ աշխատանք տարանք հետը, վարքը բավականին շտկվեց, մինչ օրս էլ աշխատում ենք, ու երևի մինչ կյանքի վերջ էլ կաշխատենք։ Որովհետև եթե նրան այդպես թողնեինք, հիմա չէինք ունենա այն, ինչ ունենք»։
She has been nominated for an Academy Award, two Grammy Awards, and the Mercury Prize
Վերջին տարիներին աուտիզմի դեպքերի թվի աճը նկատելի է ամբողջ աշխարհում։ Սակայն մասնագետները նշում են, որ սա պարտադիր չի նշանակում, թե աուտիզմ ունեցող երեխաների իրական թիվն է ավելացել։ Աճը հաճախ կապված է այն փաստի հետ, որ այսօր աուտիզմի մասին ավելի շատ են տեղեկացված թե՛ բժիշկները, թե՛ ծնողները, և ախտորոշման մեթոդները դարձել են ավելի ճշգրիտ ու հասանելի։ Շատ դեպքեր, որոնք տարիներ առաջ կարող էին աննկատ մնալ կամ սխալ ախտորոշվել, այժմ ճիշտ ձևով են բացահայտվում։ Այսպիսով՝ կարելի է ասել, որ աուտիզմի դեպքերի թվի աճը հիմնականում պայմանավորված է ոչ թե հիվանդության տարածմամբ, այլ իրազեկության և ախտորոշման որակի բարձրացմամբ։
Հոգեբան, հոգեթերապևտ Օֆելյա Հարությունյանը ընդգծեց, որ վերջին տարիներին աուտիզմ ունեցող երեխաների ինտեգրումը հասարակության մեջ նկատելիորեն աճել է։ Նրա խոսքով՝ ավելի շատ ծնողներ այսօր գիտակցում են, թե որքան կարևոր է երեխային հնարավորություն տալ շփվելու, սովորելու և զարգանալու հավասար պայմաններում։ Միևնույն ժամանակ մասնագետը նշեց, որ դեռ հանդիպում են դեպքեր, երբ ծնողները փորձում են թաքցնել երեխայի աուտիզմը՝ վախենալով շրջապատի արձագանքից կամ չհասկացված վերաբերմունքից։
Հոգեբանը կարևորելով աուտիզմով երեխաների ծնողների հոգեկան առողջությունը ընդգծեց.





«Ծնողները պետք է նախապես տեղեկացնեն երեխայի շրջապատին՝ հարազատներին, դաստիարակներին կամ ուսուցիչներին, նրա առանձնահատկությունների և դժվարությունների մասին։ Նրա խոսքով՝ դա կարևոր է, որպեսզի շրջապատը կարողանա ճիշտ հասկանալ երեխայի վարքը, ցուցաբերի համբերություն և աջակցություն, ոչ թե քննադատություն կամ խուսափողական վերաբերմունք։ Նման բաց ու անկեղծ մոտեցումը նպաստում է երեխայի արագ ինտեգրմանը հասարակության մեջ և ստեղծում ավելի ընդունող ու անվտանգ միջավայր թե՛ երեխայի, թե՛ ծնողների համար»։

Օֆելյա Հարությունյան
Հոգեբան
Գայանե Վարդանյանը, որը երկար տարիներ աշխատում է ներառական խմբերի երեխաների հետ, ևս կարևորեց ներառական խնդիրներով երեխաների ինտեգրումը հասարակության մեջ։ Նրա խոսքով՝ ամենակարևոր քայլերից մեկը շրջապատի՝ հատկապես հասակակիցների, տեղեկացվածությունն ու ճիշտ վերաբերմունքն է։
«Ադապտացիոն փուլը յուրաքանչյուր երեխայի համար անհատական է և չի կարելի կոնկրետ ժամանակ սահմանել։ Որոշ երեխաներ կարող են առհասարակ չցանկանալ դպրոց գալ և հորինել տարբեր պատճառներ՝ գլխացավ, փորացավ կամ այլ հիմնավորումներ։ Այս դեպքում կարևոր է հաշվի առնել երեխայի տարիքային առանձնահատկությունները և հասկանալ, արդյոք նրա վարքը խնդրից է գալիս, թե հնարավոր մանիպուլյացիա է։ Ծնողը պետք է ակտիվ համագործակցի դպրոցի հետ, զրուցի ուսուցչի հետ և հասկանա, թե ինչպես է երեխան դրսևորում իրեն դասարանում և միջավայրում։ Անհրաժեշտության դեպքում երեխայի համար կազմակերպվում է աշխատանք հոգեբանի հետ, որպեսզի հեշտացվի հարմարվող փուլը և աջակցվի նրա հուզական ու սոցիալական զարգացմանը»։

Գայանե Վարդանյան
Մանկավարժ
Աուտիզմը ոչ թե դատավճիռ է, այլ առանձնահատկություն, որը պահանջում է ճիշտ մոտեցում և աջակցող միջավայր։ Ճիշտ տեղեկատվությունն ու հասարակության իրազեկվածությունը, ծնողների և մասնագետների համագործակցությունը, ինչպես նաև երեխայի ինտեգրումը դպրոցում ու սոցիալական միջավայրում մեծապես նպաստում են նրա զարգացմանը և ինքնավստահության ձևավորմանը։ Կարևոր է, որ ընտանիքը հոգ տանի և իր հոգեկան առողջությունն ամրապնդի, իսկ հասարակությունը՝ ընդունի տարբերությունը։

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐԸ`

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԵԴԻԱՅՈՒՄ

Նախագծի հեղինակ` Լիլի Միքայելյան
Նախագծի ղեկավար` Դավիթ Մուրադյան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ

Տեղեկատվության դարաշրջանում լրագրողական դաշտի ամենազգայուն և մարտահրավերներով լի ոլորտներից է միջազգային լուրերի և իրադարձությունների լուսաբանումը։ Միջազգային լուրերի լուսաբանումը ենթադրում է ոչ միայն օպերատիվություն և փաստարկվածություն, այլև պատասխանատվություն։ Հայաստանը, որպես տեղեկատվության ստացող երկիր, մեծապես կախված է արտասահմանյան մեդիա ռեսուրսներից:

Կախված են մեծապես՝ հաշվի առնելով վերոնշյալ ոլորտային վակուումը: Շատ քիչ լրատվամիջոցներ ունեն տեղերում թղթակիցներ/կապեր, ուստի ստիպված են հետևել միջազգային ԶԼՄ-ների աշխատանքին: Հայաստանում սահմանափակ է նաև փորձագիտական բազան, ուստի մեր լրագրողները հղում են կատարում միջազգային լրատվամիջոցների հեղինակային նյութերում տեղ գտած վերլուծական կարծիքներին։
Կան թե՛ դրական, թե՛ բացասական կողմեր: Բացասական կողմերից է այն, որ հնարավորություն չի ստեղծվում ինքնուրույն ծանոթանալու իրավիճակին՝ ամբողջ ծավալով, լրագրողը ստիպված է սահմանափակվել այս կամ այն լրատվամիջոցի տեսանկյունով, ինչի հետևանքով մեծ է կողմնակալ լուսաբանման հավանականությունը:


Դիանա Գասպարյան
Հանրային հեռուստաընկերության միջազգային լուրերի մեկնաբան- լրագրող
Նկարը` Դ. Գասպարյանի ֆեյսբուքյան էջից
ՈՐՔԱՆՈ՞Վ Է ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԵԴԻԱՆ ԿԱԽՎԱԾ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՄԵԴԻԱ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻՑ
Հայաստանյան մեդիան միջազգային լուրերի լուսաբանման գործընթացում զգալիորեն կախված է միջազգային մեդիայից՝ ինչպես բովանդակային, այնպես էլ աղբյուրային տեսանկյունից։ Սա պայմանավորված է մի շարք գործոններով, որոնցից հիմնականն է տեղական մեդիա ռեսուրսների սահմանափակ կարողությունները՝ օպերատիվորեն և անմիջականորեն լուսաբանելու արտասահմանյան իրադարձությունները։ Հայաստանի լրատվամիջոցները հաճախ ապավինում են համաշխարհային հեղինակավոր մեդիա հարթակներին՝ ինչպիսիք են BBC-ն, Reuters-ը, Deutsche Welle-ն և այլք՝ վերջիններիս հաղորդած տեղեկատվությունը վերարտադրելով կամ վերաշարադրելով։
Բացի այդ, միջազգային մեդիայի օրակարգը մեծապես ձևավորում է նաև հայաստանյան մեդիայի ուշադրության կենտրոնում հայտնվող թեմաները։ Այս համատեքստում կարևորվում է նաև տեղեկատվության վերլուծական մշակումն ու ազգային շահերին համահունչ ներկայացումը, ինչը, սակայն, միշտ չէ, որ հավասարաչափ է իրականանում։
Sputnik Armenia-ի հաղորդավար Արման Աբովյանի հետ զրույցում նա մանրամասնեց այն չափանիշները, որոնցով մեդիա հարթակն ընտրում է միջազգային լուրերի իր աղբյուրները:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐԻ ԼՈՒՍԱԲԱՆՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ՄԱՄՈՒԼՈՒՄ

Կատարած ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքում, պարզ դարձավ, որ որոշ հայկական լրատվամիջոցներ, ինչպիսիք են` «Հետք»-ը, CivilNet-ը, ինչպես նաև armnews.am-ը և news.am-ը, իրենց հրապարակումներում հաճախ թարգմանում կամ վերաշարադրում են միջազգային մեդիայի նյութերը։ Սա առավելապես նկատելի է այն դեպքում, երբ նյութերը վերաբերում են աշխարհաքաղաքական զարգացումներին, տարածաշրջանային հակամարտություններին կամ միջազգային դիվանագիտությանը։ Միջազգային լրահոսը հաճախ վերցվում է հեղինակավոր աղբյուրներից, ինչպիսիք են CNN-ը, BBC-ն, Al Jazeera-ն, ինչպես նաև Reuters-ը և AFP-ն։ Որոշ լրատվամիջոցներ անդրադառնում են սփյուռքահայ մամուլում հրատարակված վերլուծություններին, ինչպես օրինակ՝ «California Courier»-ի հոդվածները։ Այս երևույթը վկայում է այն մասին, որ հայկական մեդիան դեռևս մեծապես կախված է միջազգային աղբյուրներից՝ վերջիններիս մատուցած տեղեկությունները վերամշակելով և տեղայնացված տարբերակով ներկայացնելով հայ ընթերցողին։

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄԸ

Միջազգային-մշակութային իրադարձությունների լուսաբանումը հայաստանյան մեդիայում լուսաբանվում է հետևյալ սկզբունքով՝ առավելապես կախված տվյալ իրադարձության հանրային հետաքրքրության աստիճանից և մասնակցության հայկական տարրից։ Այս թեմատիկայով նյութերը հաճախ ներկայացվում են արտասահմանյան աղբյուրների համառոտ վերաշարադրմամբ կամ պաշտոնական տեղեկատվության թարգմանությամբ։ Հայկական մեդիայի ուշադրության կենտրոնում հիմնականում հայտնվում են այն մշակութային միջոցառումները, որոնցում ընդգրկված են հայ ներկայացուցիչներ, կամ որոնք տեղի են ունենում հայկական համայնքներ ունեցող երկրներում։ Միևնույն ժամանակ, համաշխարհային նշանակություն ունեցող մշակութային իրադարձությունները՝ օրինակ Կաննի կինոփառատոնը, Վենետիկի բիենալեն կամ Նոբելյան մրցանակաբաշխությունը, լուսաբանվում են համեստ ծավալով, առանց խորքային վերլուծության կամ մշակութաբանական դիտարկումների։

Այս թեմայի շուրջ զրուցել ենք «Բարև Երկիր» հաղորդման հաղորդավարուհի Դիանա Պողոսյանի հետ։