Նահատակ վանք․ սրբավայր Լոռու անտառում
Լոռու մարզի Մեծ Այրում գյուղից մոտ երկու կիլոմետր հեռավորության վրա՝ խիտ անտառում, տեղակայված է Նահատակ վանքը՝ հայոց վաղ քրիստոնեական շրջանի սրբավայրերից մեկը։ 5-րդ դարում կառուցված այս եկեղեցին իր պատմությամբ կապվում է Ջոջ իշխանի անվան հետ, որը եղել է Վարդան Մամիկոնյանի զինակիցներից։

Ըստ պատմական աղբյուրների՝ 451 թվականի Ավարայրի ճակատամարտից հետո Վարդան Մամիկոնյանի փեսան՝ Աշուշա բդեշխը, ստիպել է իր կնոջը՝ Շուշանիկին, հրաժարվել քրիստոնեությունից և ընդունել զրադաշտականությունը (կրակապաշտություն)։ Սակայն Շուշանիկը հրաժարվել է, ինչի հետևանքով նրան բանտարկել են Վրաստանի Մծխեթայի ամրոցում, որտեղ էլ տանջանքների է ենթարկվել, նահատակվել։
Ջոջ իշխանը, տեղեկանալով Շուշանիկի նահատակության մասին, խնդրել է Աշուշա բդեշխին իրեն հանձնել նրա աճյունը։ Շուշանիկի մարմինը տեղափոխվել է Ջոջ իշխանի ապարանք, որտեղ էլ նրան թաղել են և ի պատիվ նրա հիշատակի կառուցվել է այս վանքը, որը ստացել է Նահատակ անունը։ Իսկ վանքի հարևանությամբ գտնվող գյուղը հետագայում ստացել է Ճոճկան անվանումը (կապված Ջոջ իշխանի անվան հետ)։
17-րդ դարում Թիֆլիսի հայ առևտրականները դիմել են հայկական կողմին, որպեսզի վանքից մի մասունք հանձնեն վրաց եկեղեցուն, քանի որ վրաց ժողովուրդը և եկեղեցականները նույնպես պաշտել են Սուրբ Շուշանիկին։ Արդյունքում այդ մասունքը տեղափոխվել է Մծխեթա, որտեղ մինչ օրս ուխտավորներ են այցելում։


Նույն դարում Նահատակի վանքը վերանորոգվել է մի քահանայի կողմից, որի արդյունքում վանքի զույգ եկեղեցիները պահպանվել են մինչ օրս։ Վանքի մուտքի վերևում առկա է 17-րդ դարի վերանորոգման արձանագրությունը։
Վանքում ձեռագրեր կամ պատմական այլ նյութեր չեն պահպանվել։ Ախթալայի տարածաշրջանի և Սուրբ Աստվածածին վանքի վանահայր Տեր Հեթումը նշում է. «Նպատակ ունենք վերանորոգել վանքը, բարեկարգել ճանապարհը, ինչը կնպաստի դրա պահպանմանը և այցելուների թվի աճին»։
  • Անահիտ Դիվանյան
  • Սյուզի Խաչատրյան