Պատարագի սրբազան արարողությանը մասնակցեցին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և մի շարք այլ պատվարժան հյուրեր:
Հյուրերի ժամանումից հետո Հայրապետական հանդիսավոր թափորը Վեհարանի առջևից շարժվեց դեպի Մայր Տաճար: Ամենայն Հայոց հայրապետը, ուխտավորների և խաչվառների ուղեկցությամբ, օրհնեց դրսում հավաքված հավատացյալ ժողովրդին, և նրանք միասին մուտք գործեցին Մայր աթոռ:
Սարկավագ Հովհաննես Ասատրյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց Մայր տաճարի վերանորոգման պատճառները՝ նշելով, որ Մայր Աթոռը վատթար վիճակում էր, վնասվել էին գմբեթները, ներսի պատերն էլ արդեն մաշվել էին: Այդ պատճառով 2018 թվականի նոյեմբերին այն վերջնականապես փակվեց՝ հիմնանորոգումները կատարելու համար: Այնուհետև Մայր Տաճարն ամբողջությամբ վերանորոգվեց՝ հատակից մինչև գմբեթ: Սարկավագը հավելեց, որ մանրանկարչությունը և որմնանկարները չեն փոփոխվել, պարզապես վերաթարմացվել են: Կատարվել են նաև ամրակայման աշխատանքներ գմբեթների հատվածում, թարմացվել է հատակը, և տեղադրվել հովացման համակարգ կատարված աշխատանքների երկարակեցության համար: