Նախագծի հեղինակ՝ Լուիզա Ծատուրյան
Նախագծի ղեկավար՝ Գայանե Միրզոյան
Հիշողության պայքար.
Արցախյան պատերազմների ժառանգության պահպանման մարտահրավերները
Չնայած Արցախյան պատերազմների (1990-ականներից մինչև 2023թ.-ը) մեծ ազդեցությանը հայ հասարակության և պատմության վրա` մինչ օրս Հայաստանում չի հիմնվել որևէ ամբողջական թանգարան, որը նվիրված կլինի հենց այս պատերազմներին։ Սա մտահոգիչ բաց է մեր մշակութային և պատմական հիշողության պահպանման գործում, որը խոչընդոտում է նոր սերունդներին այս կարևոր իրադարձությունների պատշաճ ընկալման հարցում։

Այսօրվա դրությամբ մեր երկրում չկան պետական մակարդակով ճանաչված, մասնագիտական սկզբունքներով ձևավորված թանգարանային կառույցներ, որոնք համակարգված կներկայացնեն Արցախյան պատերազմների ընթացքը, հերոսների պատմությունները, ռազմաճակատի իրադարձությունները և պատերազմների հետևանքները։

Սակայն որոշ թանգարաններ փորձել են անդրադառնալ Արցախյան պատերազմներին իրենց ցուցադրությունների շրջանակում։
Եռաբլուրի Ազատամարտիկների թանգարան
Եռաբլուրի պանթեոնում կառուցվել է մի շինություն, որի մուտքի վրա հստակ գրված է՝ «Եռաբլուր պանթեոնի թանգարան»։ Այն նախագծվել է որպես թանգարան, որը պետք է արժանապատվորեն ներկայացնի Արցախյան պատերազմների հերոսների պատմությունները, փաստերն ու հիշողությունները։

Սակայն այցելության ընթացքում պարզ է դառնում, որ կառույցը չի ծառայում իր նպատակին։ Այն չունի թանգարանային գործառույթներ, ներսում չկան ցուցադրություններ, բացակայում են այցելուների համար նախատեսված նյութեր, բացատրական պաստառներ կամ մուտքի հանրային հասանելիություն։ Փոխարենը տարածքն օգտագործվում է որպես արհեստանոց, որտեղ պատրաստվում են դրոշներ, նստարաններ և այլ արարողակարգային պարագաներ։


Կարճ զրույցի ընթացքում աշխատակիցը սկզբում ներկայացրեց որոշ հիմնավորումներ թանգարանի չգործելու մասին, սակայն երբ իմացավ, որ խոսակցությունը կապված է ուսումնագիտական աշխատանքի հետ, հրաժարվեց հարցազրույցից և հերքեց նախնական ասածները։


Այս ամենը վկայում է այն կարևոր իրողության մասին, որ Եռաբլուրը, որպես ազգային հիշողության կենտրոնական վայրերից մեկը, փաստացի չունի գործող թանգարան, թեև այն կառուցվել է հենց այդ նպատակով և կրում է համապատասխան անվանումը։ Այդ բացը հիշողության փոխանցման գործընթացը թողնում է մասնավոր նախաձեռնությունների հույսին՝ դարձնելով այն մասնատված և անկառավարելի։

2020թ Արցախյան երկրորդ պատերազմից հետո Արցախից այս խաչքարերը տեղափոխվել են Երևան` Եռաբլուր զինվորական պանթեոն:
«Մայր Հայաստան» ռազմական թանգարան
«Մայր Հայաստան» ռազմական թանգարանը նվիրված է Հայրենական մեծ պատերազմին և մեր հերոսական անցյալին։ Թանգարանի գլխավոր ցուցադրությունները վերաբերում են Երկրորդ համաշխարհային պատերազմին, սակայն կա առանձին ցուցասրահ, որն անդրադառնում է Արցախյան պատերազմին, որտեղ ներկայացված են հերոսների լուսանկարներ, անձնական իրեր, զենքի, զինվորական իրերի որոշ նմուշներ, ինչպես նաև քարտեզներ։

«Շուշիի ազատագրումը»

Տրամապատկերի հեղինակներ՝ Կ․ Շահինյան, Ս․ Շահինյան

Չնայած այս նախաձեռնությանը՝ այն ամբողջականորեն չի ընդգրկում բոլոր պատերազմներն ու դրանց ազդեցությունները, և առավել շատ դիտարկվում է որպես ընդհանուր ռազմական պատմության շրջանակում ընդգրկված թեմա։
Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում ամփոփված են նահատակված ազատամարտիկների շիրիմներ ու խաչքարեր, որոնք խորհրդանշում են ազգային պայքարի շարունակությունը։
Խաչքարեր

Սակայն այս տարածքն ունի հուշահամալիրային և ոչ թանգարանային բնույթ և ուղղակիորեն չի ծառայում Արցախյան պատերազմների պատմության ներկայացմանը։

Մասնագիտական մոտեցումներ
Ազգագրագետ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի հայաբնակ շրջաններում հայության բռնաճնշումների ուսումնասիրության բաժնի վարիչ Հարություն Մարությանը Հայաստանում Արցախյան պատերազմներին նվիրված թանգարանի բացակայությունը մեկնաբանում է այսպես.

«Թանգարանը պետք է ներկայացնի ճշմարտությունը, իսկ այն քաղաքականացված և կուսակցականացված է։ Կարելի է ստեղծել թանգարան նվիրված Արցախյան պատերազմների հերոսներին, բայց ոչ պատերազմներին, քանի որ այսօր օբյեկտիվ, գիտական, փաստերով հիմնավորված ուսումնասիրությունները Արցախյան պատերազմների մասին բացակայում են»։

Հարություն Մարության, ազգագրագետ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի հայաբնակ շրջաններում հայության բռնաճնշումների ուսումնասիրության բաժնի վարիչ:
Մասնավոր նախաձեռնություններ

Թանգարանային բացը լրացնելու փորձեր հիմնականում արվում են մասնավոր նախաձեռնությունների շրջանակում։


Առանձնահատուկ է նաև Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից 2011 թվականին մեկնարկած «Լրատուն» մեդիա թանգարանի նախագիծը, որը նպատակ ունի ուսումնասիրել և ներկայացնել Հայաստանի անկախության շրջանի կարևոր հասարակական և քաղաքական զարգացումները՝ անդրադառնալով դրանց մեդիա լուսաբանման առանձնահատկություններին։

«Լրատուն» թանգարանն ապահովված չէ մշտական ցուցասրահով, այդ իսկ պատճառով թեմատիկ նյութերը ներկայացվում են շրջիկ ցուցահանդեսների միջոցով։ Ցուցահանդեսների ընթացքում այցելուներին առաջարկվում են ինտերակտիվ հնարավորություններ՝ ֆիլմերի դիտում, թեմատիկ ռեպորտաժների ուսումնասիրում, մեդիագրագիտության խաղեր և սեփական ռեպորտաժների ստեղծում։


«Լրատուն» մեդիա թանգարանը ներկայացնում է մուլտիմեդիա պատում այն պատմական իրադարձությունների մասին, որոնք խոր հետք են թողել Հայաստանի հասարակական հիշողության մեջ, սակայն մինչ օրս չունեն պաշտոնական թանգարաններ։ Նման դեպքերից են Արցախյան պատերազմները և 1988 թվականի Սպիտակի երկրաշարժը։

«Հակամարտության լրագրության դրվագներ» ցուցադրությունը ներկայացնում է վերջին 30 տարիների ընթացքում հայկական մեդիայի աշխատանքը հակամարտությունների լուսաբանման գործում։ Այս նախագծի համար Media.am կայքի թիմն օգտվել է 90-ականների տպագիր մամուլից, սեփական արխիվային տեսանյութերից, Հանրային ռադիոյում պահպանված հազվագյուտ հաղորդումներից, լուսանկարներից ու հոդվածներից։

«Նոթեր պատերազմից» մուլտիմեդիա նախագիծը յուրահատուկ հարթակ է, որը ներկայացնում է լրագրողների անձնական պատմություններ՝ 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում և դրանից հետո։ Նախագիծը պատկերում է, թե ինչպես է պատերազմն անդրադարձել հենց տեղեկատվության տարածման առաջնագծում կանգնած մասնագետների՝ լրագրողների կյանքի, աշխատանքի և հոգեկան վիճակի վրա։

Գեղամ Վարդանյան, Media.am կայքի գլխավոր խմբագիր:
«Դժվար է ասել, թե որքանով կարող են այս նախագծերը լրացնել պետական թանգարանների բացակայությունը, սակայն շատ կարևոր է այս նախաձեռնությունների առկայությունը, որպեսզի մարդիկ կարողանան ունենալ այլընտրանքային տարբերակներ պատմությանը, հիշողություններին ծանոթանալու, հաղորդակցվելու համար։ Եվ դա շատ ավելի լավ է, քան ոչինչը»
Գեղամ Վարդանյան
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի Media.am կայքի գլխավոր խմբագիր
Արմեն Հովհաննիսյանի փառքի սրահի ստեղծման գաղափարը Արմենի հայրիկինն է` Լևոն Հովհաննիսյանինը։ Ի սկզբանե Արմենի ննջասենյակը վերածվել է փառքի անկյունի՝ փոքրիկ սրբավայրի, առաջին հերթին ծնողների և ընտանիքի մյուս անդամների համար։ Սակայն, երբ հազարավոր մարդիկ սկսեցին այցելել՝ ճանաչելու մերօրյա հերոսին, Արմենի ծնողները որոշեցին փառքի անկյունը վերածել սրահի։

«Իրականում Արմենի թանգարանը հայրենասիրության դարբնոց է և այն մեծ դեր է խաղում սերունդների մոտ պատմական հիշողությունը պահպանելու համար․ այն է ճանաչել մեր հերոսներին,ովքեր սեփական կյանքը հայրենիքի զոհասեղանին դնելով`անմահացել են»

Մարինե Հովհաննիսյան
Արմեն Հովհաննիսյանի մայրը