Աուտիզմը դատավճիռ չէ
Նարեկը, ինչպես և իր հասակակից բոլոր երեխաները, կյանքի առաջին տարիներին ուներ զարգացման բնականոն ընթացք․ նա սկսեց քայլել ժամանակին, արձագանքում էր ծնողների ձայնին և հետաքրքրությամբ էր ուսումնասիրում իր շրջապատող աշխարհը։ Սակայն երկու տարեկանում ծնողները սկսեցին նկատել, որ Նարեկը չի արձագանքում իր անվանը, չի խոսում և ունի վարքային խնդիրներ։ Բժշկական հետազոտություններից հետո նրա մոտ ախտորոշվեց աուտիզմ, որը պահանջում է հատուկ ուշադրություն, խոսքի և վարքային աջակցություն։
Նարեկի քույրը՝ Մերի Թոփալյանը, որը ակտիվ դերակատարում ունի Նարեկի խնամքի գործում, ընդգծեց․ «Ծնողներս հիմնադրեցին Աուտիզմի զարգացման կենտրոն և սկսեցին սեմինարներ կազմակերպել։ Ես միշտ մասնակցում էի դրանց, լսում էի աուտիզմի մասին տարբեր մոտեցումներ, կարծիքներ և հենց այնտեղից եմ սկսել ուսումնասիրել երևույթը ավելի խորքային։ Հետագայում սկսեցի աշխատել մեր կենտրոնում,որտեղ 300-ից ավելի երեխա է հաճախում:»
Մերին բլոգ է վարում՝ հիմնականում անդրադառնալով աուտիզմին, և նրա բլոգի բովանդակության մեծ մասը նվիրված է Նարեկին։ Նա հաճախ տեղադրում է տեսանյութեր, որոնք պատմում են Նարեկի առօրյայի, զարգացման և հաջողությունների մասին։

Մերի Թոփալյան
«Դժվարություններ հիմնականում եղել են փոքր տարիքում։ Շատ դուրս չէինք գալիս Նարեկի հետ։ Ուր գնում էինք, նրան տանն էինք թողնում ինչ-որ մեկի հետ, ես նրան ոչ մի տեղ չէի կարողանում հետս տանել։ Համ վարքն էր շատ վատ, համ մարդիկ էին անհասկանալի հայացքներով նայում, երբեմն անտակտ բաներ խոսում կամ հարցեր տալիս։
Արդեն մոտ 5-6 տարի, սկսել ենք ներգրավել նրան ամեն տեղ։ Շատ աշխատանք տարանք հետը, վարքը բավականին շտկվեց, մինչ օրս էլ աշխատում ենք, ու երևի մինչ կյանքի վերջ էլ կաշխատենք։ Որովհետև եթե նրան այդպես թողնեինք, հիմա չէինք ունենա այն, ինչ ունենք»։
She has been nominated for an Academy Award, two Grammy Awards, and the Mercury Prize
Վերջին տարիներին աուտիզմի դեպքերի թվի աճը նկատելի է ամբողջ աշխարհում։ Սակայն մասնագետները նշում են, որ սա պարտադիր չի նշանակում, թե աուտիզմ ունեցող երեխաների իրական թիվն է ավելացել։ Աճը հաճախ կապված է այն փաստի հետ, որ այսօր աուտիզմի մասին ավելի շատ են տեղեկացված թե՛ բժիշկները, թե՛ ծնողները, և ախտորոշման մեթոդները դարձել են ավելի ճշգրիտ ու հասանելի։ Շատ դեպքեր, որոնք տարիներ առաջ կարող էին աննկատ մնալ կամ սխալ ախտորոշվել, այժմ ճիշտ ձևով են բացահայտվում։ Այսպիսով՝ կարելի է ասել, որ աուտիզմի դեպքերի թվի աճը հիմնականում պայմանավորված է ոչ թե հիվանդության տարածմամբ, այլ իրազեկության և ախտորոշման որակի բարձրացմամբ։
Հոգեբան, հոգեթերապևտ Օֆելյա Հարությունյանը ընդգծեց, որ վերջին տարիներին աուտիզմ ունեցող երեխաների ինտեգրումը հասարակության մեջ նկատելիորեն աճել է։ Նրա խոսքով՝ ավելի շատ ծնողներ այսօր գիտակցում են, թե որքան կարևոր է երեխային հնարավորություն տալ շփվելու, սովորելու և զարգանալու հավասար պայմաններում։ Միևնույն ժամանակ մասնագետը նշեց, որ դեռ հանդիպում են դեպքեր, երբ ծնողները փորձում են թաքցնել երեխայի աուտիզմը՝ վախենալով շրջապատի արձագանքից կամ չհասկացված վերաբերմունքից։
Հոգեբանը կարևորելով աուտիզմով երեխաների ծնողների հոգեկան առողջությունը ընդգծեց.





«Ծնողները պետք է նախապես տեղեկացնեն երեխայի շրջապատին՝ հարազատներին, դաստիարակներին կամ ուսուցիչներին, նրա առանձնահատկությունների և դժվարությունների մասին։ Նրա խոսքով՝ դա կարևոր է, որպեսզի շրջապատը կարողանա ճիշտ հասկանալ երեխայի վարքը, ցուցաբերի համբերություն և աջակցություն, ոչ թե քննադատություն կամ խուսափողական վերաբերմունք։ Նման բաց ու անկեղծ մոտեցումը նպաստում է երեխայի արագ ինտեգրմանը հասարակության մեջ և ստեղծում ավելի ընդունող ու անվտանգ միջավայր թե՛ երեխայի, թե՛ ծնողների համար»։

Օֆելյա Հարությունյան
Հոգեբան
Գայանե Վարդանյանը, որը երկար տարիներ աշխատում է ներառական խմբերի երեխաների հետ, ևս կարևորեց ներառական խնդիրներով երեխաների ինտեգրումը հասարակության մեջ։ Նրա խոսքով՝ ամենակարևոր քայլերից մեկը շրջապատի՝ հատկապես հասակակիցների, տեղեկացվածությունն ու ճիշտ վերաբերմունքն է։
«Ադապտացիոն փուլը յուրաքանչյուր երեխայի համար անհատական է և չի կարելի կոնկրետ ժամանակ սահմանել։ Որոշ երեխաներ կարող են առհասարակ չցանկանալ դպրոց գալ և հորինել տարբեր պատճառներ՝ գլխացավ, փորացավ կամ այլ հիմնավորումներ։ Այս դեպքում կարևոր է հաշվի առնել երեխայի տարիքային առանձնահատկությունները և հասկանալ, արդյոք նրա վարքը խնդրից է գալիս, թե հնարավոր մանիպուլյացիա է։ Ծնողը պետք է ակտիվ համագործակցի դպրոցի հետ, զրուցի ուսուցչի հետ և հասկանա, թե ինչպես է երեխան դրսևորում իրեն դասարանում և միջավայրում։ Անհրաժեշտության դեպքում երեխայի համար կազմակերպվում է աշխատանք հոգեբանի հետ, որպեսզի հեշտացվի հարմարվող փուլը և աջակցվի նրա հուզական ու սոցիալական զարգացմանը»։

Գայանե Վարդանյան
Մանկավարժ
Աուտիզմը ոչ թե դատավճիռ է, այլ առանձնահատկություն, որը պահանջում է ճիշտ մոտեցում և աջակցող միջավայր։ Ճիշտ տեղեկատվությունն ու հասարակության իրազեկվածությունը, ծնողների և մասնագետների համագործակցությունը, ինչպես նաև երեխայի ինտեգրումը դպրոցում ու սոցիալական միջավայրում մեծապես նպաստում են նրա զարգացմանը և ինքնավստահության ձևավորմանը։ Կարևոր է, որ ընտանիքը հոգ տանի և իր հոգեկան առողջությունն ամրապնդի, իսկ հասարակությունը՝ ընդունի տարբերությունը։
Ժամանակակից արվեստի ներկայացման խնդիրները հայաստանյան մեդիայում
Ուսանող՝ Նայիրի Արապաթեան
Դասախոս՝ Լիլիկ Ստեփանյան, բ․գ․թ․
Ժամանակակից արվեստի մասին մարդկանց պատկերացումները շատ տարբեր են, ոմանց համար այն նորարարական կամ յուրահատուկ ուղղություն է, մյուսների համար՝ անհասկանալի և անգամ տարօրինակ։ Մինչ այն շարունակում է մնալ քննադատությունների կիզակետում, ժամանակակից արվեստը ընդլայնում է իր դաշտը և ներկայացնում նոր մոտեցումներ, որոնք երբեմն այդքան էլ ողջունելի չեն շատերիս համար։
Հայկական մեդիայի ուշադրությունը, արվեստի ոլորտում, հիմնականում կենտրոնանում է որոշակի ուղղությունների վրա՝ մասնավորապես կերպարվեստի, իսկ այլ ճյուղերի՝ լուսանկարչության, պարի, թատրոնի մասին մեր պատկերացումները կարծես սահմանափակ են կամ մակերեսային։
Նախևառաջ, անհրաժեշտ է տարբերակել Modern art և Contemporary art տերմինները։
Թյուրիմացություն է առաջանում, քանի որ հայերենում շատ հաճախ երկու դեպքերում էլ կիրառվում է ժամանակակից արվեստ եզրույթը։
Ժամանակակից արվեստ (Contemporary art) ուղղությունը ձևավորվել է 1960-ական թվականներին և բնորոշվում է նոր մեթոդների և մեդիաների օգտագործմամբ։ Այն ներառում է նոր ձևեր, ինչպիսիք են վիդեոարտը, ինստալացիան, ռեդի մեյդը, պերֆորմանսը և այլն։
Մինչդեռ մոդեռն արվեստը ժամանակագրորեն ներառում է ավելի վաղ շրջան` 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի կեսերը։
Ի տարբերություն դասական արվեստի, որը կարելի է շատ հաճախ պարզապես տեսողությամբ ընկալել, ժամանակակից արվեստը իրենից ենթադրում է խորը ուսումնասիրություն և բացատրության անհրաժեշտություն։ Այն միտված է ավելի շատ նոր գաղափար, «քաղաքական» խնդիր փոխանցելուն, քան էսթետիկ բավարարվածությանը։
Ժամանակակից արվեստն ու մեդիան

5 րոպե արվեստ

Համացանցում հաճախ դժվար է գտնել արվեստին վերաբերող որակյալ հայալեզու տեղեկատվություն:
Որակյալ հաղորդման վառ օրինակ է Առաջին ալիքի 2020 թվականից թողարկած Ֆիլմաշարը, որը պատմում է Հայաստանում ապրող և ստեղծագործող արվեստագետների մասին:

Ժամանակակից արվեստի մասին իր զանազան թեմաներով աչքի էր ընկնում նաև Artասովոր վիդեոփոդքասթը, որն ստեղծվել է Բուն TV-ի և Գաֆէսճեան արվեստի կենտրոնի համագործակցության արդյունքում։ Փոդքասթը վարողները՝ կենտրոնի ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցն ու կրթության գծով տնօրեն Ելիզավետա Շիրինյանն են։ Այն եթեր է հեռարձակվել 2022- 2025 թթ․ և ունեցել 56 հաղորդում։ Հաղորդման շրջանակում քննարկվել են արվեստի ճյուղերի, արվեստագետների գործունեության և այլ արվեստոտ թեմաների մասին՝ ինչպես հայկական, այնպես էլ միջազգային ասպարեզում, թեմաներ, որոնց վերաբերյալ բարդ է գտնել հայալեզու տեղեկություն։

Թեմաներից՝ Սարսափը արվեստում, Ո՞վ է համադրողը, Ամենաթանկ արվեստի գործերը, Հումորն արվեստում, Լավ և վատ արվեստ և այլն
Ելիզավետա Շիրինյանը արվեստաբան է, ավելի քան 13 տարի զբաղվում է թանգարանային կրթությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում։ Նա, որպես արվեստաբան, կարևոր է համարում հասարակության վերաբերմունքը ժամանակակից արվեստի նկատմամբ, որը պետք է դրսևորվի կրթությամբ, հատուկ մոտեցմամբ, տոլերանտությամբ։

«Այնպես չէ, որ մեկ օրում մեր հասարակությունը կսկսի ընկալել ժամանակակից արվեստը, ո՛չ, դա ժամանակ է պահանջում և որոշակի ցանկություն։ Շատերը ուզում են միանգամից մտնել սրահ և այդ էֆեկտը զգալ, բայց այդպիսին է ժամանակակից արվեստը, այդպիսին է կոնցեպտուալ արվեստը, պետք է մի քիչ ընկղմվել դրա մեջ, մի քիչ կարդալ և փորձ անել հասկանալ այն։
Իսկ արվեստի հիմնական գործառույթը, ես կարծում եմ՝ կրթելն է»։
Ելիզավետա Շիրինյան
Արվեստի մեծ թշնամին լավ ճաշակն է․ Մարսել Դյուշան
Մարսել Դյուշան․ «Շատրվան 1917թ․»
Ready Made (պատրաստի առարկա)

Գործը համարվում է "Ready Made" ուղղության առաջին կարևոր քայլերից մեկը։
Այն դադաիզմի և կոնցեպտուալ արվեստի ամենահայտնի գործերից մեկն է։ Դադաիզմի ներկայացուցիչները մերժում էին տրամաբանությունը, դատողությունը և կարևորում գաղափարը, մտահղացումը։ Շատրվանը հարցականի տակ դրեց արվեստի սահմանումները․․․
Ոլորտի մարտահրավերները
Ըստ արվեստաբան Ելիզավետա Շիրինյանի՝ այսօրվա ամենագլոբալ խնդիրներից մեկը մեր երկրում ժամանակակից արվեստի թանգարանների բացակայությունն է։
 1972թ․ Հայաստանի Խորհրդային Հանրապետության մայրաքաղաք Երևանում բացվեց Ժամանակակից արվեստի թանգարանը։ Խորհրդային ժամանակներում հիմնադրման թույլտվությունը ստանալու համար Հենրիկ Իգիթյանը մեծ ջանք է ներդրել։ Որպես մասնագիտացված ժամանակակից և մոդեռն արվեստի թանգարան, այն դարձավ առաջինը Սովետական Միության տարածքում, և հետագա 20 տարիների ընթացքում անփոփոխ պահեց իր դիրքը։
Հենրիկ Իգիթյանը նորաստեղծ Ժամանակակից արվեստի թանգարանում
Լուսանկարը՝ թանգարանի արխիվից

Թանգարանի ստեղծման գործում 60-ական թվականների հայ լավագույն նկարիչները մեծ աջակցություն ցուցաբերեցին Հ․Իգիթյանին։ Թանգարանում կարելի է գտնել հայ ժամանակակից նկարիչների՝ Մինաս Ավետիսյանի, Ռուդոլֆ Խաչատրյանի, Հենրիկ Էլիբեկյանի, Հակոբ Հակոբյանի և այլ հայ հանրաճանաչ նկարիչների ու քանդակագործների աշխատանքները։

«Սակայն թանգարանը, զուտ ժամանակագրորեն, ներառում է աշխատանքներ, որոնք ստեղծվել են նախորդ դարում և ցուցադրվող արվեստագետներից շատերն էլ նույնիսկ այսօր կենդանի չեն։ Այնուամենայնիվ, մենք ունեցել ենք դեռևս այդ թվականից, 15 հանրապետությունից հենց Հայաստանում, ինչը նաև խոսում է հայի նորարար, համարձակ և ստեղծարար լինելու մասին»,- ասում է Ելիզավետան։

Նորարար փորձառական արվեստի կենտրոն

ՆՓԱԿ-ը ժամանակակից արվեստի կենտրոն է, որը բացվել է 1990թ․։
Այն եղել է տարածաշրջանում առաջինը, որն զբաղվել է խմբակային ցուցադրությունների կազմակերպմամբ՝ սկսելով տարեկան 1 ցուցադրությունից։ Այսօր դրանց թիվը հասնում է 20-ի։
Ամեն տարի, կազմակերպելով 1 ցուցահանդես Թումանյանի տուն-թանգարանում, Ժամանակակից արվեստի թանգարանում, փորձում էին ճանաչել մթնոլորտն ու մարդկանց։
Գրեթե 15 տարի հենց ՆՓԱԿ-ն է կազմակերպել և ներկայացրել Հայաստանի ազգային տաղավարը Վենետիկի բիենալեում։
Կենտրոնում կարելի է բացահայտել ՆՓԱԿ-ի փորձառական թատրոնը, կինոն, վիդո-արվեստն ու երաժշտությունը։

Պար
Ռիմա Պիպոյան

Ռիմա Պիպոյանը համարվում է Հայաստանում ժամանակակից պարի հիմնադիրներից մեկը։

Նա բեմադրիչ-խորեոգրաֆ է, պարուհի, պարուսույց, 2020 թվականին Երևանի պարարվեստի պետական քոլեջում հիմնադրել և ղեկավարում է երկրում առաջին և միակ «Մոդեռն պար» բաժինը։ Նա միաժամանակ տարբեր աշխատանքներ է կատարում՝

դասավանդում, բեմադրում, մաս կազմում միջազգային տարբեր նախագծերի։

Պիպոյանը պարային կարճամետրաժ ֆիլմերի միջոցով վեր է հանում կենսական խնդիրներ։

Նրա գործունեությունը մեծապես նպաստում է ժամանակակից պարի զարգացմանն ու հանրայնացմանը Հայաստանում։

Պարուհին իր ստեղծագործական ճանապարհի սկզբում ուսումնասիրել է պարարվեստի հիմքերը։ Ժամանակները փոխվում էին, և նա գիտակցում էր, որ բալետը, որքան էլ հիասքանչ լիներ, իր դարաշրջանի համար էր ստեղծված։ Այն արտահայտել էր իր ժամանակի գաղափարներն ու պահանջները։ Իսկ ժամանակակից մտածողությունը նոր մոտեցում էր պահանջում։
Այս գիտակցումը նրան մղում է նոր ուղու որոնմանը՝ նպատակ ունենալով ձևավորել մի արվեստ, որը կհամադրի ավանդականն ու նորարարականը։
«Արժեքավոր գործերը միշտ ընդունելի և հասկանալի են հանդիսատեսի կողմից»։
Ըստ Պիպոյանի՝ վերջին 20 տարիների ընթացքում նկատելի է ժամանակակից պարի զարգացումն ու մարդկանց հետաքրքրությունը իր նկատմամբ։ Իսկ երիտասարդների մտածելակերպն ու ընկալումը հետզհետե փոխվում է, ինչն էլ ապահովում է նրա աշխատանքի սահուն ընթացքը։
Լուսանկարները՝ Ռիմա Պիպոյանի արխիվից


«Դժվար է ասել, որ ժամանակակից պարը զարգացած է Հայաստանում այնպես, ինչպես Եվրոպայում է։ Բայց ինչ վերաբերում է մտածելակերպին ու ձգտումներին, գրեթե տարբերություն չկա, միգուցե մարմինն ու տեխնիկան տարբեր են, սակայն տարբեր մարմնի լեզուներով գնում ենք նույն ուղղությամբ»,- ասում է Ռ․Պիպոյանը։
Լուսանկարները՝ Ռիմա Պիպոյանի արխիվից

Պարուհու խոսքով՝ ամենաարդի խնդիրներից է բարձրակարգ մասնագետների և ուսումնական հաստատությունների սակավությունը, ինչպես նաև վերահսկողության բացակայությունը։

«Իմ ամենամեծ խնդիրը ստեղծելն է այդ դասավանդողներին, որոնք միայն ես չեմ լինի, կամ 2 հոգի չեն լինի, դրանք կլինեն մի քանիսը ու ոչ միայն կդասավանդվի Պարարվեստի պետական քոլեջում, այև ուրիշ հաստատություններում, որտեղ որ ազատ ոճ են ասում ու չգիտես՝ ինչ են անում, ցավալի է։ Լավ ուսանողներն ավարտում են, չգիտեն՝ ինչ անեն, ո՛չ պարի պրոֆեսիոնալ խմբեր գոյություն ունեն, ո՛չ թատրոն գոյություն ունի, ո՛չ ինչ-որ ուսումնական հաստատություն, ինստիտուտ բարձրագույն կրթության համար, որտեղ կկարողանան շարունակել սովորել իրենց մասնագիտությամբ»։

Ռիման բազմիցս ներկայացրել է Հայաստանը միջազգային տարբեր փառատոներում՝ արժանանալով մրցանակների և պատվոգրերի։ Նրա բեմադրությունները մեծ հաջողություն են ունեցել արտասահմանում, սակայն, ցավոք, նույնը դժվար է ասել Հայաստանի մասին։ Եղել են դեպքեր, երբ նույնիսկ արտասահմանյան լրատվամիջոցները նրա ներկայացումներից հետո հետաքրքրվել են նրա արվեստով, լուսաբանել և հրավիրել հարցազրույցների։ Մինչդեռ Հայաստանում նրա աշխատանքի և ողջ ոլորտի հանդեպ հաճախ նկատվում է անտարբերություն։
Լուսանկարչություն
Նազիկ Արմենակյան
Նազիկ Արմենակյանը 2000-ականների սկզբին մեդիա ոլորտում գործունեություն սկսած առաջին հայ կին լուսանկարիչներից է։ Նա իր կարիերան սկսել է որպես ֆոտոլրագրող, իսկ հետագայում անցում կատարել դեպի վավերագրական լուսանկարչություն։ Նրա ուշադրության կենտրոնում մշտապես գտնվել են այն թեմաները, որոնք հասարակության կողմից հաճախ անտեսվել են կամ դիտավորյալ լռության մատնվել։


Արմենակյանը բացի Հայաստանում գործունեություն ծավալելուց, ակտիվորեն մասնակցում է միջազգային ցուցահանդեսների։ Նրա աշխատանքները ներկայացվում և գնահատվում են արտասահմանյան տարբեր հեղինակավոր հարթակներում։
Նա միշտ հետևում է ոլորտի զարգացման միտումներին․ իհարկե կոմերցիոն լուսանկարչությունը շարունակում է մնալ պահանջված, միաժամանակ` շատ ավելի եկամտաբեր, ինչը դժվար է ասել ֆոտոլրագրության և վավերագրական լուսանկարչության մասին։
«Ընդհանուր առմամբ, այս ճյուղը միշտ էլ զարգացած է եղել Հայաստանում։ Մենք ունեցել ենք և շարունակում ենք ունենալ տաղանդավոր և փորձառու ֆոտոլրագրողներ, խորը մտածողությամբ վավերագրող լուսանկարիչներ։ Ավելի դանդաղ կամ ընդհանրապես չզարգացողը հնարավորություններն են։ Այն հարթակները, որտեղ լուսանկարչությունը պետք է ներկայացվի՝ առցանց կայքեր, թանգարաններ, պատկերասրահներ, ինչպես նաև ցուցադրման վայրեր, դեռևս լիարժեք զարգացած չեն։ Այս դանդաղ զարգացումը պայմանավորված է մի քանի գործոններով, հատկապես՝ ոլորտի հանդեպ ընդհանուր հետաքրքրության պակասով և խոշոր ներդրումների բացակայությամբ»։
Նազիկ Արմենակյան

Լուսանկարչուհին իր նախագծերի միջոցով ներկայացրել է հասարակության տարբեր խմբերի պատմությունները՝ փորձելով լսելի դարձնել փոքրամասնությունների, ԼԳԲՏ անձանց, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց, ինչպես նաև Ցեղասպանությունը վերապրածների ձայները։ Արմենակյանը 2012թ․ համահիմնադրել է «4 Պլյուս» վավերագրական լուսանկարչության կենտրոնը, իսկ 2017 թվականին՝ կայքը։ Որպես վիզուալ պատմությունների հարթակ, այն իր տեսակով միակն է, որը ուսումնասիրում և վավերագրում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները՝ ընդգծելով և հանրայնացնելով հասարակության համար արդիական ու կարևոր խնդիրները։


«
Նազիկ Արմենակյան
Կարմիր Սև Սպիտակ, 2021
ՄԻԱՎ-ով ապրող կանանց մասին
Արմենակյանի խոսքով՝ վավերագրական լուսանկարչության արխիվացման հարցը ևս մնում է լուրջ խնդիր։ Չի հավաքագրվում լուսանկարիչների տարիների աշխատանքը, չկան համապատասխան տարածքներ, որտեղ կարելի է ուսումնասիրել, կամ առցանց դիտարկել այդ մարդկանց գործունեությունն ու նրանց իրականացրած նախագծերը։
«Երբ սկսեցի աշխատել իմ առաջին, երկարաժամկետ նախագծի վրա՝ Ցեղասպանությունը վերապրածների, որպես վավերագրող լուսանկարիչ հասկացա, որ ինձ հատկապես գրավում է դանդաղ ու մանրակրկիտ աշխատանքը։ Այն պարզապես անընդհատ լուսանկարելու մասին չէ. Այստեղ ձևավորվում է լրիվ ուրիշ մասնագետ, որը ոչ միայն տեխնիկապես տիրապետում է խցիկին կամ կարողանում է ստեղծել մարդկային հարաբերություններ, այլև խորությամբ սկսում է ուսումնասիրել թեման։
Այս գործընթացը պահանջում է հետազոտություն, ընթերցանություն, դիտարկում, լսելու հմտություն, տարբեր մասնագետների հետ շփում: Որքան էլ դու ունենաս քո օբյեկտիվ կարծիքը և մոտեցումը այդ թեմային, բայց ժամանակի ընթացքին դա դառնում է շատ ավելի պինդ և հասուն, ինչը չի կարող չազդել լուսանկարի ստեղծման վրա։ Այդպես էլ ինձ սկսեց դուր գալ այս պրոցեսը՝ առանց կաղապարվելու աշխատելը»։


«
«Վերապրածներ»
ֆոտոգիրք
2015թ․
Մեծածավալ լուսանկարչական պատում՝ Հայոց ցեղասպանությունից ողջ մնացածների մասին, որն ընդգրկում է դիմանկարներ, ինտերիերի պատկերներ, ականատեսների վկայություններ և արխիվային լուսանկարներ
Լուսանկարչության պրոցեսը հարաբերություններ ստեղծելու պրոցես է
«Լուսանկարը շատ ուժեղ ազդելու միջոց է մարդու տեսողական գիտակցության վրա: Իմ փորձառությունից կարող եմ ասել, որ թե՛ դրական, թե՛ բացասական ազդեցությունները որոշիչ դեր ունեն։ Եթե ինչ-որ մեկը նայում է լուսանկարին և ասում՝ «ես չեմ ուզում սա տեսնել», նշանակում է այն ուժեղ ազդեցություն ունի և կփոխի այդ մարդուն։
Այն կարող է ձևավորել նոր գիտելիք թեմայի վերաբերյալ, որի մասին մարդիկ նախկինում այլ պատկերացում ունեին կամ ընդհանրապես պատկերացում չունեին։ Դա հիմք կարող է հանդիսանալ, որպեսզի մարդը սկսի ավելի գիտակից մոտենալ թեմային, ուսումնասիրի այն, կարդա և խորանա»։
Ժամանակակից արվեստն իր բազմաշերտ բովանդակությամբ և նորարարական մոտեցումներով պահանջում է ավելի հիմնավոր և բազմակողմանի լուսաբանում, սակայն դա դեռևս լիարժեք չի իրականացվում։