Հոկտեմբերի 2-ին Թբիլիսիում կայացած աշխարհի առաջնությունում Սպարտակը անցկացրեց հինգ անընդմեջ մենամարտ՝ ամեն օր դուրս գալով ռինգ ու պահպանելով անսասան կենտրոնացումը։ Վերջնական փուլում Սպարտակը վստահ հաղթեց նիգերիացի Բենջամին Էդոզիին՝ պայքարն ավարտելով խեղդող հնարքով երրորդ ռաունդում։ Բայց այս հաջողության ճանապարհը երկար ու բարդ է եղել։
Սպարտակը ծնվել և մեծացել է Երևանում։ Մարզական ուղին սկսել է հինգ տարեկանում՝ զբաղվելով բոքսով, սակայն շուտով հասկացել է, որ ուզում է փորձել տարբեր մարզաձևեր։ Տասներկու տարեկանում նա սկսել է մարզվել Petrosyan Dojo ակումբում, հաճախել BJJ (Brazilian Jiu-Jitsu – բրազիլական ջիու-ջիցու) և ազատ ոճի ըմբշամարտի դասերի։ Այդ տարիներին արդեն սկսել է մասնակցել Հայաստանի MMA առաջնություններին։
«Ես միշտ սիրել եմ պայքարել, բայց ոչ միայն մրցակցի, այլև ինքս ինձ հետ։ Ամեն մարզումից հետո ուզում էի դառնալ ավելի լավը», — պատմում է նա իր հարցազրույցներից մեկում։
2022-ին՝ 18 տարեկանում, Սպարտակը տեղափոխվեց ԱՄՆ, Կոլորադո նահանգ։ Այստեղ նա միաժամանակ շարունակում է ուսումը և մարզումները։ Նա սովորում է Կոլորադոյի համալսարանում՝ «Համակարգչային գիտություններ» մասնագիտությամբ։ Միևնույն ժամանակ, նա մարզվում է մի քանի բարձրակարգ ակումբներում՝ High Altitude, Logos և ONX, որտեղ մարզվում են միջազգային մակարդակի մարտիկներ։
Չնայած արտերկրում բնակվելու փաստին, Սպարտակը շարունակում է հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում։
«Ֆեդերացիան ինձ թույլտվեց ներկայացնել հայրենիքս, և դա մեծ պատիվ է։ Յուրաքանչյուր հաղթանակի պահին ես մտածում եմ Հայաստանի մասին», — ասում է նա։
Աշխարհի առաջնությունում ամենաբարդ մենամարտը, նրա խոսքով, եղել է իռլանդացի մրցակցի՝ Ջորդան Սքալիի հետ։ «Նա շատ ուժեղ էր, և մեր ոճերը նման էին։ Առաջին ռաունդում նա հաղթեց, բայց ես կարողացա փոխել մարտավարությունը և վերցնել հաղթանակը», — պատմում է Միքայելյանը։
Հաղթանակից հետո նա նշել է, որ ամենադժվարը ոչ թե մենամարտերն էին, այլ հինգ օր շարունակ կշռման և պատրաստվածության պահպանումը։ «Ամեն առավոտ պետք է վերահսկես քաշդ և սնունդդ։ Դա շատ է ուժասպառ անում, բայց հենց դա է ձևավորում մարտիկին», — ասում է նա։
Սպարտակի մարզիչն ու մենեջերը՝ ՀարութՊողոսյանը, նշել է, որ այս հաղթանակը վերջինն էր սիրողական կարիերայում։ Հաջորդ մենամարտը կլինի արդեն պրոֆեսիոնալ մակարդակում։
Այսպահին արդեն կան մի քանի առաջարկներ տարբեր կազմակերպություններից, այդ թվում՝ APFC (Asian Professional Fighting Championship – Ասիական պրոֆեսիոնալ մարտականառաջնություն)։
Բացի MMA-ից՝ Սպարտակը նաև Եվրոպայի չեմպիոն է գրեփլինգում․ 2023-ին նա հաղթել է Վարշավայում անցկացված U21 աշխարհի առաջնությունում։ Չնայած հիմա կենտրոնացած է MMA-ի վրա, չի բացառում ապագայում կրկին հանդես գալ գրեփլինգում։ Հարցին՝ որն էիր ուժեղ կողմը, Սպարտակը պատասխանում է համեստորեն․ «Գրեփլինգը և դիմացկունությունը։ Ես արագ եմ հարմարվում մրցակցին։ Մենամարտը ինձ համար ոչ թե կռիվ է, այլ խաղ, որտեղ ամեն վայրկյան պետք է մտածես»։
Այսօր Սպարտակ Միքայելյանը ոչ միայն Հայաստանի, այլև միջազգային MMA-ի ամենախոստումնալից անուններից մեկն է։ Սակայն նրա խոսքերով՝ սա միայն սկիզբն է․
«Ես ուզում եմ, որ Հայաստանը տեսնեն ոչ միայն որպես երկիր, որտեղից գալիս են լավ մարզիկներ, այլև որպես երկիր, որը կարող է ունենալ աշխարհի լավագույն մարտիկներին։ Սա իմ ճանապարհի առաջին կանգառն էր»։