Մեկանգամյա պլաստիկի արգելք․
առողջ միջավայր, թե՞ տնտեսական ճգնաժամ
2027 թվականի հունվարի 1-ից Հայաստանը պատրաստվում է անցնել պլաստիկի օգտագործման լուրջ սահմանափակումների: Կառավարությունը նոյեմբերի 14-ի նիստում հաստատել է Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնած օրենսդրական փաթեթը, որով արգելվելու է պոլիէթիլենային տոպրակների և պարկերի վաճառքն ու օգտագործումը առևտրի, սննդի, շրջիկ առևտրի կետերում և տոնավաճառներում։ Սահմանափակումը վերաբերում է նաև 50 միկրոնից բարձր հաստությամբ տոպրակներին, որոնք մինչ այժմ լայնորեն կիրառվում էին որպես «ամուր» և բազմակողմանի օգտագործվող փաթեթավորում։

Թույլատվություն կտրվի միայն կշռափաթեթավորման համար նախատեսված բարակ տոպրակներին և երկրորդային հումքով արտադրված աղբի պարկերին։
Արգելքը ազդելու է նաև մեկանգամյա օգտագործման պլաստիկ սպասքի և խմելու ձողիկների վրա,բացառություն` միայն այն տարաների համար, որոնք անհրաժեշտ են կշռափաթեթավորման գործընթացում։
Փոխարենը, նախարարությունը Քաղաքացիներին և տնտեսվարողներին առաջարկում է շրջակա միջավայրի համար անվտանգ այլընտրանքներ՝ կտորե, թղթե պայուսակներ, ինչպես նաև թղթից, փայտից կամ փայլաթիթեղից պատրաստված սպասք։

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը շեշտում է՝ ծրագրի նպատակը մեկն է՝ առողջ միջավայրի և պատասխանատու տնտեսության ձևավորումը։

«Մեկանգամյա օգտագործման պլաստիկի սահմանափակումը ոչ միայն բնապահպանական, այլև քաղաքական, տնտեսական ու առողջապահական նշանակություն ունի։ Այն համահունչ է համընդհանուր առողջապահական ապահովագրությանտրամաբանությանը, քանի որ առողջ հասարակություն հնարավոր չէ առանց մաքուր շրջակա միջավայրի։ Այս քայլով ևս մեկ անգամ մեր երկիրը ներկայացնելու ենք որպես պատասխանատու և կայուն զարգացման սկզբունքներին հավատարիմ պետություն, որն էլ հզոր ազդակ է միջազգային հանրությանը՝ Հայաստանում անցկացվելիք COP 17 միջազգային համաժողովի նախաշեմին»:

Այս որոշումը մեծ հավանության է արժանացել ինչպես մասնագետների, այնպես էլ հասարակական կազմակերպությունների կողմից։
Բնապահպան Արթուր Սարգսյանը նշում է, որ այս որոշումը ոչ միայն բնապահպանական, այլև առողջապահական նշանակություն ունի։

«Միկրոպլաստիկի կուտակումը վտանգում է թե՛ կենդանական աշխարհը, թե՛ մարդկանց առողջությունը։ Պլաստիկի սահմանափակումն ուղղակիորեն նշանակում է՝ նվազեցնել հիվանդացության ռիսկերը։ Սա քայլ է՝ առողջ հասարակություն ձևավորելու ուղղությամբ, և բնապահպանությունն ու առողջապահությունը այստեղ գործում են մի ամբողջական համակարգում»։

Թեպետ այս քայլը բնապահպանական տեսանկյունից համարվում է դրական, այնուամենայնիվ կարող է խոչընդոտել բիզնեսի բնականոն զարգացմանը։
Ներկայումս Հայաստանում գործում է շուրջ 20 պլաստիկե իրեր արտադրող գործարաններ, որոնց հետագա գործունեությունը օրենքի ընդունումից հետո վտանգված է: Այն հարցին , թե ինչ են կարծում այս թեմայի վերաբերյալ արտադրողները, հրաժարվեցին մեկնաբանել։
Սրան զուգահեռ՝ առողջապահության նախարարության տեղակալ Լևոն Հակոբյանը նշում է, որ շրջակա միջավայրի մաքրության մակարդակը անմիջականորեն կապ ունի բնակչության առողջության հետ։

«Մեկանգամյա պլաստիկը ոչ միայն տարածքային աղտոտման պատճառ է դառնում, այլև անտեսանելի վտանգ՝ սննդի շղթա ներթափանցող միկրոպլաստիկի տեսքով։ Այդ պատճառով ծրագիրը դիտվում է որպես համակողմանի բարեփոխում, որի հիմքում ընկած է հանրային առողջության պաշտպանությունը»։

Խախտումների դեպքում տնտեսվարողները նախ կստանան զգուշացում, իսկ կրկնության դեպքում կտուգանվեն 100.000–150.000 դրամով ։Վերահսկողությունն իրականացնելու են Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը և համայնքային կառավարման կոմիտեն:
Նախաձեռնությունը Հայաստանի համարշրջադարձային քայլ է։ Այն միաժամանակ կնվազեցնի պոլիէթիլենային թափոնների ծավալները և կբարելավի շրջակա միջավայրի կայունությունը:
Չնայած անցումային դժվարություններին՝ կառավարությունը վստահեցնում է՝ Հայաստանը ստանալու է մաքուր քաղաքներ, առողջ բնակչություն և երկարաժամկետ կայուն տնտեսական զարգացում: