Կարող եմ շատ շենքերի նկուղներ ցույց տալ, որտեղ աշխատանքներ չեն իրականացվել վերջին 20 տարվա ընթացքում
Վերջին տարիներին աշխարհում ստեղծված ռազմաքաղաքական լարված իրավիճակները ստիպում են պետություններին վերանայել քաղաքացիական պաշտպանության համակարգերը՝ հատկապես ռմբապաստարանները։ Հայաստանում գործող օրենսդրությունը՝ մասնավորապես Քաղաքացիական պաշտպանության մասին օրենքի 3-րդ գլխի 6-րդ հոդվածը, հստակ սահմանում է արտակարգ իրավիճակների դեպքում իրականացվող նախապատրաստական միջոցառումները։ Սակայն, այս իրավական նորմերը չեն համապատասխանում իրական վիճակին։ Նախկինում` Սովետական Միությունում, կառուցված շատ ռմբապաստարաններ չեն վերանորոգվել կամ դարձել են ոչ նպատակային ներդրման վայրեր։ Դրանցից շատերի տեխնիկական վիճակը չի համապատասխանում նույնիսկ նվազագույն անվտանգության պահանջներին․ բացակայում են օդափոխման համակարգերը, ջրամատակարարումը, շտապօգնության համար անհրաժեշտ պարագաներն ու պաշտպանական նվազագույն պայմանները։ Ավելին՝ շատ քաղաքներում ռմբապաստարանների տեղադրության մասին տեղեկությունը հասանելի չէ բնակչությանը, ինչը արտակարգ իրավիճակում կարող է ստեղծել լրացուցիչ խուճապ և կազմակերպչական խնդիրներ։

ՀՀ-ում սահմանվել է երեք տեսակի պաշտպանական կառույց՝ ապաստարաններ, հակաճառագայթային թաքստոցներ և պարզագույն թաքստոցներ։ Ինչպես մեկնաբանում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզագույն թաքստոցները նկուղային հարկերն են, ստորգետնյա ավտոկայանատեղիները, գետնանցումները և այլ խորացված տարածքները։ Ապաստարաններն ու հակաճառագայթային թաքստոցները հատուկ կառուցվածքներ են և նախատեսված են այն կազմակերպությունների համար, որոնք պետք է աշխատեն նույնիսկ պատերազմի ժամանակ։

Այս պայմաններում առավել կարևոր է դառնում ոչ միայն հատուկ կառուցված ապաստարանների, այլև առկա քաղաքային ենթակառուցվածքների՝ հատկապես բազմաբնակարան շենքերի նկուղների նպատակային օգտագործման հարցը։ Ըստ  2024 թվականի վիճակագրության` միայն երեք տարվա ընթացքում մայրաքաղաքում ավելացել է ավելի քան 100 նոր բազմաբնակարան շենք: Կարևոր է գնահատել՝ արդյո՞ք դրանց նախագծման փուլում ներառվում են քաղաքացիական պաշտպանության պահանջները, քարտեզագրվո՞ւմ են դրանց տակ գտնվող տարածքները։ Բացի այդ, պետք է հասկանալ՝ արդյո՞ք նման նկուղային տարածքները դիտարկվում են որպես ռմբապաստարանների հնարավոր տարածքներ, եթե ոչ՝ ինչո՞ւ։

Իրականությունն այն է, որ արագ զարգացող քաղաքներում բնակչության թվի աճը պահանջում է ոչ միայն նոր բնակելի տարածքներ, այլև անվտանգ միջավայր՝ արագ արձագանքման համար։ Հետևաբար ամեն նոր կառուցվող շենքի նկուղը կարող է դառնալ քաղաքացիական պաշտպանության կարևոր օղակ, եթե նախագծվի համապատասխան չափանիշներով և ներառվի քաղաքային ընդհանուր պաշտպանական համակարգի մեջ։

ՆԳՆ-ում վստահ են, որ Երևանը ապահոված է թաքստոցներով.
«Հարցն այն է` դրանք պատրաստ են լինում, թե՝ ոչ։ Եթե ՏԻՄ-երը ճիշտ տեղեկություն են տրամադրել, ապա թաքստոցների 90%-ը պատրաստ է։ Մնացածը վերակցագրում են և բնակիչներին տեղյակ պահում»,- նշում  է Փրկարար ծառայության ներկայացուցիչ, նախկինում փոխգնդապետ Կարեն Սահակյանը։

Քաղաքացիական պաշտպանության դոցենտ Էռնեստ Ավանեսովի խոսքով՝ Հայաստանի բազմաբնակարան շենքերի մեծ մասի նկուղները, որոնք պետք է ծառայեն որպես ռմբապաստարաններ, տարիներ շարունակ անտեսվել են, և դրանցում որևէ վերանորոգման աշխատանք չի իրականացվել։

«Կարող եմ շատ շենքերի նկուղներ ցույց տալ, որտեղ աշխատանքներ չեն իրականացվել վերջին 20 տարիների ընթացքում։ Շատ բազմաբնակարան շենքերի նկուղներում կոյուղու ջրերը անգամ կարգավորված չեն, և անհնար է գտնվել այդպիսի հոտի, կեղտի և խոնավության մեջ։ Եթե արտակարգ իրավիճակ ստեղծվեց, շենքի բնակիչները պետք է այլ տեղ փնտրեն թաքնվելու», ասում է Ավանեսովը։

Թեև պետական մարմինները պարբերաբար հայտարարություններ են տարածում ռմբապաստարանների վերանորոգման վերաբերյալ, խոսքը փաստացի գործողությունների մասին չէ։ Շատ դեպքերում այդ գործընթացների բացակայությունը արդարացվում է տվյալների գաղտնիությամբ, ինչը սակայն չի փոխում այն իրողությունը, որ քաղաքացիների անվտանգությունը լիարժեք երաշխավորված չէ։ Իրավիճակը հատկապես մտահոգիչ է այն շենքերում, որտեղ նկուղային տարածքները բնակիչների կողմից սեփականաշնորհվել և օգտագործվում են պահեստավորման կամ այլ անձնական նպատակներով։ Ավանեսովի խոսքով` սա լուրջ խնդիր է. «Չեն գիտակցում, որ նկուղները կառուցվել են ոչ թե պահածոներ պահելու համար, այլ արտակարգ իրավիճակներում թաքնվելու»:

Պետությունն իրականացնում է նաև որոշակի աշխատանքներ հասարակությանը իրազեկելու ուղղությամբ։ Տարիքային խմբերից կախված՝ կիրառվում են տարբեր մեթոդներ․ օրինակ՝ մուլտֆիլմերի միջոցով` նախադպրոցական տարիքի երեխաների համար, «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի միջոցով՝ դպրոցականների համար, և քաղաքացիական պաշտպանության դասաժամերին՝ բուհերում։ Վերջին տարիներին բուհական կրթական ծրագրերում ներառվել են նաև գործնական վարժություններ, որոնց միջոցով ուսուցանվում է, թե ինչպես գործել ռմբապաստարանում արտակարգ իրավիճակների ժամանակ։
2023 թվականին պատերազմից հետո բազմաբնակարան շենքերի մուտքերում իրազեկման նպատակներով տեղադրվել են հատուկ վահանակներ, որտեղ նշված են արտակարգ իրավիճակներում քաղաքացիների գործողությունների մասին:

Հոդվածի համար իրականացված հարցման ժամանակ 50 հոգուց միայն 10-ն են պատասխանել, որ տեղեկացված են, թե արտակարգ իրավիճակներում որտեղ պետք է թաքնվել և ինչ գործողություններ անել:

Այս ամենը փաստում է, որ թեև քաղաքացիական պաշտպանության համակարգը որոշ չափով գործում է կրթական մակարդակում, գործնականում այն հաճախ հեռու է պահանջվող ստանդարտներից։ Փաստացի իրավիճակն այն է, որ այս կառույցների մեծ մասն այսօր չի համապատասխանում իր ֆունկցիոնալ նշանակությանը, ինչն էլ ընդգծում է համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը։

Ապաստարանների խնդիրն ու նկուղային տարածքների նպատակային օգտագործումը քաղաքացիական պաշտպանության երկրորդական հարցեր չեն․ դրանք ազգային անվտանգության մաս են։ Առանց օրենսդրական փոփոխությունների, հստակ չափանիշների մշակման, պետական վերահսկողության ուժեղացման և բնակչության իրազեկման՝ Հայաստանի քաղաքացիական պաշտպանության համակարգը չի կարող համարվել արդյունավետ։