ՄԱՐԴ, ՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԿԱՐԵՑ ԳՈՒՅՆԵՐՈՎ

Մարտիրոս Սարյանի թանգարանը միայն ցուցասրահ չէ․ այն կենդանի տարածք է, որտեղ արվեստը պահպանվում է մարդկանց միջոցով։ Այստեղ գույները հիշողություն ունեն, իսկ սրահները պատմում են ոչ միայն նկարչի, այլ նաև այդ արվեստը գնահատող մարդկանց մասին ու փաստում, որ Սարյանի գույները վաղուց դուրս են եկել կտավների սահմաններից։

Թանգարանը ապրում է ոչ միայն անցյալով, այլև ներկայով։ Այստեղ ամեն օր կատարվում է անտեսանելի աշխատանք՝ ցուցադրության, պահպանման, այցելուների հետ շփման և մշակութային միջոցառումների կազմակերպման ուղղությամբ։
Սարյանի տունը դարձել է մի վայր, որտեղ արվեստը շարունակաբար շնչում է։


Թանգարանի իրական դեմքը նրա աշխատակիցներն են։ Նրանց համար սա պարզապես աշխատանք չէ, այլ պատասխանատվություն՝ փոխանցել արժեքը հաջորդ սերունդներին։

Հենց նրանց պատմություններով է բացվում թանգարանի մարդկային կողմը։

ՎԱՐԴՈՒՀԻ ԱԴԱՄՅԱՆ


Վարդուհի Ադամյանը 22 տարեկան է եղել, երբ դիմել է թանգարան աշխատելու նպատակով: Չնայած նրան, որ ուներ այլ մասնագիտություն (ինժեներ), դա նրան չի խանգարել ընդունվել թանգարան և աշխատել որպես «Թանգարանային գործ և հուշարձանների պահպանություն» բաժնի աշխատակից, իսկ այժմ` ավագ գիտաշխատող:
Վարդուհի Ադամյանը պատմում է նաև մանկությունից մի դրվագ, որը սկիզբ է դրել իր ներկայիս մասնագիտությանը։

«Ես ընդամենը 16 տարեկան էի։ Դեռ որևէ մասնագիտական կողմնորոշում չունեի։ Այդ ժամանակ քույրս ինձ նվիրեց Մարտիրոս Սարյանի ալբոմը։ Գրքի առաջին էջում նա գրել էր բարեմաղթանքներ ու մի նախադասություն՝ որ աշխարհին նայեմ սարյանական գույներով, մաքուր ու լուսավոր աչքերով»։ Սակայն այս հիշողությանը միացավ նաև մեկ այլ ցավոտ դրվագ՝ Սարյանի մահվան լուրը լսելու օրը։

«Երբ հայրս տուն եկավ ու ասաց, որ Սարյանի թաղմանն էր մասնակցել, ես սկսեցի լաց լինել։ Հետո մայրս պատմում էր, որ ամբողջ օրը ալբոմը գրկած նստել եմ, ոչ հաց կերել, ոչ ջուր խմել»։

Այս դրվագներն, նրա խոսքով, տարիներ անց կարծես կանխորոշել են իր ճանապարհը. մասնագիտություն ստանալուց հետո նա սկսել է աշխատել Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում։

«Փաստորեն մասնագիտություն ստանալուց հետո քայլերս ուղղեցի դեպի թանգարան։ Դա, երևի, ճակատագիր էր»,— ասում է նա։ Այսօր նա աշխատում է թանգարանում և հաճախ է շփվում ուսանողների հետ, որոնք այստեղ գալիս են պրակտիկայի։ «Ուսանողներին փորձում եմ պատմել ոչ միայն Սարյանի արվեստի, այլ նաև նրա անձի մասին։ Ուզում եմ, որ նրանք իրենց հոգում մի փոքրիկ տեղ բացեն Սարյանի համար: Միշտ ասում եմ՝ պտտվեք, նայեք, ուսումնասիրեք թանգարանը, ճանաչեք այն այնպես, կարծես ձեր ձեռքի մեջ լինի»։
Թանգարանում յուրաքանչյուր օր սկսվում է պատրաստությամբ` ընդունելու այցելուներին, պատմելու, բացատրելու և պահպանելու այն արժեքները, որոնք վստահված են թանգարանին:


Հսկիչ` Անահիտ Հովհաննիսյան
Ժակլին Հովսեփյան
Այցելու
Ժակլին Հովսեփյանը հարցազրույցի ընթացքում կիսվեց իր ապրումներով` նշելով, որ այս թանգարանը շատ լավ տպավորություն է թողել իր վրա և, քանի որ նա զբաղվում է նկարչությամբ, կարող է օգտվել Սարյանի մտքերից և նոր գաղափարներ ստեղծել իր նկարների համար: Ըստ նրա, ցանկալի է, որ այցելուներն այստեղ գան միայնակ, քանի որ միայնակ գալը կարող է օգնել էլ ավելի բովանդակային և խորքային կերպով հասկանալ Սարյանի արվեստը:
Սարյանի տուն-թանգարանը մեզ հիշեցնում է, որ արվեստը ապրում է այնքան ժամանակ, քանի դեռ կա մարդ, ով հավատում է նրա արժեքին և պատրաստ է այն փոխանցել մյուսներին։
Այս պատմությունը միայն Մարտիրոս Սարյանի մասին չէ։ Այն այն մարդկանց մասին է, ովքեր ամեն օր բացում են թանգարանի դռները, հոգ են տանում յուրաքանչյուր ցուցանմուշի մասին, լսում այցելուներին և ստեղծում կենդանի միջավայր արվեստի ու հասարակության միջև։ Նրանց աշխատանքի շնորհիվ թանգարանը դառնում է ոչ թե անցյալի հիշողություն, այլ ներկա ժամանակի մի մաս։
Սարյանի տուն-թանգարանը ապրում է հենց այս շարունակականությամբ՝ արվեստից մարդ, մարդուց՝ նոր պատմություն։ Եվ այդ պատմությունը շարունակում է գրվել ամեն օր։

Վ․ Բրյուսովի անվան
պետական համալսարանի ուսանողուհիներ
  • Աստղիկ Սահակյան
  • Սվետլանա Բալաբեկյան