Հայկական ավանդական տարազը դարերի խորքից եկող մշակութային ժառանգություն է, որը ձևավորվել է ժողովրդի կենսակերպի, աշխարհընկալման և գեղագիտական պատկերացումների համադրությամբ։ Այն երբեք պարզապես հագուստ չի եղել․ տարազը կրել է ինքնության, սոցիալական դիրքի, տարիքային ու ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկություն՝ միաժամանակ դառնալով ազգային մտածողության և արժեքների արտահայտման միջոց։ Պատմականորեն հայկական տարազը զարգացել է տարբեր տարածաշրջաններում՝ ունենալով յուրահատուկ ձևեր, գույներ և զարդանախշեր։ Յուրաքանչյուր տարազ պատմում է իր կրողի մասին՝ բացահայտելով նրա բնակավայրի կլիմայական պայմանները, զբաղմունքը և անգամ հավատալիքները։ Գործվածքների ընտրությունից մինչև մանրակրկիտ ասեղնագործությունը՝ ամեն դետալ կրել է խորհրդանշական նշանակություն։
Ժամանակի ընթացքում, հատկապես գլոբալիզացիայի ազդեցության պայմաններում, ավանդական տարազը աստիճանաբար դուրս է եկել առօրյա կիրառությունից՝ իր տեղը զիջելով ժամանակակից նորաձևությանը, սակայն վերջին տարիներին նկատվում է հետաքրքրության նոր ալիք՝ հատկապես երիտասարդների շրջանում, որոնք փորձում են վերաարժևորել ազգային հագուստը և այն ներկայացնել նոր ձևաչափերով։ Մի քանի ոլորտում ավանդական հագուստը առավել ակտիվ վերածնունդ է ապրում` հարսանեկան տարազներ, ավանդական զարդեր, մերօրյա ժամանակակից հագուստներ և լուսանկարչություն:
Հարսանեկան տարազ
Պատմականորեն հայկական հարսանեկան արարողություններում տարազը ունեցել է առանձնահատուկ նշանակություն՝ հանդես գալով ոչ միայն որպես տոնական հագուստ, այլև որպես խորհրդանշական արժեք։ Այն արտահայտել է ընտանիքի պատիվը, սոցիալական դիրքը, նյութական վիճակը և ավանդույթներին ու ազգային արժեքներին հավատարիմ մնալը։ Հարսանիքը համարվել է կյանքի կարևորագույն իրադարձություններից մեկը. այդ օրվա հագուստը պետք է լիներ ամենաշքեղն ու ամենալավ մշակվածը։
Արցախի, Սյունիքի և Վասպուրականի 19-20-րդ դարերի ավանդական հարսանեկան տարազներ
Հարսի տարազը սովորաբար եղել է բազմաշերտ. ներառել է երկար շրջազգեստ, վերնազգեստ, գոգնոց, ինչպես նաև գլխազարդեր, որոնք հաճախ զարդարված են եղել մետաղադրամներով, արծաթյա կամ ոսկյա տարրերով։ Գլխազարդը ունեցել է ոչ միայն գեղագիտական, այլև խորհրդանշական նշանակություն՝ ընդգծել է կնոջ ամուսնական կարգավիճակը։ Գույները ևս պատահական չեն ընտրվել․ կարմիրը խորհրդանշել է կյանքն ու պտղաբերությունը, իսկ ոսկեգույնը՝ բարեկեցությունն ու լիությունը։ Ասեղնագործության յուրաքանչյուր նախշ կրել է իր իմաստը՝ կապված հավատալիքների, պաշտպանական խորհուրդների և ընտանեկան բարօրության հետ:
Տարածված է մի թյուր կարծիք, ըստ որի հարսանեկան հագուստը պատմականորեն եղել է սպիտակ կամ կաթնագույն։ Իրականում այս ընկալումը չի համապատասխանում հայկական ավանդական մշակույթին։
Ազգագրագետ, դիզայներ Վահե Քոթանյան
Այսպիսով, ավանդական տարազի այս հարուստ ու բազմաշերտ համակարգը ոչ միայն պատմական արժեք ունի, այլև շարունակում է մնալ մշակութային ինքնության կարևոր կրող։ Մեր օրերում շատ զույգեր ընտրում են ավանդական տարազը կամ դրա տարրերը՝ իրենց հարսանեկան արարողությունը առավել ազգային և խորհրդանշական դարձնելու նպատակով։ Հարսի տարազը հաճախ վերաիմաստավորվում է ժամանակակից ձևավորումներով, սակայն պահպանում է իր հիմնական կառուցվածքն ու խորհրդանշական բովանդակությունը։
Ինչո՞ւ է կրկին աճել հետաքրքրությունը ավանդական տարազի նկատմամբ, ինչու են երիտասարդները վերադառնում հնին։ Դիզայներ Վահե Քոթանյանը այս միտումը պայմանավորում է մի կարևոր գործոնով:
Ազգագրագետ, դիզայներ Վահե Քոթանյան
Կարևոր է, թե դիզայները ինչ սկզբունքով է ընտրում այն տարածաշրջանը, որի մոտիվներով հագուստը բնորոշ կլինի իր հաճախորդներին:
Վահե Քոթանյան ազգագրագետ, դիզայներ
Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ հայկական հարսանեկան տարազը պարզապես անցյալի ժառանգություն չէ, այլ կենդանի մշակույթ, որը շարունակում է վերաիմաստավորվել մեր օրերում։ Այն միավորում է պատմությունը, խորհրդանիշերը և ազգային ինքնությունը՝ դառնալով ոչ միայն գեղագիտական, այլև արժեքային ընտրություն։
Ավանդական զարդեր
Հայկական հարսանեկան տարազն անհնար է առանց զարդերի, որոնք դրա անբաժանելի և կարևոր բաղադրիչն են։ Տարազը միայն հագուստ չէ․ այն ամբողջական համակարգ է, որտեղ յուրաքանչյուր դետալ՝ սկսած կտորից մինչև ամենափոքր զարդը, ունի իր նշանակությունը։ Զարդերը ոչ միայն լրացնում հագուստի գեղագիտական տեսքը, այլև կրում են խորքային խորհրդանշական իմաստ։ Օրինակ` չամուսնացած աղջիկը իրավունք չուներ արծաթե, ոսկե գոտի կամ աջ ձեռքին ոսկյա մատանի կրել:
Այս համատեքստում հատկապես հետաքրքիր է անդրադառնալ ժամանակակից վարպետների աշխատանքներին, որոնք փորձում են վերակենդանացնել ավանդականը: Նկարչուհի, ազգագրագետ Լուսիկ Ագուլեցու դուստրը՝ Աստղիկ Սամվելյանը, տարիների ընթացքում պահպանել է մայրիկի` հին հայկական զարդերի հարուստ հավաքածուն։ Նրա համար այդ զարդերը պարզապես ընտանեկան հիշողություն չեն, այլ մշակութային արժեք, որի հիման վրա նա ստեղծում է նոր գործեր։
Աստղիկ Սամվելյան
Երկգլխանի արծիվ
Երկգլխանի արծիվները մարդիկ կրել են հավատալով, որ այն իրենց իմաստություն է տալիս
Կենաց ծառ
Կենաց ծառի խորհուրդն է՝ հենվելով անցյալի վրա, մարդը կերտում է ներկան, միշտ ձգտելով դեպի ապագա
Շամշիկներ
Շամշիկները խորհրդանշում են մայրություն և պտղաբերություն
Գորտեր
գորտերը խորհրդանշում են կյանքի անվերջությունը
Ամուսին և կին
խորհրդանշում է հավերաժական միասնություն
Աստղիկի համար հատկապես կարևոր է, որ այդ զարդերի մեջ ամփոփված խորհուրդն ու իմաստը պահպանվի։ Նա յուրաքանչյուր զարդի հետ դնում է փոքրիկ բացիկ, որտեղ գրված է դրա ծագումն ու զարդանախշի նշանակությունը:
Այսպիսով, հին հայկական զարդարվեստի պահպանումն ու դրա արդիական մեկնաբանությունը կարևոր դեր ունեն մեր մշակութային ժառանգության շարունակականության մեջ։ Ժամանակակից վարպետները, պահպանելով ավանդական ձևերն ու խորհուրդը, կարողանում են ստեղծել նոր, արդիական աշխատանքներ, որոնք միաժամանակ կապ են ապահովում անցյալի և ներկայի միջև։ Այս մոտեցման շնորհիվ զարդերը չեն կորցնում իրենց պատմական ու խորհրդանշական արժեքը, վերածվում են կենդանի մշակույթի՝ հասկանալի և կիրառելի նաև մեր օրերում:
Այսօր ազգայինը ներկայանում է ոչ միայն ամբողջական տարազների կերպով, այլև դետալների, նախշերի, գունային լուծումների և խորհրդանշական տարրերի միջոցով։ Հայկական զարդանախշերը, ասեղնագործությունը, հին խորհրդանիշերը վերաիմաստավորվում են՝ ստեղծելով նոր, ինքնատիպ և ազգային ինքնությունը պահպանող ոճ։
Աննա Ավետիսյանը «Շամշիկ» հայկական բրենդի հիմնադիրն է: Օգտագործելով հայկական մոտիվներ՝ Աննան ձևավորում է հագուստ` հիմնված այն գաղափարի վրա, որ հինը կարելի է պահպանել՝ այն վերափոխելով և հարմարեցնելով ներկայիս պահանջներին, այդպիսով ստեղծելով նոր արժեք՝ առանց կորցնելու ավանդականի էությունը։
Բրենդի անվանումը պատահական չէ ընտրված։ «Շամշիկները» աղավնիներ են, որոնք եղել են հայկական ավանդական տարազի անբաժանելի բաղադրիչներից։ Դրանք կիրառվել են որպես զարդեր և ամրացվել են հագուստի աջ ու ձախ կողմերում։ Ըստ ավանդույթի՝ քայլելիս շամշիկները ձայն են արձակել՝ ունենալով չարխափան նշանակություն, իսկ ըստ Կոմիտաս Վարդապետի վկայության՝ շամշիկները համարվել են «սրտի կաքավներ»։
Ինչպես տեսանք, ավանդական տարրերը վերամշակվում են և ինտեգրվում ժամանակակից հագուստի մեջ։ Այդկերպ ստեղծվում են արդի, հարմար և էսթետիկ լուծումներ, որոնք համադրում են անցյալն ու ներկան։
Նորաձևության շաբաթների ցուցադրությունների կազմակերպիիչները ևս մեծ հետաքրքրություն են ցուցաբերում հայկական մոտիվներով հագուստի նկատմամբ: Այս մասին փաստում է նորաձևության պալատի փոխտնօրեն Էլեն Մանուկյանը:
«Մարաշլեան» ֆոտոատելիեն հիմնադրվել է 2013 թվականին Էմմա Մարաշլյանի կողմից և հանդիսանում է Հայաստանում առաջին ստուդիաներից մեկը, որը մասնագիտացած է հայկական ազգային հագուստներով ֆոտոսեսիաների կազմակերպման մեջ։
Էմմա Մարաշլյանի հետաքրքրությունը լուսանկարչության հանդեպ առաջացել է դեռ մանկուց։ Մոսկվայում ավարտել է բժշկական համալսարանը, սակայն լուսանկարչությունը մնացել էր իր կյանքի կարևոր և սիրելի զբաղմունքը, որն էլ կյանքի կոչեց իր ստեղծած ֆոտոատելյեում: Այստեղ անցկացվում են անհատական, ընտանեկան, խմբակային ֆոտոսեսիաներ՝ պատմական Հայաստանի տարբեր շրջանների հագուստներով:
Լուսանկարը` էմմա Մարաշյանի ֆեյսբուքյան էջից
Լուսանկարները` «Մարաշլեան» ֆոտոստուդիայի արխիվից
Ֆոտոատելիեն մեծ պահանջարկ ունի նաև օտարազգի հաճախորդների շրջանում։ Արտասահմանցիները պարզապես հիանում են մեր մշակույթով և պատմությամբ, որի մասն է կազմում նաև ազգային հագուստը` իր գունային համդրություններով, ասեղնագործությամբ, բազմաշերտությամբ և իհարկե, ամեն դետալի նշանակությամբ: Նշեմ նաև, որ վերջին տարիներին ակնհայտ է հայկական ավանդական հագուստի վերածնունդը: Անհամեստորեն չհնչի, բայց դրանում մեծ դեր ունի հենց Մարաշլեան ֆոտոատելյեն: Այս հայտարարությունը փաստում է վերջին 4 տարիներին ֆոտոատելյեի հաճախորդների աճը: Էմմա Մարաշլյան «Մարաշլեան» ֆոտոստուդիայի հիմնադիր
Ազգությամբ ռուս հաճախորդները` հայկական ավանդական հագուստով Նկարը` «Մարաշլեան» ֆոտոատելյեի արխիվից
Լուսանկարը`Ռ Մարաշլեան ֆոտոստուդիայի արխիվից
Այսօր հայկական տարազը այլևս միայն անցյալի մաս չէ․ այն վերածվել է ինքնարտահայտման ձևի, որտեղ պատմությունն ու արդիականությունը միավորվում են մեկ ամբողջության մեջ։ Ժամանակակից դիզայներները ապացուցում են, որ ազգայինը կարող է լինել նորաձև, պահանջված և մրցունակ՝ դուրս գալով միջազգային հարթակներ և գրավելով տարբեր մշակույթների ներկայացուցիչների ուշադրությունը։ Այս վերափոխումը պարզապես գեղագիտական երևույթ չէ․ այն մշակութային շարունակականության վկայություն է։ Ուստի կարելի է ասել, որ հայկական տարազը չի մնում անցյալում․ այն զարգանում է, փոխվում և ապրում է մեր օրերում՝ պահպանելով իր էությունը։