Ներկայումս աշխարհի հողերի մոտ 40%-ը ենթարկվել է դեգրադացիայի, ինչը բացասաբար է անդրադառնում շուրջ 3,2 միլիարդ մարդու կյանքի որակի վրա։ Կանխատեսվում է, որ մինչև 2050 թվականը աշխարհի բնակչության ավելի քան երեք քառորդը կզգա երաշտի անմիջական ազդեցությունը։
Նկարը գեներացված է ԱԲ գործիքով
Հայաստանը գտնվում է լեռնային տարածաշրջանում, որտեղ կլիման հիմնականում մայրցամաքային է՝ շոգ և չոր ամառներով ու համեմատաբար սակավ տեղումներով։ Վերջին տարիներին, գլոբալ տաքացման հետևանքով, երաշտների հաճախականությունն ու տևողությունը աճել են։
Նկարը գեներացված է ԱԲ գործիքով
Երաշտը լուրջ ազդեցություն ունի նաև մեղվաբուծության վրա։ Երաշտի պայմաններում բույսերը կամ ընդհանրապես չեն ծաղկում, կամ տալիս են շատ քիչ նեկտար։ Սա հանգեցնում է մեղուների սննդի պակասի, որի հետևանքով մեղվաընտանիքները թուլանում են , նվազում է մեղրի արտադրությունը, և մեծանում է հիվանդությունների տարածման վտանգը։
Մեղվաբույծ Մարիանա Ավետիսյանի խոսքով՝ նախորդ տարի միայն երաշտի հետևանքով գրանցվել է շուրջ 30% մեղվաընտանիքների անկում։
Նկարը` Daily sabah կայքից
Երաշտի հետևանքով Հայաստանի մեղվաբույծների զգալի մասը, չկարողանալով հաղթահարել առաջացած դժվարությունները, հրաժարվել են գործելուց։
Մեղվաբույծ Արմեն Նազարյանի դիտարկմամբ՝ այս երևույթի հաճախացումը կարող է թուլացնել ոլորտը՝ խոչընդոտելով նաև փոշոտման գործընթացին։
Մեղվաբույծ Գայանե Սիմոնյանի համոզմամբ՝ կլիմայական գործոնների ազդեցությունը մեղմելու և ոլորտում կայունություն ապահովելու միակ արդյունավետ ճանապարհը մասնագիտական գիտելիքների զարգացումն ու շարունակական կրթությունն է։
Հետևաբար, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել կլիմայական փոփոխությունների ազդեցություններին և կիրառել համապատասխան հարմարվողական միջոցներ՝ մեղվաբուծության կայուն զարգացումն ապահովելու համար։