Գլոբալ տաքացում
Ջերմաստիճանի աստիճանական բարձրացումը Երկրի վրա դարձել է գլոբալ բնապահպանական ճգնաժամ։ Գլոբալ տաքացման հիմնական պատճառներն են մարդու գործունեությունը՝ արդյունաբերական արտանետումներ, տրանսպորտ, անտառահատումներ և գյուղատնտեսական ակտիվություններ, որոնք մթնոլորտ են արտանետում մեծ քանակի ջերմոցային գազեր:
Արդյունքում առաջանում է ջերմոցային էֆեկտ. Երկիրը կուտակում է արևից ստացված ջերմությունը, ինչը խախտում է կլիմայական հավասարակշռությունը։

Այս գործընթացը առաջացնում է շղթայական ազդեցություն․ ջերմաստիճանի բարձրացումը նպաստում է երաշտներին, ծայրահեղ եղանակային երևույթների հաճախացմանը, ինչը, փոխադարձաբար, խորացնում է տաքացումը։ Գլոբալ տաքացումը համարվում է ոչ միայն բնապահպանական, այլև սոցիալ-տնտեսական սպառնալիք, որի ազդեցությունը զգում են գյուղատնտեսությունն ու էկոհամակարգերը։

Հայաստանում գլոբալ տաքացման ազդեցությունը նույնպես տեսանելի է։ Տաք ամառները երկարում են, տեղումների հաճախականությունը նվազում է։

Գլոբալ տաքացումը անմիջական ազդեցություն ունի մեղվապահության վրա. 35 աստիճան տաքացման դեպքում մեղվի թռիչքն սկսում է աստիճանաբար վատանալ: Ջերմաստիճանի բարձրացումը խախտում է բույսերի ծաղկման ժամանակացույցը, ինչը դժվարացնում է մեղուների աշխատանքը։

Գլոբալ տաքացման ժամանակ նվազում է ինչպես բույսերի վերարտադրությունը, այնպես էլ գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվությունը։ Բացի այդ, բարձր ջերմաստիճանը նվազեցնում է նեկտարի քանակն ու որակը, ինչը ևս սահմանափակում է մեղուների գործունեությունը։

Այսօր Հայաստանում այս խնդիրն արդեն տեսանելի է: Շատ այգեգործներ փոշոտման խնդիրը լուծելու համար դիմում են մեղվաբույծների, իսկ այլ երկրներում փոշոտման համար իրականացվում են տարբեր ծրագրեր և նախագծեր, որոնք «Մեղվաբույծների ազգային միավորում» հկ նախագահ Արմեն Նազարյանի խոսքով Հայաստանում չկան:

Գլոբալ տաքացման խնդիրները մեղմելու համար իրականացվում են շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ծրագրեր։ Այս գործընթացում կարևոր դեր ունեն միջազգային համաձայնագրերը, որոնց միացել է նաև Հայաստանը։

«Էկոռադար» հկ տնօրեն Վահագն Սարգսյանի դիտարկմամբ՝ նման նախաձեռնությունները կարևոր նշանակություն ունեն ոչ միայն գլոբալ, այլև տեղական մակարդակում, այդ թվում՝ մեղվաբուծության ոլորտում, ինչն իր հերթին կարող է դրական ազդեցություն ունենալ գյուղատնտեսության վրա։