ՍՊՈՐՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ. ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄԸ ՄԱՄՈՒԼՈՒՄ

Ուսանող` Իգոր Նիգոյան
Դիպլոմային աշխատանքի ղեկավար` Գայանե Միրզոյան
Մարզերում սպորտը պարզապես խաղ չէ․ այն պայքար է պայմանների դեմ,
հավատ՝ հնարավորի նկատմամբ և պատմություն՝ դեռ չլսված հաղթանակների մասին...
Հայաստանում սպորտի զարգացումը կարևոր նշանակություն ունի առողջապահական, կրթական և սոցիալական ոլորտներում՝ նպաստելով առողջ ապրելակերպի ձևավորմանը և երիտասարդների բազմակողմանի զարգացմանը։ Սպորտը կարող է հանդես գալ նաև որպես մոտիվացիոն և սոցիալական ինտեգրման միջոց։ Սակայն Հայաստանի մարզերում սպորտային կյանքի զարգացումը բախվում է մի շարք համակարգային խնդիրների՝ ենթակառուցվածքների անբավարարություն, մասնագետների պակաս, ֆինանսավորման սահմանափակումներ և լրատվամիջոցների սահմանափակ ուշադրություն։
Հայաստանի սպորտը թվերով (2024)
ՀՀ-ում առկա է 175 սպորտային կազմակերպություն, որից՝
Երևան
62 սպորտային կազմակերպություն (35%)
Շիրակ
32 սպորտային կազմակերպություն
Վայոց Ձոր
4 սպորտային
կազմակերպություն
Մարզիչ-մանկավարժների թվաքանակի բաշխվածությունը նույնպես արտացոլում է առկա անհավասարությունները։ Ընդհանուր 2300 մարզիչ-մանկավարժներից 999-ը գործում են Երևանում, մինչդեռ մարզերում այդ թիվը զգալիորեն ցածր է: Սա ուղղակիորեն ազդում է մարզային սպորտի զարգացման ներուժի վրա՝ սահմանափակելով մարզիկների հասանելիությունը որակյալ մարզչական կադրերին։
  • Շիրակում՝ 416 մարզիչ-մանկավարժ
  • Լոռիում՝ 171
    մարզիչ-մանկավարժ
  • Վայոց ձորում՝ 23
    մարզիչ-մանկավարժ
«Ցավոք սրտի այսօր ունենք մասնագետների պակաս, քանի որ մարզիչներից շատերը ցածր ֆինանսավորման պատճառով նախընտրում են աշխատել Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրում:»

Անահիտ Հայրապետյան. Քաջարանի համալիր մանկապատանեկան մարզադպրոցի նախկին տնօրեն



Հարցազրույցները ոլորտի մասնագետների հետ բացահայտում են, որ մարզային սպորտը գտնվում է զարգացման հակասական փուլում։ Մի կողմից նկատվում է հետաքրքրության աճ, մյուս կողմից՝ պահպանվում են համակարգային խնդիրները։ Գյումրու ձմեռային մարզաձևերի մարզիչ Հովհաննես Սարգսյանը, Սևանի ջրային մարզաձևերի մարզիչ Ավետիք Մալխասյանը և Քաջարանի հենդբոլի մարզիչը միաձայն նշում են ենթակառուցվածքների, ֆինանսավորման և մասնագետների պակասի խնդիրները:
«Ախթամար» ակադեմիայի աղջիկները, որոնք փոխում են խաղի կանոնները
Այս թվերի ֆոնին Ապարանում ձևավորվում է մի թիմ, որը փորձում է փոխել իրականությունը։

«Ախթամար» աղջիկների
ֆուտբոլի ակադեմիա
Հիմնադրվել է 2022 թվականին։
Հիմնադիր Նարեկ Էլոյանի խոսքով՝ սա պարզապես սպորտային նախագիծ չէ։

  • Նարեկ Էլոյան
    «Սա փորձ է երեխաներին դուրս բերել պասիվ կյանքից և տալ նրանց նպատակ: Այսօր երեխաների մեծ մասը ժամանակն անցկացնում է գաջեթների հետ։ Սպորտը նրանց վերադարձնում է ակտիվ կյանքի»։

Ապարանի «Ախթամար» ակադեմիան փոքր օրինակ է, բայց մեծ պատմություն։
Այն ցույց է տալիս, որ նույնիսկ սահմանափակ պայմաններում հնարավոր է ստեղծել արժեքավոր նախաձեռնություն, եթե կա հավատ և նվիրվածություն։
«Մենք երեխաներին տալիս ենք ամենակարևորը՝ երազելու հնարավորություն»։
Մարզային սպորտը Հայաստանում ունի ոչ միայն խնդիրներ, այլև մեծ ներուժ։ Եվ այդ ներուժը տեսանելի դարձնելու համար անհրաժեշտ է ոչ միայն աշխատանք դաշտում, այլև ուշադրություն՝ դաշտից դուրս։
Նարեկ Էլոյան
Ակադեմիան այսօր միավորում է տարբեր մարզերից եկած աղջիկների, որոնցից շատերը երկար ճանապարհ են անցնում՝ պարզապես մարզվելու համար։
Ակադեմիայի ամենաուշագրավ պատմություններից մեկը Բենդու Էգգ Կլոտինի պատմությունն է, ով Լիբերիայից է և արդեն երեք տարի բնակվում է Գյումրիում։ Նա յուրաքանչյուր մարզման համար գալիս է Ապարան՝ օգտվելով ակադեմիայի տրամադրած տրանսպորտից։
Բենդու Էգգ Կլոտի






Ակադեմիայի ամենաուշագրավ պատմություններից մեկը Բենդու Էգգ Կլոտիի պատմությունն է, ով Լիբերիայից է և արդեն երեք տարի բնակվում է Գյումրիում։ Նա յուրաքանչյուր մարզման համար գալիս է Ապարան՝ օգտվելով ակադեմիայի տրամադրած տրանսպորտից։
Էգգի պատմությունը յուրահատուկ է․ նա իր մարզական ուղին սկսել է Արևմտյան Աֆրիկայում դեռևս հինգ տարեկանում, իսկ այսօր նոր մարտահրավեր է գտել հայկական ֆուտբոլային միջավայրում։ Նրա համար ֆուտբոլը միայն մասնագիտություն չէ, այլ նաև խաղաղության և երջանկության աղբյուր, որը օգնում է հաղթահարել նոր միջավայրին հարմարվելու դժվարությունները։ Հայաստան գալու հիմնական նպատակը եղել է նոր փորձառություն ձեռք բերելը։ Նա նշում է, որ հայկական ֆուտբոլը զգալիորեն տարբերվում է իր հայրենի երկրի խաղաոճից, ինչը սկզբնական շրջանում լուրջ մարտահրավեր էր, սակայն ժամանակի ընթացքում կարողացել է հարմարվել նոր պայմաններին։ Չնայած թիմում նրան ցուցաբերվող ջերմ և աջակցող վերաբերմունքին՝ նա բախվում է նաև լեզվական խոչընդոտների։ Թեև կա փոխադարձ ցանկություն հաղորդակցվելու, լեզվի չիմացությունը երբեմն դժվարացնում է լիարժեք փոխըմբռնումը։ Այնուամենայնիվ, նա ընդգծում է, որ իրեն շատ ընդունված և գնահատված է զգում թիմում։
Բենդու Էգգ Կլոտի
Չնայած առաջընթացին՝ ակադեմիան բախվում է մի շարք խնդիրների։
Մարզումները հաճախ անցկացվում են ոչ բավարար պայմաններում։ Ապարանի մարզադաշտը միշտ չէ, որ համապատասխանում է պահանջներին, ինչի պատճառով թիմը երբեմն տեղափոխվում է այլ վայր։ Սակայն, ըստ Նարեկ Էլոյանի, ամենամեծ խնդիրը ենթակառուցվածքը չէ։

«Ամենաբարդը մարդկանց վերաբերմունքն է։ Շատերը դեռ կարծում են, որ ֆուտբոլը աղջիկների համար չէ»։
Չնայած մարզային սպորտի կարևորությանը և նմանատիպ ակադեմիաների հաջողություններին, դրանք հաճախ մնում են լրատվամիջոցների ուշադրությունից դուրս։ Հայկական լրատվամիջոցներում սպորտային թեմաների լուսաբանումը հիմնականում կենտրոնացած է Երևանում անցկացվող մրցումների և բարձր արդյունքներ գրանցած մարզիկների վրա, մինչդեռ մարզային սպորտի առօրյա խնդիրները, մարզադպրոցների գործունեությունը, մարզիչների և մարզիկների պայմանները հազվադեպ են դառնում մեդիա ուշադրության առարկա։
Մեդիա դաշտի վերլուծությունը և «Մեդիամաքս» լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանի հետ հարցազրույցը ցույց տվեցին, որ մարզային սպորտը հայաստանյան լրատվամիջոցներում ներկայացված է սահմանափակ և ոչ համակարգային կերպով։ Լուսաբանումը հիմնականում կենտրոնացած է միջազգային և «աստղային» սպորտի վրա, մինչդեռ մարզային իրականությունը հաճախ դուրս է մնում մեդիայի ուշադրությունից։
Մեդիայի ուշադրությունից դուրս մնալու հիմնական պատճառները ներառում են՝
  • Միջոցառումների որակ
    Բազմաթիվ մարզային միջոցառումներ չեն ապահովում այն որակը, որը թույլ կտա դրանք ներկայացնել լայն լսարանին։
  • Ենթակառուցվածքների բացակայություն
    Լրագրողների աշխատանքի համար անհրաժեշտ տարրական պայմանների բացակայություն (կազմակերպված տրանսպորտ, տեղեկատվության հասանելիություն)
  • Հանրային կապերի թերզարգացվածություն
    Սպորտային ֆեդերացիաների և ակումբների կողմից հանրային կապերի ոչ բավարար զարգացվածություն։
  • Լսարանի հետաքրքրություն
    Հանրությունը հիմնականում նախընտրում է հետևել հայտնի մարզիկներին և խոշոր իրադարձություններին։
Պետական մարմինները, իրենց հերթին, նշում են, որ մարզային սպորտը գտնվում է զարգացման փուլում։Վերջին տարիներին մարզային սպորտի զարգացման ուղղությամբ իրականացվում են համակարգային և նպատակային քայլեր։ ՀՀ կառավարության կողմից ընդունված 2024–2030 թվականների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման ռազմավարությունը նախատեսում է կոնկրետ գործողություններ և ծրագրեր՝ ուղղված մարզերում սպորտի զարգացմանը։ Իրականացվել են լայնածավալ մարզական միջոցառումներ, ինչպիսիք են «Սպորտլանդիա» և «Սպարտակիադա» ծրագրերը, որոնց մասնակցել են հազարավոր աշակերտներ։
Մարզային սպորտի զարգացումը Հայաստանում պահանջում է համատեղ ջանքեր՝ պետական աջակցություն, ենթակառուցվածքների բարելավում, մասնագետների պատրաստում և, անշուշտ, մեդիայի ակտիվ ներգրավվածություն։ Միայն այս պայմաններում հնարավոր կլինի ապահովել մարզային սպորտի համաչափ և կայուն զարգացումը՝ բացահայտելով նոր տաղանդներ և ոգեշնչելով ապագա սերունդներին։