Թվային կամուրջներ. սոցմեդիայի դերը հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրման գործում
Ուսանող` Մարի Դավթյան Դիպլոմային աշխատանքի ղեկավար` Գայանե Միրզոյան
Սարգիս Ստեփանյանը հայ պարալիմպիկ մարզիկ է։ 2014 թվականին, ծառայության ընթացքում, Սարգիսը ծանր վիրավորում ստացավ և ականի պայթյունի հետևանքով կորցրեց մեկ ձեռքը և երկու ոտքերը։ Կյանքի շրջադարձային պահը նրա համար դարձավ նոր ճանապարհի սկիզբ։ Երկարատև բուժումից ու վերականգնումից հետո նա որոշեց ապացուցել, որ ֆիզիկական սահմանափակումը չի նշանակում կյանքի ավարտ։ Վերականգնման ընթացքում Սարգիսը սկսեց զբաղվել պարալիմպիկ սպորտով։ Կարճ ժամանակում նա դարձավ Հայաստանի ամենաճանաչված պարալիմպիկ մարզիկներից մեկը՝ մասնակցելով միջազգային մրցաշարերի և նվաճելով մեդալներ։ Նա ներկայացրել է Հայաստանը Եվրոպայի և աշխարհի առաջնություններում, ինչպես նաև Պարալիմպիկ խաղերում՝ դառնալով օրինակ ոչ միայն հաշմանդամություն ունեցող անձանց, այլև բոլոր երիտասարդների համար։ Սարգիս Ստեփանյանը սոցմեդիան օգտագործում է ոչ միայն որպես անձնական էջ, այլ որպես հասարակական հարթակ՝ ոգեշնչելու, տեղեկացնելու և աջակցելու համար։
Սարգիս Ստեփանյան
Այսպիսով 2018 թվականի ամռանը Սարգիս Ստեփանյանը իր թիմի հետ համատեղ հիմնադրեց «ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունը։ Գաղափարը ձևավորվել էր ավելի վաղ, երբ նա մասնակցում էր պարաբազկամարտի միջազգային մրցաշարերին՝ հանդիսանալով Հայաստանի միակ պարաբազկամարտիկը։ Այդ մրցաշարերին նրան ուղեկցում էր իր մարզիչ Արտավազդ Նալբանդյանը, և հենց այդ փուլում ձևավորվեց ապագա նպատակը՝ միջազգային հաղթանակներից հետո ստեղծել սպորտային կառույց, որը կնպաստի պարաբազկամարտի զարգացմանը Հայաստանում։
Սարգիս Ստեփանյանը 2014 թվականի հուլիսի 29-ին վիրավորվել էր Արցախում՝ մարտական առաջադրանք կատարելիս։ Չնայած դրան՝ 2015 թվականի փետրվարից նա սկսեց զբաղվել պարաբազկամարտով։ Հաջորդ տարիներին մասնակցեց Եվրոպայի և աշխարհի առաջնություններին՝ գրանցելով նշանակալի արդյունքներ։
2017 թվականին Սարգիսը դարձավ գավաթակիր՝ հանդես գալով միանգամից երեք սպորտային դասակարգերում։ Նախ՝ նստած կարգում նա հռչակվեց չեմպիոն, այնուհետև իր հիմնական դասակարգում՝ չբռնվող մարզիկների խմբում, նույնպես զբաղեցրեց առաջին հորիզոնականը։ Բացի այդ, բացարձակ քաշային կարգում գրավեց երկրորդ տեղը։
Այդ ընթացքում «Հայ վիրավոր հերոսներ» հիմնադրամը ծրագրում էր նրան նվիրաբերել ձեռքի պրոթեզ՝ կյանքի որակը բարելավելու նպատակով։ Հիմնադրամի հիմնադիր Ռազմիկ Արզումանյանի հետ քննարկման ընթացքում Սարգիս Ստեփանյանը առաջարկեց պրոթեզի համար նախատեսված գումարով ձեռք բերել մարզասարքեր ։ Նրա նպատակն էր, որ այդ միջոցները ծառայեն ոչ միայն իրեն, այլ տասնյակ այլ երիտասարդների՝ նպաստելով նրանց ինտեգրմանը հասարակության մեջ։
Արդյունքում ձեռք բերվեցին տեղական արտադրության մարզասարքեր, կահավորվեց մարզադահլիճը, և այդպես հիմնադրվեց «Լեգենդների» մարզասրահը։ Այն պաշտոնապես բացվեց 2018 թվականի սեպտեմբերի 1-ին։
Մարզասրահի անվան ընտրության հարցում սկզբնական շրջանում Սարգսի ընկերները առաջարկել էին այն կապել նրա անձի հետ՝ «երկաթե կամք» գաղափարով, սակայն Սարգիսը նախընտրեց այլ մոտեցում։ Ընտրվեց «Լեգենդների» անվանումը՝ նպատակ ունենալով ստեղծել մի վայր, որտեղ կձևավորվեն ապագա լեգենդներ։
«Լեգենդների» մարզասրահը տարբերվում է իր ներառականությամբ․ այն նախատեսված է ինչպես հաշմանդամություն ունեցող, այնպես էլ չունեցող անձանց համար։ Այս մոտեցումը նպաստում է նրանց համատեղ մարզվելուն և սոցիալական ինտեգրմանը։ Մարզասրահում արդեն գործունեություն են ծավալում միջազգային հաջողություններ գրանցած մարզիկներ, որոնք նաև հանդես են գալիս որպես մարզիչներ։ Ստեփանյանի համոզմամբ՝ հենց այս միջավայրում պետք է ձևավորվեն նոր լեգենդներ, որոնք Հայաստանը պատվով կներկայացնեն միջազգային հարթակներում։ Այդպես էլ եղավ. Սարգիս Ստեփանյանի շնորհիվ ձևավորվեց մեծ թիմ և միասնականության շնորհիվ թիմը հաջողեց։ Վառ օրինակ են Ռաֆայել Ազիզյանը, Շահեն Բաբայանը, Սերոբ Հովհաննիսյանը։ Թիմի գրեթե բոլոր անդամները ցուցաբերում են ակտիվություն սոցիալական հարթակներում, կիսվում իրենց առօրյայով, ձեռքբերումներով , հաղթանակներով և հիմնականում գրավում լսարանին հումորային վիդեոռիլեր տեղադրելով։
Ռաֆայել Ազիզյանը հայ զինվորական է (լեյտենանտ), որը հայտնի է դարձել հատկապես ծառայության ընթացքում ստացած ծանր վիրավորման պատճառով։ 2019 թվականին առաջնագծում, հակառակորդի կրակոցից ստացել է ծանր հրազենային վիրավորում։ Վիրավորումից հետո տեղափոխվել է զինվորական հոսպիտալ , որտեղ անցել է բուժում և վերականգնողական փուլ։ Ծանր վիրավորման հետևանքով Ռաֆայելը ձեռք է բերել հաշմանդամություն։ Ռաֆայել Ազիզյանը ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը մագիստրոսի աստիճանով։ Այժմ աշխատում է Արշալույս գյուղի միջնակարգ դպրոցում որպես Նախնական զինվորական պատրաստության ուսուցիչ, և լեգենդների մարզասրահում աշխատում է որպես մարզիչի օգնական։
Ռաֆայել Ազիզյան
Շահեն Բաբայանը Ծառայել է Հայաստանի զինված ուժերում։ Մասնակցել է 44-օրյա Արցախյան պատերազմին։ Պատերազմի ընթացքում ստացել է ծանր վիրավորում և դրա հետևանքով ձեռք է բերել հաշմանդամություն։ Շահեն Բաբայանի խոսքն է. «կարևորը հոգով քեզ չհամարես հաշմանդամ, ես ինձ չեմ համարում հաշմանդամ, և չեմ էլ ընդունում, երբ դիմացինն է այդպես վերաբերվում»։ Շահեն Բաբայանը պարաբազկամարտի Եվրոպայի և աշխարհի չեմպիոն է։ Աշխատում է «Լեգենդների» մարզասրահում որպես մարզիչ, իսկ պրոֆեսիոնալ պարաբազկամարտով զբաղվել է Սարգիս Ստեփանյանի խորհրդով։
Շահեն Բաբայան
Սերոբ Հովհաննիսյանը ծառայել է Արցախի Մարտունու շրջանում։ 2016 թվականին ծառայության ժամանակ դժբախտ պատահար եղավ, Սերոբը ողնաշարի ծանր վնասվածք ստացավ և կորցրեց քայլելու կարողությունը։ Սերոբի համար հաշմանդամությունը դատավճիռ չէ և նրա խոսքն է՝ «Եթե ունես ցանկություն, ամեն ինչի կարող ես հասնել այս կյանքում անկախ կարգավիճակից»։
Սերոբ Հովհաննիսյան
Նաիրա Մեսրոպյանը մասնագիտությամբ բուժքույր է, սակայն այժմ աշխատում է մեկ այլ մասնագիտությամբ (Անվտանգության ծառայությունում, որպես տեսահսկման օպերատոր)։ 2007թ-ից Նաիրայի մոտ առաջացել է կոնքազդրային հոդի խոշոր բջջային ուռուցք,որի պատճառով 6 վիրահատություն է տարել։ Առողջությունը ամբողջությամբ չվերականգնվեց և օրգանիզմը օտար մարմին չնդունեց, այժմ իր մոտ տվյալ հոդը բացակայում է։ Սակայն դա Նաիրային չընկճեց, և 2018 թ.ից ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանի հրավերով սկսեց հաճախել «Լեգենդների» մարզասրահ,զբաղվել պրոֆեսիոնալ սպորտով։
Նաիրա Մեսրոպյան
Անձնական մարզիչ Գևորգ Ստեփանյանի այսքան տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ այժմ Նաիրան հինգ անգամ երկու ձեռքով դարձել է աշխարհի առաջնության հաղթող,և չորս անգամ երկու ձեռքով Եվրոպայի առաջնության չեմպիոն։ Այժմ պատրաստվում է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, Նաիրայի խոսքն է՝ «Աստված առաջ, երկու ձեռքով էլ ոսկե մեդալ կբերեմ»։
Նարիա Մեսրոպյանի մարզումից հատված
Բացի մարզական գործունեությունից, լեգենդների թիմը մեծ ուշադրություն է դարձնում նաև մեդիա ներկայությանը և ակտիվությանը։ Թիմը պարբերաբար հրապարակում է տեսանյութեր, վիդեոռիլեր և առօրյա կյանքի դրվագներ՝ ներկայացնելով ինչպես մարզումները, այնպես էլ մրցումները և ընդհանուր կենսակերպը։ Այս բովանդակության հիմնական նպատակը հանրությանը իրազեկելն է․ ցույց տալ, որ նրանք կան, ակտիվ են և լիարժեք մասնակցում են կյանքին։ Տեսանյութերի միջոցով ներկայացվում են օրինակներ, որտեղ հաշմանդամություն ունեցող մարդիկ, անկախ ֆիզիկական սահմանափակումներից, մարզվում են, դառնում են չեմպիոններ, կառուցում ընտանիք և ապրում լիարժեք կյանքով։
Սարգիս Ստեփանյանի և իր թիմի գործունեությունը ունի կարևոր սոցիալական ուղերձ․ այն հիշեցնում է, որ կյանքում ոչ ոք ապահովագրված չէ նման իրավիճակներից։ Մարդիկ տարբեր տարիքում կարող են ձեռք բերել հաշմանդամություն կամ ծնվել դրա հետ, սակայն դա չի նշանակում կյանքի որակի անկում։ Ներկայացվող օրինակները նպատակ ունեն փոխելու հանրային ընկալումը և բարձրացնելու մարդկանց մոտիվացիան։