Միևնույն ժամանակ, Ալավերդյանի դիտարկմամբ, վերջին տարիներին նկատվում է որոշակի դրական միտում․ սոցիալական մեդիայի զարգացմանը զուգահեռ մարզիչներն ու ակումբները ավելի ակտիվ են դարձել իրենց գործունեությունը ինքնուրույն ներկայացնելու հարցում։ Սակայն, նրա խոսքով, սա չի կարող ամբողջությամբ փոխարինել պրոֆեսիոնալ լրագրողական լուսաբանմանը։
Անդրադառնալով մեդիայի ընտրություններին՝ Ալավերդյանը նշում է, որ մեծ դեր ունի լսարանի պահանջարկը։ Այդ պատճառով լրատվամիջոցները հաճախ կենտրոնանում են առավել ճանաչված մարզիկների և խոշոր իրադարձությունների վրա, ինչպիսիք են Հենրիխ Մխիթարյան, Արթուր Ալեքսանյան և Արման Ծառուկյան։
Միևնույն ժամանակ, նա ընդգծում է, որ մարզային սպորտի սահմանափակ լուսաբանումը պայմանավորված է նաև գործնական խնդիրներով․ բազմաթիվ միջոցառումներ չեն ապահովում բավարար կազմակերպչական մակարդակ, հաճախ բացակայում են լրագրողների աշխատանքի համար անհրաժեշտ պայմանները՝ տրանսպորտ, տեղեկատվության հասանելիություն և օպերատիվ կապ։ Բացի այդ, ըստ նրա, սպորտային կառույցների հանրային կապերը միշտ չէ, որ զարգացած են, ինչի հետևանքով մեդիայի հետ համագործակցությունը դառնում է ոչ արդյունավետ։
Ալավերդյանի գնահատմամբ՝ խնդիրը միայն քանակական չէ, այլ նաև բովանդակային․ մարզերից եկող նյութերը հաճախ ներկայացվում են հնացած ձևաչափով՝ առանց պատմողականության և մարդկային պատմությունների, ինչը նվազեցնում է դրանց ազդեցությունը։