Հատվածներ զրույցից
Սկզբում պարզապես ցանկություն էր տեսնել աշխարհը ուրիշ աչքերով, որսալ գեղեցիկ պահերը և դրանք կիսել մարդկանց հետ։
Մի տեսախցիկ, անվերջ թվացող ճանապարհներ, նոր վայրերի բացահայտում ու ամեն քայլափոխի ծնվող անկեղծ զգացողություններ․ հենց այս ամենի միաձուլումից էլ կամաց-կամաց ձևավորվեց նրանց պատմությունը։ Պատմություն, որը սկսվեց որպես հետաքրքրություն, բայց աստիճանաբար դարձավ ներքին պահանջ, ստեղծագործական ձգտում ու ինքնարտահայտման ձև։
Ինֆլյուենսեր լինելը առաջին հերթին պատասխանատվություն է․ ՄԱԳԱ
Ինֆլյուենսեր լինելը առաջին հերթին պատասխանատվություն է, որը ժամանակի ընթացքում ավելի խոր իմաստ է ստանում։ Սկզբում դա կարող է թվալ պարզապես հետաքրքիր ու ստեղծագործական գործունեություն, որտեղ դու կիսվում ես քո տեսածով, զգացածով ու ապրածով, բայց հետո գալիս է այն պահը, երբ հասկանում ես՝ քո խոսքը, քո ընտրած կադրերը ու քո ներկայացրած իրականությունը սկսում են ազդել այլ մարդկանց որոշումների վրա։ Մարդիկ սկսում են կողմնորոշվել քեզնով՝ ուր գնալ, ինչ փորձել, ինչն է արժե իրենց ժամանակը, իսկ ինչը՝ ոչ։ Եվ հենց այդ պահին պարզ է դառնում, որ սա այլևս պարզապես հրապարակումներ չեն, այլ ազդեցություն ունեցող հաղորդակցություն։
Այդ գիտակցման հետ միասին դու սկսում ես ավելի զգույշ նայել այն ամենին, ինչ ստեղծում ես։ Այլևս չես կարող պարզապես հրապարակել ինչ պատահի կամ ինչն առաջինը կհայտնվի ձեռքի տակ։ Յուրաքանչյուր նյութ դառնում է մտածված, յուրաքանչյուր կադր՝ պատասխանատվությամբ ընտրված, որովհետև քո ներսում ձևավորվում է կարևոր հարց․ ի՞նչ ես իրականում ցույց տալիս մարդկանց և ինչ նպատակով։Այդ արդեն ոչ միայն գեղեցիկ պատկեր ստեղծելու մասին է, այլ նաև արժեք փոխանցելու, ճիշտ ուղղություն տալու և երբեմն նույնիսկ մարդկանց մտածողության վրա փոքր, բայց կարևոր ազդեցություն ունենալու մասին։Կերպարը չի ձևավորվում մեկ տեսանյութով կամ մեկ հաջող նկարահանմամբ․ այն աստիճանաբար է կառուցվում՝ ամեն օր, ամեն հրապարակումի, ամեն մանր որոշման ու նույնիսկ ամեն փոքր արձագանքի միջոցով։ Այն ամենից, ինչ դու անում ես՝ ինչպես ես խոսում, ինչ բառեր ես ընտրում, ինչ ես ցույց տալիս և ինչ ես թողնում կադրից դուրս, ինչ վայրեր ես նախընտրում, ինչ պատմություններ ես կարևորում, և նույնիսկ ինչպես ես արձագանքում քո լսարանին։ Այդ ամենը միասին է ձևավորում այն ընդհանուր պատկերն ու զգացողությունը, որը մարդիկ վերջում ընկալում են որպես քո «կերպար»։
Շատ մեծ ազդեցություն ունի անկեղծությունը, որովհետև հենց այն է, որ տարբերում է պարզապես բովանդակություն ստեղծողին իրական մարդու զգացողություն փոխանցողից։
Իմ շատ տեսանյութերում ես առանց դիմահարդարման եմ, սովորական հագուստով՝ այնպես, ինչպես կամ տվյալ պահին, առանց ավելորդ պատրաստվածության կամ բեմադրվածության զգացողության։ Սա ոչ թե դիտավորյալ «շատ պարզ երևալու» փորձ է, այլ պարզապես ընտրություն՝ մնալ ինքս ինձ հավատարիմ։ Սթորիներում էլ երբեմն լինում եմ լրիվ ազատ, ոչ պաշտոնական տեսքով՝ առանց մտածելու, թե դա որքան «իդեալական» կարող է դիտվել։
Այդպիսի պահերն են, որ հաճախ ամենաանկեղծ արձագանքն են ստանում, որովհետև մարդիկ այնտեղ տեսնում են ոչ թե կառուցված կերպար, այլ իրական մարդ։
Եվ ևս մեկ շատ կարևոր կետ՝ էմոցիան է։ Մարդիկ հազվադեպ են պարզապես տեղեկատվությունը հիշում, բայց գրեթե միշտ հիշում են այն զգացողությունը, որը ստացել են այդ տեղեկատվության հետ միասին։
Որքան ավելի իրական, հետևողական ու անկեղծ ես քո բովանդակության մեջ, այնքան ավելի բնական կերպով է ձևավորվում քո կերպարը։ Այն այլևս չի պահանջում ավելորդ ճնշում կամ անընդհատ ինքնաապացուցում, որովհետև ժամանակի ընթացքում սկսում է աշխատել ինքնուրույն։ Մարդիկ սկսում են ճանաչել քեզ ոչ թե մեկ տեսանյութով, այլ ամբողջական զգացողությամբ, որը դու ստեղծում ես տարիների ընթացքում։ Եվ հենց այդ շարունակականությունն ու իրականությունը դարձնում են կերպարը ուժեղ, վստահելի ու երկարաժամկետ ազդեցություն ունեցող։
Էթիկական պատասխանատվությունը ժամանակակից թվային միջավայրում դարձել է բովանդակություն ստեղծողի կարևորագույն պարտականություններից մեկը:Այն ուղղակիորեն կապված է այն վստահության հետ, որը ձևավորվում է ստեղծողի և լսարանի միջև, և հենց այդ վստահությունն է, որ երկարաժամկետ ազդեցություն է ապահովում։ Ճշգրիտ տեղեկատվությունը, փաստերի նկատմամբ ուշադիր վերաբերմունքը, հարգալից խոսքը և անկեղծությունը միասին են ձևավորում առողջ ու կայուն մեդիա միջավայր, որտեղ մարդիկ կարող են կողմնորոշվել առանց կասկածի և մանիպուլյացիայի զգացողության։
Երբ բովանդակություն ստեղծողը գիտակցում է իր ազդեցության չափը, նա սկսում է ավելի զգուշորեն մոտենալ յուրաքանչյուր հրապարակմանը՝ հասկանալով, որ նույնիսկ փոքր արտահայտությունը կարող է տարբեր կերպ ընկալվել տարբեր մարդկանց կողմից։
Այս պատասխանատվությունը միայն տեղեկատվության ճիշտ փոխանցումով չի սահմանափակվում։ Այն նաև վերաբերում է այն ձևին, թե ինչպես է ներկայացվում բովանդակությունը, ինչ տոնով է այն մատուցվում, և ինչ ազդեցություն կարող է ունենալ տարբեր լսարանների վրա։
Ժամանակակից սոցիալական հարթակներում, որտեղ տեղեկատվությունը տարածվում է վայրկյանների ընթացքում, էթիկական սխալները նույնպես կարող են նույնքան արագ բազմապատկվել։ Սխալ վերնագիրը, չճշտված փաստը կամ կեղծ ենթադրությունը կարող են ձևավորել հանրային սխալ պատկերացումներ, որոնք հետագայում դժվար է ուղղել։ Այդ պատճառով պատասխանատու բովանդակություն ստեղծողը պարտավոր է ոչ միայն ստեղծել, այլ նաև ստուգել, համադրել և վերլուծել այն նյութը, որը ներկայացնում է հանրությանը։
Ինֆլյուենսերների կոնտենտը կարող է լինել շատ տարբեր ձևաչափերով՝ կախված թե՛ ստեղծողի հետաքրքրություններից, թե՛ լսարանի պահանջներից և թե՛ տվյալ հարթակի առանձնահատկություններից։ Այն կարող է ընդգրկել ճանապարհորդական վլոգեր, գեղեցկության և խնամքի խորհուրդներ, առօրյա կյանքի կադրեր, հումորային և ժամանցային տեսանյութեր, ինչպես նաև կրթական կամ տեղեկատվական նյութեր, որոնք նպատակ ունեն ոչ միայն զվարճացնել, այլ նաև ինչ-որ արժեք փոխանցել։
Կարևորն այն է, որ այդ բովանդակությունը լինի հետաքրքիր, անկեղծ և հնարավորինս մոտ հետևորդներին։ Մարդիկ հիմնականում հետևում են այն ինֆլյուենսերներին, որոնց մեջ տեսնում են իրականություն, բնականություն և վստահություն, այլ ոչ թե չափազանց բեմադրված կամ արհեստական պատկերներ։ Այդ պատճառով էլ ամենահաջողված բովանդակությունը հաճախ հենց այն է, որը ամենապարզ ու մարդկային պահերն է ցույց տալիս։
Լայքերն ու դիտումները սոցիալական մեդիայի կարևոր ցուցանիշներից են, որոնք առաջին հայացքից կարող են պատկերացում տալ կոնտենտի հաջողության մասին։ Դրանք ցույց են տալիս, թե որքան հետաքրքիր կամ պահանջված է տվյալ նյութը, որքան արագ է այն տարածվում և որքան մեծ լսարանի է այն հասել։ Սակայն միայն լայքերի քանակը միշտ չէ, որ խոսում է իրական ազդեցության մասին, որովհետև թվերը կարող են լինել մակերեսային ցուցանիշ, որը չի արտացոլում իրական ներգրավվածությունը։
Ավելի կարևոր է հասկանալ, թե որքան ակտիվ և ներգրավված է լսարանը։ Արդյո՞ք մարդիկ միայն դիտում են, թե նաև արձագանքում են, մեկնաբանում, քննարկում և կիսվում իրենց փորձով։
Ալգորիթմների հետ անհնար է աշխատել հստակ և մշտական կանոններով։ (Սոցիալական մեդիայի հարթակներում ալգորիթմները ծրագրային համակարգեր են, որոնք որոշում են, թե օգտատերը ինչ բովանդակություն կտեսնի իր լրահոսում)։
Չկա մի պարզ բանաձև, որով կարելի է անմիջապես ստանալ մեծ տարածում։ Սոցիալական մեդիայի ալգորիթմները մշտապես փոփոխվում են, և այդ փոփոխություններին հետևելը դարձել է այս աշխատանքի կարևոր մասերից մեկը։ Մենք ավելի շատ հետևում ենք այդ փոփոխություններին, փորձում հասկանալ դրանց տրամաբանությունը և աստիճանաբար հարմարվել դրանց։
Նայում ենք՝ ինչ ձևաչափերն են տվյալ պահին ավելի հետաքրքիր մարդկանց համար, որ տեսանյութերն են ավելի շատ ուշադրություն գրավում, ինչ բովանդակություն է առաջացնում քննարկում կամ արձագանք, և արդեն դրա հիման վրա փորձում ենք հասկանալ, թե ինչ ուղղությամբ շարժվել։ Սա մի գործընթաց է, որը պահանջում է մշտական վերլուծություն, փորձարկում և ճկունություն։
Կարևոր է պահպանել սեփական ինքնությունը և ստեղծել այնպիսի բովանդակություն, որը քեզ նույնպես հետաքրքիր է, և ոգեշնչող։ Երբ ստեղծողը ինքը չի զգում հետաքրքրություն իր արածի հանդեպ, դա շատ հեշտ փոխանցվում է դիտողին։ Իսկ այն բովանդակությունը, որը ստեղծվում է իրական հետաքրքրությամբ ու ներգրավվածությամբ, սովորաբար ավելի բնական է ընկալվում և ավելի երկար է մնում մարդկանց հիշողության մեջ։
Սոցիալական մեդիան այսօր դարձել է ոչ միայն հաղորդակցության կամ ժամանցի հարթակ, այլ նաև ինքնության ձևավորման, սոցիալական ընկալումների կառուցման կարևոր միջավայր։ Այն այլևս պարզապես տեխնոլոգիական գործիք չէ, այլ մշակութային տարածք, որտեղ մարդիկ ամեն օր ներկայացնում, խմբագրում և վերաիմաստավորում են իրենց կյանքը։ Ինֆլյուենսերների ազդեցությունը այս համակարգում առանձնահատուկ է, քանի որ նրանք ոչ միայն ստեղծում են բովանդակություն, այլ նաև ձևավորում են այն չափանիշները, որոնցով լսարանը ընկալում է գեղեցկությունը, հաջողությունը, երջանկությունը և նույնիսկ «նորմալ» կյանքի պատկերացումը։
Այս գործընթացում հատկապես նկատելի է, թե ինչպես են մեդիայում ներկայացվող «կատարյալ» պատկերները դառնում վարքագծային և հոգեբանական մոդելներ երիտասարդների համար։ Լուսանկարների, բեմադրված իրավիճակների, ընտրված կեցվածքների, ֆիլտրերի և խմբագրման տարբեր գործիքների միջոցով ստեղծվում է իրականության մի տարբերակ, որը հաճախ հեռու է առօրյա կյանքի բազմազանությունից։ Սակայն հենց այդ կառուցված, գեղեցկացված իրականությունն է, որ հաճախ ընկալվում է որպես նպատակ, օրինակ կամ նույնիսկ պարտադիր ստանդարտ։ Այս պայմաններում իրականությունը և ներկայացված կյանքը սկսում են աստիճանաբար հեռանալ իրարից, իսկ անհատը հայտնվում է մշտական համեմատության մեջ։ Այդ ամենը հաճախ դառնում է անգիտակցական ճնշման աղբյուր՝ ստիպելով մարդկանց փոխել իրենց վարքագիծը, արտաքին տեսքը կամ նույնիսկ ինքնընկալումը։
Միևնույն ժամանակ, կարևոր է ընդգծել, որ այս ամենի դրական կողմերի մասին։ Սոցիալական մեդիան նաև ստեղծել է ինքնարտահայտման նոր հնարավորություններ, որտեղ յուրաքանչյուր մարդ կարող է ներկայացնել իր պատմությունը, իր փորձը և իր անհատական տեսանկյունը։
Սակայն այս ազատության և հնարավորությունների հետ մեկտեղ առաջանում է նաև պատասխանատվության հարցը։ Բովանդակություն ստեղծողները պետք է գիտակցեն, որ իրենց ներկայացրած պատկերները և գաղափարները կարող են ազդեցություն ունենալ լայն լսարանի վրա, նույնքան կարևոր է նաև լսարանի դերը, որը պետք է կարողանա ճիշտ ընկալել տեսածը, տարբերել իրականությունն ու կառուցված պատկերը և չկորցնել սեփական ինքնությունը։
Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն է ստանում մեդիա գրագիտությունը, որը դառնում է ժամանակակից հասարակության կարևոր հմտություններից մեկը։ Այն թույլ է տալիս ոչ միայն հասկանալ, թե ինչպես են աշխատում սոցիալական հարթակները և ալգորիթմները, այլ նաև գիտակցել, թե ինչպես է ձևավորվում բովանդակությունը և ինչ նպատակներ կարող են լինել դրա հետևում։ Մեդիա գրագիտությունը օգնում է ստեղծել ավելի առողջ հարաբերություն թվային աշխարհի հետ՝ նվազեցնելով մանիպուլյացիայի ազդեցությունը և բարձրացնելով ինքնուրույն մտածելու կարողությունը։
Ի վերջո, կարելի է եզրակացնել, որ ժամանակակից մեդիա միջավայրում ամենակարևորը ոչ միայն տեսանելի լինելն է կամ հանրաճանաչությունը, այլ նաև ինքնության պահպանությունը, իրականության գիտակցված ընկալումը և հավասարակշռված վերաբերմունքը թվային աշխարհի ազդեցությունների նկատմամբ։ Թվային իրականությունը շարունակում է զարգանալ և փոխվել, սակայն մարդու հիմնական կարիքը՝ անկեղծ կապը, ինքնության ամբողջականությունը և իրական հաղորդակցությունը, մնում են անփոփոխ արժեքներ, որոնք չեն կարող փոխարինվել ոչ մի ալգորիթմով կամ տեխնոլոգիական նորարարությամբ։