Լուրը`60 վայրկյանում.մեդիայի նոր լեզուն
Ուսանող՝Անահիտ Քոչարյան
Գիտական ղեկավար՝Ռուզան Գիշյան
Reel․ կարճ տեսանյութ, մեծ ազդեցություն
Մի քանի տարի առաջ լրատվությունը սկսվում էր երկար հոդվածներից ու հեռուստատեսային ռեպորտաժներից։ Այսօր այն հաճախ տեղավորվում է ընդամենը 30-60 վայրկյանում։ Ժամանակակից լսարանը տեղեկատվությունը սպառում է արագ, շարժման ընթացքում, հեռախոսի էկրանից։ Այս փոփոխությունը մեդիայի առաջ դրել է նոր պահանջներ՝ արագություն, ճկունություն և անմիջականություն։Սոցիալական մեդիայի զարգացման հետ միասին կարճ տեսանյութերը դարձել են ժամանակակից հաղորդակցության ամենատարածված ձևաչափերից մեկը։ Reel-երը դինամիկ, կարճ և տեսողական բովանդակություն են, որոնք ստեղծվում են արագ սպառման համար և ընդամենը մի քանի վայրկյանում կարողանում են փոխանցել հիմնական գաղափարը։
SMM մասնագետ
Անի Հարությունյան
SMM մասնագետ Անի Հարությունյանը նշում է, որ այսօր Reel-երը դարձել են սոցիալական մեդիայի հիմնական «շարժիչ ուժը»։ Նրա խոսքով՝ եթե նախկինում էջերի աճը հիմնականում պայմանավորված էր լուսանկարներով և սովորական հրապարակումներով, ապա այժմ ամենամեծ հասանելիությունն ու ճանաչումը ապահովում են հենց կարճ տեսանյութերը։ Հատկապես բրենդների և լրատվամիջոցների համար Reel-երը կարևոր գործիք են, քանի որ մեկ հաջողված տեսանյութը կարող է ընդամենը մի քանի ժամում հասնել հազարավոր մարդկանց։
Reel-երը փոխում են լրագրության լեզուն
Reel-երը փոխել են ոչ միայն բովանդակության ներկայացման ձևը, այլև հենց լրագրության լեզուն։ Լրագրողները ստիպված են տեղեկատվությունը դարձնել ավելի դինամիկ, հակիրճ և ուշադրություն գրավող, քանի որ սոցիալական մեդիայի միջավայրում լսարանի ուշադրությունը պահպանելու համար կարևոր է յուրաքանչյուր վայրկյանը։

Աննա Բաբաջանյան

Աշխատում է Factor TV-ում՝ որպես լրագրող-ռիլմեյքեր։ Նա զբաղվում է կարճ տեսանյութերի պատրաստմամբ և լրատվական բովանդակության ներկայացմամբ սոցիալական մեդիայի հարթակներում։Անդրադառնալով կարճ տեսանյութերի կարևորությանը՝ Աննա Բաբաջանյանը նշում է, որ ժամանակակից տեղեկատվական հոսքերի պայմաններում Reel-երը չափազանց կարևոր դեր ունեն մեդիայի համար։ Նրա խոսքով՝ կարճ տեսանյութերը հնարավորություն են տալիս ընդամենը մի քանի վայրկյանում գրավել լսարանի ուշադրությունը, ինչը հատկապես կարևոր է ներկայիս արագ սպառվող տեղեկատվական միջավայրում։

Երկար բարակ տեսանյութերը արդեն չեն գրավում, մարդիկ ձգտում են կարճ ինֆորմացիաների և այսօր ցանկացած մասնագետ ռիլերին առանձնակի կարևորություն է տալիս, սա միայն լրագրության մարտահրավերը չէ:
Աննա Բաբաջանյան
Reelmaker-լրագրող

Reel-երի պատրաստման գործընթացի անմիջական դիտարկում

Ա․Բաբաջանյանի նկարահանած ռիլը հրապարակվել է Factor TV-ի սոցիալական էջերում: https://www.facebook.com/share/v/1CtmUunRME/
It is necessary to choose a visual aid that is appropriate for the topic and audience.
Արաքսյա Սնխչյանը, ով աշխատում է Armenia Today-ում որպես լրագրող-խմբագիր, հարցազրույցի ընթացքում ընդգծեց, որ Reel ձևաչափը պահանջում է տեղեկատվությունը հարմարեցնել և հասցնել ճիշտ ու անհրաժեշտ ձևաչափի։ Նրա խոսքով՝ կարճ տեսանյութերի ստեղծման գործընթացը նաև ստեղծագործական աշխատանք է, քանի որ նույնիսկ սահմանափակ ժամանակի ընթացքում հնարավոր է ներկայացնել լրագրողի աշխատանքն ու ներդրումը։
Արաքսյա Սնխչյանը նշում է, որ կարճ ֆորմատը կարևոր է նաև տեղեկատվության հավասարակշռված փոխանցման տեսանկյունից։ Նրա կարծիքով՝ եթե որևէ իրականության շուրջ գոյություն ունեն երկու հակադիր կարծիքներ, ապա կա վտանգ, որ լսարանին կհասնի միայն մեկ տեսակետը, մինչդեռ ռիլերի միջոցով հնարավոր է ավելի արագ և հասանելի ձևով ներկայացնել տարբեր կողմերի դիրքորոշումները։
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով շատ լրատվամիջոցներ ստիպված են հետևել նոր ձևաչափերին:

Սոցիալական մեդիայի միջավայրում լրատվամիջոցները հարմարվում են լսարանի նոր սովորություններին՝ օգտագործելով կարճ և դինամիկ ձևաչափեր։ Լրագրությունը փորձում է մնալ այնտեղ, որտեղ գտնվում է լսարանը։ Իսկ այսօր լսարանը կարճ տեսանյութերի աշխարհում է։
Սամվել Մարտիրոսյան
Մեդիափորձագետ
Հաշվի առնելով սոցիալական մեդիայի շարունակական զարգացումը և լսարանի տեղեկատվական սովորությունների փոփոխությունը՝ կարելի է ենթադրել, որ առաջիկա տարիներին կարճ տեսանյութերի դերն ու նշանակությունը լրագրության մեջ կշարունակեն աճել՝ մնալով տեղեկատվության տարածման և հանրության հետ հաղորդակցության կարևորագույն գործիքներից մեկը։