7 պատճառ թե ինչու է քունը կարևոր

Քունը առողջության հիմքն է։ Անբավարար քունը կարող է վնասել մեր հոգեկան և ֆիզիկական բարեկեցությանը, իսկ որակյալ քունը կենսական նշանակություն ունի արդյունավետության, կենտրոնացման և ընդհանուր առողջության պահպանման համար։

Այս թեմայով զրուցել ենք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բժիշկ-նյարդաբան Քրիստինե Գագիկի Քոսյանի հետ։

Քնի պակասը ազդո՞ւմ է մարդու նյարդային համակարգի վրա:

Քնի ընթացքում ուղեղը մշակում և պահպանում է օրվա ընթացքում ստացած ինֆորմացիան և այն գեներացնում հիշողությունների տեսքով։ Ոչ բավարար քունը խաթարում է այս ֆիզիոլոգիական գործընթացը, և արդյունքում բախվում ենք հիշողության, կենտրոնացման ու որոշումների կայացման դժվարություններին։ Մարդու քնի տևողության պահանջարկը տատանվում է կախված տարիքից և անհատական առաձնահատկություններից: Հետազոտությունների համաձայն` առողջ, չափահաս մարդուն միջինում անհրաժեշտ է 7-9 ժամ գիշերային կանոնավոր քուն։ Քնի պակասը մեծ ազդեցություն ունի մարդու նյարդային համակարգի վրա. էականորեն դանդաղում է նյարդային համակարգի գործունեությունը, ինչի արդյունքում էլ շրջակա միջավայրի իրադարձություններին և ազդակներին պատասխանելը զգալիորեն վատթարանում է։

Քնի պակասը բերում է մի շարք ֆիզիոլոգիական փոփոխությունների:

Քնի պակասը բերում է մի շարք ֆիզիոլոգիական փոփոխությունների մարդու ուղեղում և մարմնում, որոնք կարող են խաթարել ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ առողջությունը։ Քնի պակասը հանգեցնում է մտավոր, կենտրոնացման, ուշադրության, հիշողության, ինֆորմացիայի ընկալման խաթարման, քանի որ թուլանում են նյարդային կապերը։
Քունը կարևոր դեր ունի նաև մկանների և բջիջների վերականգնման գործում, քանի որ քնի ընթացքում ակտիվանում է աճի հորմոնը։ Քնի պակասի դեպքում այս գործընթացները դանդաղում են, ինչը բերում է մկանային ցավերի ավելացման։
Հետազոտությունները ցույց են տվել` քնի երկարատև պակասը սերտ կապված է բարձր զարկերակային ճնշման, սրտամկանի ինֆարկտի, գլխուղեղի կաթվածի, գիրության, շաքարային դիաբետի, դեպրեսիայի, հիշողության վատացման, ցածր իմունային համակարգի, ֆիզիկական և մտավոր առողջության լաբիլության հետ։


Քնի ճիշտ ժամանակացույցը պահպանելը կարևոր է առողջության և ընդհանուր բարեկեցության համար: Նախ` մեր օրգանիզմի ներքին ժամացույցը կարգավորում է քնի և արթնության ցիկլերը, ինչպես նաև տարբեր ֆիզիոլոգիական գործընթացներ, ներառյալ` հորմոնների արտադրությունը, նյութափոխանակությունը և մարմնի ջերմաստիճանը։ Հաստատուն քնի ժամանակացույցն օգնում է պահպանել այս ռիթմերի բնականոն ընթացքը, ինչը նպաստում է ավելի որակյալ քնին և օրվա ընթացքում բարձր էներգետիկ մակարդակին։
Երբ քնի ժամերն անկանոն են, մարմինը չի կարողանում արդյունավետորեն անցնել քնի բոլոր փուլերով: Դա հանգեցնում է անբավարար վերականգնման։


Քնի պակասը ազդում է սթրեսի մակարդակի վրա:

Քնի ժամանակ օրգանիզմում իջնում են կորտիզոլի և այլ սթրես-հորմոնների քանակները։ Կորտիզոլի մակարդակը ցերեկը նվազում է, իսկ գիշերվա ընթացքում՝ ցածր մակարդակի վրա է։ Սակայն ոչ բավարար քնի դեպքում կորտիզոլի մակարդակը մնում է բարձր, ինչը հանգեցնում է նյարդային լարվածության։ Ոչ բավարար քունը հանգեցնում է նաև էմոցիոնալ անկայունության, իջնում է սթրեսային իրավիճակների հանդեպ զգայունության շեմը, անհատը դառնում է դյուրագրգիռ, չի կարողանում բավարար չափով վերահսկել իր հույզերը և առավել բուռն է արձագանքում դժվարություններին, որոնք, ի վերջո, երկարատև լինելու պարագայում, հանգեցնում են տագնապայնության, պանիկ գրոհերի, տրամադրության տատանումների, դեպրեսիայի և սուիցիդալ մտքերի։

Քնի պակասը ազդո՞ւմ է իմունային համակարգի վրա։

Քնի ընթացքում իմունային համակարգը արտադրում է հակամարմիններ և օտար մարմիններից, վիրուսներից և բակտերիաներից պաշտպանող հատուկ նյութեր։ Հետևաբար, քնի պակասի դեպքում, զգալիորեն իջնում է վերոնշյալ նյութերի քանակը օրգանիզմում՝ հանգեցնելով իմունային համակարգի ակտիվության նվազման և օրգանիզմի դիմադրողականության անկման։ Բացի այդ, եթե արդեն առկա է հիվանդություն, օրգանիզմի լավացման ու վերականգնման պրոցեսները զգալիորեն դանդաղում են։
Առողջ քունը ուղղակի ազդեցություն ունի մարսողական համակարգի և մարմնի զանգվածի վրա։ Այն ազդում է սովի և հագեցվածության զգացողությունները կարգավորող երկու կարևորագույն հորմոնների՝ լեպտինի և գրելինի վրա, որոնց` քնի խանգարման ժամանակ առաջացած դիսբալանսի դեպքում, դիտվում է ախորժակի բարձրացում և շատակերություն։
Քունը ազդում է մի շարք պրոցեսների վրա, որոնք ապահովում են սիրտ-անոթային համակարգի նորմալ գործունեությունը, արյան մեջ գլյուկոզայի, աճի և մի շարք այլ ներզատիչ հորմոնների նորմալ ցուցանիշները։ Համապատասխանաբար` քնի պակասը իր անմիջական հետևանքներն է թողնում այդ համակարգերի բնականոն աշխատանքի վրա ևս։


Photo by Jacob
Photo by Kolya
Photo by Oliver
Photo by Leo
Ինչպես խուսափել քնի խանգարումներից

Քնի խանգարումներից խուսափելու համար չափազանց կարևոր է քնի հիգիենայի պահպանումը։ Դրանք որոշակի սովորություններ են, որոնց կանոնավոր կիրառումը կօգնի զգալիորեն բարելավել քունը: Օրինակ` ցանկալի չէ հեռուստացույց դիտել կամ հեռախոս օգտագործել քնելուց առնվազն մեկ ժամ առաջ։