Հարցազրույց

Համընդհանուր ներառական կրթությունը որպես օգնությո՞ւն, թե՞…

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) երեխաների հարցը` չնայած գլոբալ զարգացմանը, շարունակում է մնալ արդիական։ Կրթական համակարգը համընդհանուր դարձնելուց հետո, մի շարք խնդիրներ են առաջացել։ Դրանց առաջացման և լուծման մասին խոսել ենք Հրազդանի Անանիա Շիրակացու անվան թիվ 6-րդ հիմնական դպրոցի հատուկ հոգեբան Անի Թադևոսյանի հետ։

  • Անահիտ Ստեփանյան
- Այն պահից սկսած, երբ որոշում կայացվեց կրթությունը դարձնել ներառական, բացի դրական արդյունքներից, ի հայտ եկան նաև մի շարք խնդիրներ. երեխաների ագրեսիվ վարքը, բուլիինգը և այլն։ Ինչո՞վ են դրանք պայմանավորված։

- Ըստ իս, դա պայմանավորված է մեր հասարակության կարծրատիպային մտածելակերպով, քանի որ մենք այդքան էլ դեռ եփված չենք, որ խնդրով երեխաներին չփորձեք տարանջատել, բայց դա այդքան էլ այդպես չէ։ Անկախ ամեն ինչից, կրթական ոլորտի ցանկացած բնագավառում, ոչ միայն հոգեբանի աշխատանքի մեջ, կա մի աստիճան այդ երեխաներին ուշադրության առումով բարձր դասելը, իրենց «պուպուշ» են անում, զգացնել են տալիս, որ ամեն դեպքում նա խնդրով է՝ մի քիչ մեղմ վերաբերվեք։ Դա բացասական կողմ է, որը գալիս է նրանից, որ մեր հասարակությունը չի կարողանում դեռ մարսել այդ մարդկանց որպես սովորական անհատներ։ Ամեն դեպքում այդ պիտակավորվումը կա։ Որպես դրական կողմ էլ կարող եմ ասել, որ ճիշտ է, հիմա մեր ուսուցիչների մեծամասնությունը հին սերնդից է, բայց սերնդափոխություն է տեղի ունենում՝ դպրոցներում ավելի թարմ, ավելի երիտասարդ սերունդ է սկսում դասավանդել, և այդ կարծրատիպերը աստիճանաբար կոտրվում են։


- Վերջին շրջանում մի դեպքի ականատես եղանք, թե ինչպես է ԿԱՊԿՈՒ երեխան ագրեսիվ վերաբերումումք ցուցաբերում այլ աշակերտների նկատմամբ՝ հարվածում է, նեղացնում, իրերը վերցնում…. Արդյո՞ք այդ ամենը հաշվի չէր առնվել նման գաղափար առաջ բերելիս։


- Մտածում եմ, որ ինչ որ տեղ հաշվի է առնվել, բայց թե որքանով է դա առողջ եղել, որքանով է ուսումնասիրվել հմուտ մասնագետի կողմից, և որքանով են հաշվի առել սպասվող ռիսկերը չեմ կարող ասել, որովհետև շատ ժամանակ որոշում են կայացնում մարդիկ ովքեր բնագավառից հեռու են։ Բայց դա առաջին ազդակը պետք է լիներ, որ հաշվի առնեին ծրագիրը իրագործելիս։ Իրականում այստեղ աշխատանքը շատ լայնածավալ է։ Ինչ վերաբերում է ագրեսիային, այն երկկողմանի բնույթ է կրում։ Դա գալիս է նրանից, թե ինչու՞ է մյուսների մոտ ստացվում, իր մոտ չէ, ինչու՞ այն երեխան կարող է, նա՝ չէ։ Այս սինդրոմը կա երեխաների մեջ՝ թե ինչու են իրենց անընդհատ առանձնացնում, ինչու են դուրս հանում, որ իր հետ աշխատեն։ Կողքից կարող է այդպես չթվալ, որովհետև շատ հոգեբանական է, բայց այդ պահին իրենց մոտ պաշտպանական մեխանիզմ է գործում և երեխան սկսում է չթողնել տվյալ մասնագետին իր հետ աշխատել։ Դա արդեն բերում է ագրեսիվ վարքի, որը արդեն տարածում է ունենում իրեն շրջապատող երեխաների վրա։


- Շարունակելով նախորդ հարցը փաստեմ, որ Հրազդան քաղաքի ներառական կրթություն ունեցող դպրոցներից մի քանիսը, 2 տարվա ընթացքում 5-7 զանգ-բողոք են ստացել, որ ԿԱՊԿՈՒ երեխաները նեղացնում են այլ երեխաներին։ Ի՞նչ գործողություններ են արվում այս խնդրին լուծում տալու համար, որ չկրկնվի, քանի որ դա հոգեբանական տրավմայի պատճառ կարող է հանդիսանալ մյուս երեխաների համար։


- Դա երևի գալիս է ուսուցիչների ոչ մասնագիտական հմտություններից, քանի որ նոր է համակարգը, դեռ շատերը խամ են և չեն կարողանում վերահսկել ստեղծված իրավիճակը, այդ պատճառով էլ նման դեպքեր են լինում։ Իրականում, այս ոլորտում աշխատելու շատ տեղ կա, զանգ բողոքներն էլ գալիս են ինչպես խոսեցինք՝ երեխաների ագրեսիվ պահվածքից, մեծ մասամբ էլ ծնողների ոչ ճիշտ մտածելակերպից, որին աջակցող խմբերը փորձում են լուծում տալ։ Դպրոցի ներսում արվող աշխատանքները շատ արդյունավետ են, եթե մասնագետը մասնագետ լինի, այսինքն ներառվող երեխայի հոգեբանը ներառվող հոգեբան լինի, հատուկ մանկավարժը՝ հատուկ մանկավարժ, այլ ոչ թե ուղղակի պատկերացում կազմեն այդ մասին և գան աշխատելու։

Նկարը` Անի Թադևոսյանից
- Վերջին դեպքերից են նաև, որ ծնողները թաքցնում են երեխայի ախտանիշերը, ընդհանրապես չեն ներկայացնում կամ էլ շատ թույլ են ներկայացնում խնդիրը։ Արձանագրվե՞լ են նման դեպքեր։

- Այո, և դա մեծ խնդիրներ է առաջացնում արդեն մեզ համար։ Մենք կոնկրետ տեսնում ենք, որ երեխան ունի խնդիր, բայց ծնողը հրաժարվում է։ Նման մի օրինակ․ առաջին բալիկը խնդիր ունի, և մենք ախտորոշում ենք աուտիզմ, այդտեղ մեր աջակցող թիմը օգնություն է ցուցաբերում երեխային։ Կան ոչ հմուտ մասնագետներ, ովքեր չգիտեն աշխատանքը ինչ ուղղությամբ պետք է տարվի և ավտոմատ երեխային վանում են իրենցից, իսկ արդեն սկսված աշխատանքը դառնում է անարդյունավետ։ Մայրը դրանից ելնելով, երբ երկրորդ երեխային է բերում դպրոց, հրաժարվում է գնահատումից, օգնությունից, իրեն արդեն ձեռ է տալիս, որ երեխան խնդրով մնա․ կմեծանա կանցնի, ոչինչ։ Բայց նաև ունենք դեպքեր, շատ են հատկապես այս սերնդափոխության շրջանում, որ հենց ծնողներն են դիմում։ Դիմում են զուտ հոգեբանական խնդրով, բայց ընթացքում արդեն լուրջ խնդիրներ են հայտնաբերվում։

- Կարո՞ղ է այս ամենը կապված լինել ծրագրում ներառված մասնագետների շատ ժամանակ ոչ պրոֆեսիոնալ լինելու հետ, քանի որ շատերը սկսնակներ են, և հաճախ իրենք էլ չեն կարողանում խնդիրը առաջ տանել։

- Փորձի խնդիրն է հիմնականում։ Մի տեղ ես չեմ էլ մեղադրում, քանի որ ցանկացած բնագավառում, որքան էլ հմուտ, խելացի մասնագետ ես լինում, բայց երբ որ նոր-նոր քայլեր ես անում, չունես փորձ, բախվում ես խնդիրների՝ ի՞նչ անել այս երեխայի հետ, հատկապես ԿԱՊԿՈՒ երեխաների հետ աշխատելիս։ Այդտեղ պետք է որոշ հմտություններ կիրառել և վերջ։ Շատ ժամանակ անգամ տեսական ստացած գիտելիքները անհրաժեշտ է լինում դնել մի կողմ, որովհետև դրանք ինչ որ իրավիճակում սկսում են չօգնել։ Օրինակ՝ կարող է երեխան 6 ամիս թույլ չտալ իր հետ աշխատել, 6-րդ ամսում մի օր որոշել, որ դու իր ընկերն ես, քեզ կարելի է ինչ-որ բաներ թույլ տալ։

- Չնայած պետությանը փորձերին` կրթությունը դարձնել ներառական, հասարակությունը շարունակում է մնա այն կարծիքին, որ այդ երեխաները պետք է առանձնացած լինեն,«բուժում» ստանան, և այդպես էլ դաստիարակում են իրենց երեխաներին, ովքեր բացասական վերաբերմունք են ցուցաբերում։ Շատ ժամանակ դա ծնողի պարտականությունն է, իսկ դպրոցի դե՞րը, ի՞նչ կարող է անել դպրոցը այս պարագայում։

- Ճիշտ է պետությունը փորձում է նրանց ներառել սոցիալական մոդելի մեջ, բայց միաժամանակ նրանց համար հատուկ ծրագիր չի ստեղծում, խոսքը ոչ թե առանձին ներառական կրթության մասին է, այլ դպրոցներում իրենց համար նախատեսված առանձին ծրագրի։ Ունենք Դաունի համախտանիշով երեխա, ով սովորում է նույն ծրագրով, ինչ առողջ երեխան։ Այդ ամենը արվում է, որ գոնե տարրական գիտելիքներ ունենան, բայց երեխան չի հասցնում, իսկ ինչ վերաբերում է բժշկական մոդելին, մասնագիտական տեսանկյունից ասեմ, հոգեբանին անվանում են գժերի բժիշկ։ Հասարակությունը առաջինը թող հոգեբանին տարբերի հոգեբույժից, հետո նոր այդ երեխաների մասին խոսի։ Դա կարծրատիպ է, որը շատ դժվար է կոտրել։ Այս մտածելակերպի կորիզը դեռ Խորհրդային ժամանակաշրջանից է եկել, և այդ ժամանակի մարդկանց շատ դժվար է հասցնել մտավոր փոփոխության։ Դպրոցներում, զուտ հոգեբանորեն, ոչ թե պետք է աշխատել ԿԱՊԿՈՒ երեխաների կրթական ոլորտը ավելի արդյունավետ դարձնելու վրա, այլ հակառակը, այն երեխաները, որ հոգեբանորեն և ֆիզիոլոգիապես առողջ են, պետք է աշխատանքներ տարվեն նրանց հետ։ Խնդրով երեխան միևնույն է, ինքն իր ներաշխարհի մեջ է, իր համար մեկ է նա գտնվում է առանձին ներառական համակարգում, թե համընդհանուր։ Համընդհանուր համակարգը արդյունավետ դարձնելու մեխը առողջ մարդկանց հետ աշխատանքն է։



Նկարը` Անի Թադևոսյանից
- Չե՞ք կարծում, որ պետք է վերանայել համընդհանուր կրթական ծրագիրը, ոչ թե նրա համար, որ այն սխալ է, այլ՝ հիմնախնդիրների լուծման, քանի որ շատ ռիսկեր կան։

- Միանշանակ։ Վերանայելու և փոփոխելու շատ բան կա։ Ես միշտ պատկերացնում եմ այսպես` սա դպրոցն է, դպրոցի ներսում նորից փոքրիկ դպրոց կա, որ ոչ թե այդ երեխաները առանձին դառնան, առանձին դասարանում սովորեն, այլ սովորեն իրենց հասակակիցների հետ նույն դասարանում, բայց այլ ծրագրով։ Համընդհանուր կրթությունը, իմ կարծիքով կրթական մակարդակում մեծ փոփոխություններ չի տալու, դա արվել է զուտ կարծատիպեր կոտրելու համար։ Երբ որ երեխան ունի Դէցէպէ-ով խնդիր ու անցնում է 9-րդ դասարանում բարձրագույն կրթություն, չի կարող նա այդ ծրագրով առաջ գնալ։ Երբ որ ԿԱՊԿՈՒ երեխան այցելում է դպրոց պարտադիր չէ, որ նա խորացված ուսումնասիրի ամեն առարկան, իր համար անհրաժեշտ է ուղղակի տարբերել ֆիզիկան գրականությունից, գրականությունը մաթեմատիկայից։

- Ճիշտ է, ԿԱՊԿՈՒ երեխաների հարցը կարևոր է, բայց որոշ դպրոցներում բարձիթողի վիճակում է։ Ի՞նչ կետից պետք է սկսել աշխատել, որ այս վիճակը զարգացում չունենա։

- Պետք է սկսել մանկապարտեզից և տնից, հիմա մենք մանկապարտեզներում առհասարակ հոգեբաններ չունենք, ոչ միայն խնդրով երեխաների համար, այլ նաև ոչ խնդրով երեխաների։ Իհարկե առաջնայինը, մեխը ընտանիքն է, ամեն ինչ պետք է սկսել ընտանիքից, հաշվի առնելով, որ տարբեր դաստիրակություններ ունեցող ընտանիքներից են հաճախում երեխաները: Մանկապարտեզներում դեպքեր կան, որ մասնագետ չլինելու պատճառով դաստիարակները չեն իմանում, որ երեխան խնդիր ունի, ուշադրություն չեն դարձնում, և սթրեսի պատճառով ամեն ինչ ավելի է բարդանում։ Ըստ իս, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, Հայաստանի հասարակայնությունը չունի կրթության կուլտուրա, գիտության կուլտուրա, և դա շատ բաց է։ Երբ որ այս երկու կառույցներից կարողանան կտրել թելը, արդեն դպրոցներում նման խնդիրներ չեն առաջանա։ Երբ որ մենք սովորենք կուլտուրա ձևավորել ծնողների մոտ, ամեն ինչ դրականի կփոխվի, և հիմնական խնդիրը, որ դրան դժվար է հասնել շրջաններում է։