Հրազդան համայնքի
կոյուղաջրերը շարունակաբար
լցվում են Ծովինարի ջրամբար

Քաղաքին մոտ գտնվոց ջրի մաքրման կայանը արդեն 30 տարի է ինչ չի գործում, իսկ կոյուղաջրերը քաղաքը լցնում են գարշահոտով

  • Անահիտ Ստեփանյան

Հայաստանում կեղտաջրերի մեծ մասը չի մաքրվում, մաքրման կայանները քիչ են, ուստի կենցաղային կեղտաջրերը հիմնականում լցվում են մակերևութային ջրային պաշարների մեջ ու դրանց աղտոտման պատճառ դառնում։



Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեից ստացած տեղեկության համաձայն՝ 2021-ի դրությամբ առաջացած համայնքային կեղտաջրերի ծավալի շուրջ 8 տոկոսն է մաքրվել, այն էլ միայն մեխանիկական եղանակով, իսկ կենսաբանական մաքրման են ենթարկվել ընդհանուր կեղտաջրերի ծավալի շուրջ 0,13 տոկոսը։


Հրազդան քաղաքի երբեմնի գեղատեսիլ հանգստյան գոտիներից մեկը` Ծովինարի ջրամբարը (Աղբյուրակի ջրամբար), այսօր այնպիսի վիճակում է, որ գարշահոտության պատճառով այնտեղ ոչ միայն նստել և հանգստանալ չի լինում, այլև` կողքով քայլել: Էլ չենք խոսում այդ հատվածում տևական ժամանակ անցկացնելու, լողալու կամ պարզապես ձկնորսությամբ զբաղվելու դեպքում առողջությանը սպառնացող վտանգների մասին:



Քաղաքի այս հատվածն, որն ի սկզբանե նախատեսված է եղել այգում զբոսնելու և ջրամբարի մոտ ժամանակ անցկացնելու համար, հիմա վերածվել է իսկական կոյուղատարի: Որոշ հատվածներում ջուրն այնքան է աղտոտվել, որ ճահճի է վերածվել` գարշահոտով, տարատեսակ թափոններով և վտանգավոր միջատներով:

Ջրամբար են լցվում Հրազդան համայնքի տարբեր թաղամասերի` Կենտրոնի (Ռայկոմ), Հրազդանի և Միկրոշրջանի կոյուղաջրերը։ Միկրոշրջան թաղամասինը Ծաղկաձոր տանող խաչմերուկի մոտից լցվում է Հրազդան գետը, Հրազդան թաղամասինը զինկոմիսարիատի մոտից լցվում է ջրամբարի հարավային հատվածը, իսկ Կենտրոն թաղամասինը հենց կողքից է լցվում։ Այժմ համայնքում չկան մաքրող կայաններ։ Նախկինում՝ 30 տարի առաջ, կիսով չափ գործել է կամ էլ ընդհանրապես չի գործել Քաղսիի մաքրման կայանը։

Տեղացի Լյովա պապիկը, որն աշխատում է այդտեղ, պատմում է, որ կայանի շենքերից մի հատված անասնաֆերմա են դարձրել: Ըստ նրա` ժամանակին այստեղ ջրի միայն մեխանիկական մաքրում է կատարվել, չնայած դա այնքան էլ բավարար չէ ջուրն ամբողջությամբ մաքրելու համար:

«Քաղսի գյուղում չեմ ապրում, Աթարբեկյան թաղամասից եմ, այստեղ աշխատում եմ։ Տարածքը արդեն 30 տարի է, ինչ այս վիճակի է, ես տեղյակ չեմ` ինչ է եղել, մենակ կասեմ, որ այս կիսաքանդ շենքերի վրա կռաններ են եղել, ժամանակի ընթացքում եկել հավաքել, տարել են։ Հիմա շենքերի ներսում անգամ փչացած սարքերից մասեր չկան, սաղ երկաթ, բան տարել են։ Այս շենքերի մի մասն էլ ֆերմա են դարձրել, ես էլ այստեղ աշխատում եմ, տեսնում եք․․․ Տարածքը արգելված գոտի չէ, անասուններին հանգիստ պտտացնում եմ ներսում»։

Լյովա

Լյովա պապիկն ու նրա աշխատանքի վայրը` անասնաֆերմա դարձած կայանը

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ջրային և հողային ռեսուրսների կառավարման ամբիոնի վարիչ Գուրգեն Եղիազարյանը ջրամբարի աղտոտման հիմնական պատճառը համարում է երկրում համապատասխան մաքրող կայանների բացակայությունը: Այդպիսիք գործել են խորհրդային տարիներին: Դրանցից մեկն էլ հենց Քաղսիի մաքրման կայանն էր: Սակայն շրջափակման տարիներին կայանները շարքից դուրս են եկել, իսկ հետո հնարավոր չի եղել վերականգնել, շատերն էլ մասամբ կամ ամբողջովին թալանվել են:

«Կայանի բացակայությունը հասցրել է նրան, որ նույնիսկ բնակավայրերի կենցաղային պայմաններն են վատացել։ Ամենաակտուալ օրինակն այն է, որ ջրամբարի շրջակայքում ապրող մարդիկ, հողատարածքները արդեն ջրում են այդ կեղտաջրերով, ինչը սխալ է: Պետք է լուրջ ուշադրություն դարձնել դրան: Կան նոր տեխնոլոգիաներ կոյուղաջրերի մաքրման իրականացման համար: Անհրաժեշտ է ներդրումներ կատարել, գիտական հանրության միտքը ուղղել տեխնոլոգիաների զարգացման և ներդրման ուղղությամբ: Եթե մենք դա չեք անում, նշանակում է՝ մենք այդ խնդիրը առաջնային պլան չենք բերում, հետևաբար դա միշտ մնում է հետին պլանում և բերում նրան, ինչ որ ունենք»:

Գուրգեն Եղիազարյան
Նկարը՝ https://anau.am/arman-roberti-simonyan/

ՀՀ Ազգային ժողովի կողմից 2002թ. հունիսի 4-ին ընդունված ջրային ռեսուրսների օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն մարդիկ կարող են կոյուղաջրերը հողատարածքը մշակելու համար որպես ոռոգման ջուր օգտագործել։ Սակայն Գուրգեն Եղիազարյանը ամեն դեպքում դա համարում է սխալ:

«Այո’, աղտոտվածության սահմանային թույլատրելի արժեքներ կան, որի դեպքում նոր կարելի է այն օգտագործել, բայց բոլոր դեպքերում․․․ Ես չգիտեմ ով է գրել այդ հոդվածը, բայց բույսերը հողից վերցնում են էլեմենտներ, սննդատարրեր անօրգանական վիճակում, իսկ դրանք օրգանական միացություններ են։ Այսինքն՝ ընդհանրապես չի կարելի օգտագործել, դրանք պետք է քայքայման պրոցես անցնեն, դառնան ոչ ակտիվ էլեմենտներ, նյութեր, մատչելի լինեն կենդանի օրգանիզմների համար, որից հետո նոր կարելի է օգտվել այդ ջրերից»:

Ջրամբարն աշնան եղանակին

Հայաստանում խմելու ջրի արտադրության և կեղտաջրերի մաքրման համակարգերի կառավարումը ապահովում է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն, իսկ այս ընկերության կողմից չսպասարկվող բնակավայրերում՝ տեղական ինքնակառավարման մարմինները։ Ըստ Հրազդանի համայնքապետարանի` գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պաշտոնական նախկին բաժնի պետ, այժմ գլխավոր մասնագետ Կամո Թումոյանի «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն ոչ մի քայլ չի ձեռնարկում այս խնդիրը լուծելու համար:

«Նրանք գումար են հավաքագրում, մենք էլ պետական միջոցներով այս 30 տարի է հարցը բարձրացնում ենք, բայց հնարավոր չէ այդ հարցը կարգավորել, որովհետև պետությունը այստեղ աջակցություն չունի, քանի որ սեփականատերը «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն է։ Բազմիցս, տարիներ շարունակ այդ հարցը քննարկվել է, բարձրացվել է, բայց մինչ այսօր լուծումը չկա»:

Կամո Թումոյանը հատկապես շեշտում է, որ քաղաքապետարանը ոչինչ չի կարող անել այս դեպքում:

«Կոյուղագիծը շենքից դուրս եկավ, վերջ խնդիրը «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ինն է։ Նրանք պետք է հարցը լուծեն, հատկապես, որ գումար են գանձում համայնքից: Մեր կողմից միշտ հարցը բարձրաձայնվում է, այն համայնքապետարանում օրակարգի մեջ գտնվող մշտական խնդիր է»։

Կամո Թումոյան
Նկարը ֆեյբուքյան էջից

Սակայն Գուրգեն Եղիազարյանը այլ տեսակետ ունի այս խնդրի վերաբերյալ։ Նրա խոսքով` միայն «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն չի կարող զբաղվել այս աշխատանքներով:

««Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի հավաքած գումարներն այնքան չնչին են, որ միայն դրանով մաքրման կայաններ չեն կարող կառուցել, իսկ համայնքապետարանն ու համայնքը չպետք է ձեռքերը ծալած նստեն, իրենք էլ իրենց ներդրումները պետք է ունենան, թե չէ ոչ ոք շահագրգռված չէ նմանատիպ մեծ ֆինանսական ծախսերի տակ ընկնել։ Ամեն մեկը խնդիրը գցում է մյուսի վրա, և ուզում, որ այն լուծված լինի»:


Այն, որ քաղաքի կեղտաջրերն արդեն 30 տարուց ավելի լցվում են ջրամբարը, նորություն չէ։ Առափնյա մի քանի արտադրամասերի կեղտը լցվում է Հրազդան գետը և գալիս անցնում ջրամբարի միջով: Վերջին տարիներին խնդիրը սրվել է, քանի որ ջրի հոսքն այնքան ուժեղ չէ, հատկապես ամռան շոգ եղանակին, երբ գետի ջրի հոսքը նվազում է, կեղտը կուտակվում է ջրամբարում, ճահճանում՝ դառնալով մոծակների ու գարշահոտության տարածման պատճառ։

Կամո Թումոյանը նշեց, որ դեպի Ծովինար Հրազդան գետով եկող ջուրը կարգավորվում է Սևանի դիսպետչերական կետից: Ջրի նորմալ մակարդակը 14.5մ է, սակայն ամռան եղանակին այն այնքան է իջնում, որ ջրամբարի մեջ միայն կոյուղաջուրն է լցվում: Գյուղատնտես Եղիազարյանի կարծիքով` ցանկացած ձեռնարկություն, համայնք, միավոր, որը հոսքաջուր է բաց թողում բնության մեջ, պետք է տուգանք վճարի, սակայն այդ տուգանքների չափերը չնչին են։ Անհրաժեշտ է օրենսդրական, իրավական ակտերը այնքան խստացնել, որ դեպի ջրամբարներ հոսքաջուր բաց թողող անձը հետևողական լինի, որ նման իրավիճակներ չստեղծվեն։

Ջրամբարը գրեթե ցամաքած և ջրով լի (առաջին լուսանկարը GoogleMap-ից)


Կենցաղային կեղտաջրերից բացի, այլ մեծ խնդիր են անասնապահական գործունեության հետևանքները, որոնք դարձյալ ամբողջությամբ լցվում են ջրամբարը կամ Հրազդան գետը: Կեղտաջրեր պարունակող գետերն ի վերջո թափվում են Հայաստանի կենսական ջրային պաշար՝ Սևանա լիճ, Արաքս, Դեբետ գետեր…


Կամո Թումոյանը բարձրաձայնում է մի խնդիր ևս. Հայաստանում այս ամբողջ կեղտաջրերը հեռացվում են Հրազդան գետով դեպի Արաքս ու Կասպից ծով, իսկ Տավուշի մարզի հատվածում՝ Դեբետով Կուր գետ։ Դրա համար էլ հարևան երկրի բնակիչները միշտ բողոքում են, դիմում միջազգային ատյաններ, քանի որ աղտոտված ջուրն իրենց ձկնատեսակների վրա ևս բացասական ազդեցություն է թողնում։

Գետեր, ջրամբարներ թափվող կոյուղաջրերը մեծ սպառնալիք են բնության և մարդկանց համար: Մեծ է հավանականությունը, որ մի քանի տարի հետո, հատկապես ամռան ամիսներին, գլուխ բարձրացնեն վարակիչ հիվանդությունները:


2007թ. Հետքին տված հարցազրույցի ժամանակ Կամո Թումոյանը (այդ ժամանակ բանապահպանության բաժնի պետ) հաստատել է, որ կա կայանի վերագործարկման ծրագիր: Սակայն, այժմ նա հավաստիացնում է, որ հին կայանները լիարժեքորեն վերագործարկելն այլևս իրատեսական չէ, նոր կայաններ կառուցելու անհրաժեշտություն կա: