Բիզնեսում բոլորը ներկայացնում են լուսավոր կետերը, բայց ես սիրում եմ խոսել դժարություններից


Հասմիկի ճանապարհը դեպի հրուշակագործության աշխարհ սկսվեց 19 տարեկանում՝ անսահման երազանքով ու հաստատակամությամբ: Այն, ինչ սկսվեց որպես հոբբի, վերածվեց մի ամբողջ բիզնեսի, որը համեմված է քրտնաջան աշխատանքով ու անթիվ փորձություններով: Այսօր Հասմիկն ունի 1000-ից ավել գոհ հաճախորդ, 50-ից ավել աշակերտ, և իր սեփական խանութ-արտադրամասն, որտեղ տորթերն ու քաղցրավենիքներն ավելի քան պարզապես մթերք են:

Հասմիկը դեռ ուսանող էր, երբ որոշեց իր սիրած գործը դարձնել բիզնես։ Չնայած բիզնեսի հետ կապված ոչ մի փորձ չուներ, նա օրուգիշեր աշխատում էր՝ ստեղծելով իր առաջին հրուշակեղենը: Այդ ընթացքում դժվարությունները շատ էին. «Եթե ի սկզբանե պատկերացում ունենայի, որ այսքան դժվարությունների միջով պետք է անցնեի, միգուցե չզբաղվեի հրուշակագործությամբ»,- ասում է Հասմիկը:

Բայց դժվարությունները նրան միայն ավելի ուժեղ դարձրին: Առաջին խանութ-արտադրամասն բացվեց այն ժամանակ, երբ աշխարհը պայքարում էր կորոնավիրուսի դեմ: Այս շրջանում սպառումը նվազեց, բայց Հասմիկը չընկճվեց: Դժվարությունների հետ միասին` եկան նաև դժգոհ հաճախորդներ, բայց ամեն քննադատություն դարձավ ուսուցանող փորձ:

Հասմիկի համար հաճախորդը միշտ եղել է գլխավոր առաջնահերթությունը: «Յուրաքանչյուր պատվեր ինձ համար առանձին պատմություն է, և ես փորձում եմ հասկանալ հաճախորդի պահանջներն ու նախասիրությունները»,- նշում է նա: Օրինակ` նրա մշտական հաճախորդներից մեկը միշտ պատվիրում է Մեղրանուշ, որը հիշեցնում է իր մանկության հիշողությունները:

Հասմիկի համար դժվարությունների դեմ պայքարում կարևոր էին նաև համալսարանական կրթության ընթացքում ստացած գիտելիքները: «Դրանք ինձ օգնեցին հասկանալ հաճախորդների հոգեբանությունը, հաղթահարել կոնֆլիկտները և հավատալ սեփական ուժերին»,- նշում է նա:

Երբ Հասմիկն առաջին անգամ սկսեց դասավանդել, դեռ նոր էր ձևավորվել որպես մասնագետ: Սակայն մեկ տարվա փորձը բավարար էր, որպեսզի նա իր հմտությունները փոխանցեր սկսնակներին: «Դասընթացները կառուցված են այնպես, որ աշակերտներն անմիջապես բախվում են իրական դժվարություններին, ինչպես դա եղավ իմ դեպքում»,- ասում է Հասմիկը:

Այսօր նրա աշակերտներից շատերը զարգացրել են իրենց փոքր բիզնեսները: Հասմիկը խորհուրդ է տալիս սկսնակներին լինել ինքնատիպ և չկրկնօրինակել. «Այն, ինչ դուք ունեք, հենց դա է ձեր ուժը: Ստեղծեք ձեր ոճը և աշխատեք այն կատարելագործել»:

  • Սոնյա Շագաևա
    Տեքստ