— Ո՞րն է Ձեր գրականության արժեքը։
— Այն, ինչը արժեք է մեզ համար, արժեք է նաև մյուս ազգերի համար։ Իմ գրականության մեջ արժեքը գյուղացի հերոսներն են։ Իմ գործերի մեջ ես խնդիրը չեմ դրել, այսպես խիստ հայկական մոտիվների լինելու վրա, ես գրել եմ մարդու մասին։ Հիմա ամենաշատ թարգմանված գործը՝ «Ագռավները Նոյից առաջ», մի պատմություն է կնոջ մասին, որը ցեղասպանությունից փրկվելու ժամանակ, բռնության հետևանքով հղիացել է և չգիտի թե ինչ անի։ Հայրենական պատերազմի ժամանակ էլ շատ կանայք կային, որ բռնաբարվել էին զինվորներին կողմիցզ։ Դա պատերազմի այն դժբախտ հետևանքներից է, որ մարդուն հալածում է ամբողջ կյանքում, թեև նա անմեղ է։ Նման պատմությունները պետք են ամենուր, և ոչ միայն սեփական երկրի համար։
— Կա՞ պատմվածք, որի գլխավոր հերոսի կերպարում Դուք եք, կամ նրա մեջ դրել եք Ձեր որևէ բնավորության գիծ։
— Կոնկրետ որևէ հերոս չեմ կարող ասել։ Գրողը հենց իր գրած տեքստերն է, անգամ եթե մարդասպան է պատկերում կամ անառակ։ Դու քո տեքստերն ես, դու դրանից ավել կամ պակաս չես։
— Ամեն մարդ ունի իր ուրույն իրականությունը, Ձերը ո՞րն է։
— Այո՛, ամեն մարդ ունի ուրույն իրականություն և դա իր էությունն է։ Ինչ ցույց ես տալիս, դա է քո իրականությունը։ Օրինակ, ինձ համար ցանկացած բան ձանձրալի է, անգամ դրախտը՝ եթե անընդհատ է։ Եթե չկա փոփոխություն դեպքերի, իրադարձությունների մեջ, դու դառնում ես անիվի մեջ վազող նապաստակ։ Վազում, վազում, վազում ես ու չես հասկանում՝ ինչ փոխվեց կողքդ և ինչու։ Ես հանգստություն սիրող մարդ եմ, բայց սիրում եմ, որ կյանքը շարժվում է, այդպես լճացած, միատոն, անընդհատ լավ կամ անընդհատ վատ, հետաքրքիր չէ, երևի այդ պատճառով փոփոխական է իմ ուրույն իրականությունը։
— Գրում եք այն մտքերը, որոնք օրվա ընթացքում կուտակվում են և Ձեզ հանգիստ չեն տալի՞ս, թե՞ սպասում եք մուսային։
— Ո՜ւր էր, թե ես կարողանայի գրել այն բոլոր մտքերը, որոնք գալիս են։ Իրականում ես ծույլ մարդ եմ։ Նախ՝ այս վերջին տասը տարում ինձ հետ մի սարսափելի բան է կատարվում։ Մի քսան միտք իրար հետևից լցվում են գլխումս, ու չգիտեմ որը գրեմ, ոնց նայում եմ, բոլորն էլ լավն են։ Դրանք իրար հետ պայքարի մեջ են մտնում, ինձ հալածում են, անընդհատ մտածում եմ, սա՞, թե ՞ նա, մի սարսափելի բան է դա։ Հիմա, որ այդպիսի պահեր լինում է, հասկանում եմ, թե մարդիկ ինչպես են հասնում հոգեբուժարան։ Ես վիպակ ունեմ, որը կոչվում է «Եթե բացառենք գիշերը», այդտեղ հերոսները գրողներ են, կերպարներից մեկն ասում է, որ մտքերը դա նույն են, ինչ հղի շնաձկան փորի մեջ ձագերը։ Ձագերից որն ավելի ագրեսիվ է, ուտում է մյուսներին։ Իրար ուտում, ուտում, ուտում են և վերջում մնում է մեկը, դա էլ չգիտի իր ագրեսիան ինչ անի, սկսում է մոր փորը կծմծել, հետո մայրը ստիպված ծննդաբերում է օվկիանոսում, որ ազատվի։ Նույն ձևով մտքերն են ինձ հետ վարվում։ Ու երբ որ կա այն զորեղ միտքը, որը մյուսներին ոչնչացնում է, արդեն դրանից ազատում չկա, պետք է գրես, որ ազատվես։