Աուտիզմը դատավճիռ չէ
Նարեկը, ինչպես և իր հասակակից բոլոր երեխաները, կյանքի առաջին տարիներին ուներ զարգացման բնականոն ընթացք․ նա սկսեց քայլել ժամանակին, արձագանքում էր ծնողների ձայնին և հետաքրքրությամբ էր ուսումնասիրում իր շրջապատող աշխարհը։ Սակայն երկու տարեկանում ծնողները սկսեցին նկատել, որ Նարեկը չի արձագանքում իր անվանը, չի խոսում և ունի վարքային խնդիրներ։ Բժշկական հետազոտություններից հետո նրա մոտ ախտորոշվեց աուտիզմ, որը պահանջում է հատուկ ուշադրություն, խոսքի և վարքային աջակցություն։
Նարեկի քույրը՝ Մերի Թոփալյանը, որը ակտիվ դերակատարում ունի Նարեկի խնամքի գործում, ընդգծեց․ «Ծնողներս հիմնադրեցին Աուտիզմի զարգացման կենտրոն և սկսեցին սեմինարներ կազմակերպել։ Ես միշտ մասնակցում էի դրանց, լսում էի աուտիզմի մասին տարբեր մոտեցումներ, կարծիքներ և հենց այնտեղից եմ սկսել ուսումնասիրել երևույթը ավելի խորքային։ Հետագայում սկսեցի աշխատել մեր կենտրոնում,որտեղ 300-ից ավելի երեխա է հաճախում:»
Մերին բլոգ է վարում՝ հիմնականում անդրադառնալով աուտիզմին, և նրա բլոգի բովանդակության մեծ մասը նվիրված է Նարեկին։ Նա հաճախ տեղադրում է տեսանյութեր, որոնք պատմում են Նարեկի առօրյայի, զարգացման և հաջողությունների մասին։

Մերի Թոփալյան
«Դժվարություններ հիմնականում եղել են փոքր տարիքում։ Շատ դուրս չէինք գալիս Նարեկի հետ։ Ուր գնում էինք, նրան տանն էինք թողնում ինչ-որ մեկի հետ, ես նրան ոչ մի տեղ չէի կարողանում հետս տանել։ Համ վարքն էր շատ վատ, համ մարդիկ էին անհասկանալի հայացքներով նայում, երբեմն անտակտ բաներ խոսում կամ հարցեր տալիս։
Արդեն մոտ 5-6 տարի, սկսել ենք ներգրավել նրան ամեն տեղ։ Շատ աշխատանք տարանք հետը, վարքը բավականին շտկվեց, մինչ օրս էլ աշխատում ենք, ու երևի մինչ կյանքի վերջ էլ կաշխատենք։ Որովհետև եթե նրան այդպես թողնեինք, հիմա չէինք ունենա այն, ինչ ունենք»։
She has been nominated for an Academy Award, two Grammy Awards, and the Mercury Prize
Վերջին տարիներին աուտիզմի դեպքերի թվի աճը նկատելի է ամբողջ աշխարհում։ Սակայն մասնագետները նշում են, որ սա պարտադիր չի նշանակում, թե աուտիզմ ունեցող երեխաների իրական թիվն է ավելացել։ Աճը հաճախ կապված է այն փաստի հետ, որ այսօր աուտիզմի մասին ավելի շատ են տեղեկացված թե՛ բժիշկները, թե՛ ծնողները, և ախտորոշման մեթոդները դարձել են ավելի ճշգրիտ ու հասանելի։ Շատ դեպքեր, որոնք տարիներ առաջ կարող էին աննկատ մնալ կամ սխալ ախտորոշվել, այժմ ճիշտ ձևով են բացահայտվում։ Այսպիսով՝ կարելի է ասել, որ աուտիզմի դեպքերի թվի աճը հիմնականում պայմանավորված է ոչ թե հիվանդության տարածմամբ, այլ իրազեկության և ախտորոշման որակի բարձրացմամբ։
Հոգեբան, հոգեթերապևտ Օֆելյա Հարությունյանը ընդգծեց, որ վերջին տարիներին աուտիզմ ունեցող երեխաների ինտեգրումը հասարակության մեջ նկատելիորեն աճել է։ Նրա խոսքով՝ ավելի շատ ծնողներ այսօր գիտակցում են, թե որքան կարևոր է երեխային հնարավորություն տալ շփվելու, սովորելու և զարգանալու հավասար պայմաններում։ Միևնույն ժամանակ մասնագետը նշեց, որ դեռ հանդիպում են դեպքեր, երբ ծնողները փորձում են թաքցնել երեխայի աուտիզմը՝ վախենալով շրջապատի արձագանքից կամ չհասկացված վերաբերմունքից։
Հոգեբանը կարևորելով աուտիզմով երեխաների ծնողների հոգեկան առողջությունը ընդգծեց.





«Ծնողները պետք է նախապես տեղեկացնեն երեխայի շրջապատին՝ հարազատներին, դաստիարակներին կամ ուսուցիչներին, նրա առանձնահատկությունների և դժվարությունների մասին։ Նրա խոսքով՝ դա կարևոր է, որպեսզի շրջապատը կարողանա ճիշտ հասկանալ երեխայի վարքը, ցուցաբերի համբերություն և աջակցություն, ոչ թե քննադատություն կամ խուսափողական վերաբերմունք։ Նման բաց ու անկեղծ մոտեցումը նպաստում է երեխայի արագ ինտեգրմանը հասարակության մեջ և ստեղծում ավելի ընդունող ու անվտանգ միջավայր թե՛ երեխայի, թե՛ ծնողների համար»։

Օֆելյա Հարությունյան
Հոգեբան
Գայանե Վարդանյանը, որը երկար տարիներ աշխատում է ներառական խմբերի երեխաների հետ, ևս կարևորեց ներառական խնդիրներով երեխաների ինտեգրումը հասարակության մեջ։ Նրա խոսքով՝ ամենակարևոր քայլերից մեկը շրջապատի՝ հատկապես հասակակիցների, տեղեկացվածությունն ու ճիշտ վերաբերմունքն է։
«Ադապտացիոն փուլը յուրաքանչյուր երեխայի համար անհատական է և չի կարելի կոնկրետ ժամանակ սահմանել։ Որոշ երեխաներ կարող են առհասարակ չցանկանալ դպրոց գալ և հորինել տարբեր պատճառներ՝ գլխացավ, փորացավ կամ այլ հիմնավորումներ։ Այս դեպքում կարևոր է հաշվի առնել երեխայի տարիքային առանձնահատկությունները և հասկանալ, արդյոք նրա վարքը խնդրից է գալիս, թե հնարավոր մանիպուլյացիա է։ Ծնողը պետք է ակտիվ համագործակցի դպրոցի հետ, զրուցի ուսուցչի հետ և հասկանա, թե ինչպես է երեխան դրսևորում իրեն դասարանում և միջավայրում։ Անհրաժեշտության դեպքում երեխայի համար կազմակերպվում է աշխատանք հոգեբանի հետ, որպեսզի հեշտացվի հարմարվող փուլը և աջակցվի նրա հուզական ու սոցիալական զարգացմանը»։

Գայանե Վարդանյան
Մանկավարժ
Աուտիզմը ոչ թե դատավճիռ է, այլ առանձնահատկություն, որը պահանջում է ճիշտ մոտեցում և աջակցող միջավայր։ Ճիշտ տեղեկատվությունն ու հասարակության իրազեկվածությունը, ծնողների և մասնագետների համագործակցությունը, ինչպես նաև երեխայի ինտեգրումը դպրոցում ու սոցիալական միջավայրում մեծապես նպաստում են նրա զարգացմանը և ինքնավստահության ձևավորմանը։ Կարևոր է, որ ընտանիքը հոգ տանի և իր հոգեկան առողջությունն ամրապնդի, իսկ հասարակությունը՝ ընդունի տարբերությունը։
Մշակույթի հետքերով․ Լոռու կենցաղը՝ երեկ, այսօր, վաղը
Ուսանող՝ Մարիամ Ասուլյան
Դասախոս՝ Լիլիկ Ստեփանյան, բ․գ․թ․
Լոռու մարզում կենցաղային ավանդույթները ձևավորվել են դարերի ընթացքում և այսօր էլ շարունակում են մնալ լոռեցիների առօրյայի կարևոր մասը։
Լոռու մարզը հայտնի է ոչ միայն իր բնաշխարհով,այլև գունեղ ու հյուրընկալ փառատոներով։ Տարվա տարբեր եղանակներին այստեղ կազմակերպվում են տոնական միջոցառումներ, որոնք միավորում են տեղացիներին ու հյուրերին, ներկայացնում մարզի մշակույթն ու ավանդույթները։ Փառատոները ոչ միայն ուրախություն և տոնական մթնոլորտ են ստեղծում, այլև հնարավորություն են տալիս պահպանելու ավանդույթնեը։
Երգի տոն
Նկարները՝ Ստեփանավանի Ստեփան Շահումյանի տուն-թանգարանի արխիվից


Երգի տոն համաքաղաքային փառատոնը կրել է ամենամյա բնույթ, որտեղ ելույթ են ունեցել ինչպես Ստեփանավանի և մոտակա գյուղերի, այնպես էլ Երևանից և այլ քաղաքներից հրավիրված երաժշտական համույթներ և անհատ կատարողներ:
Ծաղկի տոն
Երգի տոնը, ինչպես միշտ, միավորում էր մարդկանց և ստեղծում ընդհանուր մթնոլորտ՝ հիմնված երաժշտության և պարերի վրա, իսկ դրանից հետո, երբ բնությունն սկսում էր արթնանալ, գալիս էր ժամանակը ևս մեկ գեղեցիկ ավանդույթի՝ Ծաղկի տոնի։
Ստեփանավանը Հայաստանի ամենածաղկաշատ քաղաքներից է. այն զարդարված է դաշտային գեղատեսիլ ծաղիկներով և խնամված, ծաղկային բակերով:1960 թվականին Ստեփանավանի «Ալեա» սոճիների պուրակում առաջին անգամ նշվեց բնության պահպանությանն ու ծառերի գեղեցկությանը նվիրված տոնը:Հետագայում այն վերանվանվեց «Ծաղկի տոն» և մինչև 1988 թվականը ավանդական միջոցառում էր։ Սպիտակի երկրաշարժից հետո այն դադարեց նշվել և վերականգնվեց 2011 թվականին, սակայն կրկին ընդհատվեց: Ավելի քան տասը տարվա դադարից հետո, 2022 թվականի հուլիսի 23-ին, Ծաղկի տոնը կրկին վերադարձրին Ստեփանավան: Միջոցառման կարևոր մասերից էր նաև մրցույթը, որի ընթացքում ժյուրին ընտրեց լավագույն ծաղկազարդ բակը։ Տոնի նպատակներից մեկը բնության պահպանման և քաղաքի գեղեցկացման գաղափարի տարածումն է, ուստի մրցույթը լավ հնարավորություն է տալիս խրախուսելու նրանց, ովքեր մեծ ջանքեր են ներդնում իրենց շրջապատը կանաչապատելու համար։ Հաղթողները պարգևատրվեցին հատուկ մրցանակներով, ինչը ոգևորեց քաղաքի բնակիչներին ավելի մեծ ուշադրություն դարձնել շրջակա միջավայրի բարելավմանը։
Բերքի տոն
Ավանդական է նաև Բերքի տոնը, որը սովորաբար նշվում է Հայաստանի այլ մարզերում ևս։
Արուս Թումանյան
Լոռու մարզպետարանի գյուղվարչության պետ
Տոնական ծրագրի շրջանակներում կազմակերպվում էին տարբեր միջոցառումներ, ներառյալ գեղարվեստական խմբերի և անհատ կատարողների երաժշտական ելույթներ, մարզական ցուցադրական ներկայացումներ և տոնավաճառներ: Տոնակատարության ընթացքում կային նաև թատերականացված ներկայացումներ, որոնց մասնակցում էին Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանները, նաև մարզի գեղարվեստական խմբերը, որոնք իրենց երգ ու պարով ուրախ տրամադրություն էին հաղորդում ներկաներին:
 «Բերքի տոնը» ոչ միայն գյուղատնտեսական արտադրանքի ցուցադրություն է, այլև համայնքների համախմբման, մշակութային ժառանգության պահպանման և ապագա ծրագրերի քննարկման հարթակ:
Ուտելի բույսերի փառատոն
Արփինե Հակոբյան
«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության

զարգացման հասարակական կազմակերպության նախագահ

Լոռին հայտի է բուսատեսակների բազմազանությամբ և դրանց օգտագործմամբ խոհանոցում։ Հայկական խոհանոցը մեր ժողովրդի ազգային դիմագծի բաղադրատարրերից է, որն արտացոլում է ոչ միայն ժողովրդի պատմությունը, այլև նրա հոգեկերտվածքը, ոգին ու բնավորությունը: Բազմաթիվ միատարր խոհանոցների կողքին հայկական խոհանոցը միշտ առանձնացել է իր համի և ձևի նուրբ արվեստով: Միևնույն ժամանակ ոչ բոլոր ճաշատեսակներն են պահպանվել նույն բաղադրատոմսով և փոխանցվել սերնդե սերունդ՝ ապահովելով այն ոչ նյութական արժեքների փոխանցումը, որը պարփակված է այս կամ այն ճաշատեսակի պատմության մեջ:
Ուտելի բույսերի փառատոնը Լոռու մարզի այցեքարտն է, այն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում այն բույսերին, որոնք դարեր շարունակ օգտագործվել են քոլեցիների խոհանոցում։ Քանի որ Լոռին հայտնի է բուսատեսակների բազմազանությամբ և այդ բուսատեսակների օգտագործմամբ խոհանոցում, այդ իսկ պատճառով լոռեցուն անվանում են «քոլեցի»։ Տարածաշրջանի կանաչապատ տարածքներում աճող վայրի բույսերը հաճախ վերածվում են համեղ ու յուրօրինակ ուտեստների, որոնք այսօր էլ համարվում են Լոռվա խոհանոցի այցեքարտները։ Դրանցից մեկը փիփերթով ապուրն է, որը ոչ միայն համեղ է, այլև օգտակար՝ իր մեջ ներառելով թարմ կանաչիներ, կարտոֆիլ, սոխ, սխտոր և, իհարկե, փիփերթ։
Նկարները տրամադրել է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպությունը
Լոռվա ավանդական խոհանոց
Լոռվա ավանդական խոհանոցը հայկական խոհանոցի անբաժանելի մասն է, սակայն, պահպանելով ազգային խոհարարական ավանդույթները, այն առանձնանում է իր պարզությամբ, բնական ուտեստներով և ավանդական բաղադրատոմսերով, որոնք սերնդեսերունդ փոխանցվել են՝ պահպանելով իրենց համն ու ձևը։ Որոշ ուտեստներ բնորոշ են միայն Լոռու մարզին, դրանցից են խաշիլը, ջիլ ու եղը, փիփերթով ապուրը, զիմելով աղցանը, մեղրով ձվածեղը, ռեժանով հալվան և այլն։
Լոռվա խոհանոցի անբաժան մաս են կազմում հեշտ պատրաստվող, բայց շատ համեղ նախաճաշերը, իսկ հագեցնող նախաճաշի հիմնական բաղադրիչը փոխինձն է:

75 ամյա Բելլա Հովասափյանը ծնվել և մինչ օրս էլ ապրում է Լոռու մարզի Լոռի Բերդ գյուղում․
«Դեռ տարիներ առաջվանից մեր ընտանիքի առավոտյան նախաճաշի անբաժան մասն է խաշիլը, թե՛ մեծերը, թե՛ փոքրերը շատ են սիրում և հաճույքով ուտում, իսկ ես այդ ամենը տեսնելով ավելի սիրով և ջերմությամբ եմ պատրաստում մեր ավանդական խաշիլը»,- ասում է Բելլա տատիկը։
Լոռվա հարսանիք
Անդրադառնալ Լոռվա ավանդույթներին և չանդրադառնալ հարսանյաց ծեսին, կարծում եմ, սխալ է։ Հարսանիքը Լոռու մշակութային կյանքի կարևորագույն մասերից էր, որը ներառում էր բարդ նախապատրաստական փուլ, ծիսական արարողություններ և հետհարսանեկան ավանդույթներ։ Տարբեր գյուղերում ձևավորված առանձնահատուկ սովորույթները հարսանիքին հաղորդում էին ինքնատիպություն։ Հարսանիքի նախապատրաստական փուլը սկսվում էր աղջիկտեսի արարողությամբ։ Այս ընթացքում փեսացուի ընտանիքը գաղտնի ուսումնասիրում էր հարսնացուի ընտանիքը՝ գնահատելով նրանց համբավը, սոցիալական դիրքն ու աղջկա վարքագիծը։ Եթե ընտրված աղջիկը համարվում էր արժանի հարս՝ գործընթացը շարունակվում էր։ Հետո խնամախոսության փուլն էր, երբ փեսացուի ընտանիքի ավագները այցելում էին հարսնացուի տուն՝ պաշտոնապես խնդրելու նրա ձեռքը։
Այնուհետև կազմակերպվում էր նշանդրեքը։ Վարդաբլուր գյուղում նշանդրեքի մասնակիցների նվազագույն թիվը երեքն էր՝ փեսացուի հայրը, հորեղբայրը և քեռին, իսկ մեծ նշանդրեքի դեպքում միանում էին նաև փեսացուն, քավորն ու քավորկինը։
Նախքան հարսանիքը կազմակերպվում էին նաև հարսնատեսն ու փեսատեսը, երբ վերջնական որոշում էր կայացվում ամուսնության վերաբերյալ։
Հարսանիքի գլխավոր օրն սկսվում էր հարսի հանդերձավորման արարողությամբ։ Լոռիում հարսին երիտասարդ կանայք եւ աղջիկներն են հագցրել: Այստեղ առավել ծիսականացված մասը գոտին կապելն էր, որն անում էր քավորը՝ ասելով՝ «առջինեկը տղայ ըլի»: Ուշագրավ է, որ Լոռիում մինչև հարսին հագցնելու ծեսը, նրան անճանաչելի փոխում էին, այլ հագուստ հագցնելով՝ աղջիկների մեջ էին առնում, որ քավորկինը չկարողանար ճանաչել և ուրախ մթնոլորտ առաջանար: Իսկ երբ հաջողվում էր գտնել, աղջիկները քավորկնոջ ճանապարհը փակում էին՝ գումար պահանջելով: Քավորկինը ստիպված էր լինում քաղցրավենիք կամ փող տալ, որ դրանք հավաքող աղջիկները շեղեին իրենց ուշադրությունը ու այսպես բացեին հարսի ճանապարհը։
Լոռվա ավանդույթներում հարսը հիմնականում կրում էր կարմիր, կանաչ և սպիտակ գույների համադրությամբ հագուստ, որոնք խորհրդանշում էին պտղաբերություն, երջանկություն և մաքրություն։
Հարսանիքը Ստեփանավանում
Նկարները՝ Ստեփանավանի Ստեփան Շահումյանի տուն-թանգարանի արխիվից
Հարսանիքին նախորդող օրերին կազմակերպվում էր «ալըրմաղեքը», Լոռիում կարևորում էին, որ ալյուր մաղողը լինի բախտավոր, կսկիծ չտեսած կին, ամուսնացած և երեխատեր մայր (ոչ մի դեպքում՝ այրի): Մի բուռ ալյուր վերցնելով՝ նա լցնում է մաղի մեջ և ասում՝ «Էս՝ հորս փայը, էս՝ մորս փայը», «էս՝ մեռելների օրհնությունը ըլնի, էս՝ խեր պընատեղիս վերա»:
Հարսանիքի օրը տեղի էր ունենում փեսաթրաշի արարողությունը, երբ փեսացուին հատուկ ծիսական երգերի ուղեկցությամբ պատրաստում էին հարսանիքին։ Լոռում սափրելու ծեսի ընթացքում «թագվորի» թափված մազերը խնամքով հավաքում էին եւ այնպիսի տեղ դնում, որ մարդու ոտքի տակ չընկնի, հակառակ դեպքում հավատում էին, որ փեսան «կը կոխվի», այսինքն՝ կկորցնի առնական կարողությունը: Լոռիում ընդունված էր պսակադրությունից առաջ հալավօրհնեքի արարողությունը, որի ընթացքում օրհնում էին հարսի և փեսայի զգեստները։ «Հալավօրհնեք» բառը բարբառային է և ծագել է Արարատյան, Արցախի, Կարինի և Զեյթունի բարբառներում։
Լոռու մարզի Սարչապետ գյուղում ընդունված էր հարսանիքի ժամանակ եզ մորթելը, ինչը հանդիսավոր ծես էր և գյուղի համար մեծ իրադարձություն։
Եզնմորթեքի արարողությունը հաճախ կատարում են գյուղի հրապարակում՝ ծեսին խորհրդանշորեն հաղորդակից դարձնելով ամբողջ համայնքին:
Հարսանեկան տոնակատարությունը կազմակերպվում էր «հարսանքատուն» կոչվող հատուկ վայրում, որտեղ հյուրասիրության գլխավոր բաղադրիչներն էին խորովածը, տարբեր ապուրներ, աղցաններ, ինչպես նաև ավանդական քաղցրավենիքներ։
Հարսանիքը հաճախ ավարտվում էր «փեսադատի» արարողությամբ, որի ժամանակ փեսան պետք է հաղթահարեր ընկերների և բարեկամների կազմակերպած փորձությունները՝ ապացուցելով, որ պատրաստ է ամուսնության համար։
Լաուրա Պետրոսյանը ծնվել է Լոռու մարզի Ուռուտ գյուղում, որտեղ պահվում էր հին ավանդույթներն ու ծիսակարգերը։ Թեև այսօր Լոռու գյուղերում քիչ են մնացել այն ծեսերը, որոնք նա տեսել է երիտասարդ տարիներին, Լաուրա տատիկը հիշում է, որ հարսանիքի նախապատրաստությունը սկսվում էր դեռ նախորդ օրը։ Ամբողջ գյուղը հավաքվում էր հարսանիքի համար։ Նա հատկապես հիշում է մի գեղեցիկ ու խորհրդանշական պահ, երբ հարսին ճանապարհելիս սկեսուրը հատուկ արարողություն էր կատարում։ «Սկեսուրը, աջ ձեռքին շերեփ, ձախին՝ հաց կամ շաքար, մոտենում էր հարսի ձիուն, հացը դնում ձիու բերանին, շերեփով թեթև խփում ճակատին, հետո շերեփը տալիս հարսին՝ մաղթելով բարեկեցություն։ Նորապսակներին հյուրասիրում էր մեղրով, ուսերին լավաշ գցում»,-ասում է Լաուրա տատիկը։
Լոռվա ավանդական տարազ
Լոռու նախկին, տիպական հանդերձը կարելի է ասել Ղարաբաղի և վրացական տարազների մի խառնուրդ է։ Այս նմանությունները պայմանավորված են Լոռու բնակչության ձևավորմամբ՝ երբ հարյուրամյակների ընթացքում այստեղ բնակություն են հաստատել արարատցիներ, արցախցիներ, ալաշկերտցիներ կարինցիներ և վրացիներ։

Լոռեցի կնոջ հագուստ, ներկայացված է Լոռի-Փամբակ երկրագիտական թանգարանում

Կնոջ գլխի հարդարանք


Կանայք մազերը սանրելուց հետո 2 կամ ավել հյուս էին անում: Վրայից կապում էին տակալաչակը, որը եռանկյունաձև, սպիտակ կամ կարմիր կտոր էր, որը ձգելով գլխին անց էին կացնում կզակի տակով և ծայրերը գնդասեղով ամրացնում գագաթին կամ ուղղակի կապում: Սրա վրա դնում էին վրան շոր քաշած կարտոնը՝ գավուրճելլան: Գավուրճելլայի վրա թավշյա սև կտոր էին կապում, որը կոչվում էր ճակտի աղլուխ։ Նորատի աղջիկներինը լինում էր մետաքսյա թելով կամ բարակ մետաղյա թելով ասեղնագործած: Գավուրճելլու վրա ձգում էին գլխի փաթաթանը (շալ), որի ձախ ծայրը կզակի տակով, անց էին կացնում այնպես, որ ամբողջ կզակի հետ բերանն էլ ծածկի։
Կանայք և աղջիկները հագնում էին իրենց գործած գուլպան, մաշիկ կամ քոշ՝ կաշվե կոշիկներ, որոնք գնում էին գյուղում աշխատող մաշկագործներից։
Երիտասարդ աղջիկները՝ ցանկանալով առանձնանալ ու ավելի գեղեցիկ երևալ, հատուկ խալեր էին դնում իրենց ճակատին, այտերին, թևերին և կրծքին։
Հարդարանքի ձևերից մեկը հուլունքների և մեխակների շարքն էր։ Դրանք թելով շարում էին և կրում վզին ոչ միայն որպես զարդ, այլև՝ բուրմունք ապահովող։

Տղամարդու տարազ


Լոռեցի տղամարդկանց հագուստները ունեին կովկասյան երանգներ։ Շապիկը կարվում էր սպիտակ բամբակյա կտորից, երկարությունը հասնում էր մինչև ազդրի կեսը, գլխին կրում էին Լոռվա ավանդական փափախը։ Երեխաներին հագցնում էին մեծերի նման՝ նույն ոճով և կերպով։

Լոռեցի տղամարդու հագուստ, ներկայացված է Լոռի-Փամբակ երկրագիտական թանգարանում

Լոռու մարզում մարդիկ շարունակում են պահպանել իրենց մշակույթը ոչ միայն տոնական միջոցառումների միջոցով, այլև առօրյա կյանքում՝ հարսանիքների ժամանակ, խոհանոցում, մոռացության չեն տալիս անգամ տարազը։ Ամենակարևորը՝ ավանդույթները կենդանի են և փոխանցվում են սերնդեսերունդ։