Աուտիզմը դատավճիռ չէ
Նարեկը, ինչպես և իր հասակակից բոլոր երեխաները, կյանքի առաջին տարիներին ուներ զարգացման բնականոն ընթացք․ նա սկսեց քայլել ժամանակին, արձագանքում էր ծնողների ձայնին և հետաքրքրությամբ էր ուսումնասիրում իր շրջապատող աշխարհը։ Սակայն երկու տարեկանում ծնողները սկսեցին նկատել, որ Նարեկը չի արձագանքում իր անվանը, չի խոսում և ունի վարքային խնդիրներ։ Բժշկական հետազոտություններից հետո նրա մոտ ախտորոշվեց աուտիզմ, որը պահանջում է հատուկ ուշադրություն, խոսքի և վարքային աջակցություն։
Նարեկի քույրը՝ Մերի Թոփալյանը, որը ակտիվ դերակատարում ունի Նարեկի խնամքի գործում, ընդգծեց․ «Ծնողներս հիմնադրեցին Աուտիզմի զարգացման կենտրոն և սկսեցին սեմինարներ կազմակերպել։ Ես միշտ մասնակցում էի դրանց, լսում էի աուտիզմի մասին տարբեր մոտեցումներ, կարծիքներ և հենց այնտեղից եմ սկսել ուսումնասիրել երևույթը ավելի խորքային։ Հետագայում սկսեցի աշխատել մեր կենտրոնում,որտեղ 300-ից ավելի երեխա է հաճախում:»
Մերին բլոգ է վարում՝ հիմնականում անդրադառնալով աուտիզմին, և նրա բլոգի բովանդակության մեծ մասը նվիրված է Նարեկին։ Նա հաճախ տեղադրում է տեսանյութեր, որոնք պատմում են Նարեկի առօրյայի, զարգացման և հաջողությունների մասին։

Մերի Թոփալյան
«Դժվարություններ հիմնականում եղել են փոքր տարիքում։ Շատ դուրս չէինք գալիս Նարեկի հետ։ Ուր գնում էինք, նրան տանն էինք թողնում ինչ-որ մեկի հետ, ես նրան ոչ մի տեղ չէի կարողանում հետս տանել։ Համ վարքն էր շատ վատ, համ մարդիկ էին անհասկանալի հայացքներով նայում, երբեմն անտակտ բաներ խոսում կամ հարցեր տալիս։
Արդեն մոտ 5-6 տարի, սկսել ենք ներգրավել նրան ամեն տեղ։ Շատ աշխատանք տարանք հետը, վարքը բավականին շտկվեց, մինչ օրս էլ աշխատում ենք, ու երևի մինչ կյանքի վերջ էլ կաշխատենք։ Որովհետև եթե նրան այդպես թողնեինք, հիմա չէինք ունենա այն, ինչ ունենք»։
She has been nominated for an Academy Award, two Grammy Awards, and the Mercury Prize
Վերջին տարիներին աուտիզմի դեպքերի թվի աճը նկատելի է ամբողջ աշխարհում։ Սակայն մասնագետները նշում են, որ սա պարտադիր չի նշանակում, թե աուտիզմ ունեցող երեխաների իրական թիվն է ավելացել։ Աճը հաճախ կապված է այն փաստի հետ, որ այսօր աուտիզմի մասին ավելի շատ են տեղեկացված թե՛ բժիշկները, թե՛ ծնողները, և ախտորոշման մեթոդները դարձել են ավելի ճշգրիտ ու հասանելի։ Շատ դեպքեր, որոնք տարիներ առաջ կարող էին աննկատ մնալ կամ սխալ ախտորոշվել, այժմ ճիշտ ձևով են բացահայտվում։ Այսպիսով՝ կարելի է ասել, որ աուտիզմի դեպքերի թվի աճը հիմնականում պայմանավորված է ոչ թե հիվանդության տարածմամբ, այլ իրազեկության և ախտորոշման որակի բարձրացմամբ։
Հոգեբան, հոգեթերապևտ Օֆելյա Հարությունյանը ընդգծեց, որ վերջին տարիներին աուտիզմ ունեցող երեխաների ինտեգրումը հասարակության մեջ նկատելիորեն աճել է։ Նրա խոսքով՝ ավելի շատ ծնողներ այսօր գիտակցում են, թե որքան կարևոր է երեխային հնարավորություն տալ շփվելու, սովորելու և զարգանալու հավասար պայմաններում։ Միևնույն ժամանակ մասնագետը նշեց, որ դեռ հանդիպում են դեպքեր, երբ ծնողները փորձում են թաքցնել երեխայի աուտիզմը՝ վախենալով շրջապատի արձագանքից կամ չհասկացված վերաբերմունքից։
Հոգեբանը կարևորելով աուտիզմով երեխաների ծնողների հոգեկան առողջությունը ընդգծեց.





«Ծնողները պետք է նախապես տեղեկացնեն երեխայի շրջապատին՝ հարազատներին, դաստիարակներին կամ ուսուցիչներին, նրա առանձնահատկությունների և դժվարությունների մասին։ Նրա խոսքով՝ դա կարևոր է, որպեսզի շրջապատը կարողանա ճիշտ հասկանալ երեխայի վարքը, ցուցաբերի համբերություն և աջակցություն, ոչ թե քննադատություն կամ խուսափողական վերաբերմունք։ Նման բաց ու անկեղծ մոտեցումը նպաստում է երեխայի արագ ինտեգրմանը հասարակության մեջ և ստեղծում ավելի ընդունող ու անվտանգ միջավայր թե՛ երեխայի, թե՛ ծնողների համար»։

Օֆելյա Հարությունյան
Հոգեբան
Գայանե Վարդանյանը, որը երկար տարիներ աշխատում է ներառական խմբերի երեխաների հետ, ևս կարևորեց ներառական խնդիրներով երեխաների ինտեգրումը հասարակության մեջ։ Նրա խոսքով՝ ամենակարևոր քայլերից մեկը շրջապատի՝ հատկապես հասակակիցների, տեղեկացվածությունն ու ճիշտ վերաբերմունքն է։
«Ադապտացիոն փուլը յուրաքանչյուր երեխայի համար անհատական է և չի կարելի կոնկրետ ժամանակ սահմանել։ Որոշ երեխաներ կարող են առհասարակ չցանկանալ դպրոց գալ և հորինել տարբեր պատճառներ՝ գլխացավ, փորացավ կամ այլ հիմնավորումներ։ Այս դեպքում կարևոր է հաշվի առնել երեխայի տարիքային առանձնահատկությունները և հասկանալ, արդյոք նրա վարքը խնդրից է գալիս, թե հնարավոր մանիպուլյացիա է։ Ծնողը պետք է ակտիվ համագործակցի դպրոցի հետ, զրուցի ուսուցչի հետ և հասկանա, թե ինչպես է երեխան դրսևորում իրեն դասարանում և միջավայրում։ Անհրաժեշտության դեպքում երեխայի համար կազմակերպվում է աշխատանք հոգեբանի հետ, որպեսզի հեշտացվի հարմարվող փուլը և աջակցվի նրա հուզական ու սոցիալական զարգացմանը»։

Գայանե Վարդանյան
Մանկավարժ
Աուտիզմը ոչ թե դատավճիռ է, այլ առանձնահատկություն, որը պահանջում է ճիշտ մոտեցում և աջակցող միջավայր։ Ճիշտ տեղեկատվությունն ու հասարակության իրազեկվածությունը, ծնողների և մասնագետների համագործակցությունը, ինչպես նաև երեխայի ինտեգրումը դպրոցում ու սոցիալական միջավայրում մեծապես նպաստում են նրա զարգացմանը և ինքնավստահության ձևավորմանը։ Կարևոր է, որ ընտանիքը հոգ տանի և իր հոգեկան առողջությունն ամրապնդի, իսկ հասարակությունը՝ ընդունի տարբերությունը։
Արվեստը Դիլիջանում.
անցյալը և այսօրը
Ուսանող` Ինգա Թամրազյան
Դասախոս` Լիլիկ Ստեփանյան, բ.գ.թ.

Դիլիջանը վաղուց հայտնի է իր յուրահատուկ բնությամբ և հանգստի հնարավորություններով։ Սակայն այս փոքր քաղաքը նաև կրում է մշակութային հարուստ ժառանգություն, որն այն դարձրել է արվեստի կարևոր կենտրոն։ Դիլիջանն իր պատմության ընթացքում եղել է մշակութային կարևոր կենտրոն Հայաստանում: 19-րդ դարից սկսած՝ այն գրավել է նկարիչներին, գրողներին և երաժիշտներին իր բնությամբ և ստեղծագործական միջավայրով:
Խորհրդային տարիներին քաղաքը հայտնի էր որպես ստեղծագործող մարդկանց հանգստի վայր: Այստեղ գործել են տարբեր արվեստանոցներ, ստեղծվել են քանդակներ, գեղանկարներ և երաժշտական ստեղծագործություններ: Դիլիջանում են աշխատել և ստեղծագործել հայ մշակույթի նշանավոր գործիչներ, ինչպիսիք են Մարտիրոս Սարյանը, Հովհաննես Շարամբեյանը, Ավետ Տերտերյանը և այլք:
Անցյալում Դիլիջանի արվեստի կյանքը կենտրոնացած էր նաև երաժշտական և նկարչական դպրոցների շուրջ: Այստեղ կայացած համերգները, ցուցահանդեսները և ներկայացումները դարձրել են քաղաքը Հայաստանի մշակութային քարտեզի կարևոր կետերից մեկը:

Այս ժառանգությունը շարունակում է ապրել նաև այսօր՝ ձևավորելով Դիլիջանի ինքնությունը որպես արվեստի և մշակույթի քաղաք: Դիլիջանում գործում են արվեստի և երաժշտության դպրոցներ, գեղարվեստական խմբակներ, անհատական արվեստանոցներ, և ամեն տարի կազմակերպվում են մշակութային միջոցառումներ, ցուցահանդեսներ ու փառատոններ։
Դիլիջանի արվեստի պետական քոլեջ
Դիլիջանի երաժշտական կրթական կյանքը սկիզբ է առել 1945 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից անմիջապես հետո, երբ հիմնադրվեց քաղաքի մանկական երաժշտական դպրոցը։ Սա դարձել էր երաժշտության նկատմամբ սեր ներշնչող առաջին հաստատություններից մեկը՝ նպատակ ունենալով բացահայտել և զարգացնել երեխաների երաժշտական ունակությունները։ Դպրոցը ոչ միայն ուսումնական հաստատություն էր, այլև մշակութային կարևոր կենտրոն, որտեղ սերունդներ էին դաստիարակվում՝ ազգային և համաշխարհային երաժշտության նկատմամբ սիրով։
Քաղաքի առաջին երաժշտական դպրոցը ներկայիս ամֆիթատրոնի դիմացի շենքում մի քանի սենյակ էր զբաղեցնում։ Սկզբում գործել են միայն դաշնամուրի եւ ջութակի դասարաններ։ Դպրոցի առաջին տնօրենը
Գագիկ Դավթյանն էր, նրանից հետո դպրոցը ղեկավարել է Սերգեյ Պետրոսյանը, որը միաժամանակ դասավանդել է ջութակ ու սոլֆեջիո։
Երաժշտական դպրոցի հիման վրա 1992 թվականին հիմնվել է Տավուշի մարզային ենթակայության արվեստի մանկապատանեկան ակադեմիան։ Այս նոր ձևաչափով կրթական հաստատությունն առաջարկել է ավելի խորացված ուսուցում՝ ներառելով ոչ միայն երաժշտություն, այլև կերպարվեստի, պարարվեստի և բեմարվեստի տարրեր։

1997 թվականին, Հայաստանի կառավարության որոշմամբ, ակադեմիան հանձնվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությանը, և պաշտոնապես վերակազմավորվել որպես միջին մասնագիտական ուսումնական հաստատություն։
Այսօր քոլեջում գործում է 6 ամբիոն, որոնք ընդգրկում են տարբեր ուղղություններ՝ երաժշտություն, վոկալ, գործիքային կատարում, տեսական առարկաներ և այլն։ Այստեղ աշխատում է ավելի քան 41 մասնագետ՝ դասախոսներ, կոնցերտմայստերներ և իլյուստրատորներ, բոլորն էլ մեծ փորձով և նվիրվածությամբ։
Քոլեջը հանդես է գալիս նաև տարբեր մշակութային միջոցառումներով՝ համերգներ, ցուցահանդեսներ, որոնց մասնակցում են արվեստագետներ ոչ միայն տեղից, այլև հանրապետության տարբեր վայրերից։ Շատ ուսանողներ ընդունվում են բարձրագույն ուսումնական հաստատություններ, դառնում միջազգային և հանրապետական փառատոների մրցանակակիրներ:
Դիլիջանի արվեստի քոլեջը այսօր կարելի է վստահորեն համարել դարբնոց, որտեղ ձևավորվում է նոր սերունդը՝ ստեղծագործական արժեքների հիման վրա։ Այն շարունակաբար զարգանում է՝ միաժամանակ պահելով իր ավանդույթները և բաց լինելով նորարարությունների նկատմամբ։

Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահ

Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահը հիմնադրվել է 1950-ական թվականներին, Դիլիջանում մշակութային կյանքը ակտիվացնելու նպատակով։ Սկզբնական շրջանում այն գործել է որպես երկրագիտական թանգարան, որտեղ ներկայացվել են Տավուշի տարածաշրջանի բնական հարստությունները՝ հանքային նյութեր, բուսաշխարհ, կենդանական աշխարհ, ինչպես նաև բնակչության կենցաղն ու ավանդույթները։
1960-ականներից սկսած՝ թանգարանը համալրվել է արվեստի գործերով, և ձևավորվել է պատկերասրահի բաժինը։ Այստեղ ցուցադրվում էին հայ դասական և ժամանակակից արվեստագետների աշխատանքներ, այդ թվում՝ Մարտիրոս Սարյանի, Վարդգես Սուրենյանցի, Գաբրիել Գյուրջյանի և այլոց ստեղծագործությունները: Այսպիսով, թանգարանը դարձել է ոչ միայն բնագիտության, այլև կերպարվեստի յուրօրինակ հանգրվան Դիլիջանում։
Այսօր թանգարան-պատկերասրահը հանդիսանում է Դիլիջանի մշակութային և պատմական հզոր կենտրոններից մեկը։ Այն գործում է որպես համակցված հաստատություն, որտեղ այցելուները կարող են ծանոթանալ և՛ Տավուշի երկրագիտական ժառանգությանը, և՛ վայելել կերպարվեստի հարյուրավոր բարձրարժեք ցուցանմուշներ՝ սկսած հնագույն դարերից մինչև նոր ժամանակներ։
Ներկայումս այստեղ պարբերաբար կազմակերպվում են ժամանակավոր ցուցահանդեսներ, հանդիպումներ նկարիչների, արվեստաբանների և պատմաբանների հետ։ Թանգարանը ծառայում է նաև որպես կրթական կենտրոն՝ համագործակցելով տեղական դպրոցների և ուսումնական հաստատությունների հետ։
Թանգարանը դարձել է նաև տուրիստական կարևոր կետ՝ գրավելով ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրյա այցելուների ուշադրությունը։ Իր հարուստ հավաքածուով և գիտակ մասնագետներով թանգարանը մեծ դեր ունի մշակութային տուրիզմի խթանման մեջ։
Հարկ է նշել, որ թանգարանի հետագա զարգացման ու կատարելագործման մեջ մեծ ներդրում ունի նկարիչ, ՀՀ վաստակավոր արվեստագետ Հովհաննես Շարամբեյանը: Նրա ջանքերով է պատկերասրահը սկզբնավորվել, նա անձամբ է հանրաճանաչ հեղինակներից խնդրել ստեղծագործությունները և զարդարել պատկերասրահի դատարկ պատերը:
Հովհաննես Շարամբեյանի անվան գեղարվեստի դպրոց
Նկարիչ Հովհաննես Շարամբեյանը Դիլիջանում հաստատվել է 1940-ականների կեսից և իր գործունեությամբ մեծապես նպաստել կերպարվեստի ու կիրառական արվեստի զարգացմանը։ 1947 թվականին Դիլիջանի Ղազարոս Աղայանի անվան գրադարանին կից նա հիմնել է գեղարվեստի ստուդիա, 1970-ին հետամուտ է եղել նկարչական ստուդիայի բազայի հիման վրա գեղարվեստի դպրոցի ստեղծմանը, որը բացվել է Պապանինո թաղամասի N2 մշակույթի տանը և հետագայում վերանվանվել Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան գեղարվեստի մանկական դպրոց։ Դպրոցն ունեցել է բազմաթիվ շնորհաշատ շրջանավարտներ, մշտապես ակտիվորեն մասնակցել է համաքաղաքային, մարզային և հանրապետական մշակութային միջոցառումներին։ 2012 թվականից դպրոցում բացվել է նաև պարարվեստի բաժին։

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Դիլիջանի մասնաճյուղ
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Դիլիջանի մասնաճյուղը առանձնանում է իր յուրահատուկ ուղղվածությամբ՝ այստեղ առավելապես կենտրոնացած են ազգագրական ճյուղի զարգացման վրա։ Ուսանողները ոչ միայն տեսական գիտելիքներ են ստանում, այլև սովորում են գորգագործություն:
Չնայած այն բանին, որ ակադեմիայի շենքը գտնվում է անմխիթար վիճակում ինչպես նշում է մասնաճյուղի տնօրեն Ղազար Ղազարյանը,դա չի խանգարում ուսանողներին ստեղծագործել։ Ընդհակառակը՝ նրանք շարունակում են ստեղծել ժամանակակից և ազգային արժեքներով հագեցած արվեստի գործեր՝ հավատալով, որ միջավայրը կարող է ոգեշնչել՝ նույնիսկ ամենադժվար պայմաններում։ Շենքի վերակառուցման նպատակով ակադեմիան դիմել է մի շարք եվրոպական ծրագրերի, սակայն կա՛մ պատասխան չի ստացել, կա՛մ ստացել է խոստումներ, որոնք այդպես էլ կյանքի չեն կոչվել։

Թատրոնը Դիլիջանում
Դիլիջանում ժամանակին գործել է թատրոն, որը եղել է քաղաքի մշակութային կյանքի կարևոր մասը։ Տարբեր տարիներին թատրոնում աշխատել են տաղանդավոր դերասաններ, բեմադրվել են ինչպես հայկական, այնպես էլ համաշխարհային դրամատուրգիայի լավագույն գործերը։
Սակայն այսօր Դիլիջանում գործող թատրոն չկա։ Չնայած դրան՝ քաղաքի մշակութային շրջանակներում երբեմն կազմակերպվում են թատերական ներկայացումներ, որոնք անցկացվում են տարբեր հարթակներում՝ մշակութային կենտրոններում, դպրոցներում կամ փառատոների շրջանակում։ Այսպիսի նախաձեռնությունները թույլ են տալիս պահպանել թատերական մշակույթի ներկայությունը Դիլիջանում և հնարավորություններ ստեղծել նոր սերնդի համար թատրոնի ոլորտում զարգանալու։
Լուսանկարը`արխիվից
Մինչ Ռոտոնդայի հիմնումը, Դիլիջանում արդեն իսկ թատերական գործունեություն էր ծավալվել։ Թատերարվեստի զարգացումը սերտորեն
կապվում է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի շրջանավարտ Արշակ Սիմոնյանի անվան հետ։ Վերադառնալով Դիլիջան` նա ուսուցիչ է աշխատել տեղի «Գիմնազիա անտառում» ուսումնարանում և, համախմբելով իր առաջադեմ աշակերտներին ու թատերասեր գործընկերներին, թատերախումբ է հիմնել: 1880 թվականին այդ սիրողական թատերախումբը բեմադրել է «Արշակ երկրորդ» պատմական դրաման: Ներկայացման համար զգեստները բերվել են Ալեքսանդրապոլի և Թիֆլիսի թատրոններից: Ահա թատերական այս մթնոլորտում է 19-րդ դարի վերջին Դիլիջանի կենտրոնական հատվածում` անտառապատ սարալանջին կառուցվել Ռոտոնդան և իր ծննդյամբ ազդարարել մշակութային կյանքի նոր վերելքի մասին, նոր էջ բացել տեղի թատրոնի պատմության մեջ։ Բացօթյա բեմը ոչ միայն դիլիջանյան թատրոնի ներկայացումների համար էր, այլև տեղի թատերական կյանքին աջակից և մասնակից էր դարձնում Թիֆլիսի և Բաքվի արվեստասերներին ու
մտավորականությանը՝ ձևավորելով դիլիջանյան մշակութային ավանդույթներ։
1995 թվականին` ֆինանսավորման բացակայության պատճառով,
դիլիջանյան թատրոնի գործունեությունն ավարտվել է, սակայն Ռոտոնդան պահպանվել է: Այն շարունակում է իր սիմվոլիկ դերակատարությունը՝ որպես Դիլիջանի անցյալի և մշակութային ժառանգության հիշեցում։ Ժամանակ առ ժամանակ այստեղ կազմակերպվում են համերգներ, տարբեր միջոցառումներ։

Այս քաղաքը շարունակում է շնչել արվեստով՝ ներշնչելով նոր սերունդներին պահպանել ու զարգացնել այն։ Դիլիջանը ոչ միայն արվեստների քաղաք է, այլև այն միջավայրը, որտեղ արվեստը դառնում է ապրելու, ստեղծելու և հիշողության փոխանցման եղանակ։