Նարեկը, ինչպես և իր հասակակից բոլոր երեխաները, կյանքի առաջին տարիներին ուներ զարգացման բնականոն ընթացք․ նա սկսեց քայլել ժամանակին, արձագանքում էր ծնողների ձայնին և հետաքրքրությամբ էր ուսումնասիրում իր շրջապատող աշխարհը։ Սակայն երկու տարեկանում ծնողները սկսեցին նկատել, որ Նարեկը չի արձագանքում իր անվանը, չի խոսում և ունի վարքային խնդիրներ։ Բժշկական հետազոտություններից հետո նրա մոտ ախտորոշվեց աուտիզմ, որը պահանջում է հատուկ ուշադրություն, խոսքի և վարքային աջակցություն։
Նարեկի քույրը՝ Մերի Թոփալյանը, որը ակտիվ դերակատարում ունի Նարեկի խնամքի գործում, ընդգծեց․ «Ծնողներս հիմնադրեցին Աուտիզմի զարգացման կենտրոն և սկսեցին սեմինարներ կազմակերպել։ Ես միշտ մասնակցում էի դրանց, լսում էի աուտիզմի մասին տարբեր մոտեցումներ, կարծիքներ և հենց այնտեղից եմ սկսել ուսումնասիրել երևույթը ավելի խորքային։ Հետագայում սկսեցի աշխատել մեր կենտրոնում,որտեղ 300-ից ավելի երեխա է հաճախում:» Մերին բլոգ է վարում՝ հիմնականում անդրադառնալով աուտիզմին, և նրա բլոգի բովանդակության մեծ մասը նվիրված է Նարեկին։ Նա հաճախ տեղադրում է տեսանյութեր, որոնք պատմում են Նարեկի առօրյայի, զարգացման և հաջողությունների մասին։
Մերի Թոփալյան
«Դժվարություններ հիմնականում եղել են փոքր տարիքում։ Շատ դուրս չէինք գալիս Նարեկի հետ։ Ուր գնում էինք, նրան տանն էինք թողնում ինչ-որ մեկի հետ, ես նրան ոչ մի տեղ չէի կարողանում հետս տանել։ Համ վարքն էր շատ վատ, համ մարդիկ էին անհասկանալի հայացքներով նայում, երբեմն անտակտ բաներ խոսում կամ հարցեր տալիս։ Արդեն մոտ 5-6 տարի, սկսել ենք ներգրավել նրան ամեն տեղ։ Շատ աշխատանք տարանք հետը, վարքը բավականին շտկվեց, մինչ օրս էլ աշխատում ենք, ու երևի մինչ կյանքի վերջ էլ կաշխատենք։ Որովհետև եթե նրան այդպես թողնեինք, հիմա չէինք ունենա այն, ինչ ունենք»։
She has been nominated for an Academy Award, two Grammy Awards, and the Mercury Prize
Վերջին տարիներին աուտիզմի դեպքերի թվի աճը նկատելի է ամբողջ աշխարհում։ Սակայն մասնագետները նշում են, որ սա պարտադիր չի նշանակում, թե աուտիզմ ունեցող երեխաների իրական թիվն է ավելացել։ Աճը հաճախ կապված է այն փաստի հետ, որ այսօր աուտիզմի մասին ավելի շատ են տեղեկացված թե՛ բժիշկները, թե՛ ծնողները, և ախտորոշման մեթոդները դարձել են ավելի ճշգրիտ ու հասանելի։ Շատ դեպքեր, որոնք տարիներ առաջ կարող էին աննկատ մնալ կամ սխալ ախտորոշվել, այժմ ճիշտ ձևով են բացահայտվում։ Այսպիսով՝ կարելի է ասել, որ աուտիզմի դեպքերի թվի աճը հիմնականում պայմանավորված է ոչ թե հիվանդության տարածմամբ, այլ իրազեկության և ախտորոշման որակի բարձրացմամբ։
Հոգեբան, հոգեթերապևտ Օֆելյա Հարությունյանը ընդգծեց, որ վերջին տարիներին աուտիզմ ունեցող երեխաների ինտեգրումը հասարակության մեջ նկատելիորեն աճել է։ Նրա խոսքով՝ ավելի շատ ծնողներ այսօր գիտակցում են, թե որքան կարևոր է երեխային հնարավորություն տալ շփվելու, սովորելու և զարգանալու հավասար պայմաններում։ Միևնույն ժամանակ մասնագետը նշեց, որ դեռ հանդիպում են դեպքեր, երբ ծնողները փորձում են թաքցնել երեխայի աուտիզմը՝ վախենալով շրջապատի արձագանքից կամ չհասկացված վերաբերմունքից։
Հոգեբանը կարևորելով աուտիզմով երեխաների ծնողների հոգեկան առողջությունը ընդգծեց.
«Ծնողները պետք է նախապես տեղեկացնեն երեխայի շրջապատին՝ հարազատներին, դաստիարակներին կամ ուսուցիչներին, նրա առանձնահատկությունների և դժվարությունների մասին։ Նրա խոսքով՝ դա կարևոր է, որպեսզի շրջապատը կարողանա ճիշտ հասկանալ երեխայի վարքը, ցուցաբերի համբերություն և աջակցություն, ոչ թե քննադատություն կամ խուսափողական վերաբերմունք։ Նման բաց ու անկեղծ մոտեցումը նպաստում է երեխայի արագ ինտեգրմանը հասարակության մեջ և ստեղծում ավելի ընդունող ու անվտանգ միջավայր թե՛ երեխայի, թե՛ ծնողների համար»։
Օֆելյա Հարությունյան
Հոգեբան
Գայանե Վարդանյանը, որը երկար տարիներ աշխատում է ներառական խմբերի երեխաների հետ, ևս կարևորեց ներառական խնդիրներով երեխաների ինտեգրումը հասարակության մեջ։ Նրա խոսքով՝ ամենակարևոր քայլերից մեկը շրջապատի՝ հատկապես հասակակիցների, տեղեկացվածությունն ու ճիշտ վերաբերմունքն է։
«Ադապտացիոն փուլը յուրաքանչյուր երեխայի համար անհատական է և չի կարելի կոնկրետ ժամանակ սահմանել։ Որոշ երեխաներ կարող են առհասարակ չցանկանալ դպրոց գալ և հորինել տարբեր պատճառներ՝ գլխացավ, փորացավ կամ այլ հիմնավորումներ։ Այս դեպքում կարևոր է հաշվի առնել երեխայի տարիքային առանձնահատկությունները և հասկանալ, արդյոք նրա վարքը խնդրից է գալիս, թե հնարավոր մանիպուլյացիա է։ Ծնողը պետք է ակտիվ համագործակցի դպրոցի հետ, զրուցի ուսուցչի հետ և հասկանա, թե ինչպես է երեխան դրսևորում իրեն դասարանում և միջավայրում։ Անհրաժեշտության դեպքում երեխայի համար կազմակերպվում է աշխատանք հոգեբանի հետ, որպեսզի հեշտացվի հարմարվող փուլը և աջակցվի նրա հուզական ու սոցիալական զարգացմանը»։
Գայանե Վարդանյան
Մանկավարժ
Աուտիզմը ոչ թե դատավճիռ է, այլ առանձնահատկություն, որը պահանջում է ճիշտ մոտեցում և աջակցող միջավայր։ Ճիշտ տեղեկատվությունն ու հասարակության իրազեկվածությունը, ծնողների և մասնագետների համագործակցությունը, ինչպես նաև երեխայի ինտեգրումը դպրոցում ու սոցիալական միջավայրում մեծապես նպաստում են նրա զարգացմանը և ինքնավստահության ձևավորմանը։ Կարևոր է, որ ընտանիքը հոգ տանի և իր հոգեկան առողջությունն ամրապնդի, իսկ հասարակությունը՝ ընդունի տարբերությունը։
ՋԵՐՄՈՒԿ․ԿԱՑԱՐԱՆ
ԴԱՐՁԱԾ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ
Խորհրդային Հայաստանի ամենապահանջված օդանավակայաններից մեկի միակ տերմինալն այժմ գրանցված է որպես առանձնատուն և բնակարան է ծառայում։
Ջերմուկի օդանավակայանի երբեմնի սպասասրահում ընթրում են շենքի երկու բնակիչները՝ 70-ամյա Մելսիկ Առաքելյանը և 68-ամյա Անահիտ Սիմոնյանը։
Ամուսինները երանությամբ են հիշում ժամանակները, երբ այս օդանավակայանում ամեն օր դիմավորում էին Երևանից ժամանող չվերթները։
Օդանավակայանը գործել է 34 տարի (1955-1989)։
Ջերմուկի օդանավակայանից Երևան (170 կմ) հնարավոր էր հասնել 20 րոպեում։
Երևանից Ջերմուկ օրական 4 «Յակ-40» օդանավ էր ժամանում։
Ջերմուկի օդանավակայան
Առողջարանային քաղաքի կապն աշխարհի հետ ապահովող հիմնական հանգույցը օդանավակայանն էր՝ կանոնավոր չվերթներով։
Սկսած 1955 թվականից՝ Ջերմուկի օդանավակայանը Երևանից ամեն օր քաղաքացիական օդանավեր է ընդունել։ Ուղևորները Խորհրդային միության տարբեր երկրներից հանրահայտ հանգստարանային քաղաք այցելողներն էին։
Մինչև 1989 թվականն այս օդանավակայանում օրական չորս «Յակ-40» մարդատար օդանավ էր ժամանում։ Հետո ինքնաթիռների թիվը կրճատվեց՝ հասնելով օրական մեկի։
Սակայն պատճառը ոչ թե ուղևորահոսքի նվազումն էր, այլ գոյություն ունեցող պայմաններում անվտանգության ապահովման բարդությունը։ Քամու ուժգնությունն իր հերթին խնդիրներ էր ստեղծում վայրէջք կատարող օդանավերի համար։
Նախկինում այստեղ 26-32 մարդ է աշխատել։ Երբ օդանավակայանը դադարեց թռիչքներ սպասարկել, աշխատակիցներից ոմանք իրենց տեղը գտան Հայաստանում գործող միակ քաղաքացիական օդանավակայանում՝ «Զվարթնոցում»։ Նրանցից երկուսն առ այսօր աշխատում են այնտեղ։
Մելսիկ Առաքելյանը, շահագործման տարիներին նախ որպես թռիչքների ղեկավար է աշխատել: 1976-ից Առաքելյանն օդանավակայանի վերջին պետն է եղել, փակվելուց հետո դարձել է սեփականատերն ու բնակիչը։
Երկհարկանի շենքում 1991 թվականից հետո քիչ բան է փոխվել։ Այդ տարի օդանավակայանից իրականացվեց վերջին չվերթը։
Թեև օդանավակայանը չի գործում, տպավորություն է, թե այստեղ ամեն պահի պատրաստ են վայրէջք կատարող հերթական օդանավը դիմավորել։
Միայն թե նախկին սպասասրահն այժմ հյուրասենյակ է, տոմսարկղի սենյակում տիկին Անահիտը պահում է իր պահածոները, իսկ նախկին թռիչքուղին անգործության 28 տարիների ընթացքում մաշվել է ու խոտով ծածկվել։
1976 թ․ կառուցված թռիչքուղին ավարտվում էր Ամուլ սարի փեշերի տակ։ Տարիներ առաջ թռիչքուղու ծայրին եկեղեցի են կառուցել, ինչը հիմա գործնականում անհնար է դարձնում այս թռիչքուղում օդանավի վայրէջքները։
Ջերմուկի օդանավակայանի անկենդանությունը «կոտրում» է տերմինալի դիմաց խնամքով մշակված հողակտորը։ Մելսիկ Առաքելյանն այստեղ կարտոֆիլ է աճեցնում։
Պատշգամբի տակ լվացք է փռած, բակում մեղվի փեթակներ են, թռիչքուղու կողքին ինքնաշեն գոմ է։ Գյուղատնտեսությունն այժմ այս ընտանիքի եկամտի հիմնական աղբյուրն է։
«Ես մինչև այսօր ինձ օդանավակայանի պետ եմ համարում, որովհետև ինձ ոչ ոք չի հեռացրել։ Օդանավակայանը փակվել է, ես մնացել եմ առանց գործի»,- ասում է Մելսիկ Առաքելյանը։
«Ամեն հիշելիս ինձ թվում է, թե դեռ կարող է նորից աշխատեմ, չնայած չեմ հավատում։ Նախ օդանավակայան չեն կառուցի, երկրորդն էլ, եթե կառուցեն, ինձ այլևս աշխատանքի չեն ընդունի․ 70-ն անց եմ»,- հուսահատ ասում է Առաքելյանը։
Նախագծերն այդպես էլ մնացին թղթի վրա
1980-ականներին պլաններ կային թռիչքներ իրականացնել Ջերմուկից ռուսական Միներալնիե Վոդի և Կրասնոդար քաղաքներ։ Սակայն անկախության վերականգնման հետ չեղարկվեցին անգամ դեպի Երևան չվերթները։ Անարդյունք ավարտվեցին Ջերմուկի օդանավակայանի վերագործարկման վերաբերյալ սակավ քննարկումները։
2009 թվականին ՀՀ Քաղաքաշինության նախարարությունը երկրի ղեկավարությանն էր ներկայացրել Ջերմուկի օդանավակայանի տարածքում կառուցապատումների իրականացման նախագիծ։ Չշահագործվող օդանավակայանի տարածքում նախատեսվում էին հանգստի, զվարճանքի և հյուրանոցային համալիրներ, ինչպես նաև` շախմատի կենտրոն և ձմեռային սպորտաձևերի մարզադաշտ։
1990-ին Մելսիկ Առաքելյանը սեփականաշնորել է փակված օդանավակայանի շենքը, և այժմ այն առանձնատուն է։ Սեփականատերը ցանկանում է շենքի տարածքում հյուրատուն կառուցել, սակայն առայժմ դրա հնարավորությունը չկա։
Մինչ այդ Ջերմուկի օդանավակայանի շենքը շարունակում է մնալ Հայաստանի մեկ տասնյակից ավելի չշահագործվող օդանավակայաններից վերջինը, որում դեռ կենդանության շունչ կա։