Աուտիզմը դատավճիռ չէ
Նարեկը, ինչպես և իր հասակակից բոլոր երեխաները, կյանքի առաջին տարիներին ուներ զարգացման բնականոն ընթացք․ նա սկսեց քայլել ժամանակին, արձագանքում էր ծնողների ձայնին և հետաքրքրությամբ էր ուսումնասիրում իր շրջապատող աշխարհը։ Սակայն երկու տարեկանում ծնողները սկսեցին նկատել, որ Նարեկը չի արձագանքում իր անվանը, չի խոսում և ունի վարքային խնդիրներ։ Բժշկական հետազոտություններից հետո նրա մոտ ախտորոշվեց աուտիզմ, որը պահանջում է հատուկ ուշադրություն, խոսքի և վարքային աջակցություն։
Նարեկի քույրը՝ Մերի Թոփալյանը, որը ակտիվ դերակատարում ունի Նարեկի խնամքի գործում, ընդգծեց․ «Ծնողներս հիմնադրեցին Աուտիզմի զարգացման կենտրոն և սկսեցին սեմինարներ կազմակերպել։ Ես միշտ մասնակցում էի դրանց, լսում էի աուտիզմի մասին տարբեր մոտեցումներ, կարծիքներ և հենց այնտեղից եմ սկսել ուսումնասիրել երևույթը ավելի խորքային։ Հետագայում սկսեցի աշխատել մեր կենտրոնում,որտեղ 300-ից ավելի երեխա է հաճախում:»
Մերին բլոգ է վարում՝ հիմնականում անդրադառնալով աուտիզմին, և նրա բլոգի բովանդակության մեծ մասը նվիրված է Նարեկին։ Նա հաճախ տեղադրում է տեսանյութեր, որոնք պատմում են Նարեկի առօրյայի, զարգացման և հաջողությունների մասին։

Մերի Թոփալյան
«Դժվարություններ հիմնականում եղել են փոքր տարիքում։ Շատ դուրս չէինք գալիս Նարեկի հետ։ Ուր գնում էինք, նրան տանն էինք թողնում ինչ-որ մեկի հետ, ես նրան ոչ մի տեղ չէի կարողանում հետս տանել։ Համ վարքն էր շատ վատ, համ մարդիկ էին անհասկանալի հայացքներով նայում, երբեմն անտակտ բաներ խոսում կամ հարցեր տալիս։
Արդեն մոտ 5-6 տարի, սկսել ենք ներգրավել նրան ամեն տեղ։ Շատ աշխատանք տարանք հետը, վարքը բավականին շտկվեց, մինչ օրս էլ աշխատում ենք, ու երևի մինչ կյանքի վերջ էլ կաշխատենք։ Որովհետև եթե նրան այդպես թողնեինք, հիմա չէինք ունենա այն, ինչ ունենք»։
She has been nominated for an Academy Award, two Grammy Awards, and the Mercury Prize
Վերջին տարիներին աուտիզմի դեպքերի թվի աճը նկատելի է ամբողջ աշխարհում։ Սակայն մասնագետները նշում են, որ սա պարտադիր չի նշանակում, թե աուտիզմ ունեցող երեխաների իրական թիվն է ավելացել։ Աճը հաճախ կապված է այն փաստի հետ, որ այսօր աուտիզմի մասին ավելի շատ են տեղեկացված թե՛ բժիշկները, թե՛ ծնողները, և ախտորոշման մեթոդները դարձել են ավելի ճշգրիտ ու հասանելի։ Շատ դեպքեր, որոնք տարիներ առաջ կարող էին աննկատ մնալ կամ սխալ ախտորոշվել, այժմ ճիշտ ձևով են բացահայտվում։ Այսպիսով՝ կարելի է ասել, որ աուտիզմի դեպքերի թվի աճը հիմնականում պայմանավորված է ոչ թե հիվանդության տարածմամբ, այլ իրազեկության և ախտորոշման որակի բարձրացմամբ։
Հոգեբան, հոգեթերապևտ Օֆելյա Հարությունյանը ընդգծեց, որ վերջին տարիներին աուտիզմ ունեցող երեխաների ինտեգրումը հասարակության մեջ նկատելիորեն աճել է։ Նրա խոսքով՝ ավելի շատ ծնողներ այսօր գիտակցում են, թե որքան կարևոր է երեխային հնարավորություն տալ շփվելու, սովորելու և զարգանալու հավասար պայմաններում։ Միևնույն ժամանակ մասնագետը նշեց, որ դեռ հանդիպում են դեպքեր, երբ ծնողները փորձում են թաքցնել երեխայի աուտիզմը՝ վախենալով շրջապատի արձագանքից կամ չհասկացված վերաբերմունքից։
Հոգեբանը կարևորելով աուտիզմով երեխաների ծնողների հոգեկան առողջությունը ընդգծեց.





«Ծնողները պետք է նախապես տեղեկացնեն երեխայի շրջապատին՝ հարազատներին, դաստիարակներին կամ ուսուցիչներին, նրա առանձնահատկությունների և դժվարությունների մասին։ Նրա խոսքով՝ դա կարևոր է, որպեսզի շրջապատը կարողանա ճիշտ հասկանալ երեխայի վարքը, ցուցաբերի համբերություն և աջակցություն, ոչ թե քննադատություն կամ խուսափողական վերաբերմունք։ Նման բաց ու անկեղծ մոտեցումը նպաստում է երեխայի արագ ինտեգրմանը հասարակության մեջ և ստեղծում ավելի ընդունող ու անվտանգ միջավայր թե՛ երեխայի, թե՛ ծնողների համար»։

Օֆելյա Հարությունյան
Հոգեբան
Գայանե Վարդանյանը, որը երկար տարիներ աշխատում է ներառական խմբերի երեխաների հետ, ևս կարևորեց ներառական խնդիրներով երեխաների ինտեգրումը հասարակության մեջ։ Նրա խոսքով՝ ամենակարևոր քայլերից մեկը շրջապատի՝ հատկապես հասակակիցների, տեղեկացվածությունն ու ճիշտ վերաբերմունքն է։
«Ադապտացիոն փուլը յուրաքանչյուր երեխայի համար անհատական է և չի կարելի կոնկրետ ժամանակ սահմանել։ Որոշ երեխաներ կարող են առհասարակ չցանկանալ դպրոց գալ և հորինել տարբեր պատճառներ՝ գլխացավ, փորացավ կամ այլ հիմնավորումներ։ Այս դեպքում կարևոր է հաշվի առնել երեխայի տարիքային առանձնահատկությունները և հասկանալ, արդյոք նրա վարքը խնդրից է գալիս, թե հնարավոր մանիպուլյացիա է։ Ծնողը պետք է ակտիվ համագործակցի դպրոցի հետ, զրուցի ուսուցչի հետ և հասկանա, թե ինչպես է երեխան դրսևորում իրեն դասարանում և միջավայրում։ Անհրաժեշտության դեպքում երեխայի համար կազմակերպվում է աշխատանք հոգեբանի հետ, որպեսզի հեշտացվի հարմարվող փուլը և աջակցվի նրա հուզական ու սոցիալական զարգացմանը»։

Գայանե Վարդանյան
Մանկավարժ
Աուտիզմը ոչ թե դատավճիռ է, այլ առանձնահատկություն, որը պահանջում է ճիշտ մոտեցում և աջակցող միջավայր։ Ճիշտ տեղեկատվությունն ու հասարակության իրազեկվածությունը, ծնողների և մասնագետների համագործակցությունը, ինչպես նաև երեխայի ինտեգրումը դպրոցում ու սոցիալական միջավայրում մեծապես նպաստում են նրա զարգացմանը և ինքնավստահության ձևավորմանը։ Կարևոր է, որ ընտանիքը հոգ տանի և իր հոգեկան առողջությունն ամրապնդի, իսկ հասարակությունը՝ ընդունի տարբերությունը։
«Երբ տեղափոխվեցի, ինձ համար ամենաբարդը մարդկանց հետ շփումն էր։ Ես փորձում էի հարմարվել, բայց թվում էր՝ ոչ ոք ինձ չէր հասկանում»,-ասում է մեր հերոսը` 15 ամյա Անին (անունը փոխված է, քանի որ նա չի ցանկացել, որ իր տվյալները նույնականացվեն)։

Պատմում է, որ դպրոցում դասընկերների կողմից ենթարկվել է բուլինգի՝ գյուղից լինելու և լավ սովորելու համար։

«Ամեն ինչ սկսվեց թեթև կատակներից, որոնք հետագայում վերածվեցին նվաստացումների։ Իմ հանդեպ վերաբերմունքը փոխվեց, երբ հասկացան, որ ես գյուղից եմ տեղափոխվել։ Այս խոսքերը խոցում էին ինձ, սկզբում փորձում էի պարզապես չնկատել, բայց աստիճանաբար դա ազդում էր իմ հոգեբանական վիճակի վրա»։
Լուսանկարը գեներացված է AI-ով, ChatGPT-ով
Մեր պատմության հերոսը ծնվել և մեծացել է Արագածոտնի մարզի գյուղերից մեկում։ 9-րդ դասարանն ավարտելուց հետո տեղափոխվել էր քաղաք ավագ դպրոց ընդունվելու նպատակով, սակայն նոր միջավայրը նրան չընդունեց այնպիսի ջերմությամբ, ինչպես նա էր պատկերացնում։ Դպրոցը, որը պետք է բացեր իր առաջ նոր հնարավորություններ, դարձավ մի վայր, որտեղ նա ամեն օր բախվում էր բուլինգի և հոգեբանական ճնշման։

«Նոր միջավայր մտնելիս ես անմիջապես զգացի, որ ամեն ինչ այլ է»,-ասում է Անին։

Նա պատմում է, որ երբ տեղափոխվել է իր համար դժվար է եղել շփվել մարդկանց հետ, բնույթով շփվող չի եղել, և այդ փոփոխությունները իր համար մարտահրավերներ են դարձել։ Նախքան տեղափոխվելը նա միշտ մտածել է, որ մարդիկ կարող են իրեն հասկանալ, ընկերներ ձեռք կբերի, կհարմարվի, բայց իրականությունը շատ տարբեր է եղել։
Լուսանկարը գեներացված է AI-ով, ChatGPT-ով

Անին նշում է, որ իր կյանքի ամենադժվար ժամանակահատվածներում միակ մարդը մայրն է եղել, որը իսկապես հասկանում ու լսում էր իրեն․
«Ամեն անգամ, երբ դպրոցից հոգնած ու վիրավորված տուն էի վերադառնում, նա նկատում էր իմ լռությունը։ Երբ համարձակություն էի գտնում խոսելու, պատմում էի, թե ինչպես էին ինձ վերաբերվում, մայրս միշտ հոգատարությամբ ու ջերմությամբ կանգնում էր իմ կողքին»։
Անիի խոսքով ժամանակն անցնում էր, և, ցավոք, իրավիճակը դպրոցում ոչ միայն չէր շտկվում, այլ օրեցօր վատանում էր։ Ամեն օր նոր վիրավորանքներ, կեղծ ժպիտներ, ստվերում մնալու զգացողություն։

«Ամենացավալին այն էր, որ ուսուցիչները տեսնում էին այս ամենը։ Նրանք տեսնում էին՝ ինչպես են դասընկերներս ինձ ծաղրում ու մերժում, տեսնում էին՝ ինչպես էի ես մեկուսանում, լռում, ինչպես էի օր օրի փոխվում։ Բայց ոչ ոք ոչինչ չէր անում։ Ես այնքան էի ուզում, որ գոնե մեկը մոտենար, հարցներ՝ «ինչ է պատահել», բայց նրանք աչք էին փակում, կամ պարզապես նախընտրում էին չխառնվել»։

Հիշում է, որ, սկզբում չէր հասկանում, որ դա բուլինգ էր։ Ծանոթ չէր այդ բառին ու չէր հասկացել, թե ինչ էր իրականում տեղի ունենում։
Լուսանկարը գեներացված է AI-ով, ChatGPT-ով
«Ապրիլ ամսին էր, երբ մնացել էր ընդամենը մեկ ամիս ավարտելուն, ես այլևս չէի կարողանում դիմանալ։ Մայրս տեսնում էր՝ որքան էի նեղսրտում, և այդ ժամանակ մենք միասին վերջնական որոշում կայացրինք՝ ես պետք է տեղափոխվեմ այլ դպրոց․ այս որոշումը հեշտ չէր։ Ես երկար էի պայքարել՝ մնալու, հարմարվելու, հասկանալու, բայց երբեմն պարզապես պետք է ընդունես, որ այդ միջավայրը քեզ համար չէ»։

Անիի խոսքով ինչքան էլ փորձել է դուրս գալ այդ իրավիճակից միևնույն է հետքը մնացել է, չի անցնում։ Նա ասում է, որ, երբ դասընկերներին տեսնում է՝ չի բարևում, քանի որ ատելությունը շատ մեծ է նրանց հանդեպ։
Հոգեբան Աստղիկ Թորոսյան

Լուսանկարը՝ Աստղիկ Թորոսյանի
Հոգեբան Աստղիկ Թորոսյանի խոսքով բուլինգը և հոգեբանական ճնշումները կարող են լրջորեն խաթարել երեխայի ինքնագնահատականը, անվտանգության զգացողությունը և նույնիսկ ապագայի նկատմամբ վստահությունը։

«Բուլինգի ենթարկող երեխաները հաճախ իրենք էլ ունենում են չբավարարված հոգեբանական պահանջմունքներ։ Նման երեխաները կարող են գտնվել ներքին լարվածության, անտեսվածության կամ սիրո պակասի մեջ»,-մեզ հետ զրույցում պարզաբանեց հոգեբանը։

Մասնագետի խոսքով՝ երեխային բուլինգի ենթարկող երեխաների հոգեվիճակը նույնպես պահանջում է խորքային դիտարկում և վերլուծություն․
«Կա մի մեթոդ, որով առաջնորդվում ենք պարզելու՝ թե ինչ հոգեբանական վիճակում է գտնվում երեխան, օրինակ, երեք տիպի պատկեր կա՝ ծիծաղող, լացող և չար երեխաներ։ Այս պարագայում ծիծաղող երեխան հաճախ անզգույշ կատակ կամ չմտածված արարք է անում, որը շրջապատի երեխաներին ծիծաղ է պատճառում։ Լացող երեխայի դեպքում՝ հուզական անկայունություն, երբ երեխան ունի ներսում չլուծված խնդիրներ (ընտանեկան խնդիրներ, անտեսվածություն, հուզական ցավ)․ նա կարող է այդ լարվածությունը թափել այլ երեխաների վրա։ Իսկ չարի դեպքում երեխան իշխանության է ձգտում։ Սա բուլինգի ամենավտանգավոր տեսակը կարող է լինել, քանի որ երեխայի նպատակը իրականում ուրիշին ցավ պատճառելն է»։
ՀՀ Սահմանադրության 9-հոդվածում նշվում է, որ յուրաքանչյուր երեխա ունի ամեն տեսակի (ֆիզիկական, հոգեկան և այլ) բռնությունից պաշտպանության իրավունք: Ցանկացած անձի, այդ թվում` ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին, արգելվում է երեխային ենթարկել բռնության կամ նրա արժանապատվությունը նվաստացնող պատժի, կամ նմանօրինակ այլ վերաբերմունքի:
ՀՀ ՆԳՆ ոստիկանության անչափահասների հանցավորության, ընտանիքում բռնության կանխարգելման վարչության պետ Էդգար Պետրոսյանի խոսքով՝ Հայաստանում վերջին տարիներին բռնության դեպքեր կան անչափահասների նկատմամբ, որոնց տեսակները խիստ տարբեր են և տարածվածության բերումով ունեն որոշակի առանձնահատկություններ։

Պետրոսյանի խոսքով, 2024 թվականին առավել տարածված բռնություններից եղել են հոգեկան ներգործության բռնություն, առողջության թեթև վնասվածքներ,սեռական բռնության, ֆիզիկական բռնութուն և շորթման դեպքեր։ Ինչ վերաբերում է բուլինգին, ապա դա նույնպես շատ տարածված է նաև դիմումների թվով։
«Առաջին խնդիրը, բուլինգը նույնականացնելն է, և դրա վնասակար հետևանքները հասկանալն է։ Շատ դեպքերում առանց մեծահասակների գործոնի դա տեղի չի ունենա, չպետք է ասել՝ դե ծաղրել է, ոչինչ, անցնենք գնա, պետք է շատ խորը մտածել այդ հարցերի շուրջ»,- ասաց Էդգար Պետրոսյանը։

Ըստ ՆԳՆ ոստիկանության ներկայացուցչի, մարմնական վնասվածքների դեպքերը շատ են հատկապես Արարատի մարզում, իսկ սեռական բռնության դեպքերը՝ Գեղարքունիքի մարզում: Այս բռնությունները հաճախ կատարարում են (80%-ով) այն մարդիկ, որոնք երեխաների հարազատներն են կամ նրանց խնամակալները։

Անձնական տվյալների փորձագետ Գևորգ Հայրապետյան
Լուսանկարը՝ Գևորգ Հայրապետյանի
Անձնական տվյալների պաշտպանության փորձագետ Գևորգ Հայրապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ բուլինգը գտնվում է ատելության խոսքի տիրույթում․
«Բուլինգը, ըստ էության, կարելի է դիտարկել որպես ատելության խոսքի տարատեսակ, որը որոշ դեպքերում կարող է անցնել իրավական սահմանները։ Հայաստանյան օրենսդրական դաշտում նման վարքագծի համար նախատեսված է պատասխանատվություն՝ կախված արարքի բնույթից»,-ասաց Գևորգ Հայրապետյանը։

Փորձագետի խոսքով՝ եթե բուլինգն ուղեկցվում է զրպարտությամբ կամ վիրավորանքով, ապա դրա նկատմամբ կարող է կիրառվել քաղաքացիական պատասխանատվություն՝ բարոյական վնասի հատուցման պահանջով։ Իսկ եթե այն ներառում է ուժեղ հոգեբանական ճնշում, սպառնալիք կամ մշտական հալածանք, ապա որոշ դեպքերում հնարավոր է նաև քրեական պատասխանատվություն՝ ատելության խոսքի դաշտում կատարված հանցագործությունների շրջանակում։
Ըստ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի, բուլինգը շատ լուրջ խնդիր է հայաստանյան դպրոցներում և մի շարք այլ հասարակական վայրերում։

«Նախորդ տարի հրապարակված զեկույցը ցույց տվեց, որ բուլինգը հանրակրթական դպրոցներում մեծ ծավալների է հասնում։ Այս երևույթը անհանգստացնող է, քանի որ շատ դեպքերում առկա են ոչ պատշաճ պատկերացումներ այս խնդրի վերաբերյալ՝ ինչպես ուսուցիչների, այնպես էլ ծնողների կողմից»,-ասաց Անահիտ Մանասյանը։
Ըստ Անահիտ Մանասյանի, ուսուցիչները և ծնողները պետք է վերապատրաստվեն, քանի որ շատ դեպքերում բացակայում են բավարար գիտելիքներ և հմտություններ՝ բուլինգի հետ կապված հարցերը լուծելու համար։

«Բուլինգի կանխարգելման և լուծման համար կարևոր է կրթական գործընթացը, որի շրջանակում պետք է մատուցվեն ճիշտ պատկերացումներ՝ բռնության և անթույլատրելի երևույթների մասին»,-նշեց ՄԻՊ-ը։
Երեխաների և ծնողների շրջանում անցկացված հարցումը նպատակ ուներ պարզել, թե որքանով են երեխաները տեղեկացված իրենց իրավունքների մասին, և արդյոք ծնողները գիտեն, թե ինչպես կարելի է պաշտպանել այդ իրավունքները՝ հատկապես այն դեպքերում, երբ երեխան ենթարկվում է հոգեբանական ճնշման կամ խտրական վերաբերմունքի:
Երեխանների շրջանում 72 հարցվածներից 50%-ը ենթարկվել էր բուլինգի, իսկ 36․1%-ը, նշել, որ իր շրջապատում ենթարկվել են բուլինգի, 13,3%-ը նշել է, որ չի ենթարկվել։ Նրանց 37․7%-ը նշել էր, որ ենթարկվել է ծաղրի, 26․4%-ը՝ հոգեբանական ճնշման, իսկ 19․4%-ը՝ ֆիզիկական բռնության։
Ծնողների շրջանում անցկացված հարցմանը մասնակցել էր 84 ծնող։ Նրանք նկատել են, որ բուլինգը հայաստանում շատ լուրջ խնդիր է, ոմանք սակայն նշել են, որ այն մեծ կարևորություն չունի։

Նրանց 50%-ը նշել էր, որ բուլինգը մեծ խնդիր է դարձել հայաստանյան դպրոցներում, 25%-ը նշել, չեմ կարծում՝ լուրջ է, իսկ 25%-ը կարծում է, որ ունի որոշակի լրջություն։

Ծնողների 50%-ը կարծում է, որ դպրոցներում որոշ քայլեր ձեռնարկվում են բուլինգի դեմ պայքարելու համար, բայց դրանք քիչ են, նրանց 33,3%-ը նշել էր, որ հստակ մեխանիզմներ չկան բուլինգի դեմ պայքարելու համար, իսկ 16,7%-ը կարծում է, որ բավարար և արդյունավետ են դպրոցներում իրականացվող կանխարգելիչ միջոցները։
Իսկ ինչպե՞ս է մեդիան արձագանքում բուլինգի դեպքերին, ի՞նչ չափանիշներով է նման թեմաները լուսաբանում․ այս հարցերի շուրջ զրուցել ենք «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Նարինե Ղալեչյանի հետ։

«Ազատություն» ռադիոկայանը Հայաստանում ակտիվորեն լուսաբանում է երեխաների իրավունքների խախտումները և համատարած խնդիրները, այդ թվում՝ բուլինգը, մանկական աշխատանքի շահագործումը, ընտանիքում բռնության դեպքերը, ինչպես նաև իրավական ու սոցիալական պաշտպանությունից դուրս մնացած երեխաներին ուղղված այլ սպառնալիքները։

Նարինեի խոսքով, մեդիայի ազդեցությունը շատ մեծ է, այս թեմաների լուսաբանման գործում․ որքան շատ է թեման բարձրաձայնվում, այնքան ավելի շատ մարդիկ են տեղեկանում և զգոնություն դրսևորում։

«Համագործակցությունը սկսվում է այն պահին, երբ ծնողները դիմում են լրագրողներին․ յուրաքանչյուր պատմություն յուրահատուկ է, և պետք է շատ զգույշ լուսաբանել տվյալ դեպքը։ Անկախ հանգամանքներից՝ ես ունեմ մի ոսկե կանոն. եթե գործը կապված է բուլինգի հետ, խուսափում եմ բաց դեմքով նկարահանումներից, քանի որ երեխան կարող է հետագայում կրկին բախվել հոգեբանական ճնշումների։ Սրանք այն կարևոր քայլերն են, որ պետք է անել լուսաբանելուց առաջ» ,-ասաց Նարինեն։

«Կանան» ՀԿ տնօրեն Քրիստինա Բաղդասարյան
Լուսանկարը՝ Քրիստինա Բաղդասարյանի ֆեյզբուքյան էջից
Այսօր կան շատ հասարակական կազմակերպություններ, որոնք իրենց աջակցման ծրագրերով օգնում են երեխաներին դուրս գալ նման իրավիճակներից։ Այդ կետրոններից մեկն էլ «Կանան» հասարակական կազմակերպությունն է։

«Կանան» ՀԿ-ի տնօրեն Քրիստինա Բաղդասարյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց, թե ինչ խնդիրներով են դիմում կազմակերպությանը, և ինչպիսի քայլեր են ձեռնարկում երեխաներին օգնելու համար։

«ՀՀ-ում երեխաների նկատմամբ բռնությունների աճ կա՝ ինչպես հոգեբանական, այնպես էլ ֆիզիկական և սեռական։ Բռնությունները տեղի են ունենում ինչպես ընտանիքում, այնպես էլ դպրոցում, մանկապարտեզում և հատկապես փակ հաստատություններում։ Վերջին շրջանում մեզ առավել հաճախ դիմում են ուսուցիչների կողմից բռնության դեպքերով»,-ասաց Քրիստինա Բաղդասարյանը։

Սկսած 2020 թվականից՝ կազմակերպությունն իրականացնում է բուլինգի կանխարգելմանն ուղղված ծրագրեր, որոնց շրջանակներում ունեն ինչպես իրազեկման բաղադրիչ, այնպես էլ վերապատրաստումներ և անհրաժեշտ գործիքակազմերի ստեղծում։
Մասնագետները փաստում են, որ բուլինգի դեմ պայքարը չի կարող սահմանափակվել միայն օրենքներ մշակելով և ծրագրեր առաջարկելով։ Խնդրի դեմ իրական և տևական արդյունքն ապահովելու համար անհրաժեշտ է ձևավորել համընդհանուր գիտակցում՝ թե՛ պետական համակարգում, թե՛ հասարակության բոլոր շերտերում։ Բուլինգի դեպքերը հնարավոր է կանխել և բուլինգի զոհ դարձած երեխաներին աջակցել միայն այն դեպքում, երբ բոլոր կողմերը՝ դպրոցը, ընտանիքը, հասարակական կազմակերպությունները և մեդիան գործում են համակարգված և միասնական․այս դեպքում հնարավոր է կանխել բուլինգի դեպքերը և աջակցել բուլինգի զոհ դարձած երեխաներին։