Աուտիզմը դատավճիռ չէ
Նարեկը, ինչպես և իր հասակակից բոլոր երեխաները, կյանքի առաջին տարիներին ուներ զարգացման բնականոն ընթացք․ նա սկսեց քայլել ժամանակին, արձագանքում էր ծնողների ձայնին և հետաքրքրությամբ էր ուսումնասիրում իր շրջապատող աշխարհը։ Սակայն երկու տարեկանում ծնողները սկսեցին նկատել, որ Նարեկը չի արձագանքում իր անվանը, չի խոսում և ունի վարքային խնդիրներ։ Բժշկական հետազոտություններից հետո նրա մոտ ախտորոշվեց աուտիզմ, որը պահանջում է հատուկ ուշադրություն, խոսքի և վարքային աջակցություն։
Նարեկի քույրը՝ Մերի Թոփալյանը, որը ակտիվ դերակատարում ունի Նարեկի խնամքի գործում, ընդգծեց․ «Ծնողներս հիմնադրեցին Աուտիզմի զարգացման կենտրոն և սկսեցին սեմինարներ կազմակերպել։ Ես միշտ մասնակցում էի դրանց, լսում էի աուտիզմի մասին տարբեր մոտեցումներ, կարծիքներ և հենց այնտեղից եմ սկսել ուսումնասիրել երևույթը ավելի խորքային։ Հետագայում սկսեցի աշխատել մեր կենտրոնում,որտեղ 300-ից ավելի երեխա է հաճախում:»
Մերին բլոգ է վարում՝ հիմնականում անդրադառնալով աուտիզմին, և նրա բլոգի բովանդակության մեծ մասը նվիրված է Նարեկին։ Նա հաճախ տեղադրում է տեսանյութեր, որոնք պատմում են Նարեկի առօրյայի, զարգացման և հաջողությունների մասին։

Մերի Թոփալյան
«Դժվարություններ հիմնականում եղել են փոքր տարիքում։ Շատ դուրս չէինք գալիս Նարեկի հետ։ Ուր գնում էինք, նրան տանն էինք թողնում ինչ-որ մեկի հետ, ես նրան ոչ մի տեղ չէի կարողանում հետս տանել։ Համ վարքն էր շատ վատ, համ մարդիկ էին անհասկանալի հայացքներով նայում, երբեմն անտակտ բաներ խոսում կամ հարցեր տալիս։
Արդեն մոտ 5-6 տարի, սկսել ենք ներգրավել նրան ամեն տեղ։ Շատ աշխատանք տարանք հետը, վարքը բավականին շտկվեց, մինչ օրս էլ աշխատում ենք, ու երևի մինչ կյանքի վերջ էլ կաշխատենք։ Որովհետև եթե նրան այդպես թողնեինք, հիմա չէինք ունենա այն, ինչ ունենք»։
She has been nominated for an Academy Award, two Grammy Awards, and the Mercury Prize
Վերջին տարիներին աուտիզմի դեպքերի թվի աճը նկատելի է ամբողջ աշխարհում։ Սակայն մասնագետները նշում են, որ սա պարտադիր չի նշանակում, թե աուտիզմ ունեցող երեխաների իրական թիվն է ավելացել։ Աճը հաճախ կապված է այն փաստի հետ, որ այսօր աուտիզմի մասին ավելի շատ են տեղեկացված թե՛ բժիշկները, թե՛ ծնողները, և ախտորոշման մեթոդները դարձել են ավելի ճշգրիտ ու հասանելի։ Շատ դեպքեր, որոնք տարիներ առաջ կարող էին աննկատ մնալ կամ սխալ ախտորոշվել, այժմ ճիշտ ձևով են բացահայտվում։ Այսպիսով՝ կարելի է ասել, որ աուտիզմի դեպքերի թվի աճը հիմնականում պայմանավորված է ոչ թե հիվանդության տարածմամբ, այլ իրազեկության և ախտորոշման որակի բարձրացմամբ։
Հոգեբան, հոգեթերապևտ Օֆելյա Հարությունյանը ընդգծեց, որ վերջին տարիներին աուտիզմ ունեցող երեխաների ինտեգրումը հասարակության մեջ նկատելիորեն աճել է։ Նրա խոսքով՝ ավելի շատ ծնողներ այսօր գիտակցում են, թե որքան կարևոր է երեխային հնարավորություն տալ շփվելու, սովորելու և զարգանալու հավասար պայմաններում։ Միևնույն ժամանակ մասնագետը նշեց, որ դեռ հանդիպում են դեպքեր, երբ ծնողները փորձում են թաքցնել երեխայի աուտիզմը՝ վախենալով շրջապատի արձագանքից կամ չհասկացված վերաբերմունքից։
Հոգեբանը կարևորելով աուտիզմով երեխաների ծնողների հոգեկան առողջությունը ընդգծեց.





«Ծնողները պետք է նախապես տեղեկացնեն երեխայի շրջապատին՝ հարազատներին, դաստիարակներին կամ ուսուցիչներին, նրա առանձնահատկությունների և դժվարությունների մասին։ Նրա խոսքով՝ դա կարևոր է, որպեսզի շրջապատը կարողանա ճիշտ հասկանալ երեխայի վարքը, ցուցաբերի համբերություն և աջակցություն, ոչ թե քննադատություն կամ խուսափողական վերաբերմունք։ Նման բաց ու անկեղծ մոտեցումը նպաստում է երեխայի արագ ինտեգրմանը հասարակության մեջ և ստեղծում ավելի ընդունող ու անվտանգ միջավայր թե՛ երեխայի, թե՛ ծնողների համար»։

Օֆելյա Հարությունյան
Հոգեբան
Գայանե Վարդանյանը, որը երկար տարիներ աշխատում է ներառական խմբերի երեխաների հետ, ևս կարևորեց ներառական խնդիրներով երեխաների ինտեգրումը հասարակության մեջ։ Նրա խոսքով՝ ամենակարևոր քայլերից մեկը շրջապատի՝ հատկապես հասակակիցների, տեղեկացվածությունն ու ճիշտ վերաբերմունքն է։
«Ադապտացիոն փուլը յուրաքանչյուր երեխայի համար անհատական է և չի կարելի կոնկրետ ժամանակ սահմանել։ Որոշ երեխաներ կարող են առհասարակ չցանկանալ դպրոց գալ և հորինել տարբեր պատճառներ՝ գլխացավ, փորացավ կամ այլ հիմնավորումներ։ Այս դեպքում կարևոր է հաշվի առնել երեխայի տարիքային առանձնահատկությունները և հասկանալ, արդյոք նրա վարքը խնդրից է գալիս, թե հնարավոր մանիպուլյացիա է։ Ծնողը պետք է ակտիվ համագործակցի դպրոցի հետ, զրուցի ուսուցչի հետ և հասկանա, թե ինչպես է երեխան դրսևորում իրեն դասարանում և միջավայրում։ Անհրաժեշտության դեպքում երեխայի համար կազմակերպվում է աշխատանք հոգեբանի հետ, որպեսզի հեշտացվի հարմարվող փուլը և աջակցվի նրա հուզական ու սոցիալական զարգացմանը»։

Գայանե Վարդանյան
Մանկավարժ
Աուտիզմը ոչ թե դատավճիռ է, այլ առանձնահատկություն, որը պահանջում է ճիշտ մոտեցում և աջակցող միջավայր։ Ճիշտ տեղեկատվությունն ու հասարակության իրազեկվածությունը, ծնողների և մասնագետների համագործակցությունը, ինչպես նաև երեխայի ինտեգրումը դպրոցում ու սոցիալական միջավայրում մեծապես նպաստում են նրա զարգացմանը և ինքնավստահության ձևավորմանը։ Կարևոր է, որ ընտանիքը հոգ տանի և իր հոգեկան առողջությունն ամրապնդի, իսկ հասարակությունը՝ ընդունի տարբերությունը։
Միկրոֆոնի հակառակ կողմում. լրագրողների իրավունքերի խախտումները
Ուսանող՝ Գոհարիկ Բարսեղյան
Դասախոս՝ Ռուզաննա Գիշյան
«Ես կտրականապես դեմ եմ քո կարծիքին, բայց կյանքիս գնով կպաշտպանեմ այն արտահայտելու քո իրավունքը»։
— Վոլտեր
Ապրիլի 18-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ միջադեպ՝ «Factor.am»-ի լրագրող Նարեկ Կիրակոսյանի և պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի միջև։ Լրագրողը փորձել էր հարց ուղղել պատգամավորին վերջինիս արված հայտարարությունների կապակցությամբ, սակայն պատգամավորը նրան խոսելու հնարավորություն չէր տվել՝ հրելով միկրոֆոնը և կոչելով նրան «ստախոս»։

Լուսանկարը՝ Factor.am կայքից
Հայաստանում մեդագրագիտության պակասը շարունակում է մնալ լուրջ մարտահրավեր։ Հասարակության մի զգալի հատված հաճախ չի գիտակցում, որ լրագրողի կողմից սուր հարցադրումների ու հարցերի կրկնության նպատակը տվյալ թեմայի լիարժեք բացահայտումն ու սպառիչ պատասխանների ստացումն է։ Այս երևույթը վկայում է մեդիա կրթության համակարգված զարգացման անհրաժեշտության մասին։
-Նարեկ Կիրակոսյան

2023 թվականի մարտի 31-ին Երևանի քաղաքացիական դատարան է ներկայացվել հայց, որով Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը պահանջում է «168 ժամ» լրատվամիջոցի և լրագրող Դավիթ Սարգսյանի կողմից հերքում և հրապարակային ներողություն՝ իր պատիվն ու արժանապատվությունը արատավորող հրապարակման համար։ Բացի այդ, հայցադիմումով պահանջվում է փոխհատուցում ընդհանուր 9 մլն ՀՀ դրամի չափով, որից 3 մլն դրամը՝ վիրավորանքի, իսկ 6 մլն-ը՝ զրպարտության համար։ Դատական գործի շրջանակներում դատարանը որպես ապահովման միջոց կիրառել է գույքի վրա արգելանք, ինչը տարածվել է ինչպես լրատվամիջոցի, այնպես էլ լրագրողի անձնական միջոցների վրա։ Դավիթ Սարգսյանը, ըստ իր հայտարարության, այդ մասին իմացել է միայն այն ժամանակ, երբ բանկային հաշվի կասեցման պատճառով չի կարողացել կատարել իր կոմունալ վճարումները։

Հայաստանում սա առաջին դեպքն էր, երբ լրատվամիջոցը հայտնվեց դատական գործընթացում, երբ պահանջվող փոխհատուցման չափը 9 միլիոն ՀՀ դրամ էր, ինչը կարելի է համարել աննախադեպ։ Այսպիսի ծավալի պահանջն ուղղակիորեն կապված է 2021 թվականին իրականացված օրենսդրական փոփոխությունների հետ, որոնց արդյունքում վիրավորանքի և զրպարտության համար նախատեսված տուգանքների առավելագույն սահմանները զգալիորեն ավելացվեցին։ Դավիթ Սարգսյանի իրավաբան-փաստաբան Արամազդ Կիվիրյանի փոխանցմամբ, նման բնույթի գործերով տուգանքների միջին չափը սովորաբար տատանվում է 100,000-ից 500,000 դրամի սահմաններում։
Նմանատիպ պատժամիջոցների կիրառումից առաջանում է տպավորություն, որ իշխանությունները միտում ունեն լռեցնելու իրենց համար անցանկալի լրագրողներին և լրատվամիջոցներին։
Լրագրող Դավիթ Սարգսյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, 2024 թվականի դեկտեմբերի 18-ին Factor TV-ի եթերում մասնակցելով բանավեճի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, հայաստանյան մեդիան բնութագրել է որպես «մեծ աղբանոց»։ Նա նման արտահայտություն է արել այն պահին, երբ Մարությանը հիշեցրել է Civilnet.am-ի՝ Ավինյանի ենթադրյալ կոռուպցիոն կապերի վերաբերյալ հետաքննական նյութը։ Հրապարակումից հետո քաղաքապետը դիմել է դատարան՝ ընդդեմ լրատվամիջոցի։      Հետաքննության համահեղինակ Անի Գրիգորյանը «Հետք»-ի հետ զրույցում նշել է, որ մինչև հոդվածի հրապարակումը Տիգրան Ավինյանին, ինչպես նաև նրա ընտանիքի անդամներին՝ հորը և եղբորը, ում մասին նույնպես եղել են անդրադարձեր, ուղարկվել են պաշտոնական գրավոր հարցումներ, սակայն շուրջ մեկ ամիս անց որևէ պատասխան չեն ստացել։
Գրիգորյանի խոսքով՝ հետաքննությունը պատրաստվել է OCCRP-ի հետ համագործակցությամբ, իսկ բոլոր փաստերը բազմակի ստուգման են ենթարկվել՝ բացառելով չհիմնավորված պնդումների տարածումը։ Այդուհանդերձ, հետաքննող խմբի համար կարևոր է եղել նաև պաշտոնյայի արձագանքը, որը, ինչպես նշում է նա, այդպես էլ չի ստացվել։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, դատարան դիմելով ՍիվիլՆեթի դեմ հայցով, պետական տուրքի չափը՝ 150,000 դրամը, բնութագրել էր որպես «բավականին մեծ»՝ նշելով, որ դրա վճարումը իրեն և իր ընտանիքին կարող է զգալի ֆինանսական անհարմարություններ պատճառել։  2024 թվականի հունվարին արդեն ՍիվիլՆեթի մայր կազմակերպությունը՝ Սիվիլիթաս հիմնադրամը, պատասխան հայց է ներկայացրել Տիգրան Ավինյանի դեմ՝ պահանջելով, որ վերջինս ուղիղ եթերում հրապարակայնորեն ներողություն խնդրի «մեդիան մեզ մոտ դարձել է մեծ աղբանոց» արտահայտության համար։ Սիվիլիթասը որևէ դրամական փոխհատուցում չի պահանջել՝ շեշտադրելով բացառապես բարոյական պատասխանատվության հարցը։

Գևորգ Թոսունյան
ՍիվիլՆեթ առցանց հեռուստատեսության ավագ լրագրող
2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում թե՛ հայ, թե՛ արտասահմանյան լրագրողները բազմիցս ենթարկվել են ադրբեջանական զինուժի ուղղակի հարձակման՝ հայտնվելով հրետակոծությունների և ռմբակոծությունների տակ։ Նման միջադեպ գրանցվել էր նաև 24News լրատվամիջոցի լրագրող Սևակ Վարդումյանի հետ, որը պատերազմի ժամանակ ստացել է մարմնական վնասվածք։ Դեպքից հետո Վարդումյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելով իրավական գնահատական և արդարություն միջազգային հարթակում։ Մինչ օրս գործը քննվում է։

Լուսանկարը վերցված է Սևակ Վարդումյանի ֆեյսբուքյան էջից

Ըստ ԽԱՊԿ-ի տարեկան զեկույցի, 2024 թվականին Հայաստանում մամուլի ազատության վիճակը վատթարացել է։ Լրագրողների և լրատվամիջոցների իրավունքների խախտումների թիվն աճել է նախորդ տարվա համեմատ։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի տվյալներով՝ գրանցվել է 15 ֆիզիկական բռնության դեպք, 71 այլ տեսակի ճնշում և 122 տեղեկություններ ստանալու ու տարածելու իրավունքի խախտում։ Բռնությունները հիմնականում կատարվել են երկրորդ եռամսյակում՝ Տավուշի սահմանազատման դեմ բողոքի ակցիաների ընթացքում, որոնց ժամանակ իրավապահների ու ընդդիմադիրների գործողությունների հետևանքով արձանագրվել է լրագրողների իրավունքների խախտման 20 դեպք։

Չնայած լրագրողների իրավունքների խախտումների շարունակական աճին՝ անհնար է պնդել, թե լրագրողները զրկված են արտահայտվելու ազատությունից։ Ներկայումս ընդդիմադիր հայացքներ ունեցող լրագրողները կարողանում են ազատորեն ներկայացնել իրենց դիրքորոշումները, թեև երբեմն այդ գործընթացում խախտվում են մասնագիտական էթիկայի սկզբունքները։
Աշոտ Մելիքյան
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ

~

Հայաստանի ժուռնալիստների միությունը կարևոր դերակատարում ունի լրագրողների իրավունքների պաշտպանության գործընթացում։ Պատերազմական գործողությունների, քաղաքական լարվածության կամ դատական հետապնդումների պայմաններում ՀԺՄ-ը հանդես է գալիս հայտարարություններով, բարձրաձայնում խախտումները։

Սաթիկ Սեյրանյանը հանդես է գալիս այն համոզմամբ, որ մամուլի ազատությունը ոչ միայն լրագրողների, այլև ամբողջ հասարակության հիմնարար իրավունքն է։ Նրա դիտարկմամբ՝ ազատ մամուլն ապահովում է հանրային վերահսկողություն։ Սեյրանյանը բազմիցս ընդգծել է, որ մամուլի ազատության դեմ ուղղված ցանկացած փորձ՝ լինի դա ֆինանսական ճնշում, թե տեղեկատվության մատչելիության սահմանափակում, խաթարում է ժողովրդավարական գործընթացների բնականոն զարգացումը։ Նա պարբերաբար կոչ է անում իշխանություններին երաշխավորել լրագրողների անվտանգությունն ու ազատ աշխատանքը, ինչպես նաև հասարակությանը՝ պաշտպանելու ազատ խոսքը որպես ընդհանուր արժեհամակարգի մաս։
Սաթիկ Սեյրանյան
Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ
Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան
Հանրային հաղորդակցության և սերվիսի ֆակուլտետ
Հանրային հաղորդակցության և լրագրության ԳՈՒԿ (գիտաուսումնական կենտրոն)