Աուտիզմը դատավճիռ չէ
Նարեկը, ինչպես և իր հասակակից բոլոր երեխաները, կյանքի առաջին տարիներին ուներ զարգացման բնականոն ընթացք․ նա սկսեց քայլել ժամանակին, արձագանքում էր ծնողների ձայնին և հետաքրքրությամբ էր ուսումնասիրում իր շրջապատող աշխարհը։ Սակայն երկու տարեկանում ծնողները սկսեցին նկատել, որ Նարեկը չի արձագանքում իր անվանը, չի խոսում և ունի վարքային խնդիրներ։ Բժշկական հետազոտություններից հետո նրա մոտ ախտորոշվեց աուտիզմ, որը պահանջում է հատուկ ուշադրություն, խոսքի և վարքային աջակցություն։
Նարեկի քույրը՝ Մերի Թոփալյանը, որը ակտիվ դերակատարում ունի Նարեկի խնամքի գործում, ընդգծեց․ «Ծնողներս հիմնադրեցին Աուտիզմի զարգացման կենտրոն և սկսեցին սեմինարներ կազմակերպել։ Ես միշտ մասնակցում էի դրանց, լսում էի աուտիզմի մասին տարբեր մոտեցումներ, կարծիքներ և հենց այնտեղից եմ սկսել ուսումնասիրել երևույթը ավելի խորքային։ Հետագայում սկսեցի աշխատել մեր կենտրոնում,որտեղ 300-ից ավելի երեխա է հաճախում:»
Մերին բլոգ է վարում՝ հիմնականում անդրադառնալով աուտիզմին, և նրա բլոգի բովանդակության մեծ մասը նվիրված է Նարեկին։ Նա հաճախ տեղադրում է տեսանյութեր, որոնք պատմում են Նարեկի առօրյայի, զարգացման և հաջողությունների մասին։

Մերի Թոփալյան
«Դժվարություններ հիմնականում եղել են փոքր տարիքում։ Շատ դուրս չէինք գալիս Նարեկի հետ։ Ուր գնում էինք, նրան տանն էինք թողնում ինչ-որ մեկի հետ, ես նրան ոչ մի տեղ չէի կարողանում հետս տանել։ Համ վարքն էր շատ վատ, համ մարդիկ էին անհասկանալի հայացքներով նայում, երբեմն անտակտ բաներ խոսում կամ հարցեր տալիս։
Արդեն մոտ 5-6 տարի, սկսել ենք ներգրավել նրան ամեն տեղ։ Շատ աշխատանք տարանք հետը, վարքը բավականին շտկվեց, մինչ օրս էլ աշխատում ենք, ու երևի մինչ կյանքի վերջ էլ կաշխատենք։ Որովհետև եթե նրան այդպես թողնեինք, հիմա չէինք ունենա այն, ինչ ունենք»։
She has been nominated for an Academy Award, two Grammy Awards, and the Mercury Prize
Վերջին տարիներին աուտիզմի դեպքերի թվի աճը նկատելի է ամբողջ աշխարհում։ Սակայն մասնագետները նշում են, որ սա պարտադիր չի նշանակում, թե աուտիզմ ունեցող երեխաների իրական թիվն է ավելացել։ Աճը հաճախ կապված է այն փաստի հետ, որ այսօր աուտիզմի մասին ավելի շատ են տեղեկացված թե՛ բժիշկները, թե՛ ծնողները, և ախտորոշման մեթոդները դարձել են ավելի ճշգրիտ ու հասանելի։ Շատ դեպքեր, որոնք տարիներ առաջ կարող էին աննկատ մնալ կամ սխալ ախտորոշվել, այժմ ճիշտ ձևով են բացահայտվում։ Այսպիսով՝ կարելի է ասել, որ աուտիզմի դեպքերի թվի աճը հիմնականում պայմանավորված է ոչ թե հիվանդության տարածմամբ, այլ իրազեկության և ախտորոշման որակի բարձրացմամբ։
Հոգեբան, հոգեթերապևտ Օֆելյա Հարությունյանը ընդգծեց, որ վերջին տարիներին աուտիզմ ունեցող երեխաների ինտեգրումը հասարակության մեջ նկատելիորեն աճել է։ Նրա խոսքով՝ ավելի շատ ծնողներ այսօր գիտակցում են, թե որքան կարևոր է երեխային հնարավորություն տալ շփվելու, սովորելու և զարգանալու հավասար պայմաններում։ Միևնույն ժամանակ մասնագետը նշեց, որ դեռ հանդիպում են դեպքեր, երբ ծնողները փորձում են թաքցնել երեխայի աուտիզմը՝ վախենալով շրջապատի արձագանքից կամ չհասկացված վերաբերմունքից։
Հոգեբանը կարևորելով աուտիզմով երեխաների ծնողների հոգեկան առողջությունը ընդգծեց.





«Ծնողները պետք է նախապես տեղեկացնեն երեխայի շրջապատին՝ հարազատներին, դաստիարակներին կամ ուսուցիչներին, նրա առանձնահատկությունների և դժվարությունների մասին։ Նրա խոսքով՝ դա կարևոր է, որպեսզի շրջապատը կարողանա ճիշտ հասկանալ երեխայի վարքը, ցուցաբերի համբերություն և աջակցություն, ոչ թե քննադատություն կամ խուսափողական վերաբերմունք։ Նման բաց ու անկեղծ մոտեցումը նպաստում է երեխայի արագ ինտեգրմանը հասարակության մեջ և ստեղծում ավելի ընդունող ու անվտանգ միջավայր թե՛ երեխայի, թե՛ ծնողների համար»։

Օֆելյա Հարությունյան
Հոգեբան
Գայանե Վարդանյանը, որը երկար տարիներ աշխատում է ներառական խմբերի երեխաների հետ, ևս կարևորեց ներառական խնդիրներով երեխաների ինտեգրումը հասարակության մեջ։ Նրա խոսքով՝ ամենակարևոր քայլերից մեկը շրջապատի՝ հատկապես հասակակիցների, տեղեկացվածությունն ու ճիշտ վերաբերմունքն է։
«Ադապտացիոն փուլը յուրաքանչյուր երեխայի համար անհատական է և չի կարելի կոնկրետ ժամանակ սահմանել։ Որոշ երեխաներ կարող են առհասարակ չցանկանալ դպրոց գալ և հորինել տարբեր պատճառներ՝ գլխացավ, փորացավ կամ այլ հիմնավորումներ։ Այս դեպքում կարևոր է հաշվի առնել երեխայի տարիքային առանձնահատկությունները և հասկանալ, արդյոք նրա վարքը խնդրից է գալիս, թե հնարավոր մանիպուլյացիա է։ Ծնողը պետք է ակտիվ համագործակցի դպրոցի հետ, զրուցի ուսուցչի հետ և հասկանա, թե ինչպես է երեխան դրսևորում իրեն դասարանում և միջավայրում։ Անհրաժեշտության դեպքում երեխայի համար կազմակերպվում է աշխատանք հոգեբանի հետ, որպեսզի հեշտացվի հարմարվող փուլը և աջակցվի նրա հուզական ու սոցիալական զարգացմանը»։

Գայանե Վարդանյան
Մանկավարժ
Աուտիզմը ոչ թե դատավճիռ է, այլ առանձնահատկություն, որը պահանջում է ճիշտ մոտեցում և աջակցող միջավայր։ Ճիշտ տեղեկատվությունն ու հասարակության իրազեկվածությունը, ծնողների և մասնագետների համագործակցությունը, ինչպես նաև երեխայի ինտեգրումը դպրոցում ու սոցիալական միջավայրում մեծապես նպաստում են նրա զարգացմանը և ինքնավստահության ձևավորմանը։ Կարևոր է, որ ընտանիքը հոգ տանի և իր հոգեկան առողջությունն ամրապնդի, իսկ հասարակությունը՝ ընդունի տարբերությունը։




Համար 259 և 261

Աբովյան-Երևան երթուղին







Նախագծի հեղինակ՝ Էլեն Մինասյան
Նախագծի ղեկավար՝ Նարեկ Ալեքսանյան






Տրանսպորտը ժամանակակից հասարակության կենսագործունեության առանցքային տարրերից է։ Այն ոչ միայն փոխադրում է մարդկանց մի կետից մյուսը, այլև միջավայր է, որտեղ ձևավորվում են սոցիալական փոխհարաբերություններ, հարմարվողականության մեխանիզմներ և երբեմն՝ լարվածություն։ Հայաստանի քաղաքային և միջքաղաքային տրանսպորտը երկար տարիներ գտնվել է բարեփոխումների անհրաժեշտության ներքո։

Խնդիրները հայտնի են, խոստումները՝ նույնպես։ Փորձել ենք հասկանալ՝ ինչ փուլում ենք հիմա, և ինչ նոր լուծումներ են առաջարկվում խնդիրը շտկելու համար։

Այս համատեքստում առանձնահատուկ կարևորություն ունի Աբովյան-Երևան երթուղին՝ որպես ամենօրյա հազարավոր մարդկանց տեղաշարժ ապահովող ուղղություն։
Թիվ 259 և 261 երթուղիները Աբովյանի բնակիչների հիմնական կապն են մայրաքաղաքի հետ։ Սակայն տարիներ շարունակ ուղևորները բախվում են միևնույն խնդիրներին՝ անկանոն գրաֆիկ, տեխնիկապես ոչ այդքան լավ վիճակում գտնվող ավտոբուսներ, սահմանափակ նստատեղեր և մեծ հերթեր։ Երթուղու վիճակը արտացոլում է միջքաղաքային հասարակական տրանսպորտի խնդիրները։
Թվային տեխնոլոգիաների զարգացմամբ Երևանում արդեն գործում է հանրային տրանսպորտի էլեկտրոնային վճարման համակարգ։ Ուղևորները կարող են վճարել անկանխիկ ՝ քարտերով կամ հավելվածների միջոցով։ Իսկ Աբովյանի քաղաքային երթուղիներում դեռ գործում է միայն կանխիկ վճարման եղանակը։ Էլեկտրոնային տարբերակ դեռևս հասանելի չէ, և ուղևորները վճարումներ կատարում են ուղիղ վարորդին։ Սա պայմանավորում է որոշակի օրինաչափություններ ինչպես ուղևորների, այնպես էլ վարորդների առօրյայում, և ստեղծում է միջավայր, որտեղ թվային լուծումները դեռ չեն կիրառվում։

Գնացուցակի փոփոխված տարբերակը 2025թ․ մարտի 1-ի դրությամբ
Տրանսպորտի թվայնացում․ առաջին քայլերը
Աբովյանի բնակիչների համար Երևան հասնելը հաճախ ուղեկցվում է երկար սպասումով և անկանոն երթուղիներով։ Սակայն վերջին շրջանում մի նոր գործիք է հայտնվել, որը կարող է փոխել այս իրավիճակը։
Այս հղմամբ հասանելի է ավտոբուսների իրական ժամանակում տեղորոշման համակարգը, որը թույլ է տալիս ուղևորներին տեսնել ավտոբուսների ընթացքը և մոտավոր ժամանումը կանգառներ։​
Այս համակարգը հիմնված է Wialon Nimbus հարթակի վրա, որը մշակել է բելառուսական Gurtam ընկերությունը։ Հայաստանում այս տեխնոլոգիան ներդրվել է ArmGPS ընկերության միջոցով, որը զբաղվում է տրանսպորտային մոնիթորինգի և կառավարման լուծումներով։
Դիտել
Ինչպե՞ս օգտվել կայքից
Wialon Nimbus-ը հնարավորություն է տալիս՝
  • Ստեղծել և խմբագրել երթուղիներ ու կանգառներ։
  • Հետևել ավտոբուսների շարժին իրական ժամանակում։
  • Ստանալ ծանուցումներ ուշացումների կամ երթուղուց շեղումների դեպքում։
  • Վերլուծել երթուղիների արդյունավետությունը և ուղևորահոսքը։
Այս համակարգը հատկապես օգտակար է ուղևորների համար, որոնք ցանկանում են պլանավորել իրենց ճանապարհը՝ իմանալով ավտոբուսի մոտավոր ժամանումը։ Բացի այդ, այն օգնում է տրանսպորտային կազմակերպություններին բարելավել ծառայությունների որակը՝ հիմնվելով իրական ժամանակում ստացված տվյալների վրա։

Այսպիսի թվային լուծումները կարևոր քայլ են դեպի ավելի արդյունավետ և հարմարավետ հասարակական տրանսպորտի համակարգ։ Դրանք ոչ միայն նվազեցնում են սպասման ժամանակը, այլև բարձրացնում են ուղևորների վստահությունը տրանսպորտային ծառայությունների նկատմամբ։​
Մեկ օր Աբովյան-Երևան երթուղու ուղևորի կյանքից
Էռնան 259 համարի երթուղում
Էռնան, Աբովյանում ապրող ուսանողուհի է։ Ամեն օր գնում է Երևան՝ համալսարան, հետո հետ վերադառնում տուն։ Նրա պատմությունը ցուցադրում է միջքաղաքային երթևեկության այն իրականությունը, որը մնացածին հաճախ անտեսանելի է։ Արդեն սովորել է ուշանալուն։ Սովորել է նյարդայնացած դեմքերին ու անհամբեր հայացքներին։

«Ուղղակի սովորել եմ։ Ես էլ եմ մաս դարձել էս իրավիճակին։ Բայց երբ մտածում եմ՝ ինչի պիտի էսպես լինի, պատասխանը չունեմ», – ասում է Էռնան։
Ի՞նչ են ասում ուղևորները
2025 թվականին անցկացվել է հարցում ուղևորների շրջանում։ Արդյունքում․
  • 🚌 75% դժգոհ է տրանսպորտի ընդհանուր պայմաններից
  • 🕓 68% սպասում են ավելի քան 20 րոպե կանգառում
  • 🚶‍♂️ 71% ասում են, որ հազվադեպ է հնարավոր նստել
  • 💸 53% ամսական ծախսում են 8000–10000 դրամ միայն այս երթուղու վրա։
Հարցվածների մեծամասնության դժգություններն ապացուցում են, որ համակարգում առկա են լուրջ խնդիրներ։ Դրանք պահանջում են հետևողանական լուծումներ պետական և համայնքային մակարդակով։
Աբովյան-Երևան երթուղին գտնվում է մարզային և միջքաղաքային վերահսկողության տիրույթում։ Սակայն, հաշվի առնելով ուղևորների մեծ հոսքը դեպի մայրաքաղաք, պարբերաբար քննարկվում է Կոտայքի մարզպետարանի և Աբովյանի համայնքապետարանի հետ համագործակցության նոր ձևաչափերի ներդրման հնարավորությունը։

«Քննարկում ենք համագործակցային մեխանիզմների ներդրման հնարավորությունը՝ երթուղու սպասարկումն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով», - նշում են պատասխանատուները։

Քաղաքային տրանսպորտի ընդհանուր համակարգի բարելավման շրջանակում նախատեսվում է համատեղ ծրագրերի իրականացում՝ երթուղիների ժամկետային վերահսկման, տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի գնահատման և նոր կառավարման համակարգերի ներդրման ուղղությամբ։

«Նպատակ ունենք ներդնել մեխանիզմներ, որոնք կապահովեն երթուղիների կանոնավոր վերահսկում և տրանսպորտային ծառայությունների որակի բարձրացում», - ընդգծում են ոլորտի պատասխանատուները։

Քարտեզ․ Աբովյան–Երևան երթուղիներ

Քարտեզ․ Աբովյան–Երևան երթուղիներ

Հետևիր 259 և 261 ավտոբուսների շարժին, դիտիր կանգառները, ավելացրու կարծիքներ և հարմարեցրու քո ճանապարհորդությունը:

Քո կարծիքը


-259- համարի երթուղու վարորդի փորձը

259 համարում ւ վարորդը պատմում է իր ամենօրյա փորձառությունների մասին.

«Ամեն օր սկսում եմ առավոտյան 6-ից։ Ճանապարհին հաճախ լինում են խցանումներ, երբեմն էլ մեքենան կարող է խափանվել։ Մենք աշխատում ենք հերթափոխով ինչպես կարող ենք, առանց բողոքելու, սակայն չես կարող սպասել, որ ամեն ինչ կատարյալ լինի», — նշում է վարորդը։
Սակայն, ըստ նրա, ոչ բոլոր ուղևորներն են հասկանում վարորդների՝ բարդ պայմաններում աշխատելու իրականությունը.

«Մարդիկ հաճախ բողոքում են ճանապարհի վիճակից, խցանումից կամ այլ խնդիրներից։ Բայց նրանք չեն մտածում, որ մենք էլ հաճախ գտնվում ենք նույն դժվար իրավիճակներում։ Տեխնիկական խնդիրները, անսարքությունները, վառելիքի ծախսերը, ճանապարհի վատ վիճակը․ այս ամենը մեր վրա է։ Մեզնից պահանջվում է աշխատել առանց ընդմիջման՝ ոչ թե միայն մեզ համար, այլ նաև ուղևորների հարմարության համար։»

Վարորդը շեշտում է, որ այդ խնդիրները միայն մասնագիտական մարտահրավերներ չեն, այլ բարդանում են նաև հասարակական իրողություններով, որտեղ յուրաքանչյուր կողմ պետք է հասկանա ու հարգի մյուսի աշխատանքը։

«Մենք էլ մարդիկ ենք, ու նույնպես ուզում ենք աշխատել այնպիսի պայմաններում, որտեղ բոլորս կկարողանանք միասին ապահով ու արագ տեղաշարժվել։»
-261- համարի երթուղու վարորդի փորձը

«Ժամանակացույցին հետևելը միշտ չէ, որ հեշտ է, հատկապես երբ սահմանված կանոնները չեն կարողանում բավարարել ուղևորների մեծ քանակը»։

261 համարում վարորդներից մեկը պատմում է, թե ինչպես է ինքը լուծում այս խնդիրները․

«Երբեմն լինում են պահեր, երբ ստիպված ենք լինում բարդ պայմաններում աշխատել՝ հատկապես եթե մեքենան խափանվի կամ ուղևորների թիվը շատ է։ Այնուամենայնիվ, ես չգիտեմ այլ ճանապարհ․ եթե չաշխատես լավ կազմակերպված ու ճիշտ մոտեցումով, ապա ոչինչ չի ստացվի։ Հաճախ գտնում ենք լուծումներ հենց գործող իրավիճակներում․ ամեն կերպ փորձում ենք պահպանել կարգը»,-նշում է նա։


Վարորդը փաստում է, որ ճիշտ կազմակերպված աշխատանքը և ժամանակի պատշաճ կառավարումը շատ կարևոր է, որպեսզի երթուղիները կարողանան արդյունավետ աշխատել։

«Երբ մենք հետևում ենք որոշակի կանոնների և աշխատում ենք կազմակերպված, ամեն ինչ ավելի հարթ է ընթանում։ Բայց երբ այդ կանոնները խախտվում են, տեղի է ունենում հերթափոխերի խափանում, խցանումներ, և դա ազդում է ուղևորների հարմարավետության վրա»,- ասում է նա։

Փոփոխության հույսը սկսվում է լսելուց
Աբովյան-Երևան երթուղու ներկա վիճակը լուռ ճչացող խնդիր է։ Ուղևորները տարիներ շարունակ բախվում են նույն դժվարություններին՝ առանց էական բարեփոխումների։

Տրանսպորտի արդիականացումը պետք է ներառի ոչ միայն տեխնիկական հարցերը, այլ նաև հստակ վերահսկողություն ժամանակացույցի, վարորդների աշխատանքի ու ուղևորների անվտանգության վրա։