Աուտիզմը դատավճիռ չէ
Նարեկը, ինչպես և իր հասակակից բոլոր երեխաները, կյանքի առաջին տարիներին ուներ զարգացման բնականոն ընթացք․ նա սկսեց քայլել ժամանակին, արձագանքում էր ծնողների ձայնին և հետաքրքրությամբ էր ուսումնասիրում իր շրջապատող աշխարհը։ Սակայն երկու տարեկանում ծնողները սկսեցին նկատել, որ Նարեկը չի արձագանքում իր անվանը, չի խոսում և ունի վարքային խնդիրներ։ Բժշկական հետազոտություններից հետո նրա մոտ ախտորոշվեց աուտիզմ, որը պահանջում է հատուկ ուշադրություն, խոսքի և վարքային աջակցություն։
Նարեկի քույրը՝ Մերի Թոփալյանը, որը ակտիվ դերակատարում ունի Նարեկի խնամքի գործում, ընդգծեց․ «Ծնողներս հիմնադրեցին Աուտիզմի զարգացման կենտրոն և սկսեցին սեմինարներ կազմակերպել։ Ես միշտ մասնակցում էի դրանց, լսում էի աուտիզմի մասին տարբեր մոտեցումներ, կարծիքներ և հենց այնտեղից եմ սկսել ուսումնասիրել երևույթը ավելի խորքային։ Հետագայում սկսեցի աշխատել մեր կենտրոնում,որտեղ 300-ից ավելի երեխա է հաճախում:»
Մերին բլոգ է վարում՝ հիմնականում անդրադառնալով աուտիզմին, և նրա բլոգի բովանդակության մեծ մասը նվիրված է Նարեկին։ Նա հաճախ տեղադրում է տեսանյութեր, որոնք պատմում են Նարեկի առօրյայի, զարգացման և հաջողությունների մասին։

Մերի Թոփալյան
«Դժվարություններ հիմնականում եղել են փոքր տարիքում։ Շատ դուրս չէինք գալիս Նարեկի հետ։ Ուր գնում էինք, նրան տանն էինք թողնում ինչ-որ մեկի հետ, ես նրան ոչ մի տեղ չէի կարողանում հետս տանել։ Համ վարքն էր շատ վատ, համ մարդիկ էին անհասկանալի հայացքներով նայում, երբեմն անտակտ բաներ խոսում կամ հարցեր տալիս։
Արդեն մոտ 5-6 տարի, սկսել ենք ներգրավել նրան ամեն տեղ։ Շատ աշխատանք տարանք հետը, վարքը բավականին շտկվեց, մինչ օրս էլ աշխատում ենք, ու երևի մինչ կյանքի վերջ էլ կաշխատենք։ Որովհետև եթե նրան այդպես թողնեինք, հիմա չէինք ունենա այն, ինչ ունենք»։
She has been nominated for an Academy Award, two Grammy Awards, and the Mercury Prize
Վերջին տարիներին աուտիզմի դեպքերի թվի աճը նկատելի է ամբողջ աշխարհում։ Սակայն մասնագետները նշում են, որ սա պարտադիր չի նշանակում, թե աուտիզմ ունեցող երեխաների իրական թիվն է ավելացել։ Աճը հաճախ կապված է այն փաստի հետ, որ այսօր աուտիզմի մասին ավելի շատ են տեղեկացված թե՛ բժիշկները, թե՛ ծնողները, և ախտորոշման մեթոդները դարձել են ավելի ճշգրիտ ու հասանելի։ Շատ դեպքեր, որոնք տարիներ առաջ կարող էին աննկատ մնալ կամ սխալ ախտորոշվել, այժմ ճիշտ ձևով են բացահայտվում։ Այսպիսով՝ կարելի է ասել, որ աուտիզմի դեպքերի թվի աճը հիմնականում պայմանավորված է ոչ թե հիվանդության տարածմամբ, այլ իրազեկության և ախտորոշման որակի բարձրացմամբ։
Հոգեբան, հոգեթերապևտ Օֆելյա Հարությունյանը ընդգծեց, որ վերջին տարիներին աուտիզմ ունեցող երեխաների ինտեգրումը հասարակության մեջ նկատելիորեն աճել է։ Նրա խոսքով՝ ավելի շատ ծնողներ այսօր գիտակցում են, թե որքան կարևոր է երեխային հնարավորություն տալ շփվելու, սովորելու և զարգանալու հավասար պայմաններում։ Միևնույն ժամանակ մասնագետը նշեց, որ դեռ հանդիպում են դեպքեր, երբ ծնողները փորձում են թաքցնել երեխայի աուտիզմը՝ վախենալով շրջապատի արձագանքից կամ չհասկացված վերաբերմունքից։
Հոգեբանը կարևորելով աուտիզմով երեխաների ծնողների հոգեկան առողջությունը ընդգծեց.





«Ծնողները պետք է նախապես տեղեկացնեն երեխայի շրջապատին՝ հարազատներին, դաստիարակներին կամ ուսուցիչներին, նրա առանձնահատկությունների և դժվարությունների մասին։ Նրա խոսքով՝ դա կարևոր է, որպեսզի շրջապատը կարողանա ճիշտ հասկանալ երեխայի վարքը, ցուցաբերի համբերություն և աջակցություն, ոչ թե քննադատություն կամ խուսափողական վերաբերմունք։ Նման բաց ու անկեղծ մոտեցումը նպաստում է երեխայի արագ ինտեգրմանը հասարակության մեջ և ստեղծում ավելի ընդունող ու անվտանգ միջավայր թե՛ երեխայի, թե՛ ծնողների համար»։

Օֆելյա Հարությունյան
Հոգեբան
Գայանե Վարդանյանը, որը երկար տարիներ աշխատում է ներառական խմբերի երեխաների հետ, ևս կարևորեց ներառական խնդիրներով երեխաների ինտեգրումը հասարակության մեջ։ Նրա խոսքով՝ ամենակարևոր քայլերից մեկը շրջապատի՝ հատկապես հասակակիցների, տեղեկացվածությունն ու ճիշտ վերաբերմունքն է։
«Ադապտացիոն փուլը յուրաքանչյուր երեխայի համար անհատական է և չի կարելի կոնկրետ ժամանակ սահմանել։ Որոշ երեխաներ կարող են առհասարակ չցանկանալ դպրոց գալ և հորինել տարբեր պատճառներ՝ գլխացավ, փորացավ կամ այլ հիմնավորումներ։ Այս դեպքում կարևոր է հաշվի առնել երեխայի տարիքային առանձնահատկությունները և հասկանալ, արդյոք նրա վարքը խնդրից է գալիս, թե հնարավոր մանիպուլյացիա է։ Ծնողը պետք է ակտիվ համագործակցի դպրոցի հետ, զրուցի ուսուցչի հետ և հասկանա, թե ինչպես է երեխան դրսևորում իրեն դասարանում և միջավայրում։ Անհրաժեշտության դեպքում երեխայի համար կազմակերպվում է աշխատանք հոգեբանի հետ, որպեսզի հեշտացվի հարմարվող փուլը և աջակցվի նրա հուզական ու սոցիալական զարգացմանը»։

Գայանե Վարդանյան
Մանկավարժ
Աուտիզմը ոչ թե դատավճիռ է, այլ առանձնահատկություն, որը պահանջում է ճիշտ մոտեցում և աջակցող միջավայր։ Ճիշտ տեղեկատվությունն ու հասարակության իրազեկվածությունը, ծնողների և մասնագետների համագործակցությունը, ինչպես նաև երեխայի ինտեգրումը դպրոցում ու սոցիալական միջավայրում մեծապես նպաստում են նրա զարգացմանը և ինքնավստահության ձևավորմանը։ Կարևոր է, որ ընտանիքը հոգ տանի և իր հոգեկան առողջությունն ամրապնդի, իսկ հասարակությունը՝ ընդունի տարբերությունը։



«Փոշեկուլ» դարձած երևանցիները
Ինչպե՞ս է բնակարանաշինությունն աղտոտում Երևանը
Նախագծի հեղինակ` Էլվինա Մակարյան
Նախագծի ղեկավար` Լիլիթ Գալստյան
Վերջին տարիներին Երևանի քաղաքային պատկերը փոփոխվում է: Նորակառույց շենքերը՝
մի կողմից հարմարավետություն են բերում, մյուս կողմից տարբեր վտանգներ՝ օդի աղտոտվածության և փոշու ծավալի մեծացման հետևանքով առողջական խնդիրներ առաջացնելով: Գրեթե ամեն թաղամասում կարելի է տեսնել բազմահարկների կմախքներ, շինարարական կռաններ ու փոշու մեջ կորած փողոցներ: Քաղաքը կարծես մի ակնթարթում որոշել է փոխել իր դեմքը՝ առանց հաշվի առնելու դրա ազդեցությունը քաղաքի բնապահպանական վիճակի ու մարդկանց առողջության վրա:
Այս լուսանկարները պատկերում են Երևանի տարբեր շինհրապարակների առօրյան, որոնք քաղաքացիների համար պատուհաս է դարձել։
Աիդա Թորոսյանը Երևանի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ է, որն ապրում է նորակառույց շենքի հարևանությամբ։ Արդեն մի քանի տարի է, ինչ նրա ամեն օրն անցնում է փոշու և աղմուկի մեջ։ Նույնիսկ մեր հարցազրույցը հնարավոր չեղավ կազմակերպել պատշաճ պայմաններով, աղմուկի պատճառով։
Պատուհան չեմ կարողանում բացել. երեխաս անընդհատ հազում է»

Արփինե Փանոսյանը ապրում է Նոր Նորքի 5-րդ զանգվածում, նրա բնակարանից ընդամենը 20 մետր հեռավորության վրա կառուցվում է նոր բազմահարկ շենք։ Շինարարությունն ընթանում է արդեն մի քանի տարի, և նրա ընտանիքի առօրյան լիովին փոխվել է։ Օդն այնքան փոշոտ է, որ պատուհան բացելը երբեմն անհնարին է լինում։ Երեխայի երկարատև հազը երկար ժամանակ է չի ապաքինվում։
Մեր հերոսները խուսափեցին ցույց տալ իրենց դեմքերը, քանի որ վախենում են խնդիրներ ունենալ իրենց տեղական համայնքներում։ Այդ պատճառով, նրանց մեկնաբանությունները տեղադրված են միայն ձայնագրությունների տեսքով։

Այս պատմությունները բացառություններ չեն։ Նմանատիպ խնդիրներ ունեն Երևանում հարյուրավոր ընտանիքներ, որոնք ապրում են նորակառույցների հարևանությամբ՝ առանց որևէ պաշտպանության։ Շինհրապարակների ազդեցությունը, որն օրական հանդիպում է բոլորին՝ անընդհատ աղմուկ, փոշի և տրանսպորտային միջոցներից արտանետվող վնասակար նյութեր, դարձել են ապրելու նոր պայմաններից մեկը։ Սա բնորոշ է քաղաքի բոլոր այն շրջաններին, որտեղ կառուցապատման աշխատանքները չեն դադարում։
Այս տեսանյութը նկարահանվել են Նոր Նորքի 5-րդ զանգվածում։ Շինարարական աշխատանքներն ընթանում են հենց բնակելի շենքի դիմաց և այս տեսարանը բացվում է բնակչի պատուհանից։
«Փոշին նստում է թոքերում՝ առաջացնելով բորբոքում` անգամ քաղցկեղ»
Փորձենք կանաչապատել մեր շրջապատն, ապահովելով թթվածնի քանակությունն օդում». Վաղարշակ Աբրահամյան

Բժիշկ Վաղարշակ Աբրահամյանը, նշում է, որ վերջին տարիներին շինարարական ակտիվության աճը, հատկապես նորակառույց շենքերի հետ կապված, հանգեցնում է առողջական լուրջ խնդիրների։ Նրա խոսքով, շինհրապարակներից դուրս եկող փոշին և արտանետումները պարունակում են բազմաթիվ վտանգավոր տարրեր՝ միկրոսիլիկատներ, ցեմենտի փոշի ու տարբեր քիմիական նյութեր, որոնք անմիջապես ազդում են մարդու առողջության վրա։

Բժիշկը կարծում է՝ օդի աղտոտվածության դեմ պայքարելու համար անհրաժեշտ է ոչ միայն բուժում, այլ նաև կանխարգելիչ միջոցառումների իրականացում։
Հասարակական Կազմակերպությունների դիտարկումներ
«Կանաչ Հայաստան» ՀԿ նախագահ բնապահպան, ակտիվիստ Թեհմինե Ենոքյանը նշում է, որ ի տարբերություն միջազգային նորմերին, ՀՀ-ում ոչ ճիշտ ձևով են իրականացվում շինարարական աշխատանքները։ «Կանաչ Հայաստան» ՀԿ-ի կողմից այս թեմայի շուրջ պարբերաբար իրականացվում են հարցումներ, սակայն հասարակությունն ակտիվ մասնակցություն չի ցուցաբերում։
«էկո-լուր» ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանի խոսքով Երևանի բնակիչներից ստացվող ահազանգերը օդի աղտոտվածության մասին կուտակվում են։ Մոնիթորինգը ցույց է տվել, որ պաշտոնական և միջազգային ցուցանիշների միջև մեծ տարբերություն կա։ Մոնիթորինգի արդյունքները ներկայացվել են Երևանի քաղաքապետարանին, և դրանք ընդունվել են։ Քաղաքապետարանը հայտարարել է, որ համագործակցում է նախարարության և փորձագիտական համայնքների հետ՝ միասնական համակարգ ստեղծելու համար։
Նշվում է, որ Երևանում կանաչ տարածքները զգալիորեն նվազել են։ Նորքի անտառները փոխարինվել են շինհրապարակներով, իսկ այգիների 90%-ը չի պատկանում քաղաքապետարանին։ Կանաչապատման և կանաչ տարածքների ընդլայնումը համարվում է հիմնական մաքրության և առողջության պահպանման միջոց։
Նարինե Կիրակոսյանը՝ «Էկո-Մեդիա» ցանցի համահիմնադիրը, նշում է, որ Facebook-ում քաղաքացիներից ստացված ահազանգերը կարևոր դեր ունեն օդի աղտոտվածության մասին տեղեկացվածության բարձրացման գործոնում։ Քաղաքացիներին իրազեկելու նպատակով հարցումներ են ուղարկվում Երևանի քաղաքապետարանին, սակայն պատասխանները հաճախ ուշանում են։
Վերջերս նաև քաղաքապետարանի դիմաց էկոակտիվիստների կողմից ցույցեր են անցկացվել՝ ուշադրություն հրավիրելու համար օդի աղտոտվածության խնդրի վերաբերյալ։ Նարինեն նշում է, որ սոցիալական ցանցերում պրոֆեսիոնալ լրագրողական նյութեր պատրաստելու կարևորությունը շատ մեծ է, քանի որ դրանք կարող են բարձրացնել մարդկանց իրազեկվածությունը և նպաստել գործողությունների։
Նա նաև ընդգծում է, որ պետք է դաստիարակել մարդկանց գիտակցությունը։ Նարինեի խոսքով, օդի աղտոտվածությունն ազդում է իր կյանքի որակի վրա՝ ալերգիաներով, շնչառական խնդիրներով և սրտային բարդություններով։
Նա նաև կարծում է, որ տեղական իշխանությունները պետք է ավելի զգոն լինեն և կատարեն բարեփոխումներ՝ հասկանալով սովորական քաղաքացու խնդիրները և կյանքի պայմանները։
Շինհրապարակներում նորմեր չեն խախտում
«ML Mining» կազմակերպության շինհրապարակի պատասխանատու՝ Նարեկ Հայրապետյանը նշում է, որ շինանյութի տեղափոխման ժամանակ հատուկ միջոցառումներ են ձեռնարկվում, փողոցներում փոշու առաջացման խնդիրները նվազեցնելու համար։ Պատասխանատուն ասում է, որ շինանյութեր տեղափոխող ավտոմեքենաները փակվում են, որպեսզի շինարարական փոշին վնասներ չպատճառի շրջակա միջավայրին։ Նա նաև նշեց, որ շինհրապարակների մուտքը խստիվ արգելվում է, և տնօրինության հետ կապ հաստատելը բավականին դժվար է՝ կազմակերպչական բարդությունների պատճառով։
Շինարարական մյուս ընկերության ներկայացուցիչ՝ Լևոն Սարդարյանը նշում է, որ, օդի աղտոտվածությունը կապված չէ իրենց աշխատանքների հետ, այլ տարբեր տեսակի գործունեություններից, որոնք ավելի մեծ ազդեցություն ունեն, քան շինարարական աշխատանքներն են։ Նա վստահեցնում է, որ բոլոր շինարարական նորմերը խիստ պահպանվում են և վերահսկվում։
Լուսանկարները և տեսանյութը կատարվել են Բարեկամության փողոցում շինարարական աշխատանքներ իրականացվող շինհրապարակից։
Հիդրոօդերևութաբանության և IQAir համաշխարհային կայքի առցանց ցուցանիշները
Չնայած շինհրապարակների պատասխանատուների դրական պատասխաններին, համացանցում առկա են տարբեր կայքերի օդի աղտոտվածության ցուցանիշների առցանց տվյալները, որոնք ևս փաստում են այն մասին, որ Երևանի օդի աղտոտվածությունը տարեցտարի աճում է։ ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը պարբերաբար ներկայացնում է օդի որակի մոնիթորինգի տվյալներ։ Այս տվյալները կարևոր են աղտոտվածության աղբյուրները և տարածման ուղղությունները հասկանալու համար։ Այս տվյալները հավաքվում են հատուկ կայանների միջոցով, որոնք տեղադրված են տարբեր վայրերում՝ ապահովելով տվյալների տարածական բաշխվածությունը։

Համաձայն իրականացված արդյունքների 2024 թվականին 2023 թվականի համեմատությամբ Երևան քաղաքի մթնոլորտային օդում տարվա ընթացքում տարբեր հատվածներում, տարբեր օրերին դիտվել են փոշու, ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունների գերազանցումներ։
Երբ փոշու մակարդակը փոփոխվում է, շատ կարևոր է հասկանալ, թե ինչ ազդեցություն ունեն այդ փոփոխությունները շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա։ Եթե փոշու կոնցենտրացիան անցնում է որոշակի չափանիշները, դա կարող է հանգեցնել տարբեր բացասական հետևանքների։
IQAir կայքը, միջազգային պլատֆորմ է, որն իրական ժամանակում ներկայացնում է տարբեր քաղաքների օդի աղտոտվածության մակարդակը։ Այս տվյալները վերաբերում են Երևան քաղաքին և դրանց վիճակագրությանը։ Հաշվի առնենք, որ օդի աղտոտվածության մակարդակը կարող է տարբերվել ժամեր և օրեր հետո՝ կախված տարբեր գործոններից՝ օրինակ՝ արտանետումներից, օդային հոսքերից, կամ տեղական այլ իրավիճակներից:
Ըստ դիտարկումների, ներկա պահի դրությամբ քաղաքի տարբեր շրջաններում ներկայացված են տարբեր ցուցանիշներ։ Օդի որակը համեմատ նախորդ ամիսների հետ, գտնվում է միջին մակարդակում, ինչը կապված է եղանակային առատ տեղումների հետ։
Այս տվյալները կարևոր են ոչ միայն գիտական ուսումնասիրությունների, այլև հասարակության համար։ Հասարակությունը պետք է տեղյակ լինի օդի աղտոտվածության ցուցանիշների մասին՝ առողջության վրա դրանց ազդեցությունը հասկանալու համար։​
Ավելին, հասարակության ակտիվ մասնակցությունը, օրինակ՝ բնապահպանական նախաձեռնություններին մասնակցելը, կարող է նպաստել աղտոտվածության նվազեցմանը։​
Շինարարական ավտոմեքենաները փոշու պատճառ
Շինարարական աշխատանքներից բացի, օդի աղտոտման պատճառ կարող են լինել նաև ոչ պատշաճ կերպով շինարարական նյութեր տեղափոխող ավտոմեքենաները, քանի որ չպաշտպանված բեռնափոխադրումները կամ կոշտ շինանյութի տեղափոխումները, մեծացնում են աղտոտման մակարդակն՝ ավելացնելով օդի վնասակար մասիկները։


Իրավական արձագանք

Համաձայն ՀՀ կառավարության 2007թ. հունիսի 28-ի N955 որոշման հավելված N1-ի 164-րդ կետի 4-րդ ենթակետի և ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 30-րդ մասի՝ վարորդները, ովքեր խախտում են բեռների փոխադրման կանոնները, ենթարկվում են տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, այսինքն՝ 5000 ՀՀ դրամ։ Խախտումը կապված է շրջակա միջավայրի, ճանապարհների աղտոտման հետ, որոնցից է նաև փոշու բարձրացումը։
Շինարարական բեռնատարները պետք է համապատասխան լինեն սահմանված նորմերին՝ բեռները չպետք է գերազանցեն թույլատրելի սահմանները, և պետք է ունենան համապատասխան նշումներ։ Փայտով բեռնված մեքենաները պետք է ապահովեն նաև լապտերների օգտագործումը՝ սպիտակ առջևում և կարմիր հետևում։
ՀՀ ոստիկանության բարեփոխումների ծրագրով, մասնավորապես պարեկային ծառայության գործարկմամբ, ավելի հեշտ է հայտնաբերել օրենքները խախտող վարորդներին։ Այս դեպքերում, շնորհիվ պատժիչ և կանխարգելիչ միջոցառումների, նվազել է իրավախախտ վարորդների թիվը։
Երևանում և ողջ հանրապետությունում, համեմատաբար, նման դեպքերը դարձել են հազվադեպ, քանի որ ավելի նոր և անվտանգ տեխնիկա է օգտագործվում, իսկ նախկին խորհրդային արտադրության բեռնատարներն աստիճանաբար փոխարինվում են նոր սերնդի մեքենաներով, որոնք հագեցած են անվտանգության համակարգերով։ Սա հանգեցնում է այն բանի, որ նման խախտումները տարեց տարի նվազում են, սակայն դեռ շարունակվում են հանդիպել։

Այս տեսանյութերը պատկերում են Երևանի տարբեր հատվածների քամու հետևանքով առաջացած փոշոտ փողոցները, որոնք կարելի է դիտել առանց մեկնաբանությունների։
Տեսանյութերը հրապարակվել են Մայիսի 11-ին, ժամը՝ 6:30-ի սահմաններում՝ Facebook և Instagram սոցիալական հարթակների տարբեր էջերում։