Աուտիզմը դատավճիռ չէ
Նարեկը, ինչպես և իր հասակակից բոլոր երեխաները, կյանքի առաջին տարիներին ուներ զարգացման բնականոն ընթացք․ նա սկսեց քայլել ժամանակին, արձագանքում էր ծնողների ձայնին և հետաքրքրությամբ էր ուսումնասիրում իր շրջապատող աշխարհը։ Սակայն երկու տարեկանում ծնողները սկսեցին նկատել, որ Նարեկը չի արձագանքում իր անվանը, չի խոսում և ունի վարքային խնդիրներ։ Բժշկական հետազոտություններից հետո նրա մոտ ախտորոշվեց աուտիզմ, որը պահանջում է հատուկ ուշադրություն, խոսքի և վարքային աջակցություն։
Նարեկի քույրը՝ Մերի Թոփալյանը, որը ակտիվ դերակատարում ունի Նարեկի խնամքի գործում, ընդգծեց․ «Ծնողներս հիմնադրեցին Աուտիզմի զարգացման կենտրոն և սկսեցին սեմինարներ կազմակերպել։ Ես միշտ մասնակցում էի դրանց, լսում էի աուտիզմի մասին տարբեր մոտեցումներ, կարծիքներ և հենց այնտեղից եմ սկսել ուսումնասիրել երևույթը ավելի խորքային։ Հետագայում սկսեցի աշխատել մեր կենտրոնում,որտեղ 300-ից ավելի երեխա է հաճախում:»
Մերին բլոգ է վարում՝ հիմնականում անդրադառնալով աուտիզմին, և նրա բլոգի բովանդակության մեծ մասը նվիրված է Նարեկին։ Նա հաճախ տեղադրում է տեսանյութեր, որոնք պատմում են Նարեկի առօրյայի, զարգացման և հաջողությունների մասին։

Մերի Թոփալյան
«Դժվարություններ հիմնականում եղել են փոքր տարիքում։ Շատ դուրս չէինք գալիս Նարեկի հետ։ Ուր գնում էինք, նրան տանն էինք թողնում ինչ-որ մեկի հետ, ես նրան ոչ մի տեղ չէի կարողանում հետս տանել։ Համ վարքն էր շատ վատ, համ մարդիկ էին անհասկանալի հայացքներով նայում, երբեմն անտակտ բաներ խոսում կամ հարցեր տալիս։
Արդեն մոտ 5-6 տարի, սկսել ենք ներգրավել նրան ամեն տեղ։ Շատ աշխատանք տարանք հետը, վարքը բավականին շտկվեց, մինչ օրս էլ աշխատում ենք, ու երևի մինչ կյանքի վերջ էլ կաշխատենք։ Որովհետև եթե նրան այդպես թողնեինք, հիմա չէինք ունենա այն, ինչ ունենք»։
She has been nominated for an Academy Award, two Grammy Awards, and the Mercury Prize
Վերջին տարիներին աուտիզմի դեպքերի թվի աճը նկատելի է ամբողջ աշխարհում։ Սակայն մասնագետները նշում են, որ սա պարտադիր չի նշանակում, թե աուտիզմ ունեցող երեխաների իրական թիվն է ավելացել։ Աճը հաճախ կապված է այն փաստի հետ, որ այսօր աուտիզմի մասին ավելի շատ են տեղեկացված թե՛ բժիշկները, թե՛ ծնողները, և ախտորոշման մեթոդները դարձել են ավելի ճշգրիտ ու հասանելի։ Շատ դեպքեր, որոնք տարիներ առաջ կարող էին աննկատ մնալ կամ սխալ ախտորոշվել, այժմ ճիշտ ձևով են բացահայտվում։ Այսպիսով՝ կարելի է ասել, որ աուտիզմի դեպքերի թվի աճը հիմնականում պայմանավորված է ոչ թե հիվանդության տարածմամբ, այլ իրազեկության և ախտորոշման որակի բարձրացմամբ։
Հոգեբան, հոգեթերապևտ Օֆելյա Հարությունյանը ընդգծեց, որ վերջին տարիներին աուտիզմ ունեցող երեխաների ինտեգրումը հասարակության մեջ նկատելիորեն աճել է։ Նրա խոսքով՝ ավելի շատ ծնողներ այսօր գիտակցում են, թե որքան կարևոր է երեխային հնարավորություն տալ շփվելու, սովորելու և զարգանալու հավասար պայմաններում։ Միևնույն ժամանակ մասնագետը նշեց, որ դեռ հանդիպում են դեպքեր, երբ ծնողները փորձում են թաքցնել երեխայի աուտիզմը՝ վախենալով շրջապատի արձագանքից կամ չհասկացված վերաբերմունքից։
Հոգեբանը կարևորելով աուտիզմով երեխաների ծնողների հոգեկան առողջությունը ընդգծեց.





«Ծնողները պետք է նախապես տեղեկացնեն երեխայի շրջապատին՝ հարազատներին, դաստիարակներին կամ ուսուցիչներին, նրա առանձնահատկությունների և դժվարությունների մասին։ Նրա խոսքով՝ դա կարևոր է, որպեսզի շրջապատը կարողանա ճիշտ հասկանալ երեխայի վարքը, ցուցաբերի համբերություն և աջակցություն, ոչ թե քննադատություն կամ խուսափողական վերաբերմունք։ Նման բաց ու անկեղծ մոտեցումը նպաստում է երեխայի արագ ինտեգրմանը հասարակության մեջ և ստեղծում ավելի ընդունող ու անվտանգ միջավայր թե՛ երեխայի, թե՛ ծնողների համար»։

Օֆելյա Հարությունյան
Հոգեբան
Գայանե Վարդանյանը, որը երկար տարիներ աշխատում է ներառական խմբերի երեխաների հետ, ևս կարևորեց ներառական խնդիրներով երեխաների ինտեգրումը հասարակության մեջ։ Նրա խոսքով՝ ամենակարևոր քայլերից մեկը շրջապատի՝ հատկապես հասակակիցների, տեղեկացվածությունն ու ճիշտ վերաբերմունքն է։
«Ադապտացիոն փուլը յուրաքանչյուր երեխայի համար անհատական է և չի կարելի կոնկրետ ժամանակ սահմանել։ Որոշ երեխաներ կարող են առհասարակ չցանկանալ դպրոց գալ և հորինել տարբեր պատճառներ՝ գլխացավ, փորացավ կամ այլ հիմնավորումներ։ Այս դեպքում կարևոր է հաշվի առնել երեխայի տարիքային առանձնահատկությունները և հասկանալ, արդյոք նրա վարքը խնդրից է գալիս, թե հնարավոր մանիպուլյացիա է։ Ծնողը պետք է ակտիվ համագործակցի դպրոցի հետ, զրուցի ուսուցչի հետ և հասկանա, թե ինչպես է երեխան դրսևորում իրեն դասարանում և միջավայրում։ Անհրաժեշտության դեպքում երեխայի համար կազմակերպվում է աշխատանք հոգեբանի հետ, որպեսզի հեշտացվի հարմարվող փուլը և աջակցվի նրա հուզական ու սոցիալական զարգացմանը»։

Գայանե Վարդանյան
Մանկավարժ
Աուտիզմը ոչ թե դատավճիռ է, այլ առանձնահատկություն, որը պահանջում է ճիշտ մոտեցում և աջակցող միջավայր։ Ճիշտ տեղեկատվությունն ու հասարակության իրազեկվածությունը, ծնողների և մասնագետների համագործակցությունը, ինչպես նաև երեխայի ինտեգրումը դպրոցում ու սոցիալական միջավայրում մեծապես նպաստում են նրա զարգացմանը և ինքնավստահության ձևավորմանը։ Կարևոր է, որ ընտանիքը հոգ տանի և իր հոգեկան առողջությունն ամրապնդի, իսկ հասարակությունը՝ ընդունի տարբերությունը։
Երևանի հին շենքերը՝ ժամանակի փորձության դեմ պայքարում



Ուսանող՝ Ալվարդ Շահնազարյան
Դասախոս՝ Լիլիկ Ստեփանյան, բ․գ․թ․
Երևանի պատմամշակութային շենքերը մեր քաղաքի ինքնության կարևոր մասն են, որոնք այսօր հիշեցնում են մեր անցյալի արժեքների մասին։ Դրանք կարևոր նշանակություն ունեն պատմության, մշակույթի, գիտության, առողջապահության և առևտրի ոլորտներում։ Դրանք ձևավորում են մեր քաղաքի պատմական դիմագիծը:

Հանրապետության հրապարակ


Ամանորի լույսերի շքեղության հետևում մոռացվել է ամենաթանկը՝ մեր պատմական ժառանգության պահպանումը: Զարդարանքների տեղադրման հետևանքով վնասվել են Հանրապետության հրապարակի պատմական շենքերի պատերը։

Օրինակ՝ 168.am-ը և Ազատություն TV-ն անդրադարձել են Հանրապետության հրապարակի պատմական շենքերին պատճառված վնասներին՝ ասելով, որ ամանորյա զարդարանքների տեղադրման աշխատանքներն իրականացվել են շենքերի պատերն ու քարերը ծակելով, ինչը վնասում է դրանց մշակութային արժեքը։
Էդվարդ Աթայանի տունը
1967-1996թթ․ Աբովյան փողոց 31 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքը իր հարկի տակ ընդունեց մեծանուն լեզվաբան և փիլիսոփայական գիտությունների դոկտոր Էդվարդ Աթայանին, որի անունը հավերժ կապվեց այս հասցեի հետ։

Այսօր այս պատմական շենքը ստիպված է կրել ժամանակի շահադիտական հետքերն իր վրա․ առաջին հարկում կառուցված խանութները խաթարել են շենքի ճարտարապետական տեսքը և նվազեցրել նրա պատմական արժեքը:


Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության առաջին կարգի մասնագետ Սամվել Հակոբյանն ընդունում է, որ Աբովյան փողոց 31 հասցեում գտնվող խանութներն աղճատում են շենքի արտաքին տեսքը, և պետք է անհապաղ դրվի խնդրի լուծման հարցը։ Խանութների գործունեությունը պետք է համապատասխանեցված լինի մշակութային պահպանության պահանջներին, և եթե շենքը կորցնում է իր պատմամշակույթային տեսքը, ապա նախատեսվում են անհրաժեշտ միջոցներ՝ վերացնելու կամ շտկելու խախտումները։

Նրա խոսքով՝ պատմամշակութային շենքերի օգտագործման թույլտվություն ստանալու համար սեփականատերը կամ շահառուն պետք է դիմի Երևանի քաղաքապետարան, ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթ, որն ընդգրկում է շենքի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը, առաջարկությունները և այլն:

Նա նաև հավելեց, որ օգտագործման ընթացքում շենքերի նկատմամբ շարունակաբար իրականացվում է հսկողություն՝ ապահովելու համար դրանց պատշաճ պահպանումը։

Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճը


Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճը եղել է երևանցիների սիրելի հանգստի և մշակույթի վայրերից մեկը, սակայն այսօր կանգնած է լրջագույն խնդրի առաջ։ Տարիների ընթացքում պահպանման պակասը և անուշադրությունը խաթարել են տարածքի սկզբնական տեսքը։


Լուսանկարները` Hinyerevan.com կայքէջից


«Մոսկվա» կինոթատրոնի մարկետինգի բաժնի փոխտնօրեն Անահիտ Խաչատրյանը տեղեկացրեց, որ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը ժամանակավորապես դուրս է շահագործումից, և ներկայում որևէ ֆիլմային կամ մշակութային միջոցառում չի իրականացվում այնտեղ։

Ինչ վերաբերում է դահլիճի ապագա ծրագրերին՝ որոշակի քննարկումներ ընթացքի մեջ են, սակայն կոնկրետ ծրագրեր, ժամկետներ կամ նախաձեռնություններ հաստատված չեն, ուստի դահլիճի հետագա օգտագործման կամ վերականգնման վերաբերյալ հստակ տեղեկատվություն այս պահին չկա։
Հովհաննես Հովհաննիսյանի բնակելի տունը և բուժարանը
1914-1917թթ․ Աբովյան փողոց 3 հասցեում ապրել և աշխատել է բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանը՝ Երևանի առաջին մշտապես գործող մասնավոր վիրաբուժարանի հիմնադիրը։ Նրա անունը և այս շենքը կապված են քաղաքի բժշկական պատմության կարևոր մի շրջանի հետ։

Այսօր այս արժեքավոր պատմամշակութային շինությունը անտեսված է։ Մինչդեռ այն կարող էր շարունակել ապրել՝ հիշեցնելով մեզ այն մարդկանց մասին, ովքեր իրենց գործով թողել են անջնջելի հետք մեր քաղաքի պատմության մեջ։

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանի խոսքով, Երևանի և ամբողջ Հայաստանի պատմամշակութային շենքերի հիմնական խնդիրը այն է, որ դրանք նախկինում սեփականաշնորհվել են, և այսօր շատ սեփականատերեր անտարբեր են վերաբերվում այդ շենքերի պահպանությանը։
Ներկայում նմանատիպ շենքերը գույքագրվում են, և յուրաքանչյուրի վերաբերյալ համապատասխան որոշում է կայացվում։

«ԱՕԿՍ-ի շենքը գտնվում է վստահելի ձեռքերում։ Շուտով շենքին կտրվի երկրորդ կյանք, և դրա տարածքում կստեղծվի մշակութային կենտրոնի մի հատված»․ Պետրոս Պետոյան

Կենտրոն վարչական շրջանի ծառայության հուշարձանապահ Արսեն Ղազարյանի խոսքով՝ Կենտրոն վարչական շրջանում ամեն տարի իրականացվում են պատմամշակութային հուշարձանների պահպանությանը միտված շրջայցեր, որոնց ընթացքում կատարվում է շենքերի լուսանկարահանում։

Նրա խոսքով՝ լուսանկարները կարևոր դեր են խաղում շենքերի վիճակի մշտադիտարկման և փաստաթղթավորման գործընթացում, որը հնարավորություն է տալիս ժամանակին արձագանքել վնասվածքներին և խախտումներին:
Գրիգոր Ամիրյանի տունը
Աբովյան 12 հասցեում գտնվող Գրիգոր Ամիրյանի տունը, որը կառուցվել է 1870-ական թվականներին, հրաշալի օրինակ է պատմամշակութային շենքի պահպանման։ Այս շինությունը պատկանել է մեծահարուստ առևտրական Գրիգոր Ամիրյանին, որը զբաղվել է մանուֆակտուրային ապրանքների մեծածախ առևտրով։

Հաճելի է տեսնել, որ այսօր այստեղ գործում են «Աբովյան 12» սրճարանն ու «Դալան» հուշանվերների խանութը, որոնք պահպանել են շենքի պատմական մթնոլորտն ու ճարտարապետական ոճը։ Նման օրինակները ցույց են տալիս, թե որքան կարևոր է հարգանքով վերաբերվել մեր պատմական ժառանգությանը:
Թվայնացված ժառանգություն՝ վաղվա համար

Պատմամշակութային շենքերի պահպանման խնդրների լուծումներից բացի, կարևոր է նաև դրանց թվայնացումը։ Դա թույլ է տալիս ոչ միայն պահպանել մեր ժառանգությունը, այլև տարածել այն ամբողջ աշխարհում։ Թվայնացած հուշարձանները կդառնան հասանելի աշխարհի ցանկացած ծայրից:
Թվային մոդելները օգնում են պահպանել շենքերի տեսքը, իսկ դրանց միջոցով պատմությունը կմնա հավերժ՝ անկախ ժամանակից ու ֆիզիկական վնասներից։